ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ
Քննարկվեցին «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները (14 ապրիլի, 2009թ.)
(Ընթերցեք նաև միջոցառման լուսաբանումը անգլերեն և ռուսերեն)
- Լսեք հատված Հանրային ռադիոյի լուրերի թողարկումից
- Փոխե՞լ է քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը, «Ռադիոլուր»,14.04.2009
- Արմեն Այվազյան. Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունից, Նոյյան Տապան, 14.04. 2009թ.
- Երևանում կայացավ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով անցկացված 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը, Նովոստի-Արմենիա, 14. 04/.2009
- Հայաստանի վարած քաղաքականությունից դժգոհ են, Երկիր, 14.04.2009
- «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը մտահոգ է, Կապիտալ, 15.04.2009թ
- Ա. Այվազյան. «Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս կոպիտ սխալներ», Հետք, 14.04.2009թ.
- 7 oր պարբերականի լուսաբանումը, 7 օր, 14.04.2009
- ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 90%-Ը ԴԵՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ, Սոնա Ավագյան, Բիզնես 24, 15.04.2009
- ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ 61%-Ը ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ, Azatamtutyun.am, 15.04.2009
- ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ, Հայոց Աշխարհ, 16.04.2009
- Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ, Առավոտ, 18.04.2009
- Թուրքը թշնամի է, ու վերջ, Աստղիկ Կարապետյան, Երկիր, 17.04.2009
- Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին, Tert.am, 14.04.2009
- Մարտնչող նեոբոլշեվիկները (պատասխան Թերթ.am-ի` «Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին» հոդվածին, Freedomfight777, Livejournal.com, 16.04.2009)
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»,14.04.2009
Փոխե՞լ է քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը
Թուրքիան բարեկա՞մ, թե՝ թշնամի երկիր է մեզ համար. հարցը մի քանի կողմերից պետք է դիտարկել:
Ի՞նչ կտա մեզ սահմանի բացումն ու որքանով կվնասի, համատեղելի՞ են արդյոք հայն ու թուրքը, հոգեկերտվածքի ինչպիսի՞ էական տարբերություններ կան, որ թուլյ չեն տալիս հարաբերություններ հաստատել եւ, ի վերջո, ի՞նչ քաղաքականություն է այժմ վարում Թուրքիան Հայաստանի նկատմամբ:
Նշված հարցերի անտեսմամբ հարաբերություններ հաստատելն անհեռատես քայլ է համարում «Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը. Պարզվում է հարցման մասնակիցների մեծ մասը համամիտ է նրա այս կարծիքի հետ:
«Հայ- թուրքական ներկա միջպետական զարգացումները գնում են ի վնաս Հայաստանի շահերի: Ժամանակին, երբ սկսվում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, մենք նախազգուշացնում էիք, որ Թուրքիան չի կարող որեւէ կերպ աջակցել Ղարաբաղյան խնդրի լուծմանը, որովհետեւ Թուրքիան է հաճախ ղեկավարում Ադրբեջանին հակահայ գործողությունները: Այդ առումով՝ եռակողմ հանդիպումները ուղղակի զավեշտ էին»:
Հայաստանի կողմից առանց նախապայամնների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության պայմաններում Թուրքիան սկսել է նախապայման դարձնել Ղարաբաղյան խնդրի ադրբեջանամետ լուծումը: Եվ որքան ավելի շատ է խոսվում հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման մասին, այնքան հիմնավորվում են Թուրքիայի նախապայմանները:
Այստեղ հոգեբան Ալբերտ Նալչադյանը հիշեցնում է թուրքի հոգեկերտվածքը: Սովորաբար՝ ցանկացած հարաբերություն հաստատելուց առաջ հարկ է նախ իմանալ ում հետ հետ գործ ունես: Թուրքը նենգ ու խորամանկ է ու հետին մտքերով է առնչվում հայի հետ:
«Թուրքերը մյուս էթնոսների շարքում աչքի են ընկնում ագրեսիվության ավելի բարձր աստիճանով: Հաճախ հայ առեւտրականները գալիս եւ ասում են, թե թուրքերը բարեհաճ են մեր նկատմամբ, խաղաղասեր են: Նրանք կարող են իրենց այդպես ցույց տալ: Թուրքերը երկար ժամանակ՝ դարերի ընթացքում, ունեցել են մեծ, հզոր պետություններ եւ սովորել են քաղաքագետ լինել: Շարքային թուրքն ավելի խելոք քաղաքագետներ են, քան մեր քաղաքական գործիչներից շատերը»:
Գոյություն ունի էթնիկական անհամատեղելիության խնդիր, այնպես որ՝ պետք է ի գիտություն ընդունել` հայն ու թուրքն անհամատեղելի են, միանշանակ պնդում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ, ըստ էության, համամիտ լինելով հնչեցրած վերլուծություններին, իր կողմից եւս մի նկատառում արեց. «Որեւէ մեկն այսօր Հայաստանում չի կարող ասել, թե քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը փոխել է Հայաստանի հարցում: Երիտթուրքերը ցեղասպանություն իրականացրեցին: Քեմալը, որ մերձավոր էր երիտթուրքերին, իրականացրեց եւ այժմ էլ իրականացվում է քեմալիզմի դրոշով արդյունքների իրացման գործընթացը»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ որոշումները ֆիլտրով անցկացնելու անհրաժեշտության մասին էր բարձրաձայնում. «Օրինակ ազգային անվտանգության, էթնիկական, տնտեսական ֆիլտրով պետք է անցնեն»:
Նոյյան Տապան, 14.04. 2009թ.
Արմեն Այվազյան. Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունից
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Հայաստանում եւ Սփյուռքում անցկացրած հարցումները վկայում են, որ հայ գիտնականների, փորձագետների, հասարակական գործիչների մի պատկառելի հատված խիստ դժգոհ է Թուրքիայի հանդեպ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին ապրիլի 14-ի քննարկմանը նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, մարտի 12-ից ապրիլի 10-ն անցկացված հարցման մասնակիցներին առաջարկվել է երեք հարց կոնկրետ թեմաների շուրջ:
«Ինչպե՞ս եք վերաբերվում իբր հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրմանը Թուրքիայում» հարցին «խիստ բացասական» պատասխան է տվել հարցվածների 96%-ը: Այն հարցին, թե «Ռ.Էրդողանի հայտարարություններից հետո Հայաստանը պե՞տք է շարունակի մերձեցման քաղաքականությունը», հարցման մասնակիցների 61%-ը տվել է բացասական պատասխան: Իսկ «ինչպե՞ս եք վերաբերվում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու` Թուրքիային հղած ՀՀ կառավարության հրավերին» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 81%-ը: Ա.Այվազյանը նշեց, որ հարցվածներից ոմանք այդ հրավերը համարել են հայ պաշտոնյաների հումորի դրսեւորում:
«Արարատի» ղեկավարի խոսքերով, այսօր Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վտանգում են երկրի ապագան: Առաջին սխալը, ըստ Ա.Այվազյանի, այն է, որ «իշխանությունները Թուրքիային չեն ընկալում այնպես, ինչպես այն կա` որպես թշնամի»: Երկրորդ սխալն այն է, որ Հայաստանի ղեկավարները թուրք պաշտոնյաներին եւ Ադրբեջանի նախագահին անվանում են «նորմալ մարդ», մինչդեռ հենց Ադրբեջանի նախագահի հրամանով է, որ այդ երկրում ոչնչացվում են հայկական կոթողները: Իսկ երրորդ սխալը, ինչպես հայտարարեց քաղաքագետը, «ոչ պալատական» հայ փորձագտեների կարծիքներն անտեսելն է:
Նովոստի-Արմենիա, 14. 04.2009
Երևանում կայացավ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով անցկացված 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը
Երևանում կայացավ «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը, որն անցկացնում էր «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը։
«2009թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը հարցազրույցների շարք է անցկացնում վերջին շրջանում հայ-թուրքական պետական հարաբերությունների վիճակի ու զարգացման մասին»,- շնորհանդեսի ժամանակ հայտնեց Կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նրա խոսքերով, հարցազրույցները երեք թեմա են շոշափում՝ Թուրքիայի քաղաքականությունը հայերի ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում և Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը մասնակցելու՝ հայկական կառավարության հրավերը Թուրքիային։
Հարցման ենթարկված 200 մասնակցից 45-ը գիտնականներ և փորձագետներ են (22,5%), 104-ը՝ հասարակական գործիչներ ու մտավորականներ (52,3%), 15-ը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (7,5%) և 35-ը՝ ուսանողներ (17,6%)։
Հարցվածներից 127-ը Երևանից են, 21-ը՝ ՀՀ մարզերից, 52-ը սփյուռքի ներկայացուցիչներ են։
Այվազյանը նշեց, որ այն հարցին, թե ինչպես եք դուք վերաբերվում թուրքական կառավարության կողմից այն քարոզչությանը, թե իբր թե հայերը թուրքերի նկատմամբ ջարդեր են կազմակերպել ու այդ թեմայով տեսաֆիլմ ցույց տվել, հարցվածների 96 տոկոսը բացասական գնահատական է տվել Թուրքիայի գործողություններին, միայն 3,5 տոկոսն է համեմատաբար մեղմ արտահայտվել այդ մասին՝ նշելով, որ դա սպասելի քայլ էր՝ ուղղված ավելի շուտ արտաքին, ոչ թե ներքին լսարանին։
Այվազյանի խոսքերով, այն հարցին, թե Հայաստանը պետք է շարունակի մերձեցումը Թուրքիայի հետ այն հայտարարություններից հետո, որ Ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը լիովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ, միայն հարցվածների 11 տոկոսն է մերձեցման քաղաքականության շարունակմանը կողմ հանդես եկել, 61 տոկոսը՝ դեմ, 6,5 տոկոսը հստակ պատասխան չի տվել, 1,5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել, իսկ հարցվածների 20 տոկոսը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն լուրջ վերապահումներով։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
Երկիր, 14.04.2009
Հայաստանի վարած քաղաքականությունից դժգոհ են
Երեւան – «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից Հայաստանում եւ Սփյուռքում անցկացված հարցումները վկայում են, որ հայ գիտնականների, փորձագետների, հասարակական գործիչների մի պատկառելի հատված խիստ դժգոհ է Թուրքիայի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 14-ի քննարկման ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով` հարցման մասնակիցներին առաջարկվել է երեք հարց` կոնկրետ թեմաների շուրջ:
«Ինչպե՞ս եք վերաբերվում իբր հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրմանը Թուրքիայում» հարցին «խիստ բացասական» պատասխան է տվել հարցվածների 96 տոկոսը:
Այն հարցին, թե «Էրդողանի հայտարարություններից հետո Հայաստանը պե՞տք է շարունակի մերձեցման քաղաքականությունը», հարցման մասնակիցների 61 տոկոսը տվել է բացասական պատասխան:
Իսկ «Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու` Թուրքիային հղած ՀՀ կառավարության հրավերին» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 81 տոկոսը: Ա.Այվազյանը նշեց, որ հարցման մասնակիցներից ոմանք այդ հրավերը համարել են հայ պաշտոնյաների հումորի դրսեւորում:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարի խոսքերով` այսօր Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վտանգում են երկրի ապագան: Առաջին սխալը, ըստ Ա.Այվազյանի, այն է, որ «իշխանությունները Թուրքիային չեն ընկալում այնպես, ինչպիսին այն կա` որպես թշնամի»: Երկրորդ սխալն այն է, որ Հայաստանի ղեկավարները թուրք պաշտոնյաներին եւ Ադրբեջանի նախագահին անվանում են «նորմալ մարդ», մինչդեռ հենց Ադրբեջանի նախագահի հրամանով է, որ այդ երկրում ոչնչացվում են հայկական կոթողները: Իսկ երրորդ սխալը, ըստ քաղաքագետի, «ոչ պալատական» հայ փորձագետների կարծիքներն անտեսելն է:
Կապիտալ, 15.04.2009թ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը մտահոգ է
Երեկ Երևանում կայացել է «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի հետազոտման արդյունքների շնորհանդեսը: Հարցազրույցների շարքը անցկացրել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:
Հարցազրույցը ներառել է երեք թեմա՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը և ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային՝ մասնակցել Հայկական աէկի նոր էներգաբլոկի կառուցմանը: Հարցման մասնակիցների թվում եղել են հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ՝ Հայաստանից և Սփյուռքից։
Հարցին, թե ինչպես են հարցման մասնակիցները վերաբերվում Թուրքիայի դպրոցականներին այն ֆիլմի ցուցադրմանը, որտեղ իբր հայերը սպանում էին թուրքերին, 96 տոկոսն այդպիսի գործողությունները բնութագրել է որպես թշնամական և ռասիստական:
Հարցվողների 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցման Հայաստանի ներկա քաղաքականությանը, մնացածը կա՛մ կողմ է հարաբերությունների կարգավորմանը, կա՛մ դժվարացել է պատասխանել: Հարցման մասնակիցների 81.5 տոկոսը դեմ է, որ Թուրքիան մասնակցի Հայկական աէկի նոր էներգաբլոկի կառուցմանը:
«Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները Թուրքիային որպես թշնամի երկիր չեն դիտարկում, որի ռազմավարական նպատակը մեր պետության ոչնչացումն է: Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի և Եվրոպայի միջև հավասարության նշան է դրել: Սակայն երբեմն այդ լավատեսությունը ոչնչով հիմնավորված չէ»,- հայտարարեց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:
Իսկ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանը հայտարարեց, թե հայերի և թուրքերի միջև գոյություն ունի էթնիկ անհամատեղելիության երևույթ:
Անդրադառնալով սահմանի բացման շուրջ հայ-թուրքական բանակցությունների հարցին՝ հոգեբանը նշեց, որ ժամանակակից էթնոհոգեբանության մեջ կա ազգերի միջև այսպես կոչված էթնիկ անհամատեղելիության երևույթ: Այդ առումով, ըստ հոգեբանի, մեր քաղաքական գործիչները պատշաճ ուշադրություն չեն դարձնում մի շարք հանգամանքների վրա, մասնավորապես՝ «թուրքական էթնոսի էթնոքաղաքական նպատակներին, թուրք ազգի չափազանց ագրեսիվությանը»:
Հետք, 14.04.2009թ.
Ա. Այվազյան. «Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս կոպիտ սխալներ»
«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ, «թվաբանական» սխալներ, որոնք կարող են ունենալ կործանարար հետեւանքներ: Այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական հակամարտության խնդիրներին»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Քաղ. գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:
Նա ներկայացրեց սխալների շարքը, որը մտահոգիչ է, քանի որ մեր իշխանությունները Թուրքիան դիտում են ոչ այնպես, ինչպես կա` թշնամի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները շարունակաբար գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ». «Ապրիլի 9-ին ՀՀ նախագահը հենց այդպես` «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թ. Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը»:
Անդրադառնալով նախագահի` իր պաշտոնավարման մեկամյակի առթիվ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա նշել էր, թե մինչ այժմ չգիտի, թե Թուրքիան ինչպիսի իրական նպատակներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ որ «իհարկե, հնարավոր է», որ «ֆուտբոլային դիվանագիտության» հույսերն ու հաշվարկները սխալ դուրս գան, Արմեն Այվազյանը մի շարք հարցեր է առաջադրում:
«Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչու չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, ինչու չեն կազմակերպում հրապարակային բանավեճեր: Եթե դեռ չգիտեն Թուրքիայի նպատակները, ինչու էր նախագահն անցյալ աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում, ինչու էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»»,- հարցնում է Արմեն Այվազյանը:
«Ինչու»-ների շարքը շարունակական է, օրինակ` ինչու են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչու են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչու հասարակությունը տեղյակ չէ հայ-թուրքական բանակցություններից, ինչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների միջեւ 2008 թ. աշնանը կնքված պայմանագիրը եւ այլն:
Արմեն Այվազյանը նշեց, որ հայ-թուրքական հակամարտության կարգավորումն այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով անհնար է:
«Այս իրավիճակը հայ հասարակության ավանդական-հայրենասիրական դիրքորոշումներ ունեցող շերտերի մեջ առաջացրել է անապահովության, անպաշտպանվածության սուր զգացում, ազգային արժանապատվությունն ու կենսական շահերը պետական մակարդակով ոտնահարելու դառը մտորումներ, իբրեւ արդյունք` ՀՀ կառավարության նկատմամբ խոր անվստահություն»,- եզրափակեց բանախոսը:
Շուշան Ստեփանյան
7or.am, 14.04.2009
Արմեն Այվազյան. «Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից»
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ՝ «Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում», «Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում», «ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային՝ մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը» թեմաների շուրջ։ Ըստ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը, բացի Հարություն Առաքելյանից չի համաձայնվել մասնակցել հարցմանը։
