Լեզվի ժողովրդական տեսչությունը ստեղծվել է` ստանձնելու պետական տեսչության գործառույթները. Սերգո Երիցյանն այդ մասին տեղյակ էլ չէ
Աղբյուրը` Ankakh.com, 23.07.2010
Դեռևս հունիսի 2-ին` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդրանիկ համաժողովի ժամանակ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը հայտարարեց. «Քանի որ Լեզվի պետական տեսչությունը չի կատարում իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, կստեղծվի Լեզվի ժողովրդական տեսչություն, որն իր ձեռքը կվերցնի և կիրականացնի տեսչության գործառույթները…»: Այվազյանը նաև հայտնեց, որ նախ կստեղծվի առանձին հզոր կայք, որտեղ հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն կկուտակվի:
Այդ հայտարարությունից երկու ամիս էլ չի անցել և, ի զարմանս շատերի, Լեզվի ժողովրդական տեսչության կայքն արդեն գործում է (www.lezu.am)` մեր քաղաքի կենտրոնական փողոցների ցուցանակների աչք ծակող խախտումների լուսանկարներով:
Անկեղծ ասած, ինձ մի փոքր զարմանք պատճառեց ոչ միայն այդ նախաձեռնության արագ ընթացքը, այլև այն, որ «lezu» դոմեյնը մինչ այդ ազատ է եղել, և նախաձեռնության հեղինակներն այն հեշտությամբ ձեռք են բերել: Հետո էլ մտածեցի` ի՞նչ կա զարմանալու, չէ՞ որ լեզվի հարցը մեր երկրում քչերին է հետաքրքրում…
Պետք է նշել, սակայն, որ կառավարության ԱԺ ներկայացրած` «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը հայոց լեզվի պահպանման հարցը միանգամայն նոր դաշտ տեղափոխեց և ամենևին ոչ իշխանությունների օգտին: Հայ մտավորականության և ժողովրդի մի լուրջ հատված ընդվզեց դրա դեմ ամենատարբեր ձևերով և միջոցներով. դրանցից մեկն էլ դարձավ Լեզվի ժողովրդական տեսչություն ստեղծելու գաղափարը, որն այսօր արդեն իրականություն է:
Լեզվի ժողովրդական տեսչության կայքում զետեղված է նորաստեղծ տեսչության հռչակագիրը, որում նշվում է, որ Հայաստանը քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական և բարոյահոգեբանական ծանր ճգնաժամ է ապրում, սակայն հասարակությունը թմբիրային վիճակում է: Այդ վիճակը հռչակագրում բացատրվում է նախ և առաջ հայոց արժեհամակարգի խախտված չափանիշներով. «…Ոտնահարված է մեր մայրենիի` հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում` պետական համակարգում: Մինչդեռ հայերենը` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, մեր անկախության և անվտանգության հիմքերի հիմքն է՝ լեզվամտածողության ու հանրակրթության, ազգային ինքնության և արժանապատվության, ինքնաճանաչման և ինքնագնահատման ողնաշարը…»:
Այս տեսանկյունից դատելով` նախաձեռնության հեղինակները անհրաժեշտ են համարում մշտական և համակողմանի աշխատանքի իրականացումը հայոց լեզվի դերի գիտակցման և ներկա վիճակի առողջացման ուղղությամբ: «…Սույն հռչակագրով կյանքի կոչվող նախաձեռնությունը սկիզբն է ուշացած, սակայն անհրաժեշտ միջոցառումների…»,- գրված է հռչակագրում, որում ներկայացված են նաև այդ միջոցառումները.
– կկուտակվի Հայաստանում և սփյուռքահայ գաղթօջախներում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հագեցած մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսադարանով, ձայնադարանով և համապատասխան այլ նյութերով.
– անհաշտ և հետևողական պայքար կմղվի ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» օրենքի և այլ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի լեզվական պահանջների խախտումների, չարափոխումների, օտարաբանությունների դեմ` ընդհուպ մինչև դատական հայցեր հարուցելը, ինչ կոչում ու պաշտոն էլ ունենան խախտողները և ինչ հանգամանքներում էլ կատարված լինեն խախտումները.
– փորձագիտական խորությամբ կքննարկվեն ՀՀ-ում նախատեսվող և առկա օրենքների, զանգվածային լրատվամիջոցների, գերատեսչությունների և գովազդի լեզուն.
