ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆԻ ՀԵՏ

Print Print Email Email

Հայկական Հետախուզութեան Աշխարհագրական Ընդգրկումը Շատ Լայն Եղած Է


ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Պատմական եւ քաղաքական գիտութիւնների դոկտ. Արմէն Այվազեանի անունը քաջածանօթ է Հայաստանում եւ Սփիւռքում եւ ձեր գիտական գործունէութիւնը մեծապէս գնահատուած: Ձեր ուսումնասիրութիւնները լոյս են սփռում չարծարծուած կամ քիչ արծարծուած , եւ, որ ամէնակարեւորն է, հայոց պատմութեան յաղթական եւ ուժեղ երեսների վրայ: Վերջերս դուք յօդուածաշար էք հրապարակել, նուիրուած 18րդ դարի առաջին քառորդի հայկական հետախուզութեան գաղտնի գործողութիւնների վերաբերեալ: Խնդրում ենք անդրադառնաք այդ նիւթին:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ.- Հայկական գաղտնի հետախուզութիւնը սկիզբ է առնում հնագոյն ժամանակներից: Հին եւ միջնադարեան հայկական թագաւորութիւնները ունեցել են իրենց յատուկ ծառայութիւնը, որ այսօրուայ եզրը գործածելով, կարելի է կոչել արտաքին հետախուզութիւն: Հայկական պետականութեան կործանումով այդ կառոյցը, որպէս պետական կառոյցի մաս, վերացաւ: Հետեւաբար, 1720ական թթ. , անկախ պետականութեան բացակայութեան պայմաններում հետախուզական հզօր ցանցի առկայութիւնը հայ իրականութեան մէջ, պատմականօրէն անհաւատալի երեւոյթ է: Սակայն այդպիսի մի մեծ ցանց իրօք գործում էր, ընդգրկելով Արեւելեան Եւրոպայի մի շարք երկրներ, Ռուսաստանը, Իրանը եւ Օսմանեան կայսրութիւնը:
Այդ ժամանակաշրջանում հայկական գաղտնի հետախուզութեան առկայութիւնը պայմանաւորուած էր 18րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման վերելքով, զինուած պայքար սկսելու բուռն նախապատրաստումներով, նաեւ շեշտենք՝ առաջադրուած հիմնախնդիրներով: Այդ հիմնախնդիրներից էին Հայաստանում եւ գաղթօջախներում կանխապէս զօրակոչել հայ երիտասարդութեան լաւագոյն մի հատուածին, կազմակերպել նրա ռազմական ուսուցումը, զինել եւ ճիշտ պահին տեղափոխել Արեւելեան Հայաստան: Այս խնդիրները դնում էր դեռ ընդյատակեայ դիմադրութեան առաջնորդ Իսրայէլ Օրին, որ նաեւ ռազմավարական տաղանդով օժտուած փայլուն հետախոյզ էր: Հարկ է յիշել այդ շրջանի ազատագրական շարժման եւ գաղտնի հետախուզութեան մի շարք երախտաւորների անուններ, ինչպէս Եսայի Հասան æալալէան կաթողիկոս, Այվազ, Պետրոս դի Սարգիս Գիլանենց,Մինաս վարդապետ, Փարսադան բեկ, տէր Բարդուղիմէոս, տէր Մարկոս եւ շատեր: Հետախոյզները հաւատարմութեան երդում են տուել , ապահովութեան համար մերթ ներկայացել են որպէս վաճառական, մերթ որպէս ուխտագնաց ու հոգեւորական: Հայկական հետախուզութեան աշխարհագրական ընդգրկումը շատ աւելի լայն էր, քան ժամանակի խոշոր տէրութիւնների նմանատիպ կառոյցներինն էր:
Ծրագրել ենք հայ գաղտնի հետախուզութեան նուիրուած մեր յօդուածաշարը հրատարակել առանձին գրքով եւ գիտական ամբողջական կազմով, ընդսմին քննարկելով կազմակերպութեան գործողութիւնների, կարգապահութեան, հետախոյզների երդման արարողութեան, անուանափոխութեան եւ առնչակից խնդիրներ: Կարծում ենք, այս նիւթը կարող է տեղ գտնել ինչպէս Հայաստանի հանրակրթական, այնպէս էլ ռազմական դպրոցների դասագրքերում: Այն նաեւ մեծ հետաքրքրութիւն կ՛առաջացնի արտերկրում, խթանելով Հայաստանի ռազմական պատմութեան վերաբերեալ ուսումնասիրութիւնները:

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Հայաստանը ունի հայրենադարձութեան, յատկապէս 1940ական թթ. զանգուածային ներգաղթի հետ կապուած փորձ: Ձեր կարծիքը անցեալի եւ արդի հայրենադարձութեան մասին, եւ վերջինիս կարեւորութիւնը որպէս Հայաստանի Հանրապետութեան ամրակայման հիմնահարց:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ.- 1940ական թթ. հայրենադարձութիւնը արդի ժամանակի հայրենադարձութեան հետ համեմատելը ճիշտ չէ, որովհետեւ առաջինը իրականացուեց Ստալինի կողմից եւ ծառայեց Խորհրդային Միութեան նպատակներին եւ մասամբ էր համընկնում հայոց ազգային շահերի հետ: Քաղաքական հանգամանքներով էին պայմանաւորուած հայրենադարձների նկատմամբ այն ճնշումները, որոնք սխալմամբ եւ քաղքենիաբար վերագրուեցին տեղաբնակների եւ ներգաղթածների իբր անհամատեղելի հակասութիւններին:
Արդի Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը առ այսօր չի որդեգրել հայահաւաքման անհրաժեշտութեան խնդիրը՝ որպէս պետական քաղաքականութեան առաջնահերթ նպատակ: 1948 թ. հիմնուած Իսրայէլի պետութիւնը եւ հրէութեան միջազգային կառոյցները միասնաբար կազմակերպեցին զանգուածային ներգաղթ, որը եւ դարձաւ այդ երկրի զարգացման եւ հզօրացման ազդակն ու հիմքերի հիմքը: Հայաստանի Հանրապետութիւնը 1991թ. ի վեր, ի դէպ նաեւ Սփիւռքի կազմակերպութիւնները, չդրեցին հայրենադարձութեան խնդիր: Հակառակը, տեղի ունեցաւ ահռելի չափերի հասնող արտագաղթ, որը վերջին շրջանում նորից աշխուժացել է: Հայրենադարձութիւնը Սփիւռքի Նախարարութեան գործունէութեան առանցքը պէտք է լինէր: Սակայն այս նախարարութիւնը հիմնուեց այլ սկզբունքով, եւ այսօր առաւելապէս զբաղւում է երկրորդական կարեւորութիւն ունեցող հարցերով, ձեւական բնոյթի միջոցառումներով եւ շօուներով: Հայաստանում եւ Սփիւռքում հայրենադարձութեան խնդրի չմշակուած լինելու եւ պետականօրէն չգիտակցելու լաւագոյն օրինակ է այսօր սուրիահայութեան դիմագրաւած իրավիճակը, որին հայութիւնը դարձեալ անպատրաստ գտնուեց: Այնինչ պէտք էր չուշանալ,պէտք էր կանխատեսել քաղաքական զարգացումների ընթացքը, համապատասխան միջոցներ ձեռք առնել, որպէսզի կորուստներն այդ աստիճան մեծ չլինէին: 2006թ. Ապրիլին դասախօսելով Սուրիայի հայաշատ բոլոր համայնքներում, նախազգուշացրել եմ գալիք արհաւիրքների հաւանականութեան մասին, որ այսօր իրականութիւն են, եւ դեռ այն ժամանակ կոչ եմ արել վերադառնալ հայրենիք, որովհետեւ որեւէ այլ երկրում հայութիւնը դատապարտուած է ձուլման:

