«Ասք Անդրանիկ զորավարարի մասին» գրքի շնորհանդեսի լուսաբանումը ԶԼՄ-ներում

Print Print Email Email


Գրքի մասին իր խոսքն ասաց բանահավաք Արուսյակ Սահակյանը , «Առավոտ» , 26.09.2008թ.

Ասք Անդրանիկ զորավարի մասին, «Հայաստանի Հանրապետություն», 26.09.2008թ.

Ժողովրդի ռազմավարական հիշողությունը կարեւորվում է արդի որոշումներ ընդունելիս , «Երկիր» , 26.09.2008

Ժողովրդի ռազմավարական հիշողությունը կարեւորվում է արդի որոշումներ ընդունելիս , «Երկիր» , 26.09.2008

Նրա ձայնը տիրական էր, հեղինակությունը` անվիճելի, վճիռը` անվերաքննելի, եւ անհատնում էր ժողովրդի սերը նրա հանդեպ: Այսպես է բնութագրվում Անդրանիկ Զորավարը` հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, ում մասին գրվել են մեծաթիվ գիտական աշխատանքներ եւ գեղարվեստական ստեղծագործություններ:

1960-80-ական թվականներին ժողովրդի կողմից հերոսի մասին հյուսված բանաստեղծություններն ու երգերը, պատմությունները հավաքել ու գրառել է բանասեր, բարբառագետ Սուրեն Սահակյանը գաղթած ալաշկերտցիներից, սասունցիներից, մշեցիներից ու արեւելահայերից: Բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը իր հոր` Սուրեն Սահակյանի գործի շարունակողն է. նա բարեկամների, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի եւ լոսանջելեսաբնակ Վարդանյանների (որոնց պապը եղել է Անդրանիկի կամավոր զինվորներից) աջակցությամբ աշխատանքը ավարտուն տեսքի է բերել եւ հրատարակել:

«Գրառումներից երեւում է, որ վիպասքի ինչ-որ հատվածներ ստեղծվել են Անդրանիկի կենդանության օրոք. նա այն բացառիկ հերոսներից է, որին ժողովուրդը իր կենդանության օրոք է հերոսացրել: «Հայրս հավաքել, առանձնացրել է կարեւոր տարբերակները եւ այդ աշխատանքի ընթացքում հայտնաբերել է, որ այն ամբողջական էպոսային նյութ է, եւ հենց ինքն էլ անվանել է «Ասք Զորավար Անդրանիկի մասին»,- ասաց Լ. Սահակյանը:

Ըստ նրա` այս վիպասքն իր ժանրային առանձնահատկությամբ, տաղաչափությամբ, լեզվաոճական եւ էպիկական շնչառությամբ, ինչպես նաեւ կառուցվածքով հիշեցնում է «Սասնա ծռեր» էպոսը: «Ասք…»-ում ներկայացվում է Զորավարի ծնունդը, մանկությունը, պատանեկությունն ու անցած մարտական ուղին: Այն բաղկացած է չորս մասից` «Հրաշք Ծնունդ», «Անդրանիկը Ստամբուլում», «Անդրանիկը Սասունում», «Դիլմանի հերոսը»: Հատկանշական է վերջին մասը, որտեղ պատմվում է Դիլմանի ճակատամարտում Անդրանիկի հերոսական գործի մասին. այս ճակատամարտում մեր հաղթանակն էլ ձախողել է երիտթուրքերի պանթուրքիստական ծրագրերի իրականացումը` ներխուժումը Անդրկովկաս:

Վիպասքի հիմնական պատումը ծնունդ է առել Ալաշկերտի Խաստուր գյուղում, որը հայտնի է եղել իր ասացողներով ու պատմողներով, եւ պատահական չէ, որ հենց այստեղ հայտնաբերվել է «Սասնա ծռերի» մեկ այլ տարբերակ:

«Պետք է ասել, որ թեեւ վիպասքը հրաշապատման տպավորություն է թողնում, բայց հիմքում ընկած են իրական փաստեր: Այն փաստավավերագրական, բանահյուսական ինքնատիպ մի ստեղծագործություն է, միաժամանակ` բարբառագիտական նյութ, որում բացահայտվում են Ալաշկերտի խոսվածքին հատուկ լեզվական օրինաչափությունները»,- նշեց Լ. Սահակյանը:

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Ասք Անդրանիկ Զորավարի մասին» գրքի եւ Սահակ Սահակյանի ռազմահայրենասիրական երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: «Ե՛վ այս գրքում, ե՛ւ երգերում պարփակված է ժողովրդի ռազմավարական հիշողությունը, որն այսօր էլ կարեւոր է որոշումներ ընդունելու համար: Սա ոչ միայն մշակութային միջոցառում է, այլեւ ուղղված է մեր ռազմավարական հիշողությունը վառ պահելուն, մեր սխալներն ու հերոսական անցյալը հիշելուն»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Աղբյուրը՝ «ԵՐԿԻՐ»


Ասք Անդրանիկ զորավարի մասին, «Հայաստանի Հանրապետություն», 26.09.2008թ.

Փոքր Մհերը, Անդրանիկին հանձնելով Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին եւ Խաչ Պատերազմին` պատգամում է նրան ավարտին հասցնել հայ ժողովրդի ազատագրական պայքարը.

-Էգա՞ր, հասա՞ր, լավ էրեցիր…
Ես իդա քանի~ տարի մըդեր ենք իդա սարի մեճ,
Մդեր ենք իդա անձավ,
Ու իմ հ’անգաճ ձենի էր,
Թե վո՞վ բըդի գա ու իմ ձին հեձնի,
Թե վո՞վ բըդի գա ու իմ թուր վերու:

Ընթերցողի սեղանին է բանահյուսական բացառիկ մի աշխատանք` էպիկական ֆիդայապատում, որ հյուսվել է 19-20-րդ դարերում` Անդրանիկ Օզանյանի հերոսական կերպարի ու նրա ֆիդայական քաջամարտությունների շուրջ: 1960-1980 թվականների ընթացքում բարբառագետ, բանահավաք եւ մշակող Սուրեն Սահակյանը, շրջագայելով Հայաստանում եւ հավաքումներ կատարելով, հետագայում աշխատել է իրար միացնել ալաշկերտցիներից, շապինգարահիսարցիներից, սասունցիներից, մշեցիներից, արեւմտահայերից եւ արեւելահայերից լսած պատումները զորավարի մասին: Մինչեւ 2003 թվական` իր մահը, նա զբաղված է եղել այս գործի մշակմամբ եւ նրանից հետո դուստրը` բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը, վերջնական խմբագրության է ենթարկել պատումը եւ տպագրության համար համահավաք տեսքի բերել:
Բանահավաքի որդին` Վարուժան Խաստուրը, նրա հետ շրջագայել է գրեթե ողջ Հայաստանով եւ ինքն է կատարել ձայնագրությունները:
«Անդրանիկը քիչ թույլատրելի էր այդ ժամանակներին, շատ դեպքերում մարդիկ դժկամությամբ էին համաձայնում խոսել…բայց հայրս կարողանում էր ոգեւորել նրանց, արտիստիկ տվյալներ ուներ եւ ինքն էլ երգում էր, կարդում: Շատ էր ոգեւորվել, երբ տարբեր ասացողների մոտ հանկարծ նկատեց, որ Անդրանիկի մասին պատումները էպիկական շունչ ունեն եւ տանում են դեպի մեր դյուցազնավեպը»:
Բանահավաքի գրառումներում կան Անդրանիկ Օզանյանի նախկին զինվորների եւ զինակիցների` ալաշկերտցի Անդամ Ադամյանի (Աթամ), կարսեցի Աբրահամ Եղիազարյանի, աշնակցի Քոթո Միրոյի պատմությունները: Մայր պատումի հիմք են հանդիսացել հեղինակի հոր` Մուշեղ Սահակյանի եւ խաստուրցիներ Կարապետ Թամոյանի, Մխիթար Թամոյանի, Հովո Սմբատի, Արփո Սմբատի, Մկրտիչ Թորոյանի պատմած տարբերակները, Խաստուրի բարբառը պահպանված է: Պատումը կազմված է չորս մասին` «Հրաշք ծնունդ», «Անդրանիկը Ստամբուլում», «Անդրանիկը Սասունում», «Դիլմանի հերոսամարտը», որոնցում նկարագրվում են Անդրանիկի ծնունդը, մանկությունն ու պատանեկությունը, կյանքն ու մարտական փառավոր ուղին:
«Դրանք ոչ միայն դաստրիարակչական նշանակություն ունեն, այլեւ պատգամ են սերունդներին, լույս են ճանապարհի առաջ, երիտասարդների կողմնորոշման ճանապարհին»,- ասում է բանահավաքի կրտսեր եղբայր, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը:
Սեպտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սուրեն Սահակյանի «Ասք Անդրանիկ զորավարի մասին» ֆիդայապատումը եւ Սահակ Սահակյանի «Հարատեւ պայքար» հայրենասիրական երգերի ձայներիզը ներկայացրեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:
Իսկ բանահավաքի արխիվում շուրջ 2000 տետր կա` լի հեքիաթներով, ժողովրդական բանահյուսությամբ: Այնտեղ պահպանվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի, Աբխազիայի, Ռուսաստանի բանահյուսական գանձերը:

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.