«Համբարձումյանական ընթերցումներ» աստղագետի տուն-թանգարանում
Բյուրական, 19.09.2008
…ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է…
Վիկտոր Համբարձումյան
«Համբարձումյանական ընթերցումներ» աստղագետի տուն-թանգարանում
Վիկտոր Համբարձումյանի 100 ամյակին նվիրված միջոցառումների ցանկը բավական ընդգրկուն է: Սեպտեմբերի 19-ին, Մեծ գիտնականի Բյուրականի տուն-թանգարանում «համբարձումյանական ընթերցումներ» էին, որին հրավիրված էր մասնակցելու նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը:
Տարաբնույթ գիտական զեկույցների շարքում միջոցառմանը ներկա աստղաֆիզիկոսներին չափազանց հետաքրքրեց Ա. Այվազյանի անդրադարձը հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին: Զեկուցմանը հաջորդած հարց ու պատասխանը տևեց շուրջ մեկ ժամ։
Միջոցառման շրջանակներում լսումների մասնակիցներն այցելեցին գիտնականի շիրմին, եղան Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում:
Հատկանշական է, որ Մեծ աստղագետն ու նաեւ մեծ հայրենասերը սերունդներին փոխանցող գաղափարների մեջ ամենամեծ նշանակությունը տալիս է հայոց լեզվին.
Հատված Վիկտոր Համբարձումյանի կտակից
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:
Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29. 08. 1994 թ.
One Response to “«Համբարձումյանական ընթերցումներ» աստղագետի տուն-թանգարանում”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Համբարձումյանը մեծատառով հայ էր: