Հայերիս մօտ թոյլ է ռազմավարական մտածողութիւնը

Print Print Email Email

Աղբյուրը՝ «Ալիք» օրաթերթ, 9-10 սեպտեմբեր 2008
Մաս 1-ին, 2-րդ
(Թեհրան-Իրան)

Թեհրանի «Ալիք» օրաթերթը թարգմանաբար ներկայացրել է Ուկրաինայում գործող analitika.at.ua լրատվական-վերլուծական կենտրոնի հարցազրույցը` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ:

Հ.- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է ուկրայնական համայնքը տարբերւում մնացած ռուսախօս համայնքներից: Արդեօք նա ունի՞ ինչ-որ իւրայատկութիւն:

Պ.- Երեւանից նայելով մենք տեսնում ենք, որ Ուկրայինայի ռազմավարական շահերը բաւական տարբերւում են Ռուսաստանի քաղաքականութիւնից: Միայն այդ հանգամանքը անսովոր վիճակի մէջ է դնում Ուկրայինայի հայերին: Մենք գիտենք Ուկրայինայի որոշ քաղաքական ուժերի նպատակները, նաեւ գիտենք Ադրբեջանի հետ Ուկրայինայի համագործակցութեան մասին, յատկապէս ռազմական ոլորտում, ինչպէս նաեւ էներգետիկ, քաղաքական գործընթացներում:

Այս համատեքստում, հայ համայնքի գործունէութիւնը շատ մեծ նշանակութիւն ունի: Ուրախ եմ, որ այդ գործունէութիւնը ճիշտ ուղղութիան վրա է: Ուկրայինայում, դատելով ուկրայինացիների հետ իմ շփումներից, (ուկրայնացիների հետ հանդիպել եմ Կանադայում, ԱՄՆ-ում) Հայաստանի, հայկական հարցերի, հայ-թրքական յարաբերութիւնների, հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, ղարաբաղեան հակամարտութեան մասին պատկերացումները ձեւավորելու հարցում մեծ ազդեցութիւն ունեն թրքական եւ ադրբեջանական աղբիւրները: Այսինքն, Ուկրայինայի որոշ լրատւամիջոցներով Հայաստանի համար ոչ այնքան բարենպաստ քարոզարշաւ է տարւում մեզ առնչւող բոլոր հարցերի առնչութեամբ: Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան:

Հ.- Դուք շատ յաճախ էք մեկնում տարբեր երկրներ: Պատմէք, խնդրեմ, Ձեր գործունէութեան մասին աւելի մանրամասն: Ինչպէ՞ս է հասարակութիւնը արձագանգում Ձեր հասարակական-քաղաքական գործունէութեանը:

