Աշոտ Ղուլյան. «Ղարաբաղի անկախության այլընտրանք կարող է լինել միայն Հայաստանի հետ վերամիավորումը»
Հարգելի ընթերցողներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԼՂՀ Ազգային Ժողովում ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի սաների հանդիպման մասին պատմող նյութը։ Թեև քննարկումը կայացել է ս.թ. օգոստոսի 30-ին, սակայն արծարծված տեսակետներն ամենևին չեն կորցրել իրենց այժմեականությունն ու թարմությունը։
«Ղարաբաղը երբեք չի հրաժարվելու իր անկախությունից: Ղարաբաղի անկախության այլընտրանքը միայն կարող է լինել Հայաստանի հետ վերամիավորումը: Սա՛ է, ուրիշ ձև չկա: Հետդարձ խորհրդային իրողություններին (քաղաքական կամ որևէ այլ կարգի իրողություն) չի կարող լինել, որովհետև մենք անցած այս բոլոր տարիներին մեր բոլոր քայլերը կատարել ենք քաղաքակիրթ աշխարհի համար ընդունելի գործողությունների համատեքստում. սկզբնական փուլում` Խորհրդային Միության գործող օրենսդրության շրջանակներում, հետո` միջազգային իրավունքին համապատասխան»: Այսպիսի հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցի ուսանողների հետ օգոստոսի 30-ին ԼՂՀ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ:
«Ինչպես դարեր առաջ, այսօր էլ Արցախը շարունակում է Հայաստանի պատմական մաս կազմել: Եթե խնդիրը մենք կարողանանք լուծել (և չպիտի կասկածենք, որ կարողանալու ենք) այնպես, որ հասնենք նաև երկրորդ հայկական հանրապետության` ԼՂՀ-ի ազատ ինքնորոշվելու իրավունքի հաստատմանը, ապա միասնական պետության` միասնական Հայաստանի մեջ ապրելու հարցը մենք շատ հեշտ լուծելու ենք մեր համազգային քննարկումների ծիրում»,- ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը` որպես հանրապետություն, լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին:
«Այսօր հակամարտության խնդրով զբաղվող բոլոր կազմակերպություններին, հատկապես նրանց, որոնք հետազոտություններ են անում ժողովրդավարության, մարդու իրավունքների, երկրի զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, շատ պարզ տեսանելի է, որ Ղարաբաղն այս ողջ արժեքային համակարգի տեսանկյունից զգալի առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Աժ նախագահը: Նա միաժամանակ հավելեց, որ ընտրությունից ընտրություն փոփոխություններ անելու անհրաժեշտություն է նկատվում, և որ այսպես ասած, ռազմական դրության պայմաններում Արցախում չկա մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն:
Ըստ Արցախի խորհրդարանի նախագահի` արցախյան շարժման 20-ամյակի և հանրապետության հռչակման 17-րդ տարեդարձի փաստերից հետևյալ եզրահանգումները պետք է անել. առաջին` ԼՂՀ-ն իրողություն է, որը, չճանաչված պետություն լինելով հանդերձ, շարունակում է մնալ ռազմաքաղաքական կարևոր գործոն, և տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, ինչպես նաև նախագծերը հաշվի են առնում Արցախի հնարավոր պատասխան քայլերը: Երկրորդ` իրողություն են դարձել նաև 88թ.-ի շարժման առաջին սերնդի նպատակները. ստեղծվել է անկախ, ինքնուրույն ԼՂՀ, որը 2006թ.-ին ունեցավ իր առաջին Սահմանադրությունը: Երրորդ` Արցախի ակնկալիքները հիմնահարցի կարգավորման գործընթացից, իրենց հիմքում կախված են հենց Արցախի պահվածքից:
«Ղարաբաղյան հիմախնդրի լուծումը մենք հեռուներում չպիտի փնտրենք: Բանալին այստեղ է, առաջին հերթին` Արցախում: Եթե մի քիչ ավելի լայնացնենք սահմանները, այն նաև մեր համազգային խնդիրների շրջանակներում է: Եթե մենք կարողանանք շարունակել այնպես, ինչպես սկել ենք 88թ.-ին, այն նույն իրավական հարթության մեջ, որը մեզ հաջողվել է պահպանել, ես կարծում եմ, որ ինչքան էլ փորձեն, ինչքան էլ միջնորդների, միջազգային տարբեր կազմակերպությունների մոտ ցանկություն լինի խեղդել, ինչ-որ բանով զսպել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, միևնույն է` դա չի հաջողվելու»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
Ի՞նչն է եղել և մնում առաջնային
«Մեզ համար առաջնային եղել և մնում են անվտանգության խնդիրները»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը:
Նրա խոսքերով` Արցախը կարողանում է պահպանել հավասարակշռությունը պաշտպանության համակարգի հարցում` բանակի մարտունակություն, ինժեներական կառույցներ, սպառազինություններ: Սակայն մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը փորձում է խախտել այդ ռազմաքաղաքական հավասարակշռությունը:
Իր ելույթում եվրոպական արժեքների դերը բարձր գնահատելով հանդերձ` Աշոտ Ղուլյանը նշեց. «Եթե մենք դրսից պարտադրվող կամ մատուցվող հավասարություն, ժողովրդավարություն և այդ կարգի հասկացություններով փորձենք ետ մղել անվտանգության հարցերը, ապա համարեք, որ այդ հավասարակշռությունն արդեն խախտվել է»: Նա հավելեց, որ Արցախի անվտանգության ներկայիս մակարդակը պետք է պահպանել և զարգացնել: Այլապես, այսօրվա բավարար վիճակը վաղը կարող է անբավարար լինել և՛ տեխնոլոգիական, և՛ կազմակերպչական առումներով:
Ըստ Աշոտ Ղուլյանի` անվտանգության վերաբերյալ արցախյան կողմի պատկերացումները տարբերվում են եվրոպական կամ ռուսական կողմի պատկերացումներից: Վերջիններս անվտանգության առաջին բաղադրիչ են համարում խաղաղապահ ուժերը: Աշոտ Ղուլյանի կարծիքով, չի կարելի բացառել, որ անվտանգության այդպիսի համակարգը միջնորդների համար սեփական երկրների ներկայությունը Արցախում ապահովելու հնարավորություն է:
«Ղարաբաղյան հիմնախնդրի առանձնահատկությունը և ինքնատիպությունը հենց այն է, որ, ի տարբերություն մյուս բոլոր կոնֆլիկտային իրավիճակների, այստեղ խաղաղապահ զորքեր պետք չեն եղել: 94թ.-ի մայիսի 12-ից սկսած` հրադադարը պահպանվում է զուտ կողմերի սեփական պաշտպանական համակարգերի միջոցով: Ղարաբաղյան կողմի համար, կարծում եմ` նաև հայկական ողջ քաղաքական վերնախավի և ռազմական ղեկավարության համար անվտանգության ամենակարևոր համակարգը սեփական զինված ուժերն են»,- ասաց խորհրդարանի նախագահը:
Թվեր, թվեր… Մենք ոչինչ չենք անում
Ամառային դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը: Աշոտ Ղուլյանը նշեց, որ Ադրբեջանում կան հաստատություններ, որոնք ոչ թե ըստ ցանկության, սիրողական մակարդակով, այլ աշխատանքի բերումով են ամենօրյա հակահայ լրատվական հոսք կազմակերպում: Այդ լրատվական հոսքի նպատակներից մեկը Ադրբեջանի ռազմական հզորությունը ուռճացված ներկայացնելն է: Այս քարոզչության մյուս ուղղությունն էլ ներկայացնում է, թե իբր «Արցախյան կողմն ամեն օր խախտում է զինադադարը», և «աշխարհում տեղի ունեցող բոլոր բացասական զարգացումների (օրինակ` մարդկանց առևտուր (թրաֆիք ինգ), միջուկային թափոններ և այլն) առաջին կրողներից է»:
Սրա հետևանքով Ադրբեջանի ներսում տպավորություն է ստեղծվում, թե իբր այդ երկիրը «օրըստօրե հզորանում է, տնտեսությունը զարգանում է, կոռուպցիա չկա, Իլհամ Ալիևը տարածաշրջանի ամենաառաջադեմ ղեկավարն է», իսկ Արցախում, իբր, «ամեն ինչ ընթանում է սրանց տրամագծորեն հակառակ»:
«Ի՞նչ ենք մենք անում դրա փոխարեն կամ դրա դիմաց: Ոչինչ չենք անում: Մենք, հանգիստ նստած, սպասում ենք, որովհետև զինադադարից հետո առաջացել է բավարարվածության զգացում, թե մենք մեր գործն արել ենք, մենք հաղթել ենք պատերազմում, մեզ էլ ուրիշ բան չի մնում անել, քան սպասել, թե երբ Ադրբեջանը կհասունանա Ղարաբաղի միջազգային ճանաչման համար: Ես մոտ ապագայում այդ հասունացումը չեմ տեսնում, որովհետև Ադրբեջանում հակառակ գործընթացներ են տեղի ունենում. այդ երկրի ռազմատենչ հայտարարությունները, հակահայկական տրամադրությունների ստեղծումը, հային որպես հավերժական թշնամի ներկայացնող քարոզչությունը չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը առաջիկա տարիներին պատրաստվում է որոշակի փոխզիջումների գնալ Ղարաբաղի հարցում»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը:
Ըստ նրա` այս տեղեկատվական պատերազմներում հայկական կողմը բավարարվում է ընդամենը տոն օրերին ինչ-որ բաներ ասելով և ամփոփելով: Ամենօրյա համակարգված աշխատանք չկա, ընդ որում` բոլոր ուղղություններով` դիվանագիտական, լրագրողական, քարոզչական, ինչպես նաև` հակաքարոզչական:
Ադրբեջանի քարոզչության հետևանքներն Աշոտ Ղուլյանը ներկայացրեց ադրբեջանական` «1 միլիոն փախստական» և «20% տարածք» հայտնի թեզերի օրինակներով: Այդ թեզերն այսօր գործածում են ոչ միայն ադրբեջանցիները, այլև որոշ միջազգային կազմակերպություններ և վերլուծական հաստատություններ:
«Իրականությունը բոլորովին հեռու է դրանից: Ո՛չ «1 մլն փախստական»-ն է ստույգ, ո՛չ էլ` «20% տարածք»-ը: Այսօր, այսպես ասենք, Ադրբեջանի վերահսկողությունից դուրս մնացած տարածքը կազմում է ընդամենը 8%: Եթե նախկին ԼՂԻՄ-ն էլ միացնում ենք դրան, առավելագույնը 13% է: 13% և «20%». միանգամայն տարբեր թվեր են: Կամ` «1 մլն փախստականներ»-ը. տարբեր միջազգային կազմակերպություններրի հաշվարկներով, հատկապես նրանց, որոնք հենց այդ փախստականներին, տեղահանված անձանց մարդասիրական օգնություն են առաքում, այդ անձանց` փախստականների թիվն Ադրբեջանում չի գերազանցում 650 հազարը: 650 հազար և «1 միլիոն»: Բայց մարդու ականջի համար լավ թվեր են, չէ՞` «երկրի տարածքի 20%-ը, այսինքն` 1/5-ը, կամ 1 միլիոնը 7 միլիոնանոց Ադրբեջանից, այսինքն` բնակչության 1/7-ը»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
Սրա փոխարեն` Արցախի բնակչության գրեթե 1/3-ը, այսինքն (ըստ վերջին մարդահամարի տվյալների)` երկրում բնակվող 143 հազար մարդուց ավելի քան 40 հազարն արցախյան գոյապայքարի ժամանակ տեղահանված անձինք են: Աշոտ Ղուլյանը նշեց, որ հայկական կողմը որևէ կերպ չի գործածում տեղահանվածների, ինչպես նաև հայկական գրավյալ տարածքների մասին տվյալները, մինչդեռ ԼՂՀ հռչակված տարածքի զգալի մաս ադրբեջանական օկուպացիայի տակ է` Շահումյանի շրջանն` ամբողջությամբ, Մարտակերտի և Մարտունու շրջանները` մասամբ:
«Շատ պարզ մեխանիզմով են գործում. ադրբեջանական լրատվամիջոցները ինչ-որ բան են գրում, դրսի լրատվամիջոցները նրանցից ինչ-որ քաղվածքներ են անում: Հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսում են քաղվածքներ անել նույն այդ իրենց մատուցած լրատվությունից` արդեն արտասահմանյան մամուլում հրապարակված: Եվ ստացվում է, որ «անկողմնակալ» լրատվություն է հաղորդվում»,- ասաց խորհրդարանի նախագահը:
Նրա կարծիքով` սրան հակազդելու միակ միջոցը անընդհատ աշխարհին ճշմարտությունը ներկայացնելն է:
Հանդիպմանը ներկա մեկ այլ պաշտոնյայի` ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի խոսքից, սակայն, պարզ դարձավ, որ հայկական կողմը լրատվամիջոցների գործունեության հետ կապված լուրջ խնդիրներ ունի անգամ Արցախի ներսում. նա նշեց, որ երկրի մոտ 1/3-ը չի կարողանում դիտել Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն օրական 3 ժամ է եթեր հեռարձակվում: Արցախի գյուղերի մեծ մասը չի ստանում նաև թերթեր: Սրա փոխարեն, քաղաքագետի խոսքերով, ԼՂՀ-ում, անգամ ՀՀ-ում կան վայրեր, որտեղ դիտում են ադրբեջանական հեռուստատեսություն, որի եթերաժամի առնվազն 30-40%-ը տրամադրվում է արցախյան հիմնախնդիրը հակահայկական դիրքից ներկայացնելուն:
«Բայց հիմա արդեն գործնական քայլեր են արվում, և առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում հեռուստատեսության հարցը 100%-ով կլուծվի»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Անվտանգություն` հոգեբանական և ջրային
Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադարձավ արցախյան պատերազմի հոգեբանական նշանակությանը: Նա նշեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ունեցել է զոհի բարդույթ, որն ամենից ուժգին դրսևորվեց Ցեղասպանությունից հետո: Սփյուռքահայերի մեծ մասն իր ազգային ինքնագիտակցությունը կարողացավ պահել` հենց այս գաղափարի վրա հիմնվելով: Չթերագնահատելով այդ գաղափարի դերը` Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, դա զոհի հոգեբանություն է, որը, ազգային ինքնագիտակցության հիմք լինելու դեպքում, ի վերջո տվյալ ազգին մղելու է ձուլման, քանի որ շատ ավելի լավ է քեզ նույնացնես հաղթող, քան պարտվող ազգի հետ:
«Ղարաբաղյան պատերազմը բոլոր, մասնավորապես հայրենիքում ապրող հայերի համար դարձավ այդ զոհի բարդույթից ձերբազատվելու լավագույն միջոց, որովհետև մենք ուժ գտանք կատարել այն, ինչն անհնար էր թվում»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ մի քանի հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ 40 հզ. քառ. կմ զուտ էթնիկ հայկական տարածքը վերահսկվում է հայերի կողմից: Եթե Ադրբեջանին հաջողվի վերահսկողություն հաստատել ազատագրված որոշ տարածքների նկատմամբ, և հայկական կողմը թուլանա, ապա, քաղաքագետի կարծիքով, զոհի բարդույթն անմիջապես նորից գլուխ կբարձրացնի ողջ հայության մեջ: «Եվ մենք ուղղակի չենք կարողանա նման հոգեբանությամբ ապրել»:
Իր ելույթում անդրադառնալով ազատագրված տարածքներին` քաղաքագետն ընդգծեց այն կենսական նշանակությունը, որն ունի ՀՀ-ն ու ԼՂՀ-ն իրար կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ըստ Դավիթ Բաբայանի` կան տարածքներ, որոնց կարևորությունն անգամ է՛լ ավելի մեծ է: Օրինակ` Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը: Այս տարածքում սկիզբ են առնում ԼՂ-ի` նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85%-ը, ՀՀ-ի Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը: Վերջինն էլ իր հերթին պարունակում է ՀՀ ջրային պաշարների 80%-ը:
«Ո՞վ կարող է մեր անվտանգությունը երաշխավորել, եթե այս տարածքն անցնի հակառակորդի վերահսկողության տակ, և այնտեղ թունավորվեն այդ գետերն ու ջրերը: Իսկ այն, որ ադրբեջանցիները թունավորում էին ԼՂ-ի գետերը, փաստ է: Նույնիսկ ավելին, նրանք անընդհատ հայտարարում են, թե իբր «հայկական կողմը Քարվաճառի շրջանում թաղում է Մեծամորի ատոմակայանի թափոններ»: Սա չպետք է հասկացվի լոկ այն ենթատեքստով, որ նա ուղղակի քարոզչություն է անում, «արթանացնում է» միջազգային հանրությանը: Ո՛չ: Սա նշանակում է, որ վաղն Ադրբեջանը կարող է ռադիոակտիվ նյութերով թունավորել մեր գետերը և հետո ասել. «Դա մենք չենք արել: Դա դուք եք արել 15 տարվա ընթացքում` թափելով այդ թափոնները»: Շատ լուրջ են այս գործընթացները: Բայց կան բնագավառներ, որոնք անտեսված են հայկական քաղաքական մտքի կողմից»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Չճանաչվածության բարդույթ
Քաղաքագետը համոզված է, որ Արցախի հարցում Ադրբեջանը չի գնալու որևէ զիջման, ինչի համար կան օբյեկտիվ պատճառներ: Ադրբեջանցիները դեռևս չեն ձևավորվել որպես առանձին ազգ: Ադրբեջանում ապրող թալիշները, լեզգիները, աղվանները դեռևս չեն ձուլվել, չեն դարձել ադրբեջանցի: Հետևաբար, Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը կարող է այդ ազգերի շրջանում անկախություն ստանալու հույսեր արթնացնել: Մանավանդ, ըստ Դավիթ Բաբայանի, այդպիսի նախադեպեր եղել են, թեև թղթի վրա են մնացել: Օրինակ` թալիշները 20-րդ դարում երկու անգամ հռչակել են իրենց պետականությունը, իսկ լեզգիները Դաղստանում հռչակել են Լեզգիստանը:
Դավիթ Բաբայանն իր ելույթում մի քանի անգամ անդրադարձավ նաև ԼՂՀ-ի ճանաչան խնդրին: Նրա համոզմամբ, «մենք պիտի ձերբազատվենք չճանաչվածության բարդույթից», քանզի դա երկրորդական խնդիր է:
«Մենք ինչի՞ համար ենք ճանաչում ուզում: Ի՞նչ է դա տալիս մեր անվտանգությանը, ապագային, ժողովրդին: Արդյո՞ք մեր ամբողջ հայության նպատակն այն է, որ Ղարաբաղը ճանաչվի: Ո՛չ: Մեր նպատակն այն է, որ կարողանանք ապահովել հայ ժողովրդի գոյատևումը 21-րդ դարում: Սա՛ է գերխնդիրը: Մնացած ամենն ածանցյալ է այդ գերխնդրից: Այս պահի դրությամբ մենք կարողացել ենք ստեղծել մի համակարգ, որն ինչ-որ ձևով մեզ թույլ է տալիս պահպանել մեր գոյությունը: Մեզ համար ամենից կարևորն այն է, որ մենք ըմբռնենք, որ Ղարաբաղում իրոք որոշվում է հայ ժողովրդի բախտը` ոչ միայն տարածքային անվտանգության առումով, այլև` հոգեբանական»,- ասաց քաղաքագետը:
Սոնա Ավագյան
«Արարատ» Ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի շրջանավարտ
3 Responses to “Աշոտ Ղուլյան. «Ղարաբաղի անկախության այլընտրանք կարող է լինել միայն Հայաստանի հետ վերամիավորումը»”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
После неких договоренностей Если даже оставим Лачин и Келбаджар, а отдадим Азербайджану с начало Физули, Джебраил, а потом Зангелан и Кубатлы, в карабахском вопросе полностью будем потеряем поддержку Ирана. Ведь он скрытно или нарочно нас поддерживает потому, что наши интересы в этом жизненноважном вопросе совпадают. Суть этого вопроса в том, чтобы сколь можно отдалять друг от друга эти две туркоязычные государство. Даже если оставить только Лачин и Келбаджар, для Ирана в этом плане ничего не меняется. Посмотрите на карту и поймете эту простую истину.
Հարգելի Գերաս, համաձայն եմ Ձեզ հետ: Ընդ որում, Ձեր փաստարկը ազատագրված տարածքների` մեր գոյության համար կենսական նշանակությունը ապացուցող բազմաթիվ փաստարկներից մեկն է միայն:
Իր խոսքում քաղաքագետ Դավիթ Բաբայանը անդրադարձավ ազատագրված այս երկու տարածքների` մեր գոյության համար կենսական կարևորագույն նշանակությանը` որպես օրինակ: Բայց այստեղից չի հետևում, որ ազատագրված մյուս տարածքները պակաս կենսական կարևորություն ունեն:
Սոնա Ավագյան
Уважаемая Сона, Спасибо что согласны с моим мнением,