Հայրենիք. կյանքը դարերի մեջ
Թարգմանությունը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
Ռուսերեն բնագիրը լույս է տեսել «Գոլոս Արմենիի» թերթում 2009 թ. հունիսի 4-ին
Լեւոն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Արդեն մի քանի տարի, այդ թվում եւ վերջին ամիսներին, հայագիտության մեջ (ավելի ստույգ՝ նրա շուրջ) տեղի են ունենում գործընթացներ՝ քողարկված եւ բացահայտ, որոնք սկզբունքային նշանակություն ունեն հայկական գիտության այդ կարեւորագույն ոլորտի ողջ հետագա ճակատագրի համար։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ այդ գործընթացները գալիս են անկախության առաջին տարիներից, իսկ վերջին ամիսներին որոշակի օրինաչափությունների բերումով դրանք հասան գագաթնակետին, ինչն արտահայտվեց մի շարք նշանակալից իրադարձություններում։ Թերթային հրապարակման շրջանակներում անհնար է բոլորին անդրադառնալ, բայց դրանցից գոնե որոշների մասին պետք է անպայման գոնե հակիրճ խոսել։
Հայոց պատմությունը Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրմամբ
Այս տարվա հունվարին հայտնվեց աշխարհի 1819 հայ ուսանողների «Հայոց պատմության կեղծման դեմ» վերնագրված ուղերձը, որում, մասնավորապես, արձանագրված էր. «Տասնամյակների ընթացքում թուրքական քարոզչությունը կեղծել է Հայոց պատմությունը։ Սակայն առավել ցնցող է այն, որ ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոնները նույնպես Հայոց պատմության թուրքական վարկածի տարածման միջոցն են դարձել։ Այսօր ավելի քան մեկ միլիոն ամերիկահայերը՝ իրենց առօրյա գործերով մտահոգ, չեն էլ կարող պատկերացնել, որ ԱՄՆ հայագիտական ամբիոնները զբաղված են հայ ազգային ինքնության նենգափոխմամբ եւ նպաստում են կեղծ հայագիտական դպրոցին, որը նենգափոխում եւ աղավաղում է հայոց պատմությունը եւ մշակույթը՝ թուրքական նախագծի համաձայն»։
Ուսանողները բերում են օրինակներ տխրահռչակ «հայագետ» Ռոնալդ Գրիգոր Սյունու գործերից։ Այնուհետեւ գրում են. «1997-ին կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչները հրապարակեցին «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» վերնագրված երկհատորյակը։ Գիրքն այդ ստեղծվել էր որպես դասագիրք… ԱՄՆ համալսարանների եւ վարժարանների համար։ Այդ հակագիտական, կեղծիքներով լի հակահայկական բուհական դասագիրքը ի ցույց է դնում կեղծ հայագիտական դպրոցը եւ դրա քայքայիչ ծրագիրը։ Այդ գիրքը նոր ճեղքվածք է առաջացնում Հայրենիքի եւ Սփյուռքի հայ երիտասարդ սերունդների միջեւ»։
Բերենք նաեւ նամակում երկու անգամ՝ անգլերեն եւ հայերեն կրկնված մի կարեւոր պարբերություն։ «Կա միայն մեկ հայոց պատմություն։ Մենք պահանջում ենք, որպեսզի հայ ուսանողությունը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում սովորի հայոց պատմության միեւնույն դասագրքով, որը ճշմարտացիորեն եւ գիտական ազնվությամբ կներկայացնի մեր պատմությունը։ Հայաստանն է հայագիտության կենտրոնը եւ մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ յուրաքանչյուր հայագիտական դասագիրք նախապես քննարկված եւ հաստատված լինի Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում։ Մենք, ներքոստորագրյալներս, ԱՄՆ գիտխորհուրդներից պահանջում ենք հանել շրջանառությունից «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական դասագիրքը»։
Այդ ժամանակ էլ ստեղծվեց գիտնականների հեղինակավոր հանձնաժողով՝ հայ ուսանողների նամակում պարունակվող մեղադրանքների եւ պահանջների ուսումնասիրության համար։ Ուսանողներին, իհարկե, պատասխանել պետք է, եւ հուսով ենք, որ պատասխանն այդ կլինի ըստ էության։ Քանզի որքա՞ն կարելի է զբաղվել միեւույն հարցերով՝ խուսափելով դրանց լուծումից եւ խրախուսելով հայագիտությունն իրենց ձեռքը վերցնել փորձող մի քանի մարդկանց խառնակչություններին։ Հիշենք, որ տակավին 1998 թվականին այդ ժամանակ դեռեւս երիտասարդ գիտության թեկնածու Արմեն Այվազյանը հրատարակեց «Հայոց պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գիրքը, որում առաջին անգամ սկզբունքային գնահատական տրվեց մի շարք հայտնի ամերիկացի «հայագետների» հակահայկական եւ հակագիտական գործունեությանը։ Հեղինակը ուշադրություն էր հատկացրել նաեւ Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած վերոհիշյալ երկհատորյա դասագրքին, որն այդ պահին նոր էր լույս տեսել։ Մատնացույց անելով Ջ. Ռասսելի, Ռ. Թոմսոնի, Ռ. Սյունու, Ջ. Բուռնությանի, Գր. Դեքմեջյանի եւ ժողովածուի այլ հեղինակների հոդվածներում եղած մի շարք կեղծարարություններն, Ա. Այվազյանը գրում է. «Այս երկհատորյակն արդեն իսկ դարձել է ԱՄՆ-ում նոր հայագետների պատրաստման հիմնական դասագիրքը: Դժվար է պատկերացնել, թե այսուհետեւ որեւէ երիտասարդ գիտնական կհամարձակվի ԱՄՆ-ում պաշտպանության ներկայացնել դոկտորական մի թեզ, որտեղ նա, ասենք, կգրի, թե Խորենացին ու Եղիշեն հինգերորդ դարի հեղինակներ են ու ըստ այդմ էլ կօգտագործի նրանց երկերի պարունակած պատմական անգնահատելի նյութը։ Եթե նույնիսկ գտնվի մի այդպիսի խիզախ եւ սկզբունքային երիտասարդ, ապա նրան անմիջապես կորակեն «նեղմիտ ազգայնական», եւ թեզի պաշտպանությունը կտապալեն: Սակայն ավելի վտանգավոր է այն, որ «ամենաբարձր մակարդակով» գրված այս դասագիրքը ԱՄՆ-ում դաստիարակելու է նաեւ ամերիկահայ աճող սերնդին՝ մի մեծ ու նոր վիհ բացելով հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ: Այս նոր քայքայիչ գործողության պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանեն ե՛ւ այդ երկհատորյակի նշված հեղինակներն ու խմբագիրը, ե՛ւ Հայաստանի Ազգային Ակադեմիան, որ օտարերկրյա կեղծարար հայագետների նկատմամբ իր կրավորական, երբեմն էլ՝ անգետ ու անհիմն մեծարումների դիրքորոշումով արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանի եւ հայ ազգի շահերին»:
Այ հենց այդ ժամանակ՝ 1998 թվականին էր պետք քննարկել Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած «Պատմություն…»-ը։ Սակայն նախազգուշացումն անտեսվեց։
Ինչո՞ւ են անտեսվոմ Հայաստանի շահերը
Ճիշտ նույն կերպ անտեսվեցին 2000 թվականին «Պատմա-բանասիրական հանդեսում» գիտության դոկտոր Արմեն Պետրոսյանի հրապարակած «Ջեյմս Ռասսելի «հայագիտական» հնարանքները» հոդվածը, 2001 թ. դեկտեմբերին ԵՊՀ «Հայ ժողովրդի պատմության» ամբիոնի ընդունած դիմումը, որում կոշտ քննադատության էին ենթարկվել ե՛ւ կեղծ հայագիտական դպրոցն ԱՄՆ-ում, ե՛ւ վերոհիշյալ դասագիրքը, որը բնութագրվել էր որպես հակագիտական, կեղծիքներով լի եւ հակահայկական։
Որևէ արձագանք չստացան նաեւ նույն թեմայով հաջորդած հրապարակումները մամուլում, մասնավորապես՝ «Գոլոս Արմենիի»-ում։ Ոչ մի ուշադրություն չարժանացավ ԱՄՆ-ից մեր 55 հայրենակիցների՝ երկրի եւ Գիտությունների ակադեմիայի ղեկավարությանն ուղղված զայրույթով լի խմբային նամակը (տե՛ս «ԳԱ»՝ 2002թ. հունիսի 6), որում հեղինակները հստակ մեղադրանքներ էին առաջ քաշում Ռիչարդ Հովհաննիսյանի դեմ։ Այդ նամակը նույնպես հիմնախնդրի հրապարակային քննարկման առիթ չդարձավ։