-Դա վկայումէ, որ քաղաքական կուսակցությունները խուսափում են հստակ դիրքորոշումներ հայտնել ազգի և պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հայ-թուրքական հակամարտության մասին,-ասել է նա և հավելել. որ հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում՝ գիտական և մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից։
Ալբերտ Նալչաջյան. «Հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում, մեղմ ասած, թույլ են տրվում անզգույշ քայլեր»
Ըստ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի՝ «հայկական դիվանագիտությունն այսօր որոշ չափով թուրքերի լարած ծուղակում հայտնվելու շեմին է»։ Նրա պնդմամբ, հաշվի առնելով թուրք էթնոսի կայուն հոգեկերտվածքն ու էթնոքաղաքական նպատակները, Հայաստանի և Թուրքիայի միջև հյուպատոսական ծառայությունների մակարդակից ավելի բարձր կարգի դիվանագիտական հարաբերություններ չի կարելի հաստատել։
-Պետք է թուրք գործարարներին և պետությանը մոտ չթողնել Հայաստանի ռազմավարական ծրագրերին, օրինակ, նոր ատոմակայանի կառուցմանն ու ֆինանսավորմանը,-ասել է Ալբերտ Նալչաջյաը և հավելել, որ որոշ հայ գործիչներ շահագրգռված են Թուրքիայի արևելյան նահանգների զարգացմամբ՝ թշնամուն ուժեղացնելու պարադոքսալ հակում հանդես բերելով։
Էդվարդ Դանիելյան. «Քաղաքական գործիչները աղավղում են տերմինները»
Պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Դանիելյանի կարծիքով, մեր քաղաքակն գործիչները աղավաղում են տերմինները, ինչի արդյունքում ժողովուրդն ընկնում է թյուրիմածության մեջ։
-Սխալ է «սահմանների բացում» տերմինի օգտագործումը, ոչ մի երկիր, իր սահմանները չի կարող բացել, խոսքը Արևմտյան Հայաստանի շրջափակման մասին է։ Տերմինի փոփոխումը խնդրին այլ կեցվածք է տալիս,-նշել է նա և հավելել, որ շատ կարևոր է պատմագրությանը ուշադրություն դարձնելը, «քանի որ ամեն ինչ այդտեղից է սկսվում»։
Հարություն Մեսրոբյան. «Թուրքիայի ցանակցած շարքային քաղաքացի ավելի լավ քաղաքագետ է, քան մեր քաղաքական գործիչները»
Ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի՝ ցանկացած ռազմավարական–քաղաքական որոշում իրագործվում է միայն փորձագիտական զննման դրական արդյունքի դեպքում։
-Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված ցանկացած ռազմավարական–քաղաքական որոշում անհրաժեշտ է անցկացնել առնվազն 3 ֆիլտրով՝ պատմաքաղաքակրթական, ազգային անվտանգության, հայկական հարցի. մեզ մոտ դա չի եղել,-ասել է նա և հավելել, որ այս ֆիլտրերի առկայության դեպքում՝ տնտեսական շահավետությունը կրում է երկրորդական բնույթ, առավել ևս, որ մինչև օրս ներկայացված և քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Հարություն Մեսրոբյանը վստահ է, որ եվրոպական ստանդարտներով առաջնորդվող, կիրթ թուրքերն ավելի վտանգավոր են, քան 1915թ.-ի տրեխներով թուրքերը։
-Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի ցանակցած շարքային քաղաքացի ավելի լավ քաղաքագետ է, քան մեր քաղաքական գործիչները և այն, ինչ ժամանակին անկիրթ թուրքերը արեցին յաթաղանով, նույնը հիմա քաղաքակիրթ ձևով կանեն ժամանակակից թուրքերը,-հավելել է նա։
Լևոն Շիրինյան. «Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն»
Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօրվա քաղաքագետները, ոչ մի ուսումնասիրություն չկատարելով, ամպագորգոռ արտահայտություններ են անում հայ-թուրքական հարաբերությունների մասին։
– Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա՝ «արևմտականացած» և բոլշևիզմը թոթափած, շարունակում է անշեղորեն իրականացնել քեմալիզմի ռազմա-քաղաքական դոկտրինան,-ասել է նա և հավելել, որ պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն։ –Ինչպես երևում է մեր քաղաքական գործիչներն այդ դասերը չեն սովորել,– ասել է Լևոն Շիրինյանը։
Բիզնես 24, 15.04.2009
Սոնա Ավագյան
ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 90%-Ը ԴԵՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած հարցումնների արդյունքներով՝ մեծամասնությունը` 81.5%-ը, բացասական գնահատական է տվել 2009թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի՝ Թուրքիային արած հրավերին՝ մասնակցելու Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92.0%-ը, դեմ է նաև թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին։ Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1.5%-ը: Իսկ 4%-ը կողմ է, սակայն վերապահումներով:
«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցումը անցկացվել է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Վերջին մեկ ամսվա ընթացքում հարցաշարին պատասխանել է ավելի քան 200 մարդ՝ գիտնականներ, փորձագետներ, մտավորականներ, ուսանողներ։ Հարցվողների թվում է 45 գիտնական և փորձագետ։ Այս մասին ապրիլի 14-ին հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով Թուրքիան իրավունք է ստանում գնելու նոր ատոմակայանի բաժնետոմսերը, արդեն Ազգային ժողովում է։ Ա. Այվազյանը նշեց, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը կհանգեցնի Հայաստանի տնտեսական կախվածության Թուրքիայից, արհեստականորեն առաջացած տեխնոգեն աղետի, ճնշումների, սպառնալիքների։
Անդրադառնալով քննարկման մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, որ թող Հայաստանը բաժնեմաս ունենա Թուրքիայի որևէ ռազմավարական օբյեկտում՝ Ա. Այվազյանը ասաց, որ Թուրքիան արգելեց ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը բաժնեմաս ունենալ իր ոչ ռազմավարական օբյեկտներից մեկում, քանի որ այդ ընկերության ներկայացուցիչներից մեկը ազգությամբ հայ էր։
Ինչ վերաբերում է Հայաստանի ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի քննարկվող մասնակցության տնտեսական շահավետությանը, ապա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ասաց, որ մինչ այժմ այդ մասնակցության խնդիրը դիտարկված չէ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից, և ներկայացված ու քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։