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Քաղաքական ձեր վերլուծութիւններում դուք կարեւորում էք նաեւ Հայաստաի Հանրապետութեան տարածքային ընդլայնումը, որպէս ոչ միայն արդարութեան վերականգնում, այլեւ անվտանգութեան երաշխիք: Ձեր անդրադարձը, խնդրեմ, այս այժմէական հարցի շուրջ:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ.- Ինչպէս պետականօրէն չի գիտակցւում Հայահաւաքի կարեւորութիւնը, նոյնպէս չի գիտակցւում նրա հետ սերտօրէն կապուած Հողահաւաքի հարցը: Այս երկու հարցերը առնչակից են ոչ միայն արդարութեան եւ հատուցման տեսանկիւնից դիտուած, այլեւ ներկայ Հայաստանի Հանրապետութեան , ներառեալ Արցախի, երկարաժամկէտ անվտանգութեան երաշխիք են: Վերջին երկու տասնամեակի ընթացքում մեր երկիրը վայելեց յարաբերական խաղաղութիւն, շնորհիւ ազատագրուած տարածքների: Այժմ, սակայն, հնարաւոր է, որ այդ երաշխիքի ժամկէտը լրանայ եւ հարկ լինի երկարաձգել այն, նոր տարածքների ազատագրումով:Այլ կերպ Ադրբեջանի հաւանական յարձակումը կասեցնելու այլընտրանք գոյութիւն չունի: Թէ ինչքանով կը յաջողուի լուծել այդ խնդիրը, կախուած է Հայաստանի ժողովրդագրական, սոցիալական, հոգեբանական եւ տնտեսական ներկայ վիճակի բարելաւումից: Հողահաւաքը եւ հայահաւաքը մեր ազգի եւ պետութեան առջեւ ծառացած առաջնահերթութիւններն ու մարտահրաւէրներն են:

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Դուք »Արարատ« ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրէնն ու ղեկավարն էք: Պատմէք, խնդրեմ, կենտրոնի գործունէութեան, վերջին տարիների նրա կարեւոր իրագործումների եւ յետագայ ծրագրերի մասին:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ.-  »Արարատ« ռազմավարագիտական կենտրոնը մեծածաւալ աշխատանքներ է կատարել եւ 2005-2011 թթ. ընթացքում ունեցել է գրասենեակ եւ աշխատակազմ, սակայն այսօր գործում է հասարակական հիմունքներով, հաղորդակցուելով հանրութեան հետ առաւելապէս իր կայքերի միջոցով, ինչպէս՝ Ararat-Center.org, Ardarutiun.org. Անձամբ ղեկավարում եմ Lezu.am կարեւոր կայքը՝ Լեզուի ժողովրդական Տեսչութիւնը, որը զբաղւում է հայոց լեզուի պաշտպանութեան ու ջատագովման հարցերով: Մինչ Հայաստանում իրենց կայքերն ունեն պետական ու մասնաւոր հիմնարկներ,անգամ փոքրիկ խանութներ, ռեստորան-ճաշարաններ, զարմանալիօրէն կայք չունի Լեզուի Պետական Տեսչութիւնը: Համապատասխան նիւթերով ապահովուած չէ , շատ աղքատիկ է ՀՀ ԳԱ Լեզուի Ինստիտուտի կայքը: Թէեւ հայոց լեզուի պաշտպանութեան հարցերը լեզուաբանների եւ բանասէրների խնդիրը պէտք է լինէին, սակայն լեզուն ունի նաեւ ռազմավարական նշանակութիւն, այն Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան գործօն է:Եւ քանի որ հայոց լեզուի զարգացումը վտանգուած է արդէն բուն Հայաստանում, մենք էլ ստիպուած ու պարտաւորուած ենք պայքարելու նաեւ այդ անհաւատալի թուացող, բայց իրական վտանգի դէմ:

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ինչ նոր հրապարակումներ ունէք, որ ներկայացնելու էք նաեւ մեր համայնքին:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ.-  Հայաստանի ռազմական պատմութեան ու ռազմարուեստի մասին իմ վերջին աշխատասիրութիւնը լոյս է տեսել այս տարի Փարիզում,անգլերէն լեզուով, The Armenian Military in the Byzantine Empire խորագրով եւ Ֆիննական Բիւզանդագիտական Ընկերակցութեան փոխնախագահ դոկտ. Իլկկայ Սայուանի ( Ilkka Syvanne, Vice Chairman of The Finnish Society for Byzantine Studies ) առաջաբանով: Գիրքը, որ հանրութեան պիտի ներկայացուի Դեկտեմբեր 16ին, Գլէնդէլի Հանրային Գրադարանում, գիտական առումով նորութիւն է եւ լոյս է սփռում Հայաստանի ռազմական պատմութեան կարեւոր դրուագների վրայ: Այդ օրը, գրքիս մասին իր խոհերը կը յայտնի գաղութիս լաւապէս ծանօթ Ռոջեր Գուբէլեանը, որը , ինչպէս գիտենք, նոյնպէս հետաքրքրուած է հայոց պատմութեան հերոսական էջերով:

Աղբյուրը՝ http://asbarez.com/arm/149220/

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.