Ոչ։ Հոդվածներն ու նամակներն աննկատ չմնացին։ Ավելին։ Ի պաշտպանություն Ռիչարդ Հովհաննիսյանի մոբիլիզացվեցին լուրջ ուժեր, կազմակերպվեցին Հայաստանի մի քանի (իրենց զբաղեցրած պաշտոնների բերումով հեշտությամբ խոցելի) հայտնի հայագետների ելութներ, արտասահմանի երեւելի հայագետների հետ հարցազրույցներ։ Դրանցից ոչ մեկում դուք չեք տեսնի առաջ քաշված հստակ մեղադրանքների հերքումներ։ Փոխարենն ամենուրեք նույն անզուսպ փառախոսությունը եւ վերամբարձ ճոռոմաբանությունը։
Դիտարկվող տեսակետից հատկանշական եղավ 2003 թվականը, երբ տեղի ունեցավ երկու հիշարժան իրադարձություն։ Սեպտեմբերին կայացավ Հայագիտական համաժողով, որը հակառակ դրա հետ կապված հույսերի ոչ միայն չմոտեցրեց ամբողջ աշխարհի հայագետների դիրքերը եւ գնահատական չտվեց երեւույթներին, որոնք հակասում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, այլեւ էլ ավելի բացահայտեցին հայագիտության գլոբալ կառավարման հավակնությունները, որ ունեն հենց այն արեւմտյան ներկայացուցիչները, ում գործունեությունն ընկալվում էր (եւ ոչ միայն Հայաստանում) որպես բացահայտորեն հակազգային։
2003 թվականի մեկ այլ կարեւոր իրադարձություն (չնայած մասշտաբների թվացյալ տարբերությանը) կարելի է համարել Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության կազմակերպված տապալումը (ինչպես եւ նա կանխատեսում էր 1998 թվականին, բայց ոչ թե ԱՄՆ-ում, այլ բուն Հայաստանում), որին հասարակությունը կոշտ գնահատական տվեց։
Այդ, թվում է թե, մասնավոր դեպքը բացահայտեց ակադեմիական որոշակի շրջանների (առանց որոնց մասնակցության պարզապես անհնար կլիներ կազմակերպել նման գործողություն) եւ անկողմնակալ գիտնականների ու հասարակական գործիչների դիրքորոշումների միջեւ եղած իրական տարբերությունները։ Հայագիտական իրողություններն իրենց անուններով կոչել հանդգնած գիտնականի նկատմամբ հաշվեհարդարի դեմ բաց արտահայտվողների թվում էին ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանն ու Սեն Արեւշատյանը, ինչպես նաև Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Պերճ Զեյթունցյանը, Լեւոն Անանյանը։
2005 թվականին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն իր «Հայաստան» տեղեկագրի հերթական (3(5)) համարն ամբողջությամբ նվիրեց արդեն քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Հայագիտության զարգացման ռազմավարությունը փոփոխվող միջազգային գիտական միջավայրում» աշխատությանը։ Այն ի հայտ է բերում կարեւորագույն խնդիրներ, որոնք այսօր էլ անհապաղ քննարկման կարիք ունեն՝ ազգի մտավոր, հոգեւոր, կազմակերպչական եւ այլ ներուժի համախմբման նպատակով։ Սակայն մենք այդպես էլ չլսեցինք, որ որեւէ տեղ որեւէ մեկը քննարկած լինի Արմեն Այվազյանի բարձրացրած հարցերն ու հստակ առաջարկները։ Ցավոք, դա բացառված էր ի սկզբանէ. գոնե այն պատճառով, որ իր աշխատության մեջ Ա. Այվազյանը հերթական անգամ աներեսպաշտ գնահատական էր տվել ամերիկյան «հայագիտությանը», որն, իր խոսքերով, հայտարարում է, որ՝
• հայերը եկվոր են Հայկական լեռնաշխարհում,
• փորձում է առանձնացնել եւ լիովին մեկուսացնել հայոց պետականության ուրարտական ժամանակաշրջանը (մ.թ.ա. Թ—Զ դդ.) հայոց պատմությունից, մշակույթից եւ հավաքական հիշողությունից,
• սեւացնում է հայոց պատմության եւ մշակույթի մեծ գործիչներին. պատմահայր Մովսես Խորենացուն բնութագրում է որպես «լկտի եւ կեղծարար խաբեբա», Եղիշեին՝ «ստախոս», Վարդան Մամիկոնյանին՝ «ոչ-հայրենասեր» ֆեոդալ, Մեսրոպ Մաշտոցին՝ «մի քրիստոնյա քահանա, որը չի ունեցել հայրենասիրական նպատակներ» եւ այլն,
• պատմական հավաստի նյութից զուրկ, հնարովի եւ շինծու ստեղծագործություններ է կոչում հայոց հավաքական հիշողության հիմնաքարերը՝ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ները, Եղիշեի «Վարդանանց պատերազմը», ինչպես նաեւ հայկական պատմագրության ուրիշ անգին աղբյուրներ,
• հայկական մշակույթը որակում է որպես ինքնուրույն արժեք չներկայացնող, օտար փոխառությունների մի հավաքածու,
• հայոց հին ու միջնադարյան պետականությունը ներկայացնում է որպես թույլ եւ անարյուն գոյություն,
• անտեսում կամ ժխտում է հին եւ միջնադարյան Հայաստանի ռազմական ուժն ու միջազգային կշիռը,
• նեղացնում է պատմական Հայաստանի սահմանները,
• կեղծում է Հայաստանի պատմական ժողովրդագրությունը եւ տարբեր ժամանակահատվածներում հայերին անհիմն կերպով փոքրամասնություն հռչակում,
• հռչակում է Արցախը ոչ թե միջնադարյան Հայաստանի, այլ Կովկասյան Աղվանքի մաս եւ, միաժամանակ, արդի Ադրբեջանն էլ՝ Աղվանքի «իրավահաջորդ»,
• ամերիկյան հայագիտական դպրոցի որոշ կարկառուն դեմքեր նույնիսկ ժխտում են երիտթուրքերի՝ հայերին բնաջնջելու հստակ նպատակ ունենալը եւ Հայոց ցեղասպանության պետականորեն ծրագրված լինելը:
Խնդիրն, իհարկե, Արմեն Այվազյանը չէ. վերջիվերջո այդ հարցերն արծարծել է ոչ միայն նա։ Խնդիրն այն է, որ այս ցավոտ հարցերը ոչ մի տեղ հրապարակայնորեն չեն քննարկվել եւ պատասխան չեն ստացել։ Եւ հայոց պատմության կեղծարարները շարունակել են իրենց ստոր գործը. շարունակել են հրատարակել իրենց հակահայկական հորինվածքները, անցկացնել միջազգային գիտաժողովներ, որոնց նույնիսկ չեն բարեհաճել Հայստանից գիտնական հրավիրել, մինչդեռ իրենք շարունակել են ժամանել Հայաստան, ստանալով չվաստակած կոչումներ եւ պարգեւներ։ Եւ ամբողջ այդ ժամանակ ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ Հայաստանի գիտության ղեկավարները այդպես էլ չեն արտահայտել իրենց վերաբերմունքը պատմությունն ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի աղավաղող արտասահմանյան պրոֆեսորների նկատմամբ։
Վերջին տասնամյակի այս կարճ եւ ամենեւին ոչ ամբողջական թվարկմամբ ներկայացված իրադաձություններն են, որ հանգեցրել են արդյունքում սույն թվականի հունվարին հայ ուսանողների կտրուկ եւ անհետաձգելի քննարկում պահանջող դիմումին։
Մարտնչող կեղծ հայագիտություն
Ինչի՞ մասին է խոսքը։ Իհարկե, ոչ այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հրահանգեն ամերիկացի (ի դեպ, նաեւ տեղացի) հայագետներին, թե ինչ եւ ինչպես գրեն, կամ որոշեն, թե որ դասագրքերով պիտի ԱՄՆ-ում հայոց պատմություն ուսումնասիրեն։ Դա անհնար է եւ անիմաստ։ Մեր կարծիքով, նրանք հնարավորություն ունեն եւ պարտավոր են անել միայն երկու բան. առաջին, արտահայտել իրենց սկզբունաքային վերաբերմունքը հայոց պատմության կեղծարարների արտադրանքի նկատմամբ, ինչը հսկայական նշանակություն կունենա արտասահմանցի հայերի համար, որոնք, ի դեպ, իրենց միջոցներից են ֆինանսավորում հայագիտական ամբիոնները, այդ թվում եւ՝ ԱՄՆ համալսարաններում. եւ երկրորդ, շուտափույթ ստեղծել եւ հիմնական օտար լեզուներով հրատարակել անաչառորեն շարադրված հայոց պատմությունը, որը ոչ միայն կհերքի կանխամտածված կեղծարարությունը եւ անգրագետ աղավաղումները, այլեւ կհաստատի հայոց պատմության ազգային եւ իսկապես գիտական տարբերակը, որին այնքան կարոտ են Սփյուռքի ուսանողները, եւ ոչ միայն իրենք։
Բայց մինչ վերոհիշյալ հանձնաժողովը կպատրաստեր իր եզրակացությունը, շրջանառության մեջ դրվեց «Ի պաշտպանություն մտքի ազատության եւ գիտական սկզբունքների Հայտարարություն»-ը, որը, նախաձեռնողների կարծիքով, պատասխան է հանդիսանում արտասահմանյան ուսանողների, ինչպես նաեւ Հայ առաջադեմ ուսանողների միության եւ Հայ ազգայնականների միության «զրպարտիչ» հայտարարություններին, որոնց վրա մենք այստեղ կանգ չենք առնում՝ տեղի սխության պատճառով։ «Դիմումն ի պաշտպանություն մտքի եւ գիտական սկզբունքների ազատության» հայտնվել է ապրիլի 23-ին ԳԱԱ տարեկան ժողովի քննարկման արդյունքում։ Դրա նախաձեռնողները մերժելով քննադատությունը հայոց պատմության կեղծարարների հասցեով որպես անհիմն եւ գնահատելով այն որպես «մտավոր ահաբեկչություն», պնդում են, թե «հարձակումները կարծես առաջարկում են հայոց պատմության քարացած մեկնություն՝ մեկ հեղինակությունից կախված, ստեղծելով իրադրություն, որում ցանկացած շեղումն այդ մեկնությունից կարող է դիտվել որպես դավաճանություն։ Այդպիսի մոտեցումը բնորոշ էր ամբողջատիրական վարչակարգերին…»
Վերջում դիմումը ստորագրածները կոչ են անում «Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավար դիրքեր գրավող հասարակական եւ պետական պաշտոնական անձանց, գիտնականներին, ԶԼՄ-ներին, գիտական, մշակութա-կրթական կազմակերպություններին եւ դրանց ղեկավարներին միանալ իրենց եւ մերժել հայագիտությունում միօրինակ գաղափարներ պարտադրելու փորձերը եւ սատարել հետազոտման ու մտքի ազատությանը եւ մշակութային հանդուրժողականությանը»։
Դիմումի տակ ստորագրությունները լիովին կարելի է օգտագործել որպես արդի հայագիտության համառոտ ուղեցույց. ցուցակը կարդում ես՝ սիրտդ հրճվում է. ի՜նչ քանակությամբ գիտական ստորաբաժանումներ ու առանձին գիտնականներ են զբաղվում հայագիտությամբ։ Այստեղ Ո՜վ ասես կա։ Ընդ որում՝ ոչ միայն հայեր, այլեւ ամերիկացիներ, թուրքեր, հրեաներ։ Բոլորն էլ, պարզվում է, մտահոգված են մտքի ազատությամբ ու գիտական սկզբունքներով։ Սակայն պատահական չէ, որ մենք այս յուրատեսակ տեղեկատուն համառոտ անվանեցինք։ Քանի որ այն տպավորում է ոչ միայն դրված, այլեւ փայլուն կերպով բացակայող ստորագրություններով։ Այդ ցուցակի վերլուծությունը կարող է ոչ միայն գրավիչ, այլեւ վտանգավոր զբաղմունք լինել։ Չենք անի դա, խուսափելով հայագետների մի մասը մյուսին հակադրելուց եւ բաժանարար նոր գծեր ստեղծելուց, թեեւ հենց դրան են ձգտել ցուցակի նախաձեռնողները։ Նկատենք միայն, որ գիծն այդ անցնում է ոչ թե Հայաստանի եւ Սփյուռքի գիտնականների միջեւ, ինչպես փորձում են մեզ համոզել։ Դրա հարաչափերն ամենեւին էլ աշխարհագրական չեն։
Ուրեմն ինչո՞վ էին առաջնորդվում նրանք, ովքեր չեն ստորագրել «…ի պաշտպանություն մտքի ազատության եւ գիտական սկզբունքների» այս փայլուն կարգախոսով հայտարարությունը։ Մեր կարծիքով, պարզ գիտակցությամբ, թե ինչ է թաքնված այս վերամբարձ բառերի տակ։ Ո՞վ է ի զորու Հայաստանում սահմանափակել հայտարարությունն ստորագրած, օրինակ, Ջեյմս Ռասսելի կամ Ռոնալդ Գրիգոր Սյունու մտքի ազատությունը եւ գիտական սկզբունքները։ Ոչ ոք, իհարկե։ Առավել եւս դա չի կարող անել գրեթե անհայտ երիտասարդական կազմակերպությունը կամ Հայաստանի ազգայնականների միությունը, որոնք նրանց հասցեին հուզական հայտարարություններ են արել, ինչն, ի դեպ, ոչ այլ ինչ է, քան կարծիքների եւ սկզբունքների նույն այդ ազատության դրսեւորում։
Բայց չէ՞ որ հենց դրան են ձգտում նշված հայտարարության նախաձեռնողները (նկատի չունենք հայաստանցի այն գիտնականներին, ովքեր իրենց ստորագրությունն են դրել արտասահմանյան գիտաժողովի հրավեր ստանալու հույսով, կամ այլ ինչ-ինչ այլ նյութական նկատառումներից ելնելով) . նրանք ուզում են ազատորեն շարունակել իրենց կեղծ հայագիտական գործունեությունը, պնդելով եւ աշխարհով մեկ տարածելով իրենց հակահայկական «գիտական» սկզբունքները, սակայն միաժամանակ պահանջում են, որ հայկական աշխարհը իրավունք չունենա դատապարտել իրենց կեղծարարությունը եւ մատնացույց անել այն վնասը, որը հասցնում է նրանց գործունեությունը Հայաստանին եւ հայությանն առհասարակ։ Ավելին, նրանք մտադիր են հետագայում նույնպես Հայաստանից պատվավոր պարգեւներ ու կոչումներ ստանալ եւ զգալ իրենց այստեղ՝ դասականի խոսքերով ասած՝ իչպես չտես ապուշների երկրում։ Պահը չէ՞ արդյոք ասել նրանց, որ այդ ժամանակներն անցել են։ Եթե դրանք իրոք անցել են։
Մրցանակ չտալն ինքնին խոսուն իրադարձություն է
Վերջում եւս մեկ հայագիտական իրադարձության մասին, այս անգամ՝ չկայացած։ Մայիսի 15-ին Նախագահի ամենամյա մրցանակի հանձնման ժամանակ հայտարարվեց, որ այս տարի «հումանիտար գիտություններ» անվանակարգում որևէ մեկը մրցանակ չի ստանում։ Ինչպես բացատրեց նախագահ Սարգսյանը՝ «որպեսզի նշաձողը չիջեցվի»։
Մենք, բնականաբար, չենք պատրաստվում քննարկել մրցանակի արժանացած ստեղծագործությունների «նշաձողի» չափանիշները եւ մակարդակը։ Ասենք միայն, որ նախագահի (իրականում՝ համապատասխան հանձնաժողովների) եզրակացությունները միշտ չէ, որ, մեղմ ասած, համոզիչ են։ Մենք մտադիր չենք քննարկել այս տարի այս անվանակարգում ներկայացված բոլոր ստեղծագործությունների արժանինքներն ու թերությունները։ Նկատենք միայն, որ վերջին հաշվով մրցանակ չհանձնելն ինքնին հայագիտության ներկա վիճակին նախագահի կողմից տրված գնահատական է (մենք խոսում ենք հայագիտությունից, թեեւ հարցն ավելի լայն է)։ Հայագիտությունը, պարզվում է, վերջին տարիներին չի ստեղծել «նշաձողին» համապատասխանող որևէ ուսումնասիրություն։ Այս գնահատականը բացահայտորեն անարդար է, քանզի որքան էլ ընդհանուր առմամբ, մեղմ ասած, թուլացած վիճակում է գտնվում այսօր հայկական գիտության այդ ոլորտը (իմիջիայլոց, նույնպես իշխանությունների պատճառով), այդուհանդերձ առանձին արժանի եւ նույնիսկ կարկառուն աշխատություններ դեռեւս շարունակում են ստեղծվել եւ հրատարակվել։ Օրինակներ բերելու կարիք չկա, քանզի այդպիսի մի աշխատություն կար նաեւ մրցանակի չարժանացածների թվում։ Դա դեռեւս 2007 թվականին Երեւանի պետական համալսարանի հրատարակչության լույս ընծայած՝ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» հետազոտությունն է։ Ընդգծենք, որ բազմիցս այսպիսի կարծիք են արտահայտել գործնականում բոլոր հեղինակավոր գիտնականները, նաեւ՝ հրապարակային ելույթներում, բացառությամբ, ինչպես պարզվում է՝ հանձնաժողովի անդամների։
«Գոլոս Արմենիի»-ին մտադիր է առանձին հրապարակմամբ ծանոթացնել իր ընթերցողներին «Մովսես Խորենացու դարը» գրքին։ Ուստի այժմ ասենք միայն գլխավորը։
Հայտնի է, որ 19-րդ դարի վերջին տասնամյակներում դասական բանասիրության մեջ տարածում գտավ այսպես կոչվաց գերքննադատական վերաբերմունք հունական եւ լատինական հեղինակների նկատմամբ, որից տուժեց եւ Մովսես Խորենացին։ Սկսվեցին նրա «Հայոց պատմության» եւ հին աշխարհի հեղինակների հաղորդումների միջեւ հակասությունների, «կեղծարարությունների» և այլ խնդիրների որոնումներ, ինչը բերեց նրա ապրած ժամանակը 6-րդ, 7-րդ եւ հաջորդ դարեր տեղափոխելուն։ Այն ժամանակներից սկսած այդ մեղադրանքներն աճում էին ձնագնդի պես, ընդ որում գերքննադատությանը տուրք տվեցին նաեւ որոշ երեւելի հայ գիտնականներ, որոնք այն ժամանակ չէին կարող Մովսես Խորենացու աշխատության մեջ այս կամ այն ժամանակագրական կամ այլ հակասությունները բացատրող հակափաստարկներ գտնել։ Բայց և այնպես, խոշորագույն գիտնականների մի ամբողջ խումբ շարունակում էր պահպանել Խորենացու եւ նրա աշխատության նկատմամբ այն ակնածանքը, որը գոյություն է ունեցել մեկուկես հազարամյակի ընթացքում։
Մոտ 30 տարի առաջ ակադեմիկոս Է. Ջրբաշյանի խորհրդով Ալբերտ Մուշեղյանը մի կողմ թողեց գիտական իր բոլոր ծրագրերը եւ զբաղվեց «Խորենացու խնդրով»։ Իր իսկ խոստովանությամբ, նա որոշեց մանրակրկիտ կերպով ուսումնասիրել Խորենացու նկատմամբ եղած «կշտամբանքները» եւ անկողմնակալ եզրակացության գալ առկա բոլոր վիճահարույց հարցերի վերաբերյալ։ Նա որոշեց չբանավիճել ընդդիմախոսների հետ, այլ պատասխանել նրանց բոլոր փաստարկներին, օգտագործելով բացառապես պատմական սկզբնաղբյուրների տվյալները։ Պարզ է, որ այդ ճանապարհն ամենից դժվարինն էր, սակայն միակ գիտականն ու համոզիչը։ Սկզբնաղբյուրների ուսումնասիրման ընթացքում — իսկ դրանք էին հունա-հռոմեական, ասորական, ուրարտական, արաբական, սասանյան եւ առհասարակ բոլոր եղածները — Մուշեղյանը հայտնաբերեց նոր տվյալներ, որոնց միջոցով հաջորդաբար հերքվեցին Մովսես Խորենացու գերքննադատների վերջին 150 տարվա գործնականում բոլոր պնդումները, որոնք իբր ապացուցում էին նրա «Հայոց պատմության» 5-րդ դարում ստեղծվելու անհնարինությունը։ Կատարված է հսկայական աշխատանք, որը հնարավորություն է տալիս հեղինակին հպարտությամբ պնդել, որ Մովսես Խորենացու հարցն այսուհետ «փակված է»։ Հիրավի զարմանալի է, որ այդ հսկայական աշխատանքը կատարել է մեկ մարդ, եւ արդեն բոլորովին ապշեցուցիչ է, որ մարդն այդ կույր է։ Մենք հիշատակում ենք այդ հանգամանքը ոչ այն բանի համար, որ Ալբերտ Մուշեղյանն ու իր աշխատանքն ինչ-որ զեղջերի կարիք ունեն, այլ հակառակը՝ շեշտելու համար, թե ինչ եզակի գիտական եւ մարդկային սխրագործության մասին է խոսքը։
Ուրեմն ինչո՞ւ Ալբերտ Մուշեղյանի աշխատությունը չարժանացավ Նախագահի մրցանակին։ Մենք այդ հարցի միանշանակ պատասխանը չունենք, առավել եւս, որ ինքը հեղինակը պնդում է, որ նախապես տեղեկացվել է հանձնաժողովի՝ իր օգտին կայացված որոշման մասին, որն ավելի ուշ ինչ-որ պատճառով վերանայվել է։ Ալբերտ Մուշեղյանն ինքը համարում է, որ դրանում իր դերն է խաղացել հանձնաժողովի ազդեցիկ անդամներից մեկի՝ իր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը։ Մեզ հասած լուրերի համաձայն, հանձնաժողովի որոշ անդամներ բացատրում են իրենց որոշումը գրքի «վիճաբանական բնույթով»։ Սակայն այդ «փաստարկն» ավելի քան անհիմն է. չէ՞ որ խոսքը մի գրքի մասին է, որը վիճաբանական է արդեն իսկ իր մտահղացմամբ, մի հետազոտության մասին, որում բացահայտված եւ բացատրված են նախկինում անհայտ, ճիշտ չմեկնաբանված, հաճախ էլ, պարզապես, նորահայտ հարյուրավոր մանր եւ խոշոր պատմական, բանասիրական իրողություններ։ Անշուշտ, նման հետազոտությունը, այն էլ չափից շատ գիտնականների պնդումներն անմիջականորեն հերքողը, չէր կարող չառաջացնել հակազդեցություն, մերժողականություն, քննադատություն եւ այլն։
Ափսո՜ս։ Ալբերտ Մուշեղյանին մրցանակ չշնորհելը, մեր կարծիքով՝ մասնավոր հարց չէ։ Դա բացահայտ անարդարություն չէ սոսկ։ Քանզի հանձնաժողովը, այնուհետեւ նաեւ հրամանագիր ստորագրած նախագահը կամա թե ակամա որոշակի գործոններ դարձան այն գործընթացներում, որոնք ընթանում են արդի հայագիտության մեջ եւ նրա շուրջ։ Մրցանակի չարժանացավ մի գիրք, որը հայագիտության համար կարելի է օրինակելի համարել իր գիտական բարձրագույն մակարդակով և հակահայ կեղծարարներին (որոնց թվում քիչ չեն նաեւ Ռիչարդ Հովհաննիսյանի դասագրքի հեղինակները) մերկացնելու եւ հայրենական պատմության ազգային վարկածի պաշտպանության հետեւողական ձգտումով հանդերձ։ Շատ կցանկանայինք մտածել, որ այդ հանգամանքը չի եղել հանձնաժողովի որոշման իրական պատճառը։
2 Responses to “Հայրենիք. կյանքը դարերի մեջ”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Բարեբախտաբար ոչ ոք չի կարդում այս կեղծ գիտնականների աղճատանքը։
Իսկ Արմենի որեւէ գրութիւն անհամբեր եւ մեծ հետաքրքրութեամբ ընթերցում ենք, քանի որ դրանք թէ գիտականապէս ճշգրիտ են եւ թէ հայանպաստ։ Սքանչելին այն է որ իրականութիւնը եւ ճշգրիտ գիտութիւնը երբեք չի հակասել հայրենասիրութեան։
As a Mathematician, I cannot accept any pseudo-science that lacks precision. The discipline of history is not always concrete, and may depend on certain information relayed by people during particular events. Whether they are passing false information or true observation of the actual events, no one really can tell after so many centuries. This fact is very agreeable to me, but what is not agreeable is that the Western historians have accepted so much particulars about for example Roman, Greek and other civilizations, the totality of which are neither concretely verifiable nor directly proven. But when similar observations are made about Armenians, they all of a sudden turn into Sherlock Holms and scrutinize even facts that I have seen with my own eyes. How can they assume whether any civilization had ever existed before 50 or 70 years, if they cannot even accept that Armenian Genocide occurred. It is very easy to determine between a falsifier and a true historian, all you need to ask is the following question: “Did Armenian Genocide occurred?” If they answer negatively, then they are nothing but ignorant people, it does not matter what PhDs they have or how many history books they have written.
The fact is that what we read in Khorenatzi is much more realistic and reasonable than for example what we read in Cicero, Homer or Herotodos. Why is the West so blind?
In another situation, the Western linguists decide to form a dictionary for the Hittite language, and guess what? They complain that it is so complicated at this beginning stage, so we will not include the comparison analysis with the Armenian language. This is ridiculous, it’s like saying that we want to make a root origin dictionary for French language, but we will not include Latin in our analysis of semantics. Or saying that we want to develop a new theory of Physics, but we will not use Mathematics.
These so called scientists are better of selling tomato in the streets.
I have read many history books and political articles, but when I read or listen to Armen Ayvasyan, I understand his language and agree thoroughly with him, because he is an extremely honest scientist first, prior to his deep patriotism. I believe he has reached to the level of knowledge that “True wisdom and science implies True patriotism”.