Oct 31 2008
Թեհրանի «Ալիք» օրաթերթի հարցազրույցը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի հետ
Աղբյուրը՝ «Ալիք» , 29.10.2008
«Ազգային խորհրդանիշերի հետ խաղերը վտանգաւոր են, եւ հետեւանքները կարող են լինել շատ խորը…»
«Ալիք»օրաթերթի հարցազրոյցը՝ Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանի հետ՝ խմբագրութեան յարկի տակ
Հ.- 2-րդ անգամ էք արդէն Իրանում եւ շփւում էք հայ համայնքի անդամների հետ, ինչպիսի՞ն են Ձեր տպաւորութիւնները:
Պ.- Տպաւորութիւնները նոյնն են, պարզապէս այս անգամ հնարաւորութիւն ունեցայ ընդլայնելու շփումների շառաւիղը: Այցելեցի նաեւ Նոր Ջուղա, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին հանդիպեցի եւ ծանօթացայ նաեւ մեր այնտեղի մշակութային այն ժառանգութեանը, որն իմ պատմագիտական հետազօտութիւնների առարկայ է եղել: Մեծ տպաւորութիւններ ունեմ Նոր Ջուղայից, ճիշտ է՝ աւելի պատմական անցեալից, քան թէ ներկայից, որովհետեւ ներկան այնքան էլ չի համապատասխանում անցեալի շքեղութեանը՝ յայտնի պատճառներով, ընդհանրապէս Սփիւռքում առկայ ճգնաժամային երեւոյթներով, արտագաղթով։ Բայց եւ այնպէս՝ ժառանգութիւնը կայ, պէտք է այն պահպանել: