Հարավային Օսիայի պատերազմը. դասեր Հայաստանի համար
Կարդացեք ռուսերեն
Արմեն Հարությունյան
Հարավային Օսիայում տեղի ունեցած հնգօրյա պատերազմը լուրջ դասեր տվեց առաջին հերթին ԱՊՀ այն երկրներին, որոնք Խորհրդային Միության փլուզման հետևանքով ծագած հակամարտություններ ունեն: Տվյալ աշխատանքում կվերլուծենք անցած պատերազմի միայն որոշ` Հայաստանի համար առավել կարևոր երեսակները:
1. Հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտություններից մեկի ռազմական հրահրման նախադեպ ստեղծվեց:
Հարավային Օսիայում պատերազմ սկսելով` Վրաստանը 1992 թվականին Ռուսաստանի օգնությամբ սառեցված հակամարտության ռազմական լուծման փորձի վտանգավոր նախադեպ ստեղծեց: Չնայած Հարավային Օսիայում ռուսական խաղաղապահ գումարտակի ու ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների ներկայությանը և, անրաժեշտության դեպքում, Հարավային Օսիային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ բազմաթիվ հայտարարություններին1՝ Վրաստանի ղեկավարությունը պատերազմ սանձազերծեց:
Վրաստանի ղեկավարությանը պատերազմից ետ չպահեց նաև կասպյան ավազանի ածխաջրածնային պաշարների կայուն փոխադրման հարցում Վրաստանի դաշնակից Արևմուտքի երկրների բացահայտ շահագրգռվածությունը:
Վրաստանի ղեկավարությունը վճռեց պատերազմ սկսել` հիմնվելով, մեր կարծիքով, երկու առանցքային գործոնների վրա.
- Վրաստանի արագացված ռազմականացումը հակամարտության կողմերի միջև ստեղծված ռազմական հավասարակշռության խախտման հանգեցրեց: Չորս տարվա ընթացքում Վրաստանի ռազմական բյուջեն ավելացավ շուրջ 30 անգամ` 30 մլն. դոլարից (2003թ.) հասնելով 800 մլն. դոլարի (2008թ.), իսկ սույն թվականի հուլիսին աճեց մինչև 1 միլիարդ դոլարի2: Ռազմական ծախսերի աճի տեմպերով Վրաստանը գրավեց առաջին տեղն աշխարհում:2002-2007 թթ. Պենտագոնի երկու` «Սովորեցրո՛ւ և զինի՛ր» ու «Կայունության գործողությունների ապահովում» ծրագրերի շրջանակներում ամերիկացի հրահանգիչների օգնությամբ մոտ 5 հազար վրացի զինծառայող վերապատրաստվեց: Բացի այդ, արևմտյան աղբյուրների համաձայն, վրացական զորքերի և հատուկ ծառայությունների նախապատրաստմամբ զբաղվում էին մի քանի հարյուր իսրայելացի խորհրդականներ3:
Վրաստանի՝ ԵԱՀԿ-ին ներկայացրած տվյալների համաձայն` սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծածավալ գնումների շնորհիվ 2005թ. հունվարի 1-ից մինչև 2008թ. հունվարի 1-ը վրացական բանակի տանկերի քանակն ավելացավ մոտ 2 անգամ (98-ից մինչև 183), մարտական զրահապատ մեքենաներինը (ՄԶՄ)` ավելի քան 1,5 անգամ (83-ից մինչև 134), 100 մմ-ից ավելի տրամաչափով հրետանիինը` 2.5 անգամ (96-ից մինչև 238), հարվածային ուղղաթիռներինը` 3 անգամ (3-ից մինչև 9), մարտական ինքնաթիռներինը` 2 հատով (7-ից մինչև 9)4: Ի հետևանք` Վրաստանը հաջողեց կարճ ժամանակահատվածում` ընդամենը չորս տարում, օտարերկրա հրահանգիչների և ֆինանսական մեծ օգնության շնորհիվ 30,000-անոց լավ պատրաստված ու տեխնիկապես հագեցած պայմանագրային բանակ ստեղծել:
Նույն ժամանակ Հարավային Օսիան ստեղծված իրավիճակին համարժեք միջոցներ չձեռնարկեց իր ռազմական ներուժը մեծացնելու ուղղությամբ: Հակառակորդի նկատմամբ ձեռք բերված ռազմական առավելությունը Սահակաշվիլիին հիմք տվեց հույս դնել կայծակնային պատերազմով (բլիցկրիգ) Հարավային Օսիան արագ կերպով (2-3 օրում) գրավելու հաջողության վրա:
- Սահակաշվիլիի վարչակարգը ենթադրում էր, որ պատերազմ սանձազերծելով և Հարավային Օսիան արագորեն գրավելով` կստանա Արևմուտքի և առաջին հերթին` ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունը, ինչը Ռուսաստանին ետ կպահի ուղղակի ռազմական միջամտությունից: Նման վստահությունը հիմնված էր այն իրողության վրա, որ ԱՄՆ-ը վերջին վեց տարիների ընթացքում ոչ միայն ամեն կերպ նպաստում էր Վրաստանի ռազմականացմանը` ռազմական տեխնիկա մատակարարելով5 և վրացական զորքերը վարժեցնելով բազմաթիվ խորհրդականների օգնությամբ, այլև վրացական բանակին անմիջականորեն նախապատրաստում էր Հարավային Օսիայի գրավման «Մաքուր դաշտ» ռազմական գործողությանը6: Հենց Ռուսաստանի հավանական պատասխանի արագագործության (օպերատիվության) և տարողության (մասշտաբի) թերագնահատմամբ կարելի է բացատրել ռուսական զորքերի հավանական հակահարձակման հետմղման համար Վրաստանի տարածքում պաշտպանական կառույցների բացակայության փաստը:
Սահակաշվիլիի գործողությունները, ինչպես նաև պատմությունից բազմաթիվ այլ օրինակներ մատնանշում են, որ առանձին ղեկավարներ իրենց հավակնությունները բավարարելու համար, քաղաքական իրողություններն անտեսելով կարող են պատերազմներ սկսել հակառակ առողջ դատողության,:
Հետևաբար, հայ քաղաքական գործիչները Ադրբեջանի հետ նոր պատերազմի հավանականությունը գնահատելիս պետք է առաջնորդվեն գործողությունների զարգացման վատագույն սցենարով, այլ ոչ թե հիմնվեն իրողության լավատեսական ընկալման վրա` նպաստելով հայ հասարակության զգոնության թուլացման:
2. Հարավային Օսիայի դեմ Վրաստանի նախահարձակումը համաշխարհային հանրության պատշաճ դատապարտման չարժանացավ։
Արևմուտքի առաջատար երկրներն ու միջազգային հեղինակավոր կառույցները պատշաճ կերպով չդատապարտեցին Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ռազմական նախահարձակումը, ինչպես նաև վրացական բանակի կողմից խաղաղ բնակչության մեծաթիվ սպանությունները7:
Պատերազմի ընթացքում՝ օգոստոսի 8-ին և 9-ին, Հարավային Օսիայի իրադրության վերաբերյալ երկու անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այնուամենայնիվ, խորհուրդը չդատապարտեց վրաց-օսական հակամարտության գոտում ուժի կիրառումը, այլ միայն անհանգստություն հայտնեց Հարավային Օսիայում լարվածության աճի կապակցությամբ:
Հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունեց թիվ 1633 բանաձևը Վրաստանի իրադրության վերաբերյալ: Այդ բանաձևը ևս չդրեց պատերազմի սանձազերծման համար Վրաստանի իշխանությունների պատասխանատվության հարցը, այլ միայն նշեց երկու կողմերի ռազմական ուժի կիրառման անհամաչափությունը, միաժամանակ Ռուսաստանից պահանջելով չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:
Այստեղ ավելորդ չէ հիշեցնել ԵԽԽՎ նախագահ Ռընե վան դեր Լինդենի` 2006թ. ապրիլին արած հայտարարությունը Արցախյան հակամարտության կապակցությամբ. «Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծել փորձող երկիրը կհեռացվի Եվրոպայի խորհրդից»8: Ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանն ու Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամներ են, հետևաբար կարելի էր ակնկալել, որ ԵԽԽՎ-ն սկզբունքային քայլեր կձեռնարկի այդ կազմակերպությունից հեռացնելու համար Վրաստանին` որպես պատերազմը սանձազերծած երկիր: Սակայն դա տեղի չունեցավ, և քննադատության ենթարկվեց պատերազմն ու խաղաղ բնակչության ոչնչացումը դադարեցրած Ռուսաստանը: Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսն եղավ եվրոպական երկրների ղեկավարներից միակը, ով պատերազմը սանձազերծելու համար ուղղակիորեն մեղադրեց Վրաստանին9: Դատապարտելու փոխարեն` Արևմուտքը շարունակեց եռանդուն կերպով աջակցել Սահակաշվիլիի վարչակարգին նաև պատերազմից հետո.
· ՆԱՏՕ-ի արտահերթ վեհաժողով անցկացվեց Վրաստանում, որով դաշինքի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց վեհաժողովի գումարումը դաշինքի անդամ չեղող մի երկրի տարածքում:
· Վրաստանին մեծածավալ ֆինանսական օգնություն տրամադրելու որոշումներ կայացվեցին:
· ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարեցին, որ աջակցելու են Վրաստանին՝ նրա զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու հարցում:
Այս փաստերը հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքակիրթ Արևմուտքն իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե միջազգային իրավունքով ու բարոյական նորմերով, այլ բացառապես սեփական աշխարհաքաղաքական շահերով: Հետևաբար, Արևմուտքը չի կարող հանդես գալ որպես գոյություն ունեցող հակամարտությունների լուծման անաչառ միջնորդ և որպես խաղաղ պայմանավորվածությունների վստահելի երաշխավոր:
3. Հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ ուժերը ռազմական գործողությունները չվերսկսելու վստահելի երաշխիք չեն կարող լինել։
Ռազմական գործողություններին վերջ դնելու մասին 1992թ. հունիսի 24-ին նախագահներ Էդուարդ Շևարդնաձեի և Բորիս Ելցինի ստորագրած Դագոմիսյան համաձայնությունների համապատասխան` 1992թ. հուլիսի 14-ին երեք գումարտակից կազմված (ռուսական, վրացական և օսական) խաղաղապահ ուժեր հակամարտության գոտի մտցվեցին: Նույնիսկ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ գումարտակի (մոտ 500 զինծառայող) ներկայությունը – որը վերջին տարիներին բազմիցս վճռականություն էր ցուցաբերել Դագոմիսյան համաձայնություններով ամրագրված պայմանավորվածությունները պահպանելու հարցում-, վրացական ղեկավարությանը հետ չպահեց ռազմական նախահարձակումից:
Ավելին, ռուսաստանցի խաղաղապահները, փոքրաթիվ լինելու պատճառով, հենց իրենք վրացական զորքերի հարձակման թիրախ դարձան և կորուստներ կրեցին. 15 խաղաղապահ զոհվեց 10:
Պատկերն ամբողջացնելու համար պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ԵԱՀԿ բոլոր ներկայացուցիչները պատերազմն սկսելուց մի քանի ժամ առաջ լքեցին Հարավային Օսիան, ամենայն հավանականությամբ վրացական կողմից տեղեկացված լինելով սպասվող նախահարձակման մասին: Ընդ որում` նրանք նույնիսկ չփորձեցին խոչընդոտել պատերազմի սանձազերծումը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով համաշխարհային հանրությանը: Նրանք չզգուշացրին նաև Հարավային Օսիայի ղեկավարությանը սպասվող պատերազմի մասին, որով կարող էին բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքը փրկել
11: Այս և ոչ վաղ պատմության նմանատիպ այլ փաստեր, ինչպես, օրինակ, 1995թ. Սրեբրենիցայում (Բոսնիա-Հերցեգովինա) հոլանդական գումարտակի կամ 1995թ. Սերբական Կրայինայում ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի հանցավոր անգործությունը, ցույց են տալիս խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում խաղաղապահ ուժերի անկարողությունը:
Խաղաղապահ ուժերի անարդյունավետությունը պետք է հաշվի առնեն այն հայ քաղաքական գործիչները, ովքեր քննարկում են Արցախյան հակամարտության կարգավորման փաթեթն ընդունելու հավանականությունը, որը ենթադրում է ազատագրված տարածքի ամբողջ կամ մասնակի հանձնում Ադրբեջանին` խաղաղության պայմանագիր կնքելու, հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու և հետաձգված հանրաքվե անցկացնելու փոխարեն:
4. Ցխինվալի առջև թափարգելային (բուֆերային) գոտու բացակայությունը և հաղորդակցության ուղիների խոցելիությունը Հարավային Օսիայի պաշտպանական համակարգի արագ ջախջախման և նրա մայրաքաղաքի գրավման հանգեցրին:
Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Օսիայի դիրքը պաշտպանության կազմակերպման տեսակետից չափազանց խոցելի էր:
Նախ և առաջ, Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը գտնվում է Վրաստանի սահմանից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Բացի այդ, հյուսիսից և արևելքից նրան շրջապատում են իշխող բարձունքներ զբաղեցնող վրացական կղզյակային (անկլավային) գյուղեր: Հետևաբար, Ցխինվալը գտնվում էր վրացական հրետանու հասանելիության գոտում: Բացի այդ, Ցխինվալի առջև թափարգելային գոտու բացակայությունը չէր ապահովում պաշտպանական այն խորությունը, որ անրաժեշտ էր մայրաքաղաքի և հանրապետության հարավային շրջանների բազմաստիճան (էշելոնացված) պաշտպանության համակարգ ստեղծելու համար:
Երկրորդ, Ցխինվալը, ինչպես նաև Հարավային Օսիայի չորս շրջաններից երեքը Ջավայի շրջանի – որտեղ տեղակայված էր օսական զինված ուժերի հիմնական մասը՝ ծանր ռազմական տեխնիկայով, և այնուհետև Ռուսաստանի Դաշնության հետ կապվում են ընդամենը մեկ` Զարի ավտոմոբիլային ճանապարհով, որն ավարտվում է նեղ, վեց կիլոմետրանոց Ռոկի թունելով: Բացի այդ, Զարի ճանապարհի հարավային հատվածն անցնում էր այսպես կոչված Լիախվի միջանցքի վրացական կղզյակային գյուղերի կողքով և այդ պատճառով էլ գտնվում էր գնդակոծության տակ:
Մարտավարական հանկարծակիությունն ապահովելու համար, վրացական բանակը պատերազմն սկսեց գիշերը` կրակային հուժկու հարված հասցնելով Ցխինվալի շուրջ գտնվող օսական հենակետերին և անմիջական կերպով՝ մայրաքաղաքին12, որից հետո վրացական բանակի` զրահատեխնիկայով ուժեղացված հարվածային խմբավորումն արագորեն ճեղքեց օսերի թույլ պաշտպանությունը և մի քանի ժամվա ընթացքում մտավ Ցխինվալ:
Փաստորեն, Ցխինվալի հարավային` ներխուժման համար ամենահարմար մատույցների առջև թափարգելային գոտու բացակայությունը հանգեցրեց մայրաքաղաքի արագ գրավմանը` Հարավային Օսիայի ղեկավարությանը ժամանակ չթողնելով զորքը և ծանր տեխնիկան Ջավայի ամրացված շրջանից Ցխինվալ տեղափոխելու և պահեստազորայինների զորահավաք իրականացնելու համար: Ցխինվալը կորցնելուց հետո պատերազմի արդյունքը և, հնարավոր է, Հարավային Օսիայի պետականության պահպանումը կախման մեջ ընկավ հանրապետությունը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհի նկատմամբ վերահսկողության պահպանումից: Ակնհայտ է, որ եթե չլինեին Ռուսասատանի վճռական գործողությունները, որոնց հետևանքով պատերազմն սկսելուց արդեն 17 ժամ անց ռուսական զորքերի առաջավոր խումբը մտավ Ցխինվալ, ապա վրացական զորքերին կհաջողվեր, օգտագործելով ուժերի և միջոցների իրենց բազմապատիկ առավելությունը, գրավել միակ ավտոճանապարհը և Ռոկի թունել դուրս գալ:
Այդ սցենարի դեպքում, հաշվի առնելով վրացական զորքերի գործողությունների բնույթը, օսական կողմի կորուստների չափն զգալիորեն կմեծանար, իսկ Հարավային Օսիայի ազատագրումը Ռուսաստանի համար չափազանց բարդ խնդիր կդառնար: Իրադարձությունների նման զարգացման դեպքում ռուսական բանակը պետք է իրականացներ ավելի խոշոր ռազմական գործողություն` ներխուժել Վրաստան մեկ կամ մի քանի ուղղություններով (Աբխազիայով, Վերին Լարսով (Ռազմա-վիրական ճանապարհով) կամ Վրաստանի ծովափ դեսանտ իջեցնելու միջոցով) և մարտերով առաջ ընթանալ դեպի Հարավային Օսիա: Նման գործողության իրականացումը կտրուկ կմեծացներ երկու կողմերի կորուստների քանակը և Արևմուտքի ավելի կոշտ հակազդեցությունն առաջ կբերեր անխուսափելիորեն:
Այսօր դժվար է միանշանակ ասել` արդյո՞ք Ռուսաստանը մինչև վերջ կհասցներ նման գործողությունը` հաշվի չառնելով կորուստներն ու Արևմուտքի ճնշումը, թե՞ ստիպված կլիներ դադարեցնել դա և համաձայնել բանակցությունների նստել:
Անվտանգության և պաշտպանության տեսակետից խոցելի շրջանի՝ անվտանգության երաշխիք հանդիսացող երկրի հետ կապող կայուն հաղորդակցության ուղիների նշանակության մասին Հարավային Օսիայի պատերազմի այս դասը պետք է լավ յուրացվի Հայաստանում: Ինչպես արդեն ասվել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկվող Արցախյան հակամարտության կարգավորման ծրագիրը ենթադրում է բոլոր ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին` բացառությամբ Լաչինի միջանցքի` հետաձգված հանրաքվե անցկացնելու և հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր տեղակայելու փոխարեն:
Կարգավորման այս ծրագիրը ենթադրաբար իրագործվելու դեպքում Արցախի պաշտպանության համակարգի խոցելիությունը կհասնի վտանգավոր (կրիտիկական) մակարդակի. Արցախը կհայտնվի ավելի խոցելի իրադրության մեջ, քան Հարավային Օսիան՝ մինչև օգոստոսյան պատերազմը: Այս եզրակացությունը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.
· Առանց ստանալու իր անկախության միջազգային ճանաչումը, ԼՂՀ-ն զրկվում է անվտանգության գոտուց, որը թույլ է տվել պաշտպանության բազմաստիճան համակարգ ստեղծել:
· Էապես մեծանում է Ադրբեջանի հետ ԼՂՀ սահմանների երկարությունը:
· Ստեփանակերտը և ԼՂՀ շրջանային կենտրոնները հայտնվում են Ադրբեջանի հրետանային համակարգերի մեծամասնության հասանելիության գոտում:
· ԼՂՀ-ն արտաքին աշխարհի հետ կապվում է Լաչինի խոցելի միջանցքով անցնող միակ ավտոճանապարհով` ներկայի չորսի փոխարեն:
Որևէ մեկը չի կարող բացառել, թե Ադրբեջանը կարող է իր համար հարմար պահին վճռել ռազմական ճանապարհով Արցախը գրավել։ Այդ դեպքում, գրեթե 100,000-անոց ադրբեջանական բանակը – որի ռազմական ներուժը 2-3 անգամ գերազանցում է վրացական բանակի ներուժին՝ օգոստոսյան պատերազմի սկսման պահին-, ի վիճակի կլինի գրավել կամ արգելափակել Լաչինի միջանցքը նույնիսկ խաղաղապահների հնարավոր հակազդեցության պարագայում: Նման պարագային, հայկական բանակի հակընդդեմ ճակատային հարվածներով Լաչինի միջանցքի ազատագրումը կդառնա ծայրահեղ բարդ, գրեթե անիրականանալի խնդիր` հաշվի առնելով թշնամու ռազմական ներուժը և Լաչինի շրջանի` պաշտպանության համար նպաստավոր մակերևույթը: Իսկ ԼՂՀ-ի երկարատև պահպանումն առանց ՀՀ-ի հետ ցամաքային կապի՝ գրեթե անհնար է:
Ռուսական զորքերի միջոցով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ ևս առանձնապես հույսեր կապել պետք չէ: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը համապատասխան քաղաքական որոշում նույնիսկ ընդունի, ապա ո’չ այժմ, ո’չ էլ տեսանելի ապագայում Ռուսաստանը Հայաստանում չունի և չի ունենա զորքերի այնպիսի խմբավորում, որը կկարողանա Լաչինի միջանցքն արագ ապաշրջափակել և Ադրբեջանին խաղաղության հարկադրել: Ռուսաստանի՝ Ադրբեջանին խաղաղություն հարկադրելու այլ տարբերակները, ինչպես Դաղստանով կամ Կասպյան ծովափով ներխուժումը, քաղաքական մեծ ռիսկեր են պարունակում, ուստի քիչ հավանական են:
Հետևաբար, Արցախյան հակամարտության կարգավորման համար ներկայացվող ծրագրի իրագործումն անթույլատրելի է, քանի որ, համարժեք փոխհատուցում չապահովելով, դա ԼՂՀ պաշտպանության համակարգը զրկում է հիմնական բաղադրիչներից` անվտանգության գոտուց և Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների կայուն համակարգից:
Քննարկվող թեմայի համաշարադրանքում օգտակար կլինի հիշել Գարեգին Նժդեհի իմաստուն միտքը. «Պայմանագրերը գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան գոյություն ունեն նրանց ծնունդ տվող պայմանները»13:
5. Հարավային Օսիան պատրաստ չգտնվեց պատերազմին։
Ինչպես ցույց տվեցին օգոստոսյան իրադարձությունները, չնայած Վրաստանի` մոտ չորս տարի շարունակվող ռազմականացմանը և ռազմական նախահարձակման վտանգի անընդհատ սաստկացմանը, Հարավային Օսիան պատերազմին պատրաստ չգտնվեց: Չճանաչված հանրապետությունը սեփական զինված ուժերի մարտական հնարավորությունների մեծացման և պաշտպանական սահմանագծերի ամրապնդման ուղղությամբ քիչ թե շատ շոշափելի միջոցներ չձեռնարկեց: Հանուն արդարության պետք է նշել, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը նույնպես թերագնահատեց վրացական բանակի կտրուկ մեծացած մարտական հնարավորությունները:
Անկախ փորձագետների տվյալների համաձայն` Հարավային Օսիայի ռազմական ուժերի թվաքանակը կազմում էր մոտ 3000 զինծառայող: Սպառազինության մեջ առկա էր 87 տանկ, 95 թնդանոթ և ականանետ, 180 ՄԶՄ14: Հարավային Օսիայի ռազմական ղեկավարության գլխավոր սխալն այն է, որ չնայած օգոստոսի սկզբին հակամարտության գոտում լարվածության ավելացմանն ու վրացական կողմի՝ Գորիի շրջանում զրահատեխնիկայի և հրետանու կենտրոնացմանը, Ջավայի շրջանից ռազմական տեխնիկա Ցխինվալ չտեղափոխեց և պահեստայինների զորահավաք չանցկացրեց:
Ըստ երևույթին` չճանաչված հանրապետության ղեկավարությունը գերագնահատեց որպես ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխավորի Ռուսաստանի գործոնը, և, մյուս կողմից, թերագնահատեց վրացական ղեկավարության` ռազմական արկածախնդրության ունակ լինելու հանգամանքը: Հարավային Օսիան հաջողեց իր ինքնիշխանությունը պահպանել և ավելի մեծ կորուստներից խուսափել միայն Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալու, պատերազմի մեջ նրա արագ մտնելու և ռուսական զորքերի վճռական գործողությունների շնորհիվ, ինչը կանխորոշեց պատերազմի արդյունքը:
Նկատի ունենալով Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի առկայությունը, ՀՀ ղեկավարությունը պետք է անպայմանորեն հաշվի առնի հանկարծակիի եկած Հարավային Օսիայի ողբերգական փորձը: Ի տարբերություն Հարավային Օսիայի` ԼՂՀ անվտանգության ապահովման հարցում ՀՀ-ն կարող է հենվել միայն սեփական ուժերի վրա: Հաշվի առնելով, թե որևէ մեկը չի կարող Ադրբեջանի՝ նոր պատերազմ չսանձազերծելը երաշխավորել, ՀՀ ղեկավարությունը ոչ միայն պետք չէ կորցնի զգոնությունը, այլև պետք է համարժեք միջոցներ ձեռնարկի հակառակորդի՝ զգալի ռազմական առավելության հասնելը թույլ չտալու համար:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի՝ ծանր ռազմական տեխնիկայի լայնածավալ գնումները հանգեցնում են Արցախյան հակամարտության կողմերի միջև նախկինում ստեղծված ռազմական հավասարակշռության խախտման: Չի կարելի անտեսել այն փաստը, որ թափ առնող ռազմականացման հետևանքով, Ադրբեջանի ռազմական ուժերը հայկական զինուժի համեմատությամբ այս պահին արդեն ունեն.
· Ճնշող, գրեթե հնգապատիկ առավելություն ռազմական ինքնաթիռների քանակով (առնվազն 76 ինքնաթիռ15` Հայաստանի ՌՕՈՒ-ի 16 ինքնաթիռի դիմաց): Պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ Ադրբեջանի ՌՕՈՒ-ն ունի բավականին հավասարակշռված կառուցվածք՝ կազմված լինելով 3 հիմնական բաղադրիչներից` կործանիչ, գրոհային և ռմբակոծիչ ավիացիայից, մինչդեռ Հայաստանի ՌՕՈՒ-ի 16 ինքնաթիռներից 15-ը գրոհայիններ են:
· Զգալի առավելություն տանկերի և ՄԶՄ-ների քանակով. 579 տանկ և 1174 ՄԶՄ16, որոնց դեմ ՀՀ-ն17 և ԼՂՀ-ն միասին վերցրած ունեն 426 տանկ և 464 ՄԶՄ:
· Զգալի առավելություն հրետանային համակարգերի, հատկապես դրանց հեռահար տեսակների քանակով. 788-ի18 դիմաց 561 համակարգ՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասին վերցրած:
Կարելի է հասկանալ ՀՀ ղեկավարության՝ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքից հնարավորինս խուսափելու մտահոգությունը: Սակայն, մյուս կողմից, չի կարելի թույլ տալ, որ ռազմական հավասարակշռության խախտումը հասնի վտանգավոր մակարդակի, առավել ևս, որ չափազանց խախտված ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար կպահանջվեն ոչ միայն ֆինանսական միջոցներ (որոնք ցանկության դեպքում հնարավոր կլինի գտնել կամ պարտքով վերցնել), այլ նաև ժամանակ, որը ևս շատ կարևոր գործոն է: Օրինակ, Հայաստանում սեփական կործանիչ ավիացիա ստեղծելու մասին քաղաքական որոշում ընդունելու պահից մինչև դրա իրականացումը կպահանջվի մի քանի տարի, որն անհրաժեշտ է օդաչուական և սպասարկող անձնակազմ պատրաստելու համար: Իսկ հակառակորդը այդ ժամանակը կարող է չտրամադրել։
Ակնհայտ է, որ ռազմական հավասարակշռության խախտումն իր հերթին բերում է բանակցությունների գործընթացում Ադրբեջանի պահանջների կոշտացման, ինչպես նաև նրան հրահրում է Արցախի համար նոր պատերազմի` իրեն հարմար քաղաքական պահին:
Եզրակացնելով՝ նշենք, որ Հարավային Օսիայի պատերազմը աշխարհի ու հատկապես մեր տարածաշրջանի պետությունների ուժերի և ազդեցության ոլորտների վերադասավորման նոր գործընթացի սկիզբ է նշանավորում: Այս գործընթացի զարգացումը կարող է կրկին հանգեցնել շահերի բախման և նոր ցնցումներ հրահրել տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում: Նոր մարտահրավերների պայմաններում ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունները պետք է դասեր քաղեն ուրիշների սխալներից, որպեսզի պատրաստ լինեն Արցախի շուրջ դեպքերի զարգացման որևէ, այդ թվում նաև ամենաանբարենպաստ սցենարի` երբեք չմոռանալով «Si vis pacem, para bellum» («Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի») սկզբունքը:
Նոյեմբեր 2008թ.
—————-
- МИД РФ: Россия окажет помощь Абхазии и Южной Осетии военными методами; http://www.regnum.ru/news/992726.html ↩
- Павел Фельгенгауэр, “С чем Грузия подошла к войне?”; http://www.novayagazeta.ru/data/2008/58/09.html ↩
- Доклад Шведского государственного института оборонных исследований (FOI);
http://www.foi.se/FOI/Templates/NewsPage____7262.aspx ↩ - Петр Глебов, “Готовились к блицкригу”; http://www.vpk-news.ru/article.asp?pr_sign=archive.2008.257.articles.army_02 ↩
- Виталий Денисов, “Кто вооружал Грузию?”, газета “Краcная Звезда” от 11.08.2008г.; http://www.redstar.ru/2008/08/11_08/3_04.html ↩
- “Америка готовила Грузию к войне”; http://www.novoemnenie.ru/lenta/1875.html ↩
- http://news.bbc.co.uk/hi/russian/international/newsid_7696000/7696146.stm ↩
- http://www.day.az/print/news/politics/46207.html ↩
- http://www.rusrep.ru/news/2008/09/08/gruz/ ↩
- Անվտանգության բնագավառում համագործակցությանը նվիրված ֆորումի լիագումար նիստում ռազմական անվտանգության և սպառազինությունների հսկողության հարցերով բանակցություններում Ռուսաստանի Դաշնության ղեկավար Մ. Ի. Ուլյանովի ելույթից, Վիեննա, 17 սեպտեմբերի 2008թ. http://www.mid.ru/brp_4.nsf/sps/3E52FF15ABEB5A08C32574C90026E89B ↩
- http://osinform.ru/dijest/8020-jeduard-kokojjty-prinjal-verkhovnogo.html ↩
- Արևմտյան դիտորդների տվյալներով՝ Հարավային Օսիայի շրջանում գործում էր 27 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) սարք. Տե՛ս “Кавказ: хроника одной трагедии”, журнал “Шпигель”; http://www.inosmi.ru/translation/244161.html ↩
- “Открытые письма армянской интеллигенции”, Ереван, 1992, стр. 2. ↩
- А. Цыганок, “Рычаги сил государств Большого Кавказа”; www.polit.ru/analytics/2007/01/03/kavkaz.html ↩
- Ադրբեջանը 1998 թվականին հայտարարեց իր մօտ 48 մարտական ինքնաթիռների աոկայության մասին: Հետագաըում, ըստ ավանդական սպառազինությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ցուցակի, նա ձեռք է բերել Վրաստանից՝ 6 Су-25 (2002 թ.), 7 Су-25 (2005թ,) և Ուկրանիայից 14 МиГ-29 (2005-2006 թթ.) մակնիշի ռազմական ինքնաթիռներ; http://disarmament.un.org/UN_REGISTER.nsf ↩
- http://newsarmenia.ru/arm1/20081011/41964216.html ↩
- ՀՀ-ի ունեցած ռազմական տեխնիկայի քանակի հաշվարկման համար օգտագործվել են ավանդական սպառազինությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ցուցակի տվյալները; http://disarmament.un.org/UN_REGISTER.nsf, իսկ ԼՂՀ-ի պարագային` 1997 թվականին Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ին ներկայացրած տվյալները։ ↩
- http://newsarmenia.ru/arm1/20081011/41964216.html ↩
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.