«Նախագիծը նետել պատմության աղբարկղ»

Print Print Email Email

Աղբյուրը՝ «Առավոտ», 27.05.2010

Այս կարծիքին են «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցները

Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ ծավալված աժիոտաժը շարունակվում է: Օրերս այս եւ «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով հանդիպում էր կազմակերպվել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ավիկ Մարությանը, Թադեւոս Տոնոյանը, Անահիտ Հարությունյանը, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

«Մեր պետականությունն այսօր ստեպ-ստեպ հասարակությանն առաջարկում է զարմանալի քաղաքական մոտեցումներ: Ինչո՞ւ եւ ո՞ր տրամաբանությամբ պետք է ազգային լեզվին այսպիսի հարված հասցնելու հարցը բարձրանար մեր օրերում»,- հարցնում է Մ. Նավոյանը: Հակադարձելով ԿԳ նախարարի այն մտքին, թե ինտեգրվող երկիր ենք, ինչպե՞ս կարող ենք չունենալ օտարալեզու կրթությամբ դպրոց, Նավոյանը նշում է. «Աշխարհում կան շատ ինտեգրված երկրներ, որոնցում չկան նման դպրոցներ: Այդպիսի մոնիտորինգ չկա, եւ եթե լիներ, հայալեզու դպրոցի օգտին պետք է լինել: Օրինակ՝ ինչո՞ւ Մոսկվայում, որտեղ հայերը երկրորդ կամ երրորդ ազգային փոքրամասնությունն են, ոչ մի հայալեզու դպրոց չկա»: Ա. Մարությանը եւս չի հասկանում նախաձեռնության նպատակը, ըստ նրա՝ կամ մարդիկ անգործ են մնացել եւ որոշել հանդես գալ նախաձեռնությամբ, կամ էլ դա հատուկ պատվիրված է. «Բայց կառավարության նախաձեռնությունը ապացուցում է, որ նույնիսկ վերին օղակներում լեզվի դերը դեռեւս գիտակցված չէ: Լեզուն ժողովրդի գոյության հիմքն է: Լեզուն կարող է նաեւ վրեժխնդիր լինել, հայոց լեզվի հանդեպ շարունակական ոտնձգությունները կարող են ազգի ինքնության վերացմանը հանգեցնել»: Նրա խոսքով՝ նույնիսկ հանրակրթության ոլորտի պատասխանատուներն են խոստովանում, որ մեզանում կրթության ոլորտում տարիների ընթացքում անկում է տեղի ունենում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ շարունակական փորձանքները հանրակրթության ոլորտում միայն ներկայացվել են որպես բարեփոխում: Քննարկման մյուս մասնակիցները եւս գտնում էին, որ կարեւոր չեն պատկան մարմինների արդարացումները, թե այդ դպրոցներում ընդգրկվելու է սովորողների 1-2%-ը: «Թեկուզ 1 երեխա օտար կրթության համակարգում ընդգրկելու՝ թույլ տալու իրավունք մենք այսօր չունենք, որովհետեւ դա ուղղակի հարված է հայոց լեզվին եւ հայոց կրթությանը»,- ասաց Մարությանը: Նավոյանն էլ հավելեց. «Այն, որ խորհրդային տարիներին ռուսաց լեզուն Հայաստանում կաստայական ցուցիչ էր, փաստ է, այսինքն՝ օտարալեզու կրթությունը հասարակության մեջ բերում է որոշակի շերտավորումներ, ինքնության խաթարում՝ լինի 1, թե 15 դպրոցի մակարդակով, լինի 3-րդ, թե 5-րդ դասարանից: Իրողություն է՝ սովետական տարիներին մարդիկ ամաչում էին, որ հայկական կրթություն ունեին»:
Թ. Տոնոյանը խնդրում նպատակադրված չարամտություն չի տեսնում, համոզված է՝ նախաձեռնությունների աղբյուրները չեն տիրապետում իրենց գործին. «Պետք է մտածել, որ համապատասխան վայրերում պաշտոնները ոչ թե քաղաքական լինեն, այլ ամեն նախարար գոնե այդ բնագավառի մասնագետը լինի»:
Լիբանանի քաղաքացի Գ. Յազըճյանն էլ օրինակ է բերում այդ երկրի հանրակրթությունը, որտեղ ուսուցումը իրականացվում է ոչ թե սահմանադրությամբ ամրագրված պետական արաբերեն լեզվով, այլ՝ անգլերեն ու ֆրանսերեն: Նա պատմում է մի հետաքրքրական փաստի մասին: Լիբանանի 17 տարվա քաղաքացիական պատերազմի ավարտից հետո պետությունը կազմում է հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզեր պատերազմին «տոն տվող» գործոնները: Ըստ նրա, 8 գործոնից 2-ը լեզվին եւ կրթությանն էին վերաբերել. «Լեզվի հարցը այդպես էլ չկարողացան լուծել: Երբ որեւէ մեկը կամ կրթության հերթական նախարարը ձայն է բարձրացնում այդ մասին, Ամերիկան, Ֆրանսիան սկսում են դրա դեմ աշխատանք տանել: Որովհետեւ նրանք խելոք են, գիտեն՝ եթե խարխլվեցին իրենց լեզուների դիրքերը, տվյալ երկրում ու տարածաշրջանում իրենց շահերը վտանգվելու են: Եթե մեր ղեկավարները դա չեն հասկանում, նշանակում է՝ տգետ են, եթե հասկանում ու այդ քայլն անում են, նշանակում է՝ պետական դավաճան են: Սա արդեն չորրորդ չարափորձն է՝ փոխելու «Լեզվի մասին» օրենքը, չի՛ կարելի հայոց լեզվին, հայեցի կրթությանը ձեռք տալ, ով էլ լինի՝ ձեռքը պիտի կտրել»: Նա իր հետ բերել էր Հայաստանում լույս ընծայվող «Русский язык в Арменииհանդեսը, որտեղ տպագրված էր հայ հեղինակի «Моя родина -русский язык» հոդվածը: Հանդեսի համահրատարակիչներից մեկը ԿԳ նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնն է: «Այս ի՞նչ խայտառակություն է: Չի նշանակում՝ որ մամուլի ազատություն է, ուրեմն ամեն մի կեղտագիր պետք է լույս տեսնի»,- ասաց Գ. Յազըճյանը:
Լյուդվիգ Խաչատրյանի խոսքով. «Կան հարցեր, որտեղ հայրենասիրությունը 0/1 տեսքով է որոշվում, չկա 3/4 հայրենասիրություն: ԿԳ նախարարն ասում է, ինձ կոպտում, վիրավորում են, արժանապատվությունից ցածր եմ համարում պատասխանել նման անձանց: Նրա արժանապատվությունն այնքան ցածր է, որ դրանից ներքեւ չի կարող իջնել, որպեսզի պատասխանի: Խոսում ենք հայրենասիրության մասին, երբ որ մեր հարգելի նախագահը Դեր-Զորում ճառեր էր ասում, երեւի տեղյակ չի, որ Դեր- Զորի անվան հետ կապված միակ լուսավոր կետը հայության հիշողության մեջ, դա այդտեղ, ավազների վրա մայրերի՝ հայոց այբուբենը մատներով սովորեցնելն էր…»: Ինչ վերաբերում է վերջերս հեռուստաեթերում ԿԳ փոխնախարարի հայտնած կարծիքին, թե օտարալեզու դպրոցները պետք են թարգմանություններ անելու համար, պարոն Նավոյանը պատասխանում է. «Ասում է՝ ինչպե՞ս կարող է մարդը թարգմանել Գյոթե, եթե օտար լեզվամտածողություն չունի: Բարձրակարգ թարգմանություն անելու համար օտար լեզվամտածողություն է պետք… Գյոթե թարգմանելու համար պետք է մեկ կամ երկու թարգմանիչ, անհրաժեշտություն չկա, որ հանրակրթությունը դրվի օտար լեզվամտածողության վրա»: Ներկաները միակարծիք էին՝ օտարալեզու կրթություն Հայաստանում արմատավորելը ոտնձգություն է հայոց լեզվի նկատմամբ եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նրանք գտնում էին, որ այդ նախագիծը օր առաջ պետք է պատմության աղբարկղ նետել:

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.