Պ.- Արդէն երկու տարի է, ինչ պաշտօնապէս գործում է «Արարատ» ռազմավարական կենտրոնը, որի տնօրէնն եմ ես: Մեր գործունէութեան ուղղութիւններից մէկը Սփիւռքի հետ աշխատանքն է: Այդ առումով մենք հասցրել ենք արդիւնաւէտ աշխատանքային յարաբերութիւններ հաստատել Եւրոպայի (Ֆրանսիա, Անգլիա, Չեխիա), ԱՄՆ-ի, Կանադայի մեր համայնքների ակտիւ անդամների հետ: Մեր գործունէութիւնը ողջունւում է:
Ինչո՞վ ենք մենք զբաղւում` ռազմավարական հարցերում հայութեան անգրագիտութեան վերացմամբ: Ցաւօք, կարելի է ասել, որ պատմական բնոյթի մի շարք պատճառներով հայերի մօտ թոյլ է զարգացած ռազմավարական մտածողութիւնը: Հայութիւնը շատ վատ է պատկերացնում այսօրւայ խնդիրները, որ ծառացած են ողջ հայ ժողովրդի եւ երկրի առջեւ: Մեր գործունէութեան ուղղութիւններից մէկը հայութեան համար իր ամենակենսական խնդիրների լուսաբանումն է: Երբեմն հայ ժողովրդի կեցութեան ամենատարրական եւ միեւնոյն ժամանակ հիմնարար հարցը անյայտ է շատերին: Կամ հակառակը՝ նրանք այդ մասին գիտեն ոչ-հաւաստի աղբիւրներից:
Մեզ հարկ է յիշել որոշ կառոյցների նպատակաուղղւած գործունէութեան մասին, որոնք վերջին տասնամեակների ընթացքում հետեւողականօրէն աշխատում են հայութեան հետ` աղաւաղելով դէպքերը ընկալելու ճիշտ տրամաբանութիւնը եւ ամենագլխաւորը‘ աղաւաղելով հայերի պատկերացումն իրենց ազգային անվտանգութեան վերաբերեալ: Այն մասին, թէ ինչն է կարեւոր ինչպէս հայրենիքում ապրող հայերի, այնպէս էլ Սփիւռքի հայերի համար: Երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանի հայերն ունեն իրենց նպատակները, իսկ սփիւռքահայերը‘ միանգամայն այլ նպատակներ: Կարծես սփիւռքահայերը շահագրգռւած են Ցեղասպանութեան ճանաչմամբ, իսկ հայրենիքում ապրող հայերը` ոչ: Շատ փորձեր են եղել սեպ խրելու հայութեան տարբեր մասերի միջեւ, Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան եւ ղարաբաղցիների միջեւ, սփիւռքահայերի եւ հայաստանցիների միջեւ: Երբ ես ասում եմ Հայաստան` նկատի ունեմ ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղը: Այսօրւայ դրութեամբ դա ռազմավարական իրողութիւն է` միայն թէ իրաւաբանօրէն ամրագրւած չէ: Իսկ փաստացի` Հայաստանը Հայաստանի Հանրապետութիւնն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջակայ ազատագրւած տարածքները:
Մեր գործունէութեան մի մասը կայանում է նրանում, որ չէզոքացնենք թշնամական տեղեկատւական-հոգեբանական գործողութիւնները: Ինչպէս նաեւ նպաստենք, որ մեր ազգային նպատակների շուրջ ձեւաւորւի համահայկական համերաշխութիւն: Դրան հասնելու համար շատ բան է պէտք, բայց մենք աշխատում ենք գիտակցութեան վրայ: Մեծ դեր պէտք է խաղայ Հայաստանի պետութիւնը, իսկ մենք սպասում ենք այն օրւան, երբ մեր պետութիւնը աւելի գրագէտ եւ ակտիւ կաշխատի այդ ոլորտներում:

