«Ինձ համար մեծ պատիվ է Համշենի պատմությունն ու մշակույթը մինչև Հոլիվուդ հասցնելը»

Print Print Email Email

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Ֆիլմը շուտով կներկայացվի նաև Երևանում:
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Ինչի՞ մասին է ֆիլմը: ՈՒղղված է ավելի շատ հա՞յ, թե՞ օտարազգի հանդիսատեսին:
-Ինչպես արդեն հուշում է վերնագիրը, իմ պատրաստած ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված («թուրքացված») Համշենի հայության սերունդների ներկա վիճակը: Այսօր նրանք հիմնականում ապրում են ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի, Էրզրումի, Սաքարիայի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և այլ քաղաքներում:
Ֆիլմում տեղ են գտել բացառիկ դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության, մշակույթի մասին, ինչպես նաև մեկնաբանված է բռնի իսլամացման օսմանյան քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության մի տարատեսակ:
Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված նկարահանումների հիման վրա ներկայացվում են համշենցիների այսօրվա մշակույթը` երգարվեստն ու պարը, սովորությունները, լեզուն, նաև կենցաղն ու զբաղմունքը, ինքնության հետ կապված նրանց ընկալումներն ու ժողովրդագրական պատկերը:
Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ նկարահանումները կատարել եմ 2010-12 թթ. Ռիզեի նահանգի Արդաշեն, Չամլըհեմշին, Հեմշին (Համշեն), Չայելի գավառների և Արդվինի նահանգի Խոփա գավառի, ինչպես նաև Էրզրումի նահանգի համշենցիների միջավայրում իրականացրած դաշտային աշխատանքների ընթացքում` ժողովրդագրական, բարբառագիտական, տեղանվանական նյութերի արձանագրմանը զուգահեռ: Այդ աշխատանքների ընթացքում հավաքած նյութերի մի մասն արդեն հրապարակել եմ գիտական հոդվածների և գրքի տեսքով: Հենց այս ուսումնասիրություններն էլ դարձել են հիմք ֆիլմի սցենարի համար: Սցենարի և ռեժիսորական աշխատանքների հեղինակը ես եմ:
Նշեմ նաև, որ ֆիլմի սցենարի խմբագիրը իմ լավ բարեկամ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանն է, ով իր ողջ կյանքը նվիրել է Համշենին: Ֆիլմում տեղ գտած բարբառային տեքստերի թարգմանությունները ևս Սերգեյ Վարդանյանինն են: Ի դեպ, նրա հետ ենք իրականացրել դաշտային աշխատանքները: Ֆիլմում տեղ են գտել նաև մեր դաշտային աշխատանքներից մեկին մասնակցած իմ բարեկամ, օպերատոր Ռադիկ Շառոյանի նկարահանումները, իսկ մոնտաժը Արմեն Ինգլիզյանինն է:
Ֆիլմն ուղղված է և՛ հայ, և՛ օտարազգի հանդիսատեսին: Այն երկու տարբերակով եմ պատրաստել: Մի տարբերակը մեկժամանոց է` անգլերեն տիտրերով: Հենց այս տարբերակն է ներկայացվել 2012-ի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը Հոլիվուդում անցկացվող ֆիլմերի միջազգային «Արփա» փառատոնին: Մյուս տարբերակը փոքր-ինչ ավելի երկար է` առանց անգլերեն տիտրերի: Շուտով կցուցադրվի նաև Երևանում:
-«Այս մրցանակը դրամական չէ, սակայն շատ արժեքավոր է: Ինձ համար մեծ պատիվ է Համշենի մշակույթը մինչև Հոլիվուդ հասցնելը»: Ֆեյսբուքյան Ձեր այս գրառումը հրապարակվել էր նաև մամուլում: Մի փոքր մանրամասնեք` ի՞նչ տվեց մրցանակը, և ի՞նչ ճանապարհ է անցնելու ֆիլմը:
-Հոլիվուդում անցկացված ֆիլմերի միջազգային «Արփա» փառատոնին իմ ֆիլմի ներկայացումը, իսկապես, մեծ պատիվ էր ինձ համար: Հոլիվուդի «Եգիպտական թատրոնում» ցուցադրվեց տարբեր ժանրերի 60 ֆիլմ: Վավերագրական ժանրում իմ ֆիլմն արժանացավ Արմին Վեգների անվան հեղինակավոր «Մարդասիրական» մրցանակին: Դեկտեմբերի 1-ին ֆիլմի ցուցադրումն էր, որին հաջորդեց հարցուպատասխանը: Իսկ հաջորդ օրը Հոլիվուդի «Շերաթոն Յունիվերսալ» (Լոս Անջելես) հյուրանոցում հատուկ արարողությամբ գալա-մրցանակաբաշխությունն էր, որին մասնակցում էին հոլիվուդյան հայտնի դերասաններ, Հայաստանից ու տարբեր երկրներից եկած կինոգործիչներ և արվեստագետներ: Չափազանց հպարտ եմ, որ 15 տարի գործող «Արփա» միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխության այս պատվաբեր մրցանակին Հայաստանից առաջին անգամ ես եմ արժանացել:
Օգտագործելով առիթը` կրկին կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել կինոփառատոնի կազմակերպիչներին` իմ տարիների դժվարին աշխատանքը նկատելու, բարձր գնահատականի արժանացնելու և խրախուսելու համար: Իսկապես, այս ֆիլմը ստեղծել եմ շատ դժվարություններ հաղթահարելով; Եվ նաև շնորհակալ եմ այն ընկերներիս ու բարեկամներիս` մոսկվայաբնակ Սամվել Կարախանյանին, լոսանջելեսաբնակ Հայկազ և Ալիս Հովհաննեսյաններին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս աշխատանքներում, համշենցի իմ բարեկամներին, ովքեր օգնել են ինձ իմ դաշտային աշխատանքների ընթացքում, նաև իմ ամուսնուն` դոկտոր Արմեն Այվազյանին, ով մշտապես օգնել և ոգևորել է ինձ: Եվ իսկապես, ինձ համար մեծ պատիվ է Համշենի պատմությունն ու մշակույթը մինչև Հոլիվուդ հասցնելը:
Ես կինոգործիչ չեմ և չեմ էլ հավակնում դրան: Ես ուղղակի իմ մասնագիտական գիտելիքները մեկտեղել եմ վավերագրական ֆիլմի ժանրի հետ և ստացել մի ֆիլմ, որի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 7-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Կան նաև այլ ծրագրեր, որոնց մասին խոսելը դեռ վաղ եմ համարում:
-Համշենահայերի երգարվեստն ու պարը, սովորույթները, լեզուն, կենցաղը, ինքնության հետ կապված նրանց ընկալումներն ինչո՞վ են առանձնանում և որքա՞ն են պահպանվել:
-Ֆիլմում հիմնականում անդրադարձել եմ հենց այդ հարցերին: Իհարկե, հնարավոր չէ մեկ ժամում մանրամասն խոսել այդ բոլորի մասին, սակայն կարծում եմ, որ ինձ հաջողվել է վավերագրության ժանրում լուծել խնդիրը: Ֆիլմը երկու մասից է բաղկացած: Առաջին մասում, որ կոչվում է «Արդվինի նահանգ», հայոց Համշեն գավառի մասին պատմական ակնարկից հետո ներկայացվում են դրվագներ Արդվինի նահանգի Խոփա գավառի համշենցիների կյանքից: Ֆիլմը կառուցել եմ իմ ուղևորությանը համաձայն: Նշեմ, որ բռնի իսլամացումից` 18-րդ դարից հետո, բուն Համշենից համշենցիների մի խումբ տեղաշարժվել է Արդվին: Թեև դարերի ընթացքում նրանք կորցրել են հայկական ինքնության շատ կարևոր շերտեր, բայց, զարմանալիորեն, թուրքական այդ մեծ օվկիանոսում կարողացել են պահպանել հայրենի Համշենի բարբառի իրենց տեղական խոսվածքը: Նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Հետաքրքրական է, որ Խոփայում և առհասարակ համշենցիների շրջանում տարածված են մարքսիստական գաղափարները, և ովքեր այս գաղափարախոսության կրողներն են, նրանց կյանքից դուրս է մղվել իսլամը: Երբեմն որոշ «համշենագետներ» Խոփան ևս մտցնում են Համշենի գավառի մեջ: Նշեմ, որ պատմական որևէ վկայություն չկա այն մասին, որ երբևէ Խոփայի գավառը Համշենի գավառի վարչական մաս եղած լինի:
Համշենցիներն ունեն իրենց յուրահատուկ երգարվեստը, պարերը, որոնք ուղեկցվում են սրնգի, երբեմն` պարկապզուկի նվագակցությամբ, օգտագործում են նաև զուռնա ու դհոլ: Ֆիլմում տեղ են գտել դրվագներ Խոփայի համշենցիների պարերից, երգերից` հայտնի երգիչների և գյուղացիների կատարմամբ, նմուշներ նրանց տեղական խոսվածքից ու բանահյուսությունից, հավատալիքներից, զբաղմունքից, ինչպես նաև խոհանոցից:
Տեղում կատարած նկարահանումների հիման վրա ներկայացվում են նաև ինքնության հետ կապված համշենցիների ընկալումներն ու նրանց ժողովրդագրական պատկերը:
Երկրորդ մասը, որ կոչվում է «Ռիզեի նահանգ», արդեն ներկայացնում է թուրքախոս համշենցիներին: Ռիզեի համշենցիների շրջանում թրքացումն առավել խոր արմատներ է գցել: Նրանք մոռացել են իրենց մայրենին` հայերենը, և խոսում են թուրքերեն: Ոմանք ընդունում են, որ ունեն հայկական ծագում, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են: Այստեղ էլ Խոփայի համշենցիների նման մարքսիզմի գաղափարակիրներ կան, սակայն 1950-ական թվականներից Թուրքիայում տարածվող իսլամական կառույցները լրջորեն ազդել են Ռիզեի համշենցիների վրա, շատացել են մզկիթները, ինչի հետևանքով նրանց մեջ կարելի է հանդիպել մոլեռանդ մահմեդականների: Այստեղ էլ կան այնպիսի համշենցիներ, ովքեր իրենց համարում են թյուրքական ցեղերից սերած: Սակայն մի մասն իրեն թուրք չի համարում, այլ համշենցի:
Ռիզեի նահանգի համշենցիների բնակավայրերը գտնվում են Արտաշեն, Չամլըհեմշին, Համշեն, Փազար, Չայելի, Իքիզդերե, Քալքանդերե գավառների լեռնային շրջաններում: Այս տարածքների մի մասը համընկնում է Մեծ Հայքի Խաղտիք գավառին, որը տարբեր ժամանակներում եղել է Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների կազմում: Այդ են փաստում նաև Խաղտիքի, հետագայում այդ տարածքում հիմնված Համշենի իշխանության երբեմնի հայահոծ բնակչությունն ու հայկական տեղանունները:
Երկրորդ մասում ևս նկարահանումների հիման վրա ներկայացրել եմ Ռիզեի տարբեր գավառների համշենցիներին, դրվագներ նրանց պարերից ու երգերից, խոհանոցից, ինքնության ընկալումներից: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ թուրքացումն այստեղ խոր արմատներ է գցել. տխուր իրողություն, որ առավել մանրամասն կարող եք տեսնել ֆիլմում:
Այդ գավառներ մեր այցելության նպատակը հայկականության վերջին հետքերի` նրանց խոսակցական թուրքերենում առկա հայերեն բառերի ու տեղանունների գրանցումն էր:
Երկրորդ մասում ևս նկարահանումների հիման վրա ներկայացրել եմ դրվագներ Ռիզեի համշենցիների կենցաղից, համշենական յուրահատուկ ճարտարապետությունից, խոհանոցից և այլն: Այսօր էլ Չամլըհեմշին գավառում համշենցի կանայք կրում են գլխաշոր, որի կապելու ձևը հատուկ է միայն այս շրջանին: Կցանկանայի շեշտել, որ նրանց գլխաշորը (փուշին) իսլամական տարր չէ, այլ ունի շատ ավելի վաղ պատմություն: Համշենի մշտատև խոնավ, անձրևային եղանակի պայմաններում այն շատ հարմար է կրել: Գլխաշորը երկու կտորից է, որոնցից մեկի եզրերը կանայք իրենք են ժանեկագործում:
Ֆիլմում հնչած երգերն ու երաժշտությունը համշենական են, դրանք պատահականորեն ընտրված երգեր չեն, այլ ամեն մի հատվածի համար ես ընտրել եմ համապատասխան երգ ու երաժշտություն: Մի խոսքով, փորձել եմ պատմական հենքի վրա ներկայացնել նաև այսօրվա Համշենն ու համշենցուն` իր կենցաղով ու մտածումներով, այն, ինչ կա իրականում, առանց չափազանցության և «միլիոնավոր» «մահմեդական հայերի» «հզոր բանակի» միֆի, որ հաճախ, քաղաքական պատվերի տեսքով, հրամցվում է մեր ժողովրդին: Ես պատասխանատու եմ ֆիլմում հնչած ամեն մի բառի համար: Ի դեպ, ֆիլմը նաև կթարգմանվի թուրքերեն:
Ցավոք, այսօր Համշենի պատմությունը դարձել է մոդայիկ երևույթ, ոչ մասնագետների շահարկման առարկա, շատերի համար` նաև բիզնեսի միջոց: Երբեմն այնպիսի անհեթեթությունների ես հանդիպում, որ ուղղակի չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Բայց միևնույն է, միշտ էլ ճշմարտությունն է հաղթում:
Ասեմ, որ և՛ ֆիլմի մոնտաժի ժամանակ, և՛ պատրաստ լինելուց հետո ամեն անգամ այն դիտելիս, իսկապես հուզվում եմ, չեմ հավատում, որ կարողացել եմ հաղթահարել շատ դժվարություններ, երբեմն չեմ հավատում, թե ինչ պատմական վայրեր եմ այցելել, հուզվում եմ առհասարակ այն ճակատագրի համար, որ վիճակվել է մեր ժողովրդին, և ֆիլմն էլ ավարտում եմ հետևյալ տողերով` «Ինչո՞ւ այսպիսի ճակատագիր»:
-2012 թվականին լույս է տեսել Ձեր մենագրությունը` «Համշենի մանրատեղանունները». ինչի՞ մասին է գիրքը:
-Այս գիրքը, որ երեք լեզվով է հրատարակվել` հայերեն, թուրքերեն, ռուսերեն, իմ դաշտային աշխատանքների արդյունքներից մեկն է: Գրքում վերոնշյալ գավառների համշենցիների խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածական հայկական մանրատեղանուններն են քննության առնված: Իմ հավաքած տեղանուններից շուրջ հարյուրը, ենթարկելով բառաքննության, ցույց եմ տվել, որ դրանք բուն հայկական են, դրանցում առկա են հին և միջին հայերենների արմատներն ու հիմքերը, բառակազմական ձևույթները` հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից, որոշ դեպքերում էլ` թուրքերենից բխող հնչյունական նստվածքով: Գրքում ներկայացնում եմ նաև որոշակի ժողովրդագրական տեղեկություններ Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների մասին: Այս գիրքը նաև ճանապարհ հարթեց ֆիլմի համար:
-Ժամանակակից Թուրքիայում ապահո՞վ է ապրում համշենցին, առհասարակ, ի՞նչ խնդիրների է բախվում այսօրվա համշենցին:
-Մենք խոսում ենք դեռևս երեք դար առաջ իսլամացած համշենցիների սերունդների մասին: Համենայն դեպս, ում մենք ճանաչում ենք, այսօր թուրքական պետության հետ եթե ունեն էլ տարաձայնություններ, այդուհանդերձ, այդ մարդիկ մարքսիստական ձախակողմյան գաղափարների կրողներն են: Հիմնականում համշենցիներն այսօր ամբողջովին ներգրավված են թուրքական հասարակությանն ու կյանքին: Ձգտումը քաղաքային կյանքին, արտագնա աշխատանքը, հաճախակիացող խառնամուսնությունները և, վերջապես, հեռուստատեսությունն ու թուրքական կլանող միջավայրը համշենցիների մշակույթի այս վերջին շերտերը տանում են մոռացումի ու ոչնչացման: Որքան էլ ցավալի է, բայց սա իրողություն է: Երիտասարդ համշենցիների զգալի մասը, որ բռնել է մեծ քաղաքների ուղին, արդեն կորցնում է բարբառը, ավանդական կենսաձևը:
Խոփայում և Թուրքիայի այլ քաղաքներում համշենցի փոքրաթիվ մտավորական գործիչները, երգիչ-երաժիշտները, հասկանալով, որ վերջնականապես կարող են մոռացվել իրենց տեղական ավանդույթները, երգն ու պարը, ազգագրական նկարագիրը, փորձում են տարբեր միջոցներով պահպանել և տարածել համշենական մշակույթը, ինչ-որ կերպ հակազդել ամենօրյա ձուլմանը: 2011-ի հունիսին Ստամբուլում ստեղծվեց համշենցիների «Հատիկ» միությունը, որի նպատակն իրենց մշակույթը ոչնչացումից փրկելն էր: Ի դեպ, այդ մասին ևս խոսվում է ֆիլմում:
-Համշենցիներն ինչպե՞ս էին վերաբերվում ձեզ:
-Վերաբերմունքը հիմնականում նորմալ էր, մարդիկ բարյացակամ էին: Մեծահասակները չէին մերժում մեր խնդրանքը և պատասխանում էին մեր հարցերին: Բայց ուզում եմ շեշտել` եթե չլիներ մեր համշենցի բարեկամների ուղեկցությունը, չէինք կարողանա այսքան նյութ հավաքել: Որոշ վայրերում եղել է նաև սառը վերաբերմունք, մանավանդ, երբ ասում էինք, որ հայ ենք: Բայց թուրքերենով գրված իմ նյութերը շատ համշենցիների են հետաքրքրել, տարածվել նրանց միջավայրում: (Ձեզ եմ տրամադրում մի քանի լուսանկար, որոնցում պարզորոշ կարող եք տեսնել, թե ինչպես են համշենցիներն ինձ վերաբերվել):

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Աղբյուրը՝ Իրատես․ամ

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.