ՀՀ իշխանությունների «ֆուտբոլային» դիվանագիտությունը

Print Print Email Email

Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայրենասեր» ակումբում տեղի ունեցավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հանդիպումը տարբեր բուհերի ուսանողների հետ: Ա. Այվազյանը խոսեց տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փոփոխությունների և հայ-թուրքական հակամարտության զարգացման մասին: Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որդեգրած ներկայիս քաղաքականությունը անիմաստ է և անհեռանկար: Նրա կարծիքով, սա հին, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փորձարկված ու ձախողված արտաքին քաղաքականությունն է, որն այդպես էլ արմատապես չվերանայվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, իսկ այժմ ապրում է իսկական վերածնունդ:
Հայ-թուրքական սահմանի բացման հետևանքներն ու վտանգները քաղաքագիտության դոկտորը դիտարկում է մի քանի տեսանկյունիից: Տնտեսական առումով սահմանի բացումը կենթադրի տեղական արտադրողի շահերի ոտնահարում, իսկ հայկական շուկան կշարունակի լցվել թուրքական էժանագին ապրանքներով, այս անգամ նոր թափով ու մեծ քանակով:
ժողովրդագրական առումով հայ քաղաքացիները կսկսեն իրենց ապրուստը հոգալ` հայտնվելով թուրքական խոպանում, Հայաստանում կհիմնվեն թուրքական ձեռնարկություններ, իսկ հայ աշխատավորը կսկսի երդվել թուրք գործատուի անունով: Բացի այդ, սահմանի բացման արդյունքում Թուրքիան Հայաստան կներխուժի ոչ միայն տնտեսապես, այլ գաղափարապես ու մշակութապես, իսկ նրա հատուկ ծառայությունները Հայաստանում կսկսեն գործել ավելի ազատ: Ցավոք սրտի, մեր ազգային անվտանգությունը դեռևս նման ծանր մարտահրավերներին պատրաստ չէ: Սրանք հետևանքներ են, որոնց մասին մեր իշխանությունները չեն մտածում ու խոսում:
Իսկ ի՞նչ կշահի Հայաստանը: Պրն Այվազյանի կարծիքով` ոչինչ: Շահում են մեր իշխանությունները` մի քանի պյլուս ստանալով եվրոպական դիտորդների ու քաղաքական գործիչների կողմից, բայց մեր պետությունը` ոչ:
Ըստ պրն Այվազյանի` ՀՀ իշխանությունները որդեգրել են ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումները:Խախտվում են նաև իրավահավասարության խորհրդանշական սկզբունքները. թուրք թղթակիցներին հնարավորություն է տրվում հարցազրույց վերցնել ՀՀ նախագահից և նրան սուր հարցեր ուղղել, իսկ հայ թղթակիցներին նույն բանն անել Թուրքիայի նախագահի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ`չի թույլատրվում:
Պրն Այվազյանին անհանգստացնում են նաև հասարակության շրջանում Թուրքիան ոչ թե թշնամի, այլ բարեկամ և հարևան երկիր ընկալելու միտումները: Իր հոդվածներից մեկում Արմեն Այվազյանը գրում է. «Արդյո՞ք Թուրքիան Հայաստանի նկատմամբ չի՞ վարում խիստ թշնամական քաղաքականություն` սկսած Հայաստանի անկախության ձեռքբերման պահից մինչև այսօր: Ինչպե՞ս կարելի է բարեկամ անվանել մի երկիր, որն իրականացնում է իր կողմից բնաջնջված ժողովրդի նորաստեղծ պետության 15-ամյա շրջափակում, հրաժարվում է այդ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բազմակողմանի աջակցություն է ցույց տալիս Հայաստանը բնաջնջել խոստացող իր դաշնակցին՝ Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական, հետախուզական, դիվանագիտական, քարոզչական և այլ միջոցներով, խրախուսում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն իր և իր դաշնակիցների տարածքում, ժխտում է իր կատարած ցեղասպանությունը, հերոսացնում է հայերի բնաջնջումը ծրագրած և ղեկավարած գործիչներին, հայության դեմ վարում է մշտական տեղեկատվական-հոգեբանական պատերազմ:
Այսպիսով, Թուրքիան ոչ թե հարևան երկիր է (ինչպես փաղաքշորեն անվանում են նրան ՀՀ իշխանական և ընդդիմադիր շատ կուսակցություններ ու գործիչներ), այլ թշնամի հարևան է: ՀՀ երեք նախագահների օրոք էլ Հայաստանի իշխանությունները, ենթարկվելով արտաքին ճնշումներին, նաև խորությամբ չըմբռնելով Հայկական հարցի բուն էությունը, հրաժարվել են ճիշտ գնահատական տալ Թուրքիայի քաղաքականությանը£ Արդյունքում՝ արտաքին աշխարհում հայ-թուրքական հակամարտությունը տարիներ շարունակ ըստ արժանվույն չի լուսաբանվել, իսկ հայությունը մեծապես ապակողմնորոշվել և շփոթության է մատնվել ինչպես Հայաստանում այնպես էլ, Սփյուռքում»:
Ա. Այվազյանն անդրադարձավ նաև ՀՀ իշխանությունների «ֆուտբոլային» դիվանագիտությանն ու դրա հետևանքներին: Նրա կարծիքով, այդ դիվանագիտությունից շահեց միայն Թուրքիան. խարխլվում է հայերի ինքնագիտակցությունն ու ռազմավարական հիշողությունը, ցեղասպանությունը վիճահարույց խնդիր է ընկալվում, տորպեդահարվում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մեզանում նվազում է ազգային խորհրդանիշների հանդեպ հարգանքն ու ազգային արժանապատվությունը: Այս ամենով հանդերձ` իշխանությունները շարունակում են «լվանալ» ժողովրդի ուղեղն ու պնդել, որ Թուրքիան փոխել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և բռնել է «հարաբերությունների» կարգավորման ճանապարհ: Արդյունքում` հայերը լուռումունջ ոտքի են կանգնում Թուրքիայի օրհներգի տակ, երեկոյան անջատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն ու ազգային հավաքականի հագուստից հանում մեր խորհրդանիշները` այս ամենին տալով անհեթեթ արդարացումներ:

Գրիգոր Երիցյան

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.