Հ.- 13 միլիոն հայեր են ապրում ողջ աշխարհում, եւ աւելի քան երեք միլիոն՝Հայաստանում: Ի՞նչ ծրագրեր ունի պետութիւնը, եւ արդեօ՞ք ուտոպիա չէ համընդհանուր միաւորման գաղափարը` ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Պ.- Ես կարծում եմ, թէ 13 միլիոնը չափազանցւած է: Ես նոյնիսկ կոնկրետ թիւ չեմ նշի: Կան ծագումով հայեր: Եթէ հայ համարենք բոլոր նրանց, ովքեր ծագումով հայ են, ապա հաւանական է, որ ոչ թէ 13, այլ շատ աւելին լինի: Վերջին հարիւրամեակում միլիոնաւոր հայեր ուծացւեցին օտար միջավայրում: Այսօր նրանց հայ համարելը այնքան էլ ճիշտ չէ:
Բայց, կան եւ ծագումով հայեր, որոնք ծնւել են Հայաստանում կամ Սփիւռքում, բայց նրանք պարզապէս ներգրաււած չեն հայ կեանքում: Ոչնչով ոչ մի ձեւով կապւած չեն ո’չ Սփիւռքի, ո’չ հայկական կառոյցների հետ: Նրանք սոսկ պոտենցիալ հայեր են: Որքանով մեզ կը յաջողւի նրանց ներգրաւել հայ կեանքում մեծ հարցական է: Իսկ ինչ վերաբերում է մեր պետութեանը, մեր անկախութեան տասնեօթ տարիների ընթացքում հայկական պետութիւնը դեռ որոշակի ռազմավարութիւն կամ ծրագրեր չի մշակել արտասահմանում հայերի հետ աշխատանքի համար: Դա խոշոր բացթողում է: Մեր կառավարութիւնը վերջերս Սփիւռքի հետ աշխատանքի կոմիտէ ստեղծելու որոշում ընդունեց, որը հոկտեմբերի 1-ից կը դառնայ Սփիւռքի նախարարութիւն: Յուսանք, որ այդ ուղղութեամբ աշխատանքն արդէն սկսւել է եւ հետագայում չի ընդհատւի: Իսկ ինչ վերաբերում է նրան, թէ արդեօք ուտոպիա չէ՞ հայերի համերաշխութիւնը Հայաստանի ազգային անվտանգութեան հարցերի շուրջ, կարծում եմ` ոչ, քանի որ գործ ունենք բաւական պարզ հարցերի հետ: Այդ հարցերը այնքան էլ բարդ չեն, ինչպէս որ դրանք մատուցւում են մեզ: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանը յայտնւեց կեանքի եւ մահւան միջեւ: Եւ ընդամէնը մի հայեացք նետելով տարածաշրջանի քարտէզին, կարելի է շատ պարզ եւ յստակ պատկերացնել, թէ ինչ է հարկաւոր անել, որ Հայաստանն աւելի անվտանգ երկիր լինի՝ արտաքին քաղաքական առումով: Ամէն ինչ պարզ է ղարաբաղեան հակամարտութեան հետ, բայց մենք չգիտես ինչու ամէն բան բարդացնում ենք: Եւ հայ-թրքական յարաբերութիւններում եւս մենք ամէն բան բարդացնում ենք: Եւ դա այն պատճառով, որ մշակւած չէ արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան սեփական հայեցակարգ: Պաշտօնական մակարդակով գոյութիւն ունի ազգային անվտանգութեան հայեցակարգ, բայց նրանից շատ բան չես քաղի: Այնտեղ կարող էք կարդալ, օրինակ, որ Հայաստանը միայն կողջունի Թուրքիայի մուտքը Եւրոմիութիւն: Եւ ի՞նչ կը տայ դա: Դա պարզապէս կը մթագնի ձեր հայեացքները: Ի դէպ, ես չեմ կարծում, թէ Հայաստանը պէտք է յատուկ եռանդով դէմ հանդէս գայ Թուրքիայի Եւրոմիութեան անդամակցելուն. դա մեր խնդիրը չէ: Հայաստանը պէտք է իր սեփական քաղաքականութիւնն ունենայ եւ հաշւի առնի հետեւեալը: Առաջին՝ այն տարածքը, որ այսօր վերահսկում է հայկական բանակը, ներառեալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ողջ տարածքը եւ ազատագրւած տարածքները, չի կարող որեւէ բանակցութեան հարց լինել: Այդ տարածքը մեր ռազմավարական անվտանգութեան ամենագլխաւոր բաղադրիչն է: Երկրորդ՝ հայ-թրքական յարաբերութիւնները չեն կարող նորմալանալ, եթէ Թուրքիան չդադարեցնի իր թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ եւ եթէ չճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, եթէ չսկսի Հայաստանի հետ բանակցութիւններ փախհատուցման (հողային) հարցի շուրջ: Ղարաբաղեան խնդիրը եւ հէնց Հայաստանի Հանրապետութեան խնդիրը տարածքային են: Դա միայն Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցը չէ: Դա հայկական պետութեան անվտանգութեան խնդիրն է: Մեր արեամբ ենք հասել նրան, որ 14 տարի խաղաղութիւն ունենք՝ շնորհիւ այն բանի, որ կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը, եւ այդ տարածքները մեր անվտանգութեան երաշխիքն են: Այդ տարածքների համար առեւտուր անելն անիմաստ է: Նոյնն է Թուրքիայի հետ յարաբերութիւններում: Այդ երկրի հետ յարաբերութիւնների նորմալացումն ընկալել որպէս սոսկ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում եւ սահմանների բացում, նշանակում է` ոչինչ չհասկանալ: Թուրքիան կարող է մեզ հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, կարող է բացել մեր սահմանը, բայց նաեւ կարող է շարունակել թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ: Իսկ դա կարող է արտայայտւել յարձակման միանգամայն այլ ձեւերով: Եթէ այսօր Թուրքիան Ադրբեջանի հետ ծրագրում եւ իրականացնում է տեղեկատւական-հոգեբանական, դիւանագիտական յարձակում, ապա վաղը, նրա հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ, դա կարող է վերափոխւել տնտեսական եւ ժողովրդագրական յարձակման՝ չխօսելով արդէն մշտական ռազմական սպառնալիքի մասին:
Հայաստանը շատ խնդիրներ ունի, սակայն միաժամանակ նա շատ հնարաւորութիւններ ունի, որոնցից հարկաւոր է օգտւել: Որ այդ հնարաւորութիւններն արդէն, փաստօրէն, գործի են դրւած, ակնյայտ կը դառնայ, եթէ պարզապէս համեմատենք այսօրւայ Հայաստանը եւ տասնամեայ վաղեմութեան Հայաստանը: Ես չեմ ուզում ասել, թէ մենք լուծել ենք բոլոր լուրջ հարցերը կապւած աղքատութեան, տնտեսական զարգացման հետ, բայց եւ միաժամանակ անհնար է նաեւ չտեսնել Հայաստանի առաջընթացը:

