Ավարտվեցին «Արարատ» ՌԿ-ի ամառային դպրոց/դասընթացները

Print Print Email Email

2008թ. հունիսի 30-ից սկսվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի` Երևանում կազմակերպած` «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացները, որոնք ավարտվեցին օգոստոսի 29-ից 31-ն անցկացված արցախյան շրջագայությամբ:
Ամառային դպրոցի նպատակներն էին` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև` ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ասում է.
«Հայ երիտասարդության շրջանում այսօր, մեր դիտարկմամբ, գոյություն ունի քաղաքական, ռազմավարական, ազգային անվտանգության տարբեր բնագավառներին վերաբերող բարդ խնդիրների վատ իմացություն կամ թյուրըմբռնում, ինչն էլ հաճախ օտար ուժերի կողմից օգտագործվում է Հայաստանի համար ոչ նպաստավոր ձևերով»:

Դասընթացներին մասնակցում էին 25 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից` լրագրողներ, քաղաքագետներ, երիտասարդ սպաներ, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի ուսանողներ և այլն: Բոլոր մասնակիցներն ընտրվել էին հարցազրույցներով` հարյուրից ավել դիմորդներից:

Ա. Այվազյանը նշում է. «Մենք ծրագրել ենք ամառային դպրոցի միջոցով երիտասարդներին ներկայացնել վերջին մեկուկես տասնամյակի հայ ազգային մտքի նվաճումները, ձեռքբերումները, որոնք հաճախ հասկանալի չեն հայ երիտասարդությանը: Պետական կրթական համակարգը փոքր-ինչ ավելի իներցիոն է` ավելի ուշ է արձագանքում այն ահռելի փոփոխություններին, որոնք տեղի են ունենում աշխարհում: Այսպիսով օժանդակում ենք մեր պետական կրթական համակարգին, որպեսզի հայ երիտասարդությունը պետական շահերը ավելի ճիշտ ընկալի»:

Ամառային դպրոցի շրջանակներում ուսանողներին մատուցվեցին հետևյալ թեմաներով դասընթացներ.
• Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցեր.
• Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն.
• Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ.
• Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում.
• Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
Ամառային դպրոցի դասընթացների ընթացքում ուսանողները հանդիպեցին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի և գիտական, քաղաքական, ռազմական ու հասարակական ոլորտի հայտնի այլ ներկայացուցիչների հետ:

Դպրոցի դասընթացների ժամանակ անցկացվում էր նաև գործնական աշխատանք, երբ ուսանողները ուսումնասիրություններ էին անում և ելույթներ պատրաստում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք թեմաների շուրջ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դրանք շուտով կհրատարակի առանձին ժողովածուով:

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սան Դավիթ Թորոսյանը պատմում է, որ դասընթացներին մասնակցելու իր գլխավոր նպատակն է, որպես եկեղեցու ապագա սպասավոր, ավելի լավ հասկանալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ավելի լայն պատկերացում կազմել հայոց պետականության և ինքնության պահպանման ու ամրապնդման խնդիրների և անելիքների մասին:

-Դպրոցն ինձ տվեց ազգային ինքնագիտակցության ոգու բարձրացում, Հայաստանը միշտ պաշտպանելու կամք,- շարունակում է Դ. Թորոսյանը:

Իսկ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, արաբագագիտության բաժնի ուսանող Սմբատ Խաչատրյանը ամառային դպրոցին դիմելու պատճառներից նշում է, որ ուսումնասիրելով իսլամագիտություն, քաղաքական իսլամ, այդ դասընթացներն օգնեցին ավելի լավ համակարգել գիտելիքները և զարգացնել վերլուծական մտածելակերպ:

Դպրոցի դասընթացներն ավարտվեցին շրջանավարտների այցելությամբ Արցախ, այդ թվում` Արցախի պատմամշակութային հայտնի հուշարձաններ: Ուսանողները այցելեցին ազատագրված տարածքներից մեկում վերջերս հայտնաբերված 5-րդ դարի հայկական եկեղեցի, որը հերթական ապացույցն էր այդ տարածքների հայկականության: Ուսանողները եղան Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքում, Գանձասարում, Շուշիում, Ստեփանակերտում և այլ վայրերում:

Artzakh Արցախ
Արցախ
Արցախ

ԼՂՀ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ Արցախի ներկա հիմնախնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ընդգծեց նման դպրոցի կարևորությունը, որպես պաշտոնյա նշելով, որ իրենց մոտ և ընդհանրապես Հայաստանում այժմ մեծ է ազգային իրական շահերը գիտակցող և պաշտպանող երիտասարդ մտավորականների կարիքը, որոնց պատրաստմամբ զբաղվում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:

Ստեփանակերտում կենտրոնի ուսանողների համար դասախոսություններով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը. նա ներկայացրեց արցախյան հիմնախնդիրը թուրք-ադրբեջանական տեղեկատվական պատերազմների և մի շարք այլ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համատեքստում:

Հանդիպման ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին պարգևատրեց Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված մեդալով:

Արցախ այցելության վերջին օրը, ամառային դպրոցի շրջանավարտները ներկա գտնվեցնին Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեկու կիրակնօրյա պատարագին, որից հետո նրանց հետ զրուցեց արցախյան թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը` խոսելով հեգևոր անվտանգության խնդիրների շուրջ:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը նշում է, որ հնարավորության դեպքում դպրոցը շարունակական դարձնելու ծրագրեր կան, քանի որ արձագանքները շատ դրական են և անհրաժեշտությունը` մեծ:

Վահրամ Միրաքյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի շրջանավարտ

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.