Azatamtutyun.am, 15.04.2009
ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ 61%-Ը ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ
Ռազմավարագիտական հետազոտությունների «Արարատ» կենտրոնը ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, որի շրջանակում «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա հիմնախնդիրները» թեմայի շուրջ ավելի քան 250 հարցազրույց է անցկացվել: 200 մասնակիցների 11%-ն անվիճելիորեն և անվերապահորեն կողմ է Հայաստանի և Թուրքիայի մերձեցման ներկա քաղաքականությանը: 61%-ը դեմ է Թուրքիայի հետ մերձեցման Երևանի ներկայիս քաղաքականությանը, 6,5%-ը հարցին որոշակի պատասխան չի տվել, իսկ 1,5%-ը «չգիտի» ` արժե՞ արդյոք մերձենալ Անկարային, թե՞ ոչ: Հարցվածների 20%-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց` լուրջ վերապահումներով:
Հայոց Աշխարհ, 16.04.2009
ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Կրկնվում են մեկ դար առաջ թույլ տրված սխալները
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին կես տարվա ընթացքում կատարված տեղաշարժերի վերաբերյալ մեր հանրային կարծիքը ճշտելու շարունակական փորձերը սկսել են հիշեցնել մութ սենյակում «կատու բռնելու» մտադրությունը:
Ավելին՝ դրանք ոչ միայն անիմաստ, այլեւ խիստ վտանգավոր են հայ հասարակության համար, որն ի տարբերություն ադրբեջանականի, մասամբ էլ՝ թուրքականի, իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ տեղավորվում է «հասարակություն» հասկացության շրջագծում: Քանզի մեզանում, ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, բացակայում է այն միատարր զանգվածը, որը «մտածում է» պետության կամ հոգեւոր առաջնորդների թելադրանքով:
Կասկած չունենալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ հանրային կարծիք ձեւավորելու ներկա փորձերի հեղինակների անկեղծության ու ազնվության հարցում, այնուամենայնիվ, կարծում ենք, նրանք պարտավոր են ավելի խորը քննել հարցի էությունը:
Հայաստանում, մանավանդ աշխարհացրիվ հայության շրջանում, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կատարվող ցանկացած հարցում, որոնցից վերջինն իրականացրել է «Արարատ» կենտրոնը, անխուսափելիորեն հանգում է այս խնդրի շուրջ գոյություն ունեցող ազգային ու պետական պատկերացումների բախման:
Եւ համապատասխան տեղեկատվության բացակայության պայմաններում տվյալ «հասարակական կարծիքը» սկսում է առաջնորդվել «գետը չտեսած՝ բոբիկանալու» տրամաբանությամբ: Այդ պատճառով էլ հասարակության մի մասը կտրուկ բացասական գնահատականներ է տալիս ենթադրյալ «բարելավմանը», իսկ մյուս մասը, հակառակը, հույսեր է կապում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման տնտեսական հեռանկարների հետ:
Ստացվում է, որ փորձելով հասարակական կարծիք ձեւավորել «ընդդեմ» կամ «հանուն» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, մեր սոցիոլոգիական ընկերությունները կամ էլ քաղաքական ուժերը իրենց կամքից անկախ պառակտում են հայաստանյան հասարակությունը, մյուս կողմից էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում օբյեկտիվորեն ստեղծում են որոշակի պրոբլեմներ:
Որպեսզի մեր հանրային կարծիքը առանց պառակտվելու կարողանա հստակորեն դիրքորոշվել այդ տարբերակների հանդեպ, պետք է որոշակի «շփման եզրեր» ունենա հակառակորդի տրամադրությունների հետ, այսինքն՝ հասկանա, թե ի՞նչ են մտածում իր մասին սահմանի մյուս կողմում: Մինչդեռ Թուրքիայում «հանրային կարծիք» հասկացությունը ներկայումս սահմանափակվում է Հայկական հարցի մասին պետական թելադրանքով չառաջնորդվող մտավորականության նեղ շերտի եւ որոշ գործարարների շրջանակով, իսկ Ադրբեջանում փաստորեն դա էլ գոյություն չունի:
Ինչպե՞ս պետք է մեր հանրությունը դատողություններ անի մի հարցի շուրջ, որի իրական բովանդակությունն անհայտ է իրեն: Պարզ է, որ ստեղծված պայմաններում պետք է պառակտվի, առաջնորդվի տարբեր ենթադրություններով ու հիպոթեզներով:
Ու եթե այսպես շարունակվի, մի օր արձանագրելու ենք, որ մեր իսկ սոցիոլոգների թեթեւ ձեռքով սկսել ենք աստիճանաբար տարանջատվել «թրքատյացների» ու «թրքասերների», երբ սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում, գոյություն ունեն բոլորովին այլ պատկերացումներ եւ իրողություններ: Այստեղ ամեն ինչ որոշում է պետությունը՝ առաջնորդվելով միայն ու միայն սառը դիվանագիտական հաշվարկներով, որից հետո տվյալ որոշումը այնպես է մատուցվում հանրությանը, որ նրա առնվազն 2/3-ը կողմ է արտահայտվում դրան:
Վերջին օրինակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցի նախօրեին այդ երկրում հստակորեն վերեւից ձեւավորված հանրային կարծիքն էր Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Ընդամենը մի քանի օրում պարզվեց, որ թուրքական այն նույն հասարակությունը, որը 100 հազարներով «սգում» էր Հրանտ Դինքի մահը, վայրկենապես կարող է համախմբվել «Առանց Ղարաբաղի սահմանը չենք բացի» կարգախոսի շուրջ:
Այս ամենի գաղտնիքը թուրքական «հասարակության», իսկ ավելի ճիշտ՝ ամբոխի կառավարելիությունը, իր հիմքում պայմանավորված է ոչ միայն այդ երկրի վարչակարգի բնույթով, այլեւ ավելի խորը քաղաքակրթական արմատներով, որոնք վաղուց արդեն բացահայտվել են Մեծ եղեռնի եւ ընդհանրապես մեր բոլոր ձախողումների պատճառները խորությամբ քննած քաղաքական գործիչների ու հետազոտողների կողմից: Իր բնույթով եվրոպական, այսինքն՝ պլյուրալիստական հայ հասարակության եւ թուրք-ադրբեջանական կամ ուղղակի թուրքական միատարր զանգվածների դիմակայության ընթացքում ժամանակին մեր կրած պարտությունների հիմնական պատճառներից մեկը եղել է հակառակորդի տրամադրություններն ու հնարավորությունները սեփական չափանիշներով գնահատելու սխալը, ինչը կրկնվում է նաեւ հիմա:
Հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր է միայն իրենով հասարակությանը փոխարինող թուրքական պետության այնպիսի «հայկական համարժեքի» միջոցով, որը թույլ չի տալիս մեր ներքին պլյուրալիզմը դարձնել արհեստականորեն «թրքատյացների» ու «թուրքասերների» պառակտվող հայ հանրույթի «աքիլլեսյան գարշապարը» :
Վարդան Գրիգորյան
Առավոտ, 18.04.2009
Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ
200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը:
2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Ներկայացնենք որոշ պատասխաններ այս թեմայով տրված հարցերին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության պարագայում, համաձա՞յն են թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի արժեթղթերի վաճառքի գաղափարին:
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության վարչության ատենապետ Հարություն Առաքելյան. «Անիմաստ է նույնիսկ քննարկել, թե ազգային անվտանգության ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ: Մի պետության հետ, որ տարբեր հարթություններում խնդիրներ ունենք, ինքներս ենք ընկնում էներգետիկ կախվածության մեջ, եթե նա իր բաժնետոմսերը վաճառի, ասենք, Ադրբեջանին, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու… Ի՞նչ միջազգային չափանիշներով ենք հիմնավորելու մեր անհամաձայնությունը… Ունի՞ այս հարցերի պատասխանը ՀՀ վարչապետը… Եթե նմանատիպ գործընթաց սկսվի, ապա դրա դեմ պայքարողներից մեկն եմ լինելու եւ չեմ զլանալու այդ պայքարում ներգրավել սփյուռքի իմ ընկերներին, ԶԼՄ-ներին»:
«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյան. «Որքան էլ հարգում եմ Տիգրան Սարգսյանին՝ մեր վարչապետին (բանիմաց, լավ ֆինանսիստ է, լավ եռանդով աշխատում է), ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ այդ քայլը անզգույշ էր նրա կողմից։ Թուրքիան գործ չունի Հայաստանի ատոմային էներգետիկայի հետ: Թուրքիային պետք է ընդհանրապես հեռու պահել Հայաստանի առավել կարեւոր եւ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող գործերից»: Նա նաեւ նշել է. «Թուրքիայի հետ նման ռազմավարական, հեռահար պայմանագրեր չի կարելի կնքել, եթե նույնիսկ գործարքը ֆինանսական առումով ձեռնտու էլ լինի: Մենք Թուրքիայից պիտի որեւէ կախվածություն չունենանք, որպեսզի կարողանանք մեր ազգային խնդիրները բարձրացնել նրա առաջ: Ցանկալի է, որ վարչապետը հայտարարություն անի եւ հրաժարվի իր նախկին հայտարարություններից: Թուրքիայի հետ խաղ չեն անում. նրա հեռահար նպատակը Հայաստանը մեջտեղից վերացնելն է, Ադրբեջանի հետ միավորվելը եւ պանթուրքական մեծ պետություն ստեղծելը: Ես ոչ միայն դեմ եմ ատոմակայանի խնդրում Թուրքիայի մասնակցությանը, այլ նույնիսկ դեմ եմ սահմանի բացմանը, քանի որ մեր տնտեսությունը շատ թույլ է: Սահմանի բացումը պետք է հնարավորինս հետաձգել, այլապես մեր տնտեսությունը կխեղդվի, կուլ կգնա»:
Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյան. «Անընդունելի եւ անտրամաբանական է ռազմավարական նշանակության կառույցի կազմավորմանը մասնակից դարձնել մի երկրի, որի հետ չկան տարրական դիվանագիտական կապեր, եւ որը ներկայումս համարվում է մեր երկրի հավանական հակառակորդ եւ սպառնալիք»: Հարցին, թե ինչո՞ւ իր առաջին հայտարարությունից 20 օր անց՝ մարտի 12-ին, ՀՀ վարչապետը փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ Թուրքիայից ակնկալվում է միայն ֆինանսական մասնակցություն՝ Հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերի մի մասը թուրքական ընկերություններին վաճառելու միջոցով, Թաթուլ Մանասերյանը, որն այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է՝ պատասխանել է. «Փոփոխական կեցվածքը բնորոշ է վարչապետին: Տարիներ շարունակ նա մերժել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ձեւավորելու մեր կողմից ներկայացրած առաջարկը: Սակայն բավական էր Ոուսաստանի Դաշնությունից (մասնավորապես, Իգոր Լեւիտինից) լսել նման խորհուրդ եւ հանդես գալ որպես նման գոտիների ձեւավորման նախաձեռնող»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. «Ընդհանրապես չի կարելի թողնել, որ թուրքը ոտք դնի Հայաստան. դա լի է չափազանց անկանխատեսելի հետեւանքներով: Մենք պետք է զգոն լինենք, մենք պատմություն ունենք, չպետք է այն մոռանանք: Մենք գիտենք՝ Եղեռնն ինչպես է եղել… Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի գան, ի՞նչ գործ ունեն նրանք մեր ատոմակայանի հետ, թուրքը ե՞րբ է շինարար եղել. նրա գործը քանդելն է, ավերելն է, ի՞նչ պիտի կառուցի մեզ համար: Մեզ պետք չէ նրա կառուցածը: Մի խարդախ բան էլ այդտեղ կանեն»:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյան. «Բացարձակապես պարտադիր չէ պայթյուն կազմակերպել ատոմակայանում (թեեւ դա նույնպես չեմ բացառում): Բավական է, ասենք, ռադիոակտիվ արտահոսք կազմակերպել դեպի Արարատյան արտեզյան ջրամբարը, որը գտնվում է հենց կայանի տակ»:
Լրագրող, կովկասյան հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյան. «Մեր պաշտոնյաները շատ լավ են զգում, թե որտեղից է փչում քամին: Եթե Քոչարյանի ժամանակ որոշ պաշտոնյաների, քաղաքական ուժերի եւ լրագրող-վերլուծաբանների համար թուրքերին եւ Թուրքիային քննադատելն էր ձեռնտու, ապա այդ նույն խմբերի համար դա այսօր այլեւս ձեռնտու չէ: Պաշտոնյան, լրագրող-վերլուծաբանը, կուսակցականը տեսնում է, թե ինչպես է օդակայանում Էդվարդ Նալբանդյանը դիմավորում Աբդուլա Գյուլին, տեսնում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մարզադաշտում լայն ժպտում եւ ձեռք սեղմում Գյուլին, եւ դա բավարար է, որպեսզի նրանց համար Թուրքիան դառնա հարեւան պետություն: Կոնկրետ հարցին պատասխանելով՝ ասեմ, որ վարչապետի հրավերը նաեւ ժեստ է միջազգային հանրությանը, թե տեսեք՝ այսօրվա Հայաստանի իշխանությունները անգամ նման զգայուն հարցում են պատրաստ համագործակցել Թուրքիայի հետ»:
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Երկիր, 17․04․2009
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Թուրքը թշնամի է, ու վերջ
«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ «թվաբանական» սխալներ, որոնք կարող են կործանարար հետեւանքներ ունենալ:
Ընդ որում` արտաքին քաղաքականության այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումներին:
Դիվանագիտական սխալների շարքում նշվում են հետեւյալ քայլերը. նախ այն, որ չհիմնավորված լավատեսությամբ` մեր իշխանությունների կողմից Թուրքիան ոչ թշնամի պետություն է ընդունվում, ավելին` հավասարեցվում է եվրոպական երկրներին: Հեռուստաեթերում ոչ միայն մոռացության է մատնված հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմական փորձը, այլեւ անտեսվում են ներկայումս Հայաստանի դեմ ուղղված թուրքական թշնամական գործողությունները:
Թուրք եւ ադրբեջանցի պետական գործիչները գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ» (ապրիլի 9-ին ՀՀ նախագահը «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թվականին Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը):
«Հայ քաղաքական վերնախավի պատմական եւ ներկա իրականությունից կտրվածությունը, տեղեկատվական դաշտում արմատավորվելուց հետո, աստիճանաբար սկսում է ընդգրկել նաեւ ժողովրդային խավերը»,- ասաց Ա. Այվազյանը:
Նա մեջ բերեց ՀՀ նախագահի խոսքերը իր պաշտոնավարման առաջին տարվա առթիվ ունեցած ելույթում. «Հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ կանգնեն մեր ձեռք բերած պայմանավորվածությունից, նրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանել ու պատասխանտու լինել», «հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա» (սահմանների բացվելու առումով), մենք մեր հաշվարկներում սխալված լինենք… Իհարկե, հնարավոր է»:
Հենց այս խոսքերն էլ մի շարք «ինչո՞ւ»-ների տեղիք են տալիս. «Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ինչ նպատակներ ունի Թուրքիան, ինչո՞ւ էր ՀՀ նախագահն անցյալ տարվա աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում անձամբ իր եւ իր արտգործնախարարի մասնակցությամբ, ինչո՞ւ էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»:
Իսկ հիմա Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով այդ հանդիպումներն աշխարհի աչքին թոզ փչելու ու նաեւ հայ հասարակությանը բթացնելու նպատակներով, մատ թափ տալով` հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը, ոչ ավելի, ոչ պակաս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի օկուպանտ ճանաչելն է եւ հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը…:
Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ի՞նչ է ուզում Թուրքիան, ինչո՞ւ են հետեւողականորեն Թուրքիայի մասին չհիմնավորված դրական պատկերացումներ ստեղծում հայ հասարակության մեջ, ինչո՞ւ են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչո՞ւ են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչո՞ւ հասարակությունը տեղյակ չի պահվում հայ-թուրքական բանակցությունների բովանդակության մասին, եւ մենք ստիպված ենք այդ մասին տեղեկանալ արեւմտյան ու թուրքական մամուլից, ի՞նչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների ղեկավարների միջեւ 2008 թվականի աշնանը կնքված պայմանագիրը…
Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչո՞ւ չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, որը շատ էլ լավ գիտի Թուրքիայի անցյալ եւ ներկա հակահայկական քաղաքականության էությունը: Բարեբախտաբար, դեռեւս կան այս հարցի մասնագետներ…»:
Հասկանալու համար, թե վերոնշյալ խնդիրներն ի՞նչ արձագանքներ են ունենում հասարակության մեջ` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից սկսել է հարցազրույցներ անցկացնել գիտնականների, փորձագետների, մշակութային մտավորականության, ուսանողների հետ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված 200 հարցարզույցների ամփոփ պատկերը ներկայացվեց ապրիլի 14-ին: Հարցվողների 22,5%-ը գիտնականներ ու փորձագետներ են (45 մարդ), 52.3%-ը հումանիտար եւ տեխնիկական գծով մտավորականությունը եւ հասարակական գործիչները (104 մարդ), 7.5%-ը (15 հոգի)` լրատվամիջոցների ներկայացուցիչներն են, եւ 17.6%-ը (35)` ուսանողներ:
Ի դեպ` հարցաշարը ուղարկվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, արտգործնախարարություն, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: Հարցվողների 74%-ը (148 մարդ) Հայաստանից են, իսկ 26%-ը (52 մարդ)` Սփյուռքից: 64.5% (129 մարդ) տղամարդիկ են, 35.5% (71)` կանայք:
Հարցաշարը բաժանված է երեք թեմատիկ բաժինների: Առաջին թեման վերաբերում է Հայոց ցեղասպանության` Թուրքիայի ժխտմանը եւ Հայաստանի հակադարձության բացակայությանը: Նախ ներկայացվում է այն, որ սկսած 2007-ի դեկտեմբերից` Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերը, իբր, կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում:
Եվ այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Թուրքիայի կառավարության այս քայլին, հարցվողների 96%-ը խիստ բացասական պատասխան է տվել` որակելով այն թշնամական, ռասիստական, հակահայ եւ այլն, եւ միայն 3.5%-ն է հարաբերականորեն մեղմ արտահայտվել այդ քայլի մասին` նշելով, օրինակ, որ այդպիսի քայլը կանխատեսելի/ակնկալելի է, կամ որ այն ուղղված է ներքին, այլ ոչ արտաքին լսարանին:
Երկրորդ թեման է «Թուրք-ադրբեջանական դաշինքը եւ Հայաստանի վերաբերմունքն այդ դաշինքին»: Մեջ է բերվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարությունը, ըստ որի` ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են, բ) այդ քաղաքականությունը Թուրքիան եւ Ադրբեջանը մշակել եւ իրականացնում են համատեղ:
Այնուհետեւ տրվող «Արդյոք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի՞ Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը» հարցին ի պատասխան` 61%-ը հստակ դեմ է արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը, 6.5%-ը հարցին կոնկրետ պատասխան չի տվել, իսկ 1.5%-ը պատասխանել է` «չգիտեմ»: Հարցվածների 20.0%-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, սակայն լուրջ վերապահումներով, եւ միայն 11.0%-ն է առանց վերապահումների կողմ արտահայտվել:
Հարցման արդյունքները վերլուծելուց հետո «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հետեւյալ եզրակացությանն է հանգում. «Հայաստանի եւ Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում գիտական եւ մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից: Հասարակության այդ շերտերի բացասական վերաբերմունքն ունի հետեւյալ դրսեւորումները. նրանք չեն հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունը, նրանք չեն վստահում Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ՀՀ քաղաքականության արդյունավետ լինելուն, նրանք չեն ընդունում այդ քաղաքականության կրավորականությունը»:
Tert.am, 14.04.2009
Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին
«Արարատ» ռազմավարական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր հրավիրել՝ խոսելու Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, «ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ արվող կոպիտ սխալների» մասին։
«Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի խոսքերով, «այդ սխալ ուղեգծի ջատագով է նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը»։ Նա պնդում է նաև, որ հայ-թուրքական հակամարտության խնդիրների նկատմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա ուժերը հիմնականում միանման դիրքորոշումներ ունեն։
Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը և էներգետիկայի նախարարը, Արմեն Այվազյանի կարծիքով, իրենց հայտարարություններում Թուրքիայի և եվրոպական երկրների միջև հավասարության նշան են դրել, մինչդեռ «Թուրքիայի նպատակներից մեկը Հայաստանի ոչնչացումն է»։
Բանախոսը անթույլատրելի է համարում Հայաստանի նախագահի՝ հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավար, 2005 թ. Նախիջևանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակ Իլհամ Ալիևին տված «նորմալ մարդ» գնահատականը։
Այվազյանը նշեց, որ «այժմ Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումները աշխարհի աչքին թոզ փչելու ու նաև հայ հասարակությանը բթացնելու նպատակներով՝ հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի «օկուպանտ» ճանաչելն է և հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը»։
Քննարկման մասնակից քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով, «հայ-թուրքական վիրտուալ «մերձեցման» ներկա ընկալման վիճակը մերօրյա Հայաստանում և հայ ժողովրդի որոշակի /շահագրգիռ/ շրջանակներում հիշեցնում է «հայ-թուրքական հարաբերությունների «եղբայրության» սահմանադրական (1908-1911/1913թթ) շրջանը, որը ավարտվեց 1909-ի ապրիլին կիլիկիահայության նախճիրով, 1915-ին` արևմտահայոց սպանդով և Հայաստանի ողջակեզով»։
Որպես ևս մեկ օրինակ, Շիրինյանը նշեց 1920 թվականի աշունը, «երբ հայ-թուրքական պատերազմի արդյունքում, համաշխարհային կոմունիզմի (այսօր` դեմոկրատիայի) սպասումով հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց ցնցոտիավոր ու սովալլուկ, սակայն ռուսական կոմունարկա հագած ասքյարին, իսկ Արևելյան Հայաստանը տրվեց անդամահատման` արդեն «բոլշևիկ» թուրք-քեմալականներին»:
Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա, իր առօրյա և հեռագնա նպատակադրումներով, ըստ քաղաքագետի, խիստ կանխատեսելի է՝ մնալով անկայունության ու անորոշության աղբյուր տարածաշրջանային նկրտումներում և համաշխարհային քաղաքականության մեջ:
16.04.2009, Livejournal.com
Մարտնչող նեոբոլշեվիկները
Պատասխան Թերթ․ամ-ի հրապարակմանը
Մի քանի օր առաջ Կոնգրես հյուրանոցում կայացավ «Արարատ» կենտրոնի կազմակերպած քննարկումները նվիրված հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակին: Ներկայացվեցին կենտրոնի կողմից կազմակերպած բաց, շեշտում եմ բաց հարցումների արդյունքները ըստ որի ակնհայտ է դառնում, որ ներկայիս քաղաքականությունը Թուրքիայի հարցում աջակցություն չի վայելում` ո՜չ Հայաստանում, ո՜չ էլ Սփյուռքում: Ընդ որում ամեն ինչ ներկայացվեց գրագետ, հանգիստ տոնով, ինչքան հնարավոր է կառուցողական մոտեցումներով, որը շատ հազվադեպ երևույթ է հայ քաղաքական բանավեճներում, որտեղ հիմնականում գերիշխում է ցածրամակարդակ վիրավորանքները ու հախուռն զգացմունքային զեղումները:
Բայց չգիտես ինչու դա այնքան էլ չոգևորեց հայկական հեռուստաընկերություններին, որոնք իսպառ բացակայում էին միջոցառմանը: Ամեն տեսակ Ճ դասի միջոցառում, սեմինար պատրաստ են ժամերով լուսաբանել ու ծամծել, պատրաստ են իրենց եթերը տրամադրել զանազան անարխիստների, որոնք ամենավերջին խոսքերով վիրավորել են ու շարունակում են վիրավորել հայկական պետականությունը հագնելով ընդդիմադիրի դիմակ, բայց հենց գործը հասնում է լուրջ խոսակցություններին ու լուրջ կառուցողական ընդդիմախոսությանը ապա մեր լրագրողների մի մեծ մասը սկսում են իրենց տարօրինակ պահել: Լավագույն դեպքում չտեսնելու են տալիս, իսկ վատագույն դեպքում նրանց մեջ վերազարթնում է նեոբոլշևիկյան ու կոմերիտական բնազդները, ինչպես օրինակ կատարվեց Թերթ.ամ-ի հետ: Որը միջոցառման լուսաբանումը վերնագրեց այսպես Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին
Հիշեցնում է հին ու բարի 1988-ը, երբ սովետական համակարգի լրագրողները պիտակավորում էին մարդկանց նացիոնալիստներ, մի խումբ սեպարատիստներ, էքստրեմիստներ …. նույնիսկ եթե նրանց մեջ էին մտնում պատվավոր մարդիկ, ակադեմիկոսներ, ակտիվ հասարակական գործիչներ և սփյուռքում հարգանք վայելող անձինք:
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.