Հ.- Ասացէք՝ ինչպիսի՞ն էք տեսնում Հայաստանի ապագան:
Պ.- Հայաստանը կարող է զարգանալ երկու ուղղութեամբ. առաջինը` ներքաղաքական, գաղափարախօսական ճգնաժամի խորացում: Սակայն, այդ դէպքում հաւանական է Ադրբեջանի կողմից սպառնալիքի մեծացում, ռազմական վտանգի մեծացում: Եթէ այդ ամենը չկարգավորվի, ապա կը հետեւի ադրբեջանական ներխուժում, եւ այս անգամ Թուրքիան կը փորձի Հայկական Հարցը լուծել ադրբեջանցիների ձեռքերով՝ մնալով կարծես դիտորդ: Իսկ երկրորդ տարբերակը Հայաստանի ցատկն է դէպի ապագայ` աւելի արդար սոցիալական կարգ հաստատելու, տնտեսական զարգացման, Հայաստանի տնտեսութեան մէջ աւելի գրագէտ հիմունքներով Սփիւռքի ներգրաւման, տնտեսութեան եւ քաղաքականութեան ժողովրդավարացման, Հայաստանի կրթութեան մակարդակի բարձրացման, մեր պաշտպանունակութեան ամրապնդման, ազգային անվտանգութեան արդիւնաւէտ համակարգի ստեղծման շնորհիւ: Որքանով դա մեզ կը յաջողւի` ժամանակը ցոյց կը տայ: Այնքան էլ շնորհակալ գործ չէ ֆուտուրիզմով (ապագայապաշտութիւն) զբաղւելը:
Հ.- Ըստ Ձեզ, ի՞նչ հեռանկարներ ունի Սփիւռքն ընդհանրապէս եւ ուկրայնական համայնքը մասնաւորապէս:
Պ.- Սփիւռքը, մեծ հաշւով, հեռանկարներ չունի: Նա վաղ թէ ուշ պէտք է տարրալուծւի: Իսկ այն սփիւռքը, որն այժմ գոյութիւն ունի, ստեղծւել է Հայաստանից եւ արդէն կայացած միջինարեւելեան համայնքներից՝ Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Եգիպտոսից արտագաղթածներից: Այսօրւայ դրութեամբ արտագաղթի չափաքանակները Հայաստանում արդէն սպառւած են: Հետագայ արտագաղթը հարցականի տակ կը դնի Հայաստանի բուն գոյութիւնը: Դա ազդում է ե՛ւ պաշտպանունակութեան, ե՛ւ բանակի թւաքանակի, ե՛ւ տնտեսութեան, ե՛ւ կրթութեան վրայ: Սփիւռքի երկրորդ աղբիւրը` Միջին Արեւելքի համայնքները, այսօր իրենք են յայտնւել ծանր վիճակում: Այնտեղ արտագաղթը շարունակւում է շատ մեծ տեմպերով: Իրաքի հայերը, օրինակ, արդէն հեռացել են, մնացել է նրանց սոսկ մի փոքր մասը: Շարունակւում է արտագաղթը Սիրիայից, Լիբանանից, Իրանից: Սակայն, արտագաղթն ուղղւում է ոչ թէ դէպի Հայաստան, այլ Եւրոպա, ԱՄՆ, Աւստրալիա եւ տնտեսական առումով աւելի բարենպաստ այլ երկրներ: Այն բանից յետոյ, երբ կը սպառւի այդ աղբիւրների միջինարեւելեան ցանցը, մի քանի տասնամեակ անց, ինչպէս նախկինում, Սփիւռքի հայերը կուծացվեն: Այդ գործընթացը շարունակւում է ամէն օր: Պարզ օրինակ բերեմ` ես հիմա խօսում եմ ռուսերէն: Դուք ինձ խնդրեցիք խօսել ռուսերէն, քանի որ ձեր լսարանի 80%-ը չի հասկանում հայերէն: Դա է ահա ուծացման մի շերտը` լեզւական շերտը: Դրան յաջորդում են միւս շերտերը: Կանգնեցնել այդ գործընթացները աւանդական մեթոդներով` եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնների միջոցով, անհնար է: Կարելի է ընդամէնը դանդաղեցնել ընթացքը: Միայն մէկ ելք կայ նրանց համար, ով իսկապէս ուզում է հայ լինել, ով ցանկանում է, որպէսզի իր յետնորդները նոյնպէս հայեր լինեն` դա հայրենադարձութիւնն է: Սակայն, այդ թեման տաբու է շատ հայերի համար ինչպէս Սփիւռքում, այնպէս էլ Հայաստանում: Արտագաղթի մասին խօսել կարելի է, իսկ հայրենադարձութեան խնդիրները քննարկել ընդունւած չէ: Թէեւ հայրենադարձութիւնը տարերայնօրէն արդէն սկսւել է: Այն միշտ է եղել, անգամ Խորհրդային Միութեան ժամանակ (20-ական, 30-ական եւ 40-ական, 60-ական եւ 80-ական թւականներին), հազարաւոր հայեր հայրենադարձւեցին՝ դրանով իսկ փրկւեցին: Սփիւռքահայերը վերջ ի վերջոյ պէտք է հասկանան, որ հայութեան պահպանումը չի կարող ինքնանպատակ լինել: Ինչպէ՞ս կարելի է բացատրել հայ երիտասարդին, որ ծնւել է Հայաստանից հազարաւոր կիլոմետրեր հեռու, ինչի՞ համար նա պէտք է հայ մնայ: Ո՞րն է դրա նպատակը: Նպատակը ողջ աշխարհում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չէ: Եթէ դա լինէր հայ ժողովրդի կենսագործունէութեան նպատակը, այդ ժամանակ արժէր մեզ բոլորիս գնալ Երեւանից, Ղարաբաղից, ցրւել ողջ աշխարհով ու պահանջել Հայոց Ցեղասպանութեան ճանաչում` եւ դրանով իսկ կորցնել Հայաստանը: Նշանակում է, դա չի կարող լինել հայութեան պահպանման նպատակը: Հայապահպանման նպատակը միայն հայկական եկեղեցի գնալը, հայոց լեզուն ուսումնասիրելը կամ հայ մշակոյթին ծանօթանալը չէ: Հայապահպանման հիմնական նպատակը հայերի վերադարձն է իրենց հայրենիք, սեփական հողում նրանց վերամիաւորումը եւ հայկական քաղաքակրթութեան զարգացումը՝ սեփական ազգային պետութեան հովանու ներքո: Սա՛ է վերջնական նպատակը: Երբ հայերը կը գիտակցեն այդ նպատակը` հնարաւոր կը լինի գտնել եւ դրա իրականացման մեխանիզմներ: Ինչպէս ասացի, տարերային հայրենադարձութիւնն իրականում սկսւել է դեռեւս 1990-ական ծանր տարիներին: Հազարաւոր հայեր մերձաւոր արտասահմանից, նաեւ մի քանի տասնեակ հայեր զարգացած արեւմտեան երկրներից վերադարձան Հայաստան եւ հիմնւեցին այստեղ: Պատկերացնել, որ բոլոր հայերը ողջ աշխարհից կը վերադառնան հայրենիք իրատեսական չէ: Այդ մասին խօսք անգամ չի կարող լինել: Սակայն, այսօր հայերի մի մասի համար կան բոլոր հնարաւորութիւնները անելու քայլ, որը կապահովի նրանց եւ նրանց սերունդների համար հայ մնալու, հայրենիք ունենալու հնարաւորութիւն, հայրենիքում ամուր կանգնելու եւ պայքարելու ազգային իրաւունքների համար, քանի որ մեր իրաւունքները, մեր հայրենիքի իրաւունքները կոպտորեն ոտնահարւել են եւ այժմ էլ ոտնահարւած են:

