Oct 25 2008
Աշոտ Ղուլյան. «Ղարաբաղի անկախության այլընտրանք կարող է լինել միայն Հայաստանի հետ վերամիավորումը»
Հարգելի ընթերցողներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԼՂՀ Ազգային Ժողովում ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի սաների հանդիպման մասին պատմող նյութը։ Թեև քննարկումը կայացել է ս.թ. օգոստոսի 30-ին, սակայն արծարծված տեսակետներն ամենևին չեն կորցրել իրենց այժմեականությունն ու թարմությունը։
«Ղարաբաղը երբեք չի հրաժարվելու իր անկախությունից: Ղարաբաղի անկախության այլընտրանքը միայն կարող է լինել Հայաստանի հետ վերամիավորումը: Սա՛ է, ուրիշ ձև չկա: Հետդարձ խորհրդային իրողություններին (քաղաքական կամ որևէ այլ կարգի իրողություն) չի կարող լինել, որովհետև մենք անցած այս բոլոր տարիներին մեր բոլոր քայլերը կատարել ենք քաղաքակիրթ աշխարհի համար ընդունելի գործողությունների համատեքստում. սկզբնական փուլում` Խորհրդային Միության գործող օրենսդրության շրջանակներում, հետո` միջազգային իրավունքին համապատասխան»: Այսպիսի հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցի ուսանողների հետ օգոստոսի 30-ին ԼՂՀ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ: