Հայաստանի ապահովության նյութով երեկույթ

Print Print Email Email

«Յառաջ», 12-13 ապրիլ 2008

Փարիզի Չօպանյան հիմնարկը և ՀԲԸՄ-ը շատ այժմեական երեկույթ մը կազմկերպած էին, ապրիլի 4-ին, Ա. Մանուկյան մշակութային կեդրոնի սրահին մեջ: Հայաստանի ապահովության հարցերով ընդհանուր և արդար մտահոգության այս օրերուն հրավիրված էին Երևանի «Արարատ» ռազմավարական հետազոտության կեդրոնի տնօրեն Արմեն Այվազյանը որուն վերլուծական գրություններեն ոմանք վերջին շրջանին լույս տեսան «Յառաջ»ի մեջ, ինչպես իրեն հետ հարցազրույց մը: Ան նույն ատեն քաղաքական գիտություններու դասախոս է Երևանի Ամերիկյան համալսարանին մեջ:


Երեկույթին հրավիրված էր նաև աշխարհաքաղաքագետ Ֆրանսուա Թյուալը, որ այլ առիթներով ալ մասնակցություն բերած է հայկական նույն բնույթի ձեռնարկներու:
Օրվան զրուցավարն էր Չօպանյան հիմնարկի հիմնադիր-նախագահ Վարուժան Սրապյան, իսկ թարգմանության պաշտոնը հանձնված էր տիկին Ս. Կյուրեղյանի:
Ողջույնի խոսքեն, կազմակերպիչներու և օրվան հյուրին պարագայական նախաբանեն ետք, Ա. Այվազյանի առաջին նախադասություններեն պարզվեցավ որ երեկույթին երկլեզու բնույթն անոր ընթացքը կասեցնող, ծանրացնող ազդակ էր, մանավանդ որ թարգմանությունը բավական հեռու էր նման առիթներու պահանջած որակեն: Ու դասախոսին ելույթը կտրատվեցավ թարգմանության պարտադրանքով, այնքան որ ըսվածին իմաստը գրեթե վրիպեցավ ունկնդիրեն: Ի վերջո Ա. Այվազյան ելքը գտավ կարճ կապելուն մեջ, հարցումներու բաժինին ձգելով հարկավոր բացատրությունները:

