Եվրոպացի պատմաբանները՝ հայոց ռազմական պատմությունը լուսաբանող նոր գրքի մասին
Ս. թ. մարտի սկզբին փարիզյան «Սիժեստ» (Sigest) հրատարակչությունում լույս է տեսել Ա. Այվազյանի «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս և Մավրիկիոս կայսրերի օրոք» (The Armenian Military in the Byzantine Empire: Conflict and Alliance under Justinian and Maurice, Alfortville: Ed. Sigest, 152 pages) անգլերեն մենագրության երկրորդ, վերանայված և ընդլայնված հրատարակությունը։
Գրքի առաջին հրատարակությունը հրապարակվել էր դեռևս 2012 թ., արժանանալով բյուզանդական ու սասանյան ռազմական պատմությունն ուսումնասիրող գիտնականների բարձր գնահատականին։ Ահա մի քանի քաղվածք գրքի բազմաթիվ գրախոսություններից։ Ֆին ռազմական պատմաբան Իլկա Սայվանը նույն գրքի «Ներածություն ում», մասնավորապես, գրել է. «Դր. Այվազյանը կարողացել է լուծել գրեթե անկարելի մի խնդիր…։ Այս ռահվիրայական գիտական հետազոտությունն իսկապես կարող է վերախթանել արևմտյան ռազմական պատմաբանների հետաքրքրությունը շատ հաճախ անտեսվող հայկական պատմական նյութի նկատմամբ» (էջ 10-11)։
Գերմանացի պատմաբան Պետեր Հալֆթերն իր գրախոսության մեջ (Armenisch-Deutsche Korrespondenz, n. 158) նշում է. «Պատմական սկզբնաղբյուրների հետ Արմեն Այվազյանի կատարած աշխատանքը հիացնում է։ [Ավնիկի] ճակատամարտի աշխարհագրական հենքը վերականգնելու, այնուհետև փաստերն ու հանգամանքները հակառակորդների ռազմավարական ու մարտավարական տեղաշարժերի հետ միահյուսելու նրա կարողությունն արժանի է բարձր գնահատականի»։
Անգլիացի ճանաչված պատմաբան Իան Հյուզը, նույնպես գրախոսելով Այվազյանի մենագրությունը (Ancient Warfare, VI.5), նկատում է, որ այն «…չափազանց հետաքրքիր է ու խորաթափանց… Ես սրտանց խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը բոլոր այն ընթերցողներին, ովքեր հետաքրքրված են ուշ անտիկ շրջանի Հայաստանի ռազմական պատմությամբ։ Պետք է հուսալ, որ ինչպես հեղինակը, այնպես էլ ուրիշ պատմաբաններ կոգևորվեն այս օրինակով և կընդունեն [այս հարցերի մասին] ավելի շատ գրելու անհրաժեշտության մարտահրավերը»։
Իտալացի անվանի ռազմական պատմաբան, մոտ մեկ տասնյակ մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Ռաֆայել Դ’Ամատոն «Միջնադարյան պատերազմ» միջազգային հանդեսում (Medieval Warfare, Vol. III, Issue VI, pp. 55-56) գրում է. «Ի հեճուկս սկզբնաղբյուրների և պատմական տեղեկությունների սակավությանը, Այվազյանի մանրամասն վերլուծությունը տպավորում է ծանոթագրությունների և մեջբերումների հարստությամբ՝ ի ցույց դնելով տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ նրա հանրագիտարանային գիտելիքները, որոնցով բնորոշվում է ամբողջ գիրքը։ Դկտ. Այվազյանի գիրքը վառ ապացույց է, թե որքան կարևոր է, որպեսզի պատմաբանները քննեն ու ներկայացնեն [միջազգային գիտական հանրությանը] իրենց սեփական երկրի պատմությունը»։
Ուսումնասիրության առաջին մասում Այվազյանը ձեռնամուխ է եղել Հուստինիանոս կայսեր կառավարության դեմ 538-539 թթ. բռնկված հայկական ապստամբության ռազմապատմական վերլուծությանը: Բացահայտելով հայկական ուժերի կիրառած զանազան մարտավարական տարրերն ու հնարամտությունները՝ նա հատուկ ուշադրություն է դարձրել հայոց զինուժի ավելի վաղ և ավելի ուշ շրջաններում իրականացրած ռազմական գործողություններին, ներառյալ բարձր ռիսկայնության առաքելություններին, ինչպիսիք էին թշնամի հրամանատարների սպանություններն ու գաղութարարական վարչակարգերի ղեկավարների դեմ կազմակերպված մահափորձերը:
Հատորի երկրորդ մասում Այվազյանը քննարկել է բյուզանդացիների վերաբերմունքը հայերի և հայկական զինուժի հանդեպ’ բացահայտելով, որ հակահայկական դրսևորումների շարունակականությունը հռոմեական նույնանման նախապաշարմունքների հետ աշխարհաքաղաքական պատճառներ ուներ:
Ընդհանուր առմամբ’ գրքի թեման հայերի դիմադրողական շարժումն է` ընդդեմ Բյուզանդական կայսրության վարած գաղութարարական քաղաքականության:
Ավելացնենք, որ Ա. Այվազյանը գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Նրա մենագրություններից են՝ «Հիմնատարրեր’ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի», «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում», «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն», «Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն», «1720-ականների հայկական ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների սպառնալիքը» և այլ գրքեր:
Աղբյուրը՝ http://lurer.com/?p=135879&l=am
Comments Off on Եվրոպացի պատմաբանները՝ հայոց ռազմական պատմությունը լուսաբանող նոր գրքի մասին