Հայտնաբերվել է Արցախում հնագույն հայերեն արձանագրությունը

Print Print Email Email

Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Արցախում հնագույն հայերեն արձանագրությունը: Այս մասին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի ուսանողների հետ Տիգրանակերտում հանդիպման ժամանակ հայտնեց Արցախի պետական համալսարանի դասախոս, հնագետ, արշավախմբի անդամ Վարդգես Սա‎ֆարյանը, ով ավելի քան տասը տարի մասնակցում է Արցախում և ազատագրված տարածքներում իրականացվող պեղումներին:

«Ըստ մեր մասնագետների, մասնավորապես պ. գ. դ. Համլետ Պետրոսյանի` այդ գրությունն արված է ոչ ուշ, քան 7-րդ դարում: Նա ասում է` 5-6-րդ դարերում, հնարավոր է նաև` 7-րդ դարում»,- նշում է Վարդգես Սա‎ֆարյանը:

Արձանագրությունն արված է 7սմ տրամագիծ ունեցող կավե սկավառակի վրա: Սկավառակի մի կողմում հավասարաթև խաչ է, «որի վրա երկու տառ է, որը նշանակում է Աստված»: Մյուս կողմում փորագրված է տղամարդու գլուխ և գրված. «Ես Վաչ Ծառայ Տեառն Աստուծոյ»: «Վաչ» բառի շարունակությունը ջնջված է: Հնագետ Վարդգես Սա‎ֆարյանը կարծում է, որ «Վաչ»-ը «Վաչագան» կամ «Վաչե» անունների սկզբնամասն է: Նրա խոսքերով, պեղված սկավառակը կարող էր նվիրատվական նշանակություն ունենալ և նվիրված լինել եկեղեցուն: Մյուս կողմից էլ` սկավառակի ներքևի մասում եղած անցքը թույլ է տալիս ենթադրել, որ գտածոն եղել է իշխանի կնիք և դրվել է հատուկ տեղում, քանի որ այն անցքից կախելու դեպքում հակառակ ուղղությամբ կլինի: Հնագետն ասաց, որ նշյալ ժամանակահատվածում Արցախում ապրել են Վաչե և Վաչագան անունով իշխաններ, որոնցից մեկին և կարող էր պատկանել կնիքը:

«Սա այս տարածքում մեր ամենից մեծ գտածոն է»,- ասաց Վարդգես Սաֆարյանը` հավելելով, որ կավե սկավառակն արդեն ուղարկվել է Երևան, որտեղ մշակվելու է: Այնուհետև գտածոն հանձնվելու է Ստեփանակերտի թանգարանին:

Նշենք նաև, որ Վարդգես Սա‎ֆարյանի հետ հանդիպումը կայացել էր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցի շրջանակներում: Կենտրոնը հուլիսի 1-ից Երևանում կազմակերպեց «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» խորագրով մեկամսյա դասընթացներ, որոնց շրջանակներում օգոստոսի 29-ից 31-ը ուսանողներն այցելեցին Արցախի տարբեր վայրեր: Դասընթացների թեմաներն էին. Հայկական հարց, արցախյան հիմնախնդիր, մերօրյա հակամարտությունները և աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, ազգային ինքնություն, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ, հոգեբանական-տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, համացանցում անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ և այլն:

Սոնա Ավագյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող,
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի շրջանավարտ

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.