Jan 30 2010
Փետրվարի 19–ին Վերաքննիչ դատարանը լսելու է «Արարատ» կենտրոնի բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտի»
Աղբյուրը՝ 7or.am, 30.01.2010
2010թ. փետրվարի 19-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացրած բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի:
«Արարատ» կենտրոնի հայցի առարկան Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները «Կովկասի ինստիտուտին» հերքել պարտավորեցնելն է, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը: Հայցադիմումում նշված է, որ հայցի հիմնական նպատակներից է իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականություն տպագրելու և տարածելու արգելումը։
«Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որի խմբագիրն է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. դեկտեմբերի 4-ի վճռով սույն գործի վարույթը կարճվել է՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: