ԶԼՄ-ների արձագանքը Ա. Այվազյանի մամլո ասուլիսին – 05.09.2008

Print Print Email Email

Հանրային Ռադիոյի լուրեր – 05.09.2008

Երկիր Մեդիա – 05.09.2008                               Հ1 – Հայլուր – 05.08.2008


ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԵՆ, «Հայոց Աշխարհ», 06.09.2008թ.

ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Հայոց Աշխարհ», 06.09.2008թ.

ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ, «Ազգ», 06.09.2008թ.

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԴԵՐՈՒՄ, «Առավոտ», 06.09.2008թ.

ԽԱՂԸ ՍԿՍՎՈՒՄ Է. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԽԱՂԻՆ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ, Armenianow.com , 05.09.2008թ.

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԴՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ, «Հայաստանի Հանրապետություն», 08.09.2008թ.

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ, «Հայոց Աշխարհ», 09.09.2008


Ամսաթիվ: 06.09.2008թ.
Աղբյուրը: «Հայոց Աշխարհ»

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԵՆ
«Ի վերջո, ինչո՞ւ է Թուրքիան փակել Հայաստանի սահմանը: Պատասխանը վիճարկման ենթակա չէ՞. որպեսզի Հայաստանին առավելագույն հնարավոր վնաս հասցնի: Թեեւ քաղաքականապես հայկական կողմը շահեց ռուս-վրացական պատերազմի արդյունքներից, մասնավորապես անջատման ճանապարհով ինքնորոշման երկու նախադեպ առաջացավ (այն էլ Արցախին հարակից եւ պատմաքաղաքական նույն ժառանգությունն ունեցող տարածաշրջանում), բայց մյուս կողմից՝ Վրաստանի վրայով տարանցիկ ճանապարհների անհուսալիությունն անհամեմատ ուժգնացավ, այդպիսով բարձրացնելով նաեւ Հայաստանի թուրքական շրջափակման արդյունավետությունը:

Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչո՞ւ պետք է հենց այս հարմար պահին Թուրքիան բացի Հայաստանի ցամաքային սահմանը»,- հարցնում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ խորապես անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» վերջին դրսեւորումներից

Քաղաքագետի համոզմամբ, անհեթեթ է խոսել հարաբերությունների կարգավորման մասին, երբ «հարաբերություններ», որպես այդպիսին, պարզապես չկան. «Մենք չունենք հայ-թուրքական հարաբերություններ, ունենք հայ-թուրքական հակամարտություն: Այսօր խոսվում է այդ հակամարտության լուծման մասին, եւ այդ խոսակցությունները հասել են գրեթե հիստերիայի աստիճանի»:

Նախագահ Գյուլի երեւանյան այցի հետ կապված չափազանցված սպասելիքները, թե ուր որ է սահմանը կբացվի՝ նոր էջ բացելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ըստ նրա, իրականության հետ որեւէ առնչություն չունի:

«Սահմանը առաջիկայում չի բացվելու: Սա հստակ է: Պետք է հասկանալ Թուրքիայի մոտիվները՝ ինչո՞ւ է փակել սահմանը: Այս հարցը մեզ տալի՞ս ենք: Փակել է, որովհետեւ ուզում է առավելագույնս վնաս պատճառել Հայաստանին: Այսօր, երբ Հայաստանն ավելի բարդ կացության մեջ է, երբ Վրաստանի վրայով երթեւեկությունը դարձել է անհուսալի, ինչո՞ւ հանկարծ, հենց այս պահին, Թուրքիան պետք է սահմանը բացի, երբ ճիշտ ժամանակն է՝ էլ ավելի մեծ եւ արդյունավետ ճնշում գործադրելու Հայաստանի նկատմամբ»,- գտնում է Ա. Այվազյանը:

Վերջերս հաճախ կարելի է լսել, թե Թուրքիան մեր հարեւանն է: «Այո, բայց թշնամի հարեւան է: Արդյոք այսօր Թուրքիան թշնամական քաղաքականություն չի՞ վարում Հայաստանի նկատմամբ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քաղաքագիտության դասեր է տալիս մեր հասարակությանը, միաժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյից հանել է Մասիսները: Այսինքն՝ դեռեւս որեւէ զիջում չանելով՝ Թուրքիան արդեն իսկ շատ լուրջ զիջումներ է ստացել Հայաստանից»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ «իշխանությունները հրաժարվում են տալ համարժեք գնահատականներ 17 տարի շարունակ Թուրքիայի կողմից մեր նկատմամբ իրականացվող քաղաքականությանը: Ե՛ւ շրջափակումը չի գնահատվում որպես թշնամական ակտ, ե՛ւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելը, ե՛ւ ամեն օր, ամեն ժամ հայության դեմ մղվող տեղեկատվական, հոգեբանական պատերազմը, որին տրամադրվում են միլիոնավոր դոլարներ: Ե՛ւ հայտնի իրողությունը, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր միջոցներով՝ ռազմական, հետախուզական, քարոզչական, դիվանագիտական, օժանդակում Հայաստանի դեմ պատերազմական նախապատրաստություններին, որ Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել»:

Այս օրերին տարբեր ալիքներով առատության եղջյուրից թափվող թրքամետ քարոզչությունը, քաղաքագետի կարծիքով, այլ բան չէ, քան «պատերազմ հայության ռազմավարական հիշողության դեմ»: Ուրեմն ժամանակն է սթափվել եւ մեկընդմիշտ ականջին օղ անել՝ «քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշանակում է՝ չի զղջացել, նշանակում է՝ պատրաստ է նույնը կրկնելու:

Ավելին՝ փորձում է կրկնել, միայն թե Ադրբեջանի միջոցով, բռնազավթել Արցախն ու Սյունիքը եւ դրանով վերջ տալ Հայաստանի պատմությանը, որովհետեւ Արցախը կորցնելով՝ մենք ավտոմատ կորցնում ենք Սյունիքը, իսկ առանց Սյունիքի, Հայաստան չկա»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա դա հնարավոր է երկու դեպքում: Առաջին՝ եթե Հայաստանը կատարի Թուրքիայի նախապայմանները, այն է՝ «դադարեցնել աջակցությունը Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Արցախի հարցը «լուծել» ադրբեջանական սցենարով, այսինքն՝ հանձնել Ադրբեջանին, եւ հրապարակայնորեն պաշտոնապես ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները: Ինչը հավասարազոր է կապիտուլյացիայի»:

Երկրորդ՝ եթե Թուրքիան համոզված լինի, որ սահմանը բացելով, ավելի մեծ վնաս կպատճառի մեզ. տնտեսական, քաղաքական եւ ժողովրդագրական էքսպանսիայի ճանապարհով կուլ կտա Հայաստանը՝ դարձնելով իր վիլայեթներից մեկը:

Այդ տխուր հեռանկարից խուսափելու համար պետք է առաջնորդվել այն բանաձեւով, որ նախագահ Սարգսյանը ձեւակերպեց օրերս դիվանագետների հետ հանդիպման ընթացքում՝ «չմոռանալով անցյալը՝ նայել ապագային: Սա հաջող ձեւակերպում է, բայց հիշենք, որ այդ անցյալի մեջ մտնում է նաեւ վերջին 17 տարվա փորձառությունը»,- համոզված է բանախոսը:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Ամսաթիվ: 06.09.2008 թ.
Աղբյուրը: «ԱԶԳ»

ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ռուս-վրացական հակամարտության վերջին բռնկումից առաջ էր Հայաստանի իշխանությունը որդեգրել Թուրքիայի նկատմամբ իր ներկայիս դիրքորոշումը, որն ըստ էության հենց Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր եւ հենց նրա 1990-ականներին ծավալած գործողություններն էլ, ասենք, «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական շարժման ղեկավարի հետ հանդիպումը, ապացուցեցին դրանց ձախողումը: Ինչը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին չվերանայվեց, իսկ այսօր՝ Սերժ Սարգսյանի իշխանավարության ժամանակ իրական վերածնունդ է ապրում:

Այս մասին երեկ «Հայացք» ակումբում խոսեց «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը: Նրա դիտարկմամբ, ՀՀ իշխանությունների համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու բաղադրիչ է ենթադրում՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում: Մինչդեռ Թուրքիան նախապայմաններ է առաջադրում մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու համար՝ հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, հանձնել Արցախը Ադրբեջանին, հրապարակայնորեն հրաժարվել Հայաստանի արեւմտյան՝ Թուրքիայի բռնազավթած տարածքներից: Փոխարենը Հայաստանն ուղղակի փաստում է, որ պատրաստ է իր կողմից աննախապայման հարաբերություններ հաստատել: Այս մոտեցումը հիմնավորապես սխալ է քաղաքագիտության դոկտորի կարծիքով. «Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը ուղղակիորեն պետք է սկսեին նախապայմաններ առաջադրելուց՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հրաժարվել ադրբեջանամետ քաղաքականությունից, դադարեցնել տեղեկատվական հարձակումները»:

Բանախոսը հաջող ձեւակերպում համարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Չմոռանալով անցյալը՝ նայենք ապագային» առաջարկը եւ իշխանությունների համար ընդգծեց, որ անցյալ է նաեւ մեկ շաբաթ, մեկ օր առաջ կատարվածը. «Արդյոք Թուրքիան Հայաստանի նկատմամբ չի՞ վարում խիստ թշնամական քաղաքականություն՝ սկսած Հայաստանի անկախության ձեռքբերման պահից ու մինչեւ այսօր: Ինչպե՞ս կարելի է անվանել մի երկիր, որը իրականացնում է իր բնաջնջած պետության 15-ամյա շրջափակում, հրաժարվում է այդ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, բազմակողմանի աջակցություն է ցույց տալիս Հայաստանը բնաջնջել խոստացող իր դաշնակցին՝ Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական, հետախուզական, դիվանագիտական, քարոզչական եւ այլ միջոցներով:

Այս ամենը նշանակում է ընդամենը մի պարզ բան, որը չտեսնելը վտանգավոր է, այն է՝ Թուրքիան ոչ միայն չի զղջացել Հայաստանի մեծ մասը ցեղասպանության ճանապարհով հայաթափելու համար, այլեւ շարունակում է նույն թշնամական քաղաքականությունը Հայաստանի նորաստեղծ պետության դեմ՝ Հայկական հարցի վերջնական՝ թուրքական լուծմանը հասնելու համար»: Այս կարծիքը հայտնելով՝ Արմեն Այվազյանը նաեւ ընդգծեց, որ Թուրքիան այս անգամ արդեն իր ծրագրերն իրականացնելու փորձ կանի Ադրբեջանի ձեռքերով՝ օժանդակելով վերջինիս Արցախը եւ Սյունիքը բռնազավթելու ծրագրերին:

Ներկայացված համապատկերում հայ-թուրքական սահմանը բաց եւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները հաստատված կարող ենք տեսնել կամ ներկայացված վտանգավոր՝ Թուրքիայի առաջադրած նախապայմանները կատարելով, կամ Թուրքիայի հաշվարկների արդյունքում: «Եթե, համաձայն այդ հաշվարկների, Թուրքիան պարզի, որ սահմանի բացումը շատ ավելի կվնասի Հայաստանին, քան փակ պահելը: Իսկ վնասելու ձեւերն ակնհայտ են՝ Հայաստանի փոքրիկ տնտեսությունը Թուրքիայի տնտեսությունից առավելագույնս կախման մեջ պահելով՝ տեղական արտադրողին ոչնչացնելով, որին զուգընթաց կլինի նաեւ ժողովրդագրական ներխուժումը: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն էլ հազիվ թե պատրաստ է դրան»:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու առաջարկին, բանախոսը վստահեցրեց, որ անգամ Իրանի առկայությունն այդ համակարգում ոչինչ չի կարողանա փոխել, քանի որ հակառակորդ պետություններ է ներառելու՝ Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Վրաստան:

Ամենին նաեւ զուգահեռվում է ի պատիվ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման Թուրքիայի դրոշի հանդեպ հարգանք դրսեւորելը, խաղը երկրպագելու եկած թուրքերին բարեկամաբար հյուրընկալելու եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը միմիայն ձեռքբերում համարելու տեղեկատվական քարոզը: Ինչը, Արմեն Այվազյանի համոզմամբ, ուղղակի «պատերազմ է հայության ռազմավարական հիշողության դեմ», առանց որի ինքնապաշտպանություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում ուղղակի անկարող կլինենք:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Ամսաթիվ: 06.09.2008 թ.
Աղբյուրը: «Առավոտ»

ՀՖՖ նախագահը՝ քաղաքագետի դերում

Համաձայն քաղաքագետ Արմեն Այվազյանի, իշխանությունները հրաժարվում են համարժեք գնահատականներ տալ մեր

երկրի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, իսկ ոչ մասնագետները փորձում են հասարակությանը քաղաքագիտության դասեր տալ:

«Մենք այսօր հայ-թուրքական հարաբերություններում շատ հետաքրքիր զարգացումներ ունենք: Այդ հարաբերությունները համարում եմ հակամարտություն: Այդ հակամարտության մոտալուտ լուծման մասին խոսակցությունները հասել են հիստերիայի: Ամեն օր հեռուստատեսությամբ հանդես են գալիս գործիչներ, որոնք ասում են, թե այդ հարաբերությունները շուտով կլավանան: Նախագահ Գյուլի այցին տրվում է մի նշանակություն, որ բոլորովին այդ չունի: Արդյունքում մենք ունենալու ենք հիասթափված, ապակողմնորոշված մի զանգված, որն այդպես էլ չի հասկանալու, թե դա ի՞նչ էր նշանակում»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը: Հակադարձելով խոսակցություններին, թե շուտով հայ-թուրքական սահմանը բացվելու է, բանախոսը հավելեց. «Սահմանը չի բացվի առաջիկայում, դա հստակ է: Ընդամենը պետք է հասկանանք Թուրքիայի մոտիվները: Ինչո՞ւ է Թուրքիան փակել Հայաստանի սահմանը: Այս հարցը տալիս ենք մեզ: Սահմանը փակել են, որովհետեւ ցանկանում են առավելագույնս վնաս հասցնել Հայաստանին: Այս պահին, երբ ՀՀ տարանցիկ ճանապարհներն ավելի բարդ են, ինչո՞ւ պետք է Թուրքիան սահմանը բացի, եւ ճիշտ պահն է Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Թուրքիան հարեւան պետություն է, բայց թշնամի հարեւան է: Այդ թշնամությունը չտեսնելը վտանգավոր է: Արդյո՞ք Թուրքիան թշնամական հարաբերություն չի վարում Հայաստանի նկատմամբ: Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով առաջ են քաշում լոզունգներ՝ անցյալով չապրելու եւ ապագայով ապրելու մասին: ՀՖՖ նախագահը քաղաքագիտության դասեր է տալիս մեր հասարակությանը»:

«Առավոտի» հարցերին, թե այս շրջանում մեր իշխանությունների նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերը որեւէ ենթատե՞քստ են հետապնդում, եւ հետո՝ ֆուտբոլային խաղի օրը ՀՅԴ-ն հնարավոր է բողոքի ակցիաներ անի, միանալո՞ւ եք նրանց, առավել եւս, երբ թշնամի հարեւան եք համարում Թուրքիային, պարոն Այվազյանը, ըստ էության, հարցադրումը շրջանցեց եւ խոսեց հիմնականում Թուրքիայի կողմից սահմանների բացման հնարավոր ելքերի մասին. «Դաշնակցությունը քննադատում է Թուրքիայի քաղաքականությունը, ես քննադատում եմ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Սահմանը կբացեն միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի Թուրքիայի նախապայմանները՝ դադարեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին աջակցությունը, Ադրբեջանի սցենարով լուծի Արցախի հիմնախնդիրը եւ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները: Այս երեք պայմանների ընդունումը հավասար կլինի կապիտուլյացիայի: Իրականում դրանք անհնար են: Արցախը հանձնել անհնար է: Դրա համար էլ Թուրքիան առաջ է քաշել այնպիսի պայմաններ, որոնք անհնար է ընդունելու համար եւ դրանք հնարավորություն կտան ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա: Մյուս դեպքում՝ սահմանը կբացվի այն ժամանակ, երբ Թուրքիան հաշվարկ անի եւ դրա արդյունքում տեսնի, որ դրա բացումը Հայաստանին ավելի մեծ վնաս կբերի, քան փակ լինելը…»:

Ա. Այվազյանը վտանգավոր համարեց նաեւ հետեւյալը. «Փոխվել է ՀՖՖ-ի լոգոն՝ մասիսները (նկատի ունի, որ լոգոյից հանվել է Արարատի նկարը- Գ. Մ.): Դեռեւս որեւէ զիջում չանելով՝ Թուրքիան արդեն շատ լուրջ զիջումներ է ստացել Հայաստանից: Այդ զիջումներն առկա են հայ քաղաքական իշխող վերնախավի բառապաշարում: Եթե կարդաք նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Wall Street Journal»-ում հունիսի 9-ին տպագրված հոդվածը, այնտեղ Ցեղասպանություն բառն առհասարակ չկա: «Ամենավիճահարույց» բառը անգլերեն տեքստում է արտահայտված, մինչդեռ հայերեն պաշտոնական թարգմանության մեջ, որը զետեղված է ՀՀ նախագահի կայքէջում, գրված է «ամենազգացական» բառը: Երկու դեպքում էլ գնահատականը սխալ է տրված, քանի որ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ու ճանաչման գործընթացները ոչ վիճահարույց են, ոչ զգացական: Բայց արդեն այդ թարգմանությունը մտահոգիչ է»:

Ա. Այվազյանի ներկայացմամբ՝ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը որեւէ կերպ չի արձագանքում նաեւ միացյալ Հայաստանի մասին խոսող ՀՅԴ-ն. «Խոսում են միայն, որ իրենք բողոքելու են Գյուլի եւ Թուրքիայի քաղաքականության դեմ: Իսկ ո՞վ է բողոքելու ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ: Այսօր ՀՅԴ-ն, լինելով կոալիցիայում, իրականում ավելի քիչ ազդեցություն ունի մեր երկրի արտաքին քաղաքական զարգացման վրա, որը մոտենում է զրոյի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արմատական ընդդիմության ուժերը շատ ավելի մեծ ազդեցություն ունեն այդ հարցում»:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ


Ամսաթիվ: 08.09.2008թ.

Աղբյուրը: «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանը պետք է նախապայմաններ դնի Թուրքիայի առջեւ
Միջազգային իրավունքը, այդ թվում եւ ազգերի ինքնորոշման սկզբունքը, միշտ կիրառվում է ընտրողաբար։ Ներպետական օրենսդրությունից այն տարբերվում է նրանով, որ որեւէ մի իշխանություն չի կարող մյուսին պարտադրել կիրառումը։ Դա է պատճառը, որ պետությունների մի մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանն ու Նիկարագուան՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Այվազյանը, երեք երկրների անկախության ճանաչման հարցում հայկական երկու պետություններն առաջնորդվում են իրենց շահով։ «Պետք է տեսնեն, թե այդ երկրների ճանաչման դիմաց իրենք ինչ են ստանալու»,–ասաց նա։ Թեեւ այս պահին որեւէ մեծ պետության կողմից Արցախի միջազգային ճանաչման հավանականություն չկա, բայց միջազգային հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումները կարող են բերել մի իրավիճակի, որ անկախ պետությունը ճանաչվի։
«Մենք պետք է ամրապնդենք Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը սահմանների, տնտեսական, ժողովրդագրական առումով, եւ համբերատար սպասենք միջազգային հարաբերությունների կամ տարածաշրջանային հաջորդ տեղաշարժին, որի արդյունքում Արցախը կարող է անկախ ճանաչվել կամ միավորվել Հայաստանի հետ»,– ասաց նա՝ հավելելով, որ դա կարող է լինել հինգ, տասը կամ 25 տարի հետո։
Հայ—թուրքական շփումների առումով զարգացումները, ըստ նրա, հետաքրքրիր են, եւ խոսքը ոչ թե երկկողմ հարաբերությունների, այլ հակամարտության մասին է։ Նա ճիշտ չի համարում Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի՝ Հայաստան այցին տրվող մեծ կարեւորությունը, քանի որ արդյունքում կմնա հիասթափված ու ապակողմնորոշված հասարակություն։ «Առաջիկայում հայ—թուրքական սահմանը չի բացվի»,–կանխատեսում է նա՝ ներկայացնելով սահմանը փակ պահելու թուրքական դրդապատճառները։ Թուրքիան ուզում է առավելագույն վնաս հասցնել Հայաստանին հատկապես ներկայումս, երբ մեր երկիրը խնդիրներ ունի տարանցիկ ճանապարհների առումով։
Ա. Այվազյանի խոսքերով, հայկական կողմը պետք է հանդես գա իր նախապայմաններով՝ հրաժարվել թշնամական քաղաքականությունից, ճանաչել հայոց ցեղասպանությունը, դադարեցնել հայության դեմ ուղղված քարոզչական պայքարը, ղարաբաղյան հարցում չաջակցել Ադրբեջանին։ Եթե Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է, որ այդ երկիրը չի զղջում կատարված ոճրի համար եւ պատրաստ է կրկնել նույն գործողությունները։ Ներկայումս էլ նման փորձեր կան, բայց Ադրբեջանի ձեռքով. փորձ է արվում բռնազավթել Արցախն ու Սյունիքը եւ վերջ դնել Հայաստանի պատմությանը։
Հարցին ի պատասխան՝ բանախոսը նշեց, որ Թուրքիայի՝ խաղաղության կովկասյան պլատֆորմ ստեղծելու առաջարկը քննարկման արժանի չէ անգամ փորձագիտական մակարդակով։ Նա բացառում է թշնամի պետությունների ներգրավումն անվտանգության նույն համակարգում. Ռուսաստանի ու Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ անվտանգության գործուն միասնական համակարգ ստեղծել հնարավոր չէ։
«Հայ—թուրքական հակամարտությունը մոտ ապագայում լուծվելու հնարավորություն չունի։ Թուրքիայի նախագահի այցը, անգամ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չեն լինելու հակամարտության կարգավորում»,–եզրափակեց նա։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ


Ամսաթիվ: 09.09.2008թ.
Աղբյուրը: «Հայոց Աշխարհ»

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային անորոշություններն ու այսրոպեական մոտեցումները ընդգրկում են կենսական նշանակություն ունեցող մի շարք ուղղություններ: Պարզ չեն, մասնավորապես՝
– Արցախյան հակամարտության կարգավորման հարցում զիջումների գնալու Հայաստանի պատրաստակամության իրական աստիճանը,
– Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը,
– հայ-վրացական հարաբերություններում (ներառյալ Ջավախքի հայության խնդրում) հայկական շահերի ուրվագիծն ու առաջարկվող լուծումները:
Սակայն առավել արտահայտիչ են Հայաստանի արտաքին քաղաքականության անորոշությունները Թուրքիայի նկատմամբ ոչ համարժեք դիրքորոշումներում:
Ընդ որում, այս ոլորտներում մեր երկրի արտաքին քաղաքականության անորոշությունները պարզ չեն ո՛չ հայ հասարակությանը, ո՛չ էլ միջազգային հանրությանը:
Հայ-թուրքական հարաբերությունների նորագույն փուլը՝ իր ներկա չկարգավորվածությամբ հանդերձ, կարիք ունի, նախեւառաջ, քաղաքական ճիշտ գնահատականի եւ ախտորոշման: Այս կապակցությամբ քննության են արժանի, մի կողմից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Անկարայի առաջադրած նախապայմանների սկզբունքը, մյուս կողմից՝ Երեւանի առաջադրած նախապայմաններից հրաժարվելու սկզբունքը:
Քննենք այս սկզբունքները մի քանի տեսանկյունից:
Մեթոդաբանական առումով որքանո՞վ է արդյունավետ հայկական կողմի առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու սկզբունքը, երբ թուրքական կողմը առաջադրում է բազմաթիվ եւ փոփոխվող նախապայմաններ: Մեր համոզմամբ, հայկական կողմի հրաժարումը որեւէ նախապայմանից սխալ է ե՛ւ տեսականորեն, ե՛ւ գործնականորեն:
Գործնականորեն` վերջին 17 տարիները վկայում են, որ Հայաստանի մեղմ քաղաքականությունը որեւէ շահ չի ապահովել: Մինչդեռ Թուրքիան, Հայաստանի դեմ կիրառելով երկարամյա շրջափակում եւ դիվանագիտական ճնշումներ, սանձազերծելով Ադրբեջանի հետ համաձայնեցված տեղեկատվական-հոգեբանական լայնածավալ պատերազմ, շանտաժ եւ սպառնալիքներ, որեւէ լուրջ ճնշման, առավել եւս դատապարտման չի արժանացել:
Հայաստանի կրավորական քաղաքականության պայմաններում Թուրքիայի առաջադրած նախապայմանների սկզբունքն իրեն լիովին արդարացրել է: Թուրքիան այդչափ չէր հաջողի, եթե Հայաստանն իր կողմից առաջադրեր նախապայմաններ՝ հարաբերությունները կարգավորելու առումով: Տեսականորեն՝ Հայաստանը հայտնվում է մեղավորի եւ զիջումների գնալու միավորի կարգավիճակում. չէ՞ որ Երեւանը ոչինչ չի պահանջում, մինչդեռ թուրքերը բազմաթիվ պահանջներ են ներկայացնում:
Քարոզչական առումով հրաժարվելով նախապայմաններից՝ Հայաստանը կորցրել է հրաշալի հնարավորություն Թուրքիայի արտաքին քաղաքականության թշնամանքն ու տարածաշրջանի խաղաղության համար ողջ վտանգավորությունը միջազգային հանրությանը ներկայացնելու եւ հանգամանորեն բացատրելու համար: Ընդ որում՝ Թուրքիայի քաղաքականությանը տեւականորեն համարժեք գնահատական չտալը լրջորեն շփոթեցրել է նաեւ հայ հասարակությանը, որն արդեն բացատրություններ եւ լուսաբանումներ ստանալու պակաս կարիք չունի, քան միջազգային հանրությունը:
Դիվանագիտական մանեւրի առումով առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու, ներառյալ սահմաններն անհապաղ բացելու Երեւանի արտահայտած դիրքորոշումը կարող է մեծագույն բարդություններ ու խնդիրներ առաջացնել, եթե որեւէ պահի Թուրքիան համաձայնվի դրան: Խոսքը վերաբերում է Հայաստանի նկատմամբ տնտեսական եւ ժողովրդագրական այն հարձակմանը, որին թուրքերը կդիմեն ու որին Հայաստանը դեռեւս պատրաստ չէ դիմագրավել:
Ազգային անվտանգության առումով այսօր, առանց հայկական կողմի որոշակի նախապայմանների առաջադրման ու բավարարման, հայ-թուրքական սահմանների բացումը արագորեն կկազմալուծի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տակավին չկայացած ամբողջ համակարգը: Ու դեռ Թուրքիան կներկայացնի իր այդ քայլը որպես խոշորագույն զիջում…
Իսկ որո՞նք պետք է լինեն Հայաստանի կողմից առաջադրվող նախապայմանները:

Նախ, թշնամական քաղաքականության մերժում, այդ թվում՝
– Ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հետեւանքների հաղթահարման շուրջ բանակցությունների սկիզբ:
– Արցախյան հակամարտության հարցում առնվազն չեզոք դիրքորոշման որդեգրում:
– Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դադարեցում:
– Շրջափակման վերացում:

Այս նախապայմանները չկատարելու դեպքում, միայն սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանին ոչ միայն որեւէ բարիք չի բերի, այլեւ կկանգնեցնի նոր ու առավել բարդ իրավիճակի առջեւ:

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ,
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.