– ուշադրության կենտրոնում կլինի հանրակրթության վիճակը, ներառյալ դասագրքերի լեզուն և ոճը, ինչպես նաև պետական մարմինների գրագրության և պետական ծառայողների պաշտոնական ելույթների լեզուն։
Լեզվի ժողովրդական տեսչության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Այվազյանը կարծում է, որ սկսված պայքարը մի շարժում է, որն աստիճանաբար մեծ թափ կառնի, և հայության ակտիվ, առողջ հատվածը պայքար կմղի ոչ միայն լեզվապահպանության, այլև հանուն հայոց մշակույթի և պետականության պահպանման ու զարգացման։ «Բոլոր ոլորտները, որտեղ ոտնահարվում է հայոց լեզուն, պետք է հայտնվեն խոշորացույցի տակ,- ասում է նա,- մինչև որ պետությունը կատարի այն գործառույթները, որոնք ստանձնել է սահմանադրորեն և օրենսդրորեն»:
Լեզվի ժողովրդական տեսչությունը` իր կայքով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում կյանքի է կոչվել ք.գ.դ. Արմեն Այվազյանի, բ.գ.թ. Ավիկ Մարությանի, բ.գ.թ. Դավիթ Գյուրզադյանի և պ.գ.թ. Գևորգ Յազիճյանի և մի քանի այլ մասնագետների ջանքերի շնորհիվ: Սակայն այն խնդիրները, որոնք դրված են նորաստեղծ տեսչության առջև, հնարավոր չէ մի քանի հոգով լուծել. «Մենք ակնկալում ենք համաժողովրդական մասնակցություն այս նախաձեռնությանը,- ասում է Այվազյանը,- որպեսզի կարողանանք ողջ Հայաստանում (ներառյալ Արցախում), Ջավախքում և Սփյուռքում ուշադրությունը սևեռել հայոց լեզվի պահպանման վրա և արդյունավետորեն հակազդել լեզվի դեմ իրականացվող ոտնձգություններին»:
Կայքի ստեղծման հեղինակները նախատեսել են նաև ինտերակտիվ շփման դաշտ դարձնել այն, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ոչ միայն գրանցելու «Լեզվի մասին» օրենքի խախտման իր արձանագրած դեպքերը, այլև զետեղել իր կարծիքն ու վերլուծությունները այս կամ այն աշխարհագրական կետում և բնագավառում տիրող լեզվական վիճակի վերաբերյալ: Այլ կերպ ասած, այն պետք է լինի իսկապես ժողովրդական տեսչություն, որտեղ լեզուն կվերահսկվի յուրաքանչյուր պատասխանատու հայի կողմից` թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում:
Ի դեպ, նշենք, որ տեսչությունն ունի նաև իր խիստ ինքնօրինակ խորհրդանշանը (լոգոն)` Արգիշտի թագավորի` դարերի միջով մեզ հասած բրոնզե վահանի վրա հայերեն ԼԺՏ հապավման դաջվածքով և հավերժության նշանով, որոնք խորհրդանշում են հայրենիքի, ազգի և դրանց հիմքը հանդիսացող հայոց լեզվի պաշտպանությունն ու հաղթանակը ամեն տեսակ ոտնձգությունների դեմ:
Այս ամենի վերաբերյալ փորձեցինք լսել Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքը: Նա սկզբում սկսեց մտածել, որ իրեն բանավեճի մեջ են ներքաշում և խուսափեց մեկնաբանությունից, այնինչ հարցը շատ հստակ էր` տեղյա՞կ եք, որ այսպիսի հասարակական նախաձեռնություն կա, և ինչպե՞ս կմեկնաբանեք դրա ստեղծումը:
Նա ասաց, թե առաջին անգամ է լսում այդ տեսչության մասին, հետո հիշեց, որ մի անգամ էլ թերթերից մեկում է կարդացել, սակայն չգիտի, թե դա ինչ է և ինչով է զբաղվում: «Կա պետական տեսչություն, որի առջև հստակ պարտավորություններ են դրված, մենք էլ զբաղված ենք այդ խնդիրները լուծելով,- ասաց Երիցյանը,- սակայն լեզվի հարցերով զբաղվող հարյուր հատ հասարակական կազմակերպություն կարող է լինել: Եթե դրանք նպատակաուղղված են օգնելու պետությանը, թող օգնեն»:
Պարոն Երիցյանին տեղեկացրինք, որ նորաստեղծ տեսչությունն արդեն ունի էլեկտրոնային կայք, որտեղ, օրինակ, արձանագրվում և հանրությանն են ներկայացվում լեզվի մասին օրենքի խախտումները, մինչդեռ Լեզվի պետական տեսչությունը մինչ այժմ կայք չունի:
Տեսչության պետին այդ հիշեցումն, ըստ երևույթին դուր չեկավ.
«Ոչինչ կայքով չի որոշվում»,-ասաց նա` ավելացնելով, որ իրենք կայք էլ կունենան, ամեն ինչ էլ…
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.