Ան անկախության շրջանի առավել կարևոր նվաճումը նկատեց որոշակի տարածքի մը մեջ Հայաստանի տեղավորվիլը. այդ տարածքը կընդգրկեր Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և ազատագրված շրջանները (շուրջ 42 հազար քառ. կմ.): Զանգեզուրի երկու կողմեն Ադրբեջանով շրջապատված վիճակը խորհրդային կարգերու անկումով հին թշնամիներուն թիրախ ըրած էր Հայաստանը: Առաջին հարվածներուն ենթարկված էր Ղարաբաղը որուն անկումը կառաջնորդեր Սյունիքին ուղղված սպառնալիքներու: Ասկե այն եզրակացությունը, թե 1991-94ին մղված պատերազմը միայն Արցախի համար չէր, այլև Հայաստանի երկարատև ապահովության: Իսկ անոր արդյունք նոր սահմաններով Հայաստանը (Հայաստան+ԼՂՀ+հայկական հսկողության տակի միջանկյալ տարածքները) ռազմավարական փաստ էր այսօր, բայց տակավին ոչ տնտեսական և իրավական:
Հարցը կարելի չէ վերջնականապես լուծված նկատել, քանի որ Ադրբեջան նոր հարձակումի կպատրաստվի:
Ասիկա ըսելե ետք Ա. Այվազյան մեկ-մեկ անդրադարձավ պատերազմի հեռանկարը անհավանական նկատող մոտեցումներու և հերքեց զանոնք:
Առաջինը այն համոզումն էր, թե մեծ տերությունները թույլ չեն տար նոր պատերազմի: Բացատրեց թե Անդրկովկասը այսօր մեծ տերություններե մեկուն վերահսկողության տակ չէ. և որևէ պահու անոնցմե մեկուն կրնա ձեռնտու ըլլալ պատերազմի հրահրումը:
Երկրորդ փաստարկը կհիմնվեր նավթամուղերու, գազատարերու գոյության վրա: Անոնք Ադրբեջանին համար մեծ արժեք կներկայացնեն, կանցնին Հայաստանի սահմանեն տասնյան մը կիլոմետր անդիեն: Այլ խոսքով` կրնան իյնալ հայկական կողմին հարվածներուն հսկողության սահմանին մեջ: Սակայն, հարցն այն էր, որ Ադրբեջան կծրագրեր կայծակնային պատերազմ մը, 1-2 ամիսեն իր հարցերը լուծելու մտադրությամբ. անկե ետք ի հարկին կրնան վերակառուցանել նավթամուղերն ու գազատարերը:
Պատերազմը քիչ հավանական նկատել տվող ազդակ մըն էր հայկական բանակին հզորությունը: Ատիկա ըսել կուտար, որ Ադրբեջան չի համարձակիր նոր հարձակումի: Ա. Այվազյան հանաձայն էր այդ ազդակին, բայց դիտել տվավ հետևյալը. չենք գիտեր, թե Ադրբեջան ինչ հաշվարկներով կշարժի: Իսկ համաշխարհային պատմության պատերազմներուն կեսը սխալ հաշվարկներով սկսած է:
Ռուսաստանի և Հայաստանի ռազմական դաշինքն ալ պատերազմը կանխելու շատ լուրջ ազդակ չէր կրնար նկատվիլ, քանի որ թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան ՀԱՊ-ի անդամ էին և լման մասնակցություն բերել Արցախի ազատագրության քաղաքական չափազանց բարձր գին կպարտադրեր Մոսկվային: Մանավանդ որ հայևռուս ռազմական դաշինքը առավելաբար ուղղված է Հայաստանը Թուրքիո դեմ պաշտպանելու: Արդեն կարևորը այն էր, որ Հայաստան իր ուժերով Ադրբեջանին չկարենալ հաղթելու պարագային, ռազմավարական իր արժեքը պիտի կորսնցներ հաչս թե՛ Ռուսաստանի, թե՛ մյուսներուն:
Վերջին պատահարները Ա. Այվազյանի վերլուծումն արդարացնող շատ մը տվյալներ ունեցան. Հայաստանի քաղաքական իրավիճակին առած սուր բնույթին հետ անմիջապես Ադրբեջանի ու Թուրքիո կողմե պնդումներ առաջ քշվեցան, թե ՊՔՔ-ի քուրդ զինյալներ Հյուսիսային Իրաքեն Ղարաբաղ փոխադրված են: Իսկ Հայաստանի հետընտրական ցույցերուն հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե Թուրքիո հետ կպատրաստվին հետապնդելու, հալածելու Ղարաբաղ ապաստանած քուրդ զինյալները: Իսկ քանի մը օր ետք փորձեցին աննախադեպ սաստկությամբ հարվածել Լևոնարխ գյուղը, տվին ութ զոհ և բարեբախտաբար փորձն այդքանով սահմանափակվեցավ, երբ հայկական կողմը փաստը տվավ, որ զինյալ ուժը տկարացած չէ:
Այս ենթախորքին վրա Հայաստանի ծանոթ իրադարձությունները հետևանք էին քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճանի մը: Երկիրը լուրջ մարտահրավերներու առջև էր այսօր և ելքը նոր իշխանության ներքին և արտաքին մարզերու անհետաձգելի փոփոխություններու ձեռնարկելու քաջությունը պիտի ըլլար:
Ավելի կարճ ելույթ մը ունեցավ Ֆր. Թյուալ. ավելի լավ ընկալվեցան անոր խոսքերը, քանի որ թարգմանության տևական միջամտություն չկար: Հայ ժողովուրդին նկատմամբ սիրո նախաբանե մը ետք համեմատեց Հայաստանի ու Ադրբեջանի բանակները: Չմոռացավ նշելու Գյումրիի մեջ 3200 ռուս զինվորներու ներկայությունը: Համաձայն էր Ա. Այվազյանի և ուրիշներու համոզումին, թե հայկական բանակը կարևոր ուժ կներկայացնե և Հայաստանի անկախության տարիներուն հաջողեցավ կանգուն մնալ շնորհիվ զինվորական իր ավանդության: Ըսավ, թե խորհրդային բանակին մեջ հայազգի շատ զինվորականներ կային: Ավելցուց, որ Ադրբեջան հակառակ իր տպավորիչ զորահանդեսներուն, լավ գիտե, որ Հայաստան չի կատակեր:
Անկե անդին իր մոտեցումները հակոտնյա էին Ա. Այվազյանի ունեցածներուն: Թյուալ կպնդեր, թե Ռուսաստան պիտի չընդունի Հայաստանի գոյության վտանգումը, Ղարաբաղի կարգավիճակին փոփոխությունը: Իսկ ԱՄՆ որոնք ըսավ թե մեկ միլիոն հայ քվեարկող ունին (մինչդեռ այդ թիվը կտրվի գաղութին ամբողջության համար և շատեր քվեարկող չեն տակավին), պիտի չթույլատրեն ադրբեջանական հարձակում մը, հակառակ Թուրքիո հետ իրենց բարեկամության: Իրան բարեկամ էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, իսկ Թուրքիա գիտեր թե առանց որոշ պատճառի անկախ երկրի մը վրա հարձակիլ, իր անձնասպանության հոմանիշ էր: Ինչ կվերաբերի Վրաստանի, ճիշտ էր, որ Ջավախքի հայությունը դժվար շրջան կապրի, բայց Վրաստան Հայաստանը նեղելե տարբեր հարցեր ունի:
Հայաստանի միակ լուրջ սպառնալիքն ան նկատեց ժողովրդագրականը: Անկախությամբ Սփյուռքի հայությունը չներգաղթեց, իսկ երկիրը շատ բնակիչ կորսնցուց: Եթե կացությունը չշրջվի, 25-30 տարի ետք երկիրը լուրջ հարցի դեմ հանդիման կմնա. մանավանդ` Ադրբեջանի բնակչության ավելանալու թափը:
Ա. Այվազյան համաձայն չէր, որ Հայաստանին այսօր ռազմական վտանգ չի սպառնար. համաձայն չէր նաև Ռուսաստանի ենթադրյալ նեցուկին. փաստերով ակնարկեց անցյալին. Առաջին աշխարհամարտեն ետք ոչ մեկ մեծ տերություն նեցուկ եղավ Հայաստանին, 1991-1994-ին ալ տարբեր չէր պարագան: Իսկ Բուդապեշտի մեջ հայ սպային Ադրբեջանցիի մը կողմե սպանությունը, ոճրագործին ազգային հերոսի կարգի դասվիլը, Նախիջանի խաչքարերուն քանդումը, Ադրբեջանի ղեկավար դեմքերուն հայտարարությունները, թե 25-30 տարի ետք Հայաստան չի մնար, հետո Լևոնարխի հարձակումը, ևլն. պարագաներ էին, որոնք կվկայեին ադրբեջանական տրամադրություններու:
Ֆր. Թյուալ կրկին խոսք առնելով՝ ճշտեց, թե ինք բացառելով պատերազմի հեռանկարը, նկատի ուներ մեծածավալ գործողություններ. թե ոչ, չէր ժխտեր Բաքվի հարձակունակ ախորժակները:
Հետևեցավ հարցումներու բաժին մը, որ շուտով վերածվեցավ փոքր դասախոսություններու արարի մը, Իրան-Վենեսուելա հարաբերություններեն Լ. Տեր-Պետրոսյանի դեմ կամ թեր քարոզչության, Հայ ըլլալե ամոթ կամ պատիվ զգալու վեճերով, Ղարաբաղի նոր պատերազմի մը «ով կռվելու կերթա»յի նման իսկապես փուճ և հաճախ կրքոտ արտահայտություններով:
Այնքան, որ երեկույթին ֆրանսացի միակ մասնակիցը հարկը տեսավ միաբանելու հրավեր ուղղելու լսարանին: Ապա կրկին շեշտեց Հայաստանի բնակչության թվին ծանրակշիռ հարցը որուն դարման չգտնվելու պարագային, իր կարծիքով երկիրը կենաց-մահու ճգնաժամ կրնար ապրիլ 50-70, թերևս հարյուր տարիեն:
Կացությունը և երեկույթին ըսվածները եզրափակելու բնույթ ունեին Ֆրանսահայ խորհուրդի նախագահ Ա. Գեովչյանի խոսքերը, որոնցմով փակվեցավ երեկույթը. ան ըսավ, թե անկախության առաջին հրամայականը երկրին վերակառուցումն էր, որուն օգնեց Սփյուռքը: Հիմա հարկ է մտածել ժողովրդագրական կացության բարելավումին մասին, նաև ընկերային պառակտումը դարմանելու: Մեծ պատասխանատվություն կվիճակի իշխանություններուն, որոնք պարտին ժողովուրդին ակնկալությունները նկատի առնել և ստեղծել նաև պայմաններ, որպեսզի Սփյուռքի երիտասարդությունը սկսի մտածել Հայաստան հաստատվելու մասին:

Ա. ԹՈԹՈՅԱՆ

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.