Կարդալ նոր ուղղագրությամբ

One response so far

One Response to “Հայերիս մօտ թոյլ է ռազմավարական մտածողութիւնը”

  1. Aramon 28 Oct 2008 at 4:53 pm

    Արամէ on 28 Oct 2008 at 4:18 am
    Հայկական վերնախավի մի մասի մոտ նկատվում են անձի երկվության խորացող նշաններ: Մի կողմից անընդհատ պնդում են փոխզիջումների ու հաշտեցումների մասին, ընդ որում երբեք հստակ չեն ասում այն սահմանը որից այն կողմ չեն գնա ոչ մի զիջման, մյուս կողմից մի աղմուկ աղաղակ են դնում երբ մի արտաքին ուժի ներկայացուցիչ կրկնում է նույն մտքերը որ իրենք են ամեն օր արտաբերում:

    Խորքային առումով վերնախավի ( վերնախավի մեջ մտնում է և՜ իշխանությունը, և՜ ընդդիմությունը, և՜ հասարակական ակտիվ գործիչները ) այն մասը որը զգում է որ ինքը այլևս ընդունակ չի ղեկավարելու երկիրը, կորցնում է հեղինակությունը, ունի ներքին ձգտում ինտեգրվել մի որևէ արտաքին ուժի հետ ( հիմնականում դեպի Արևմուտք ) հուսալով որ արտաքին ուժը իր վրա կվերցնի կառավարման բարդությունների մի մասը, և կթույլատրի տեղական «կառավարիչներին» ունենալ իրենց թեկուզ սահմափակ բայց կայուն չափաբաժինը:

    Բայց այս ձգտումը դեպի ինտեգրում ( որը հատուկ է շատ պետությունների վերնախավերին ) բախվում է մի երկաթբետոնե պատի, որի անունն է «թուրքական հարց»: Իրերի զարգացումը բերել է նրան որ մենք ամեն կողմից շրջապատվել ենք թուրքական տարրով և ցանկացած ինտեգրման փորձ ի վերջո հանգում է նրան որ այդ ինտեգրման թույլատրող չթույլատրողը դառնում է Թրքությունը:

    Բայց միայն թրքության գոյությունը չէ որ առաջ է բերում խնդիրներ աննպատակ էլիտայի համար: Խնդիրը էլ ավելի է բարդանում նրանով, որ մենք գտնվում ենք մի քանի մեծ քաղաքակրթական բլոկների արանքում: Այսպիսի պայմաններում ակնհայտ է դառնում որ ասենք Եվրոինտեգրացիայի մասին երազանքները սնանկ են դառնում , քանի որ կա Ռուսական կամ Իրանո-իսլամական գործոն: Նույն ձևի սնանկ են Ռուսաստան-Բելառուս, Եվրազես, և այլ տեսակի երազանքները:

    Այս թվացյալ փակուղուց ելքը շատ պարզ է: Հայկական վերնախավը պետք է դառնա ինքնաբավ և իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը: Այս աշխարհում ինքը ունի միայն ու միայն մի Հենարան: Դա հայ ժողովուրդն է, որի ստեղծագործ էության բացահայտումը ու օգտագործումը հնարավորություն կտա վերնախավին բարձրանալ հզորության մի այլ մակարդակի վրա:
    Այդ գիտակցության որոշ նշույլներ կան, բայց ճանապարհը նոր է ու անհայտ…

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.