Ի՞նչ են փորձում կառուցել Արաքսի ափին` ջրամբա՞ր, թե՞…

Print Print Email Email

(հայ-թուրքական «կինո-դիվանագիտության» սկզբնավորումը)

Երեքշաբթի, նոյեմբերի 17-ի ժամը 18-ին, Երեւանի «Մոսկվայի տան» սրահում կայացավ հայ-թուրքական անգո բարեկամության ուղեղալվացքի հերթական միջոցառումը` «Արաքսի ափին» խորագիրը կրող ֆիլմի առաջնացուցադրումը (պրեմիերան)։
Հետաքրքրական է, որ ցուցադրությունը թեև բաց էր բոլորի առաջ, սակայն կազմակերպիչները հայտարարել էին, թե հարկավոր է նախօրոք գրանցվել` ներկա լինելու համար։ Թե ինչո՞ւ էին նրանք այս զգուշությանը դիմել, այդպես էլ պարզ չդարձավ միջոցառման ժամանակ, քանի որ շուրջ 300 հոգի ընդունելու կարողություն ունեցող սրահի ոչ բոլոր աթոռներն էին զբաղված։ Ինչևէ։

Հայտարարվածից հինգ րոպե ուշացումով հարթակ բարձրացան 5 հոգի` մի աղջիկ և 4 տղամարդ։ Դրանցից մեկն էր ձեռնարկի բացման խոսքով հանդես եկած Արամ Նավասարդյանը, որը ներկայացավ իբրև այս նախաձեռնությունն իրագործած «Մարկետինգի հայկական ասոցիացիա»-յի (անվան երեք անուններից միայն մեկն է հայերեն` երևի «հայկական» բառը օտար լեզվով արտահայտելն անհնար լինելու պատճառով) նախագահ։ Սույն պարոնը ներկայացրեց ֆիլմի գաղափարի պատմությունը։ Պարզվում է, որ այն ծնվել է 2008թ. փետրվարին (ուշադրություն դարձնել, որ հենց այդ ամսին տեղի ունեցան ՀՀ նախագահական հերթական ընտրությունները, որոնց հաջորդեց հայ-թուրքկան հակամարտության հարցում ՀՀ կապիտուլյանտական քաղաքականությունը): Ըստ Նավասարդյանի, այս գաղափարն իրագործելու համար հարկավոր էր թուրքական կողմից գործակիցներ ճարել, ինչը և իրենք շուտով գտել են «Թուրք-հայկական գործարարության զարգացման կենտրոնի» մեջ` ի դեմս վերջինիս նախագահ Սերդար Դինլերի, որը, պարզվեց, թե հարթակում նստողներից մեկն է։Նավասարդյան-Դինլեր զույգը համատեղ ծրագիր են կազմում և ներկայացնում ՀՀում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանություններին, որոնք էլ նույն տարվա հունիսին ոչ միայն դրական պատասխան են տալիս, այլև ֆինանսավորում ողջ ծրագիրը։ Այս փաստը պր Նավասարդյանը չէր կարող սովորական խոսքերով ներկայացնել, ուստի առատաձեռն «Ընքըլ Սեմին» դիմեց, իր իսկ բառերով` «առանձնահատուկ» շնորհակալական ջերմ խոսքերով։Շնորհակալանքի խոսքերի շարքում բաժին հասավ նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանային գոտում նկարահանումների թույլտվություն տալու համար։ Նավասարդյանը հայտնեց, թե ֆիլմը «մի փորձ է ներկայացնելու Արաքսի երկու ափերում ապրող ժողովուրդների կենցաղը, միմյանց նկատմամբ մոտեցումներն ու ակնկալիքները»։
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀում ԱՄՆ դեսպանության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու պր Թոմասը (ում ազգանունն այնքան արագ հնչեցվեց, որ չհասցրեցինք իմանալ)։ Նրա խոսքերը թարգմանում էր հարթակում նստած կանացի կերպարը, որի թարգմանության որակը բավականին ցածր էր (օրինակ` ՀՀ և Թուրքիայի «ժողովուրդները» նա թարգմանեց «համայնքների»)։ Ամերիկացի պաշտոնյան խոսեց հայ և թուրք ժողովուրդների` իրար ճանաչելու անհրաժեշտության մասին, ֆիլմը որակելով իբրև այդ ուղղությամբ ստեղծված «հնարավորություն»։Նա հույս հայտնեց, որ ֆիլմը դիտելով ներկաները «բավականություն» կստանան։
Ապա խոսքը տրվեց Սերդար Դինլերին, որը ելույթ ունեցավ նույնպես անգլերենով` հայ կանացի կերպարի համաժամանակյա թարգմանությամբ։ Սա ևս շնորհակալություններ հայտնեց ֆիլմի իրագործմանը մասնակցած բոլորին, մասնավորապես նշելով Արամ Նավասարդյանի ու ԱՄՆ երկու դեսպանությունների անունները։ Դինլերը ևս հույս հայտնեց, որ «այս ֆիլմը կվայելենք»։ Իր խոսքում նա դրվատեց «գլոբալիզացիայի» մարմնացում եղող այս ֆիլմը, նշելով, թե դա պատմում է ՀՀ և Թուրքիայի մասին, հովանավորել է ԱՄՆը, իսկ առաջնացուցադրումը կատարվում է Մոսկվայի տանը։ Այսպիսով, թուրք «գործընկերը» չթաքցրեց, որ ֆիլմը ծառայում է ոչ միայն հայ և թուրք հասարակությունների, այլև ցյուրիխյան գործարքը հովանավորած մեծ պետությունների շահերին։ Ըստ երևույթին հաճոյանալու համար լսարանին, նա մտահոգություն հայտնեց, որ երևի չկարողանան Անկարայում ֆիլմի առաջնացուցադրության ժամանակ ապահովել այնքան ներկաներ, ինչպիսին երևանյան սրահում էր։ Նա բոլոր ներկաներին հրավիրեց Անկարայում ներկա լինելու այդ միջոցառումին։
Այնուհետև չափազանց հակիրճ, ընդամենը 1 րոպե ելույթ ունեցավ հարթակում նստած հինգերորդ անձը` ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր, ռադիոլրագրության բնագավառում տասնամյակների փորձառություն ունեցող Գևորգ Նազարյանը։ Սա հայտնեց, թե «մեծ հաճույք և երջանկություն է ապրել»՝ տեսնելով Արաքսի մյուս ափին գտնվող մեր հուշարձանները` «ոմանք կանգուն, ուրիշներ` ավերված կամ կիսավեր»։
Այնուհետև լույսերն անջատվեցին և սկսվեց «Արաքսի ափին» ֆիլմի առաջնացուցադրումը։ Ակնբախ էր հենց սկզբում լայն էկրանի վրա երևացող գրությունը, թե ֆիլմն իրականացվել է «ԱՄՆ դեսպանությունների հովանավորությամբ»։
Անմիջապես հայտնենք, թե ֆիլմի սցենարը բավականին պարզունակ (պրիմիտիվ) է, նույնիսկ` ծիծաղելի։ Պատմությունը հետևյալն է. Անկարայում գտնվող թուրքական մի ընկերության չափազանց երիտասարդ (ամեն դեպքում` 30ից ոչ ավել տարիք ունեցող) երկու աշխատակցի խելքին փչել է Արաքսի վրա … ջրամբար կառուցել (լավ է, որ տիեզերակայան կամ գոնե օդանավակայան չեն երազել…)։ Եվ ո՞ւմ են դիմում իրագործելու համար իրենց նախագիծը. Թուրքիայի և ՀՀ արտաքին գործերի կամ էներգետիկայի նախարարությունների՞ն, սահմանապահ զորքերի ղեկավարությունների՞ն, ի վերջո` պետական մարմինների՞։ Ո՛չ։ Պարզվում է, որ հարկավոր է դիմել … Երևանում համանման նախագծային մի գրասենյակի ղեկավարությանը։ Վերջինս բանակցության համար լիազորում է իր աշխատակցուհիներից ոմն Թամարի։ Սա սկսում է էլեկտրոնային նամակագրություն, ավելի ճիշտ` «գլոբալերենով» «չետինգ» (chatting, որ թարգմանվում է` շաղակրատել) թուրքական ընկերության աշխատակից Արազի հետ։ Ավելորդ է ասել, որ գրագրությունը կատարվում է միայն անգլերենով (հիշեցնենք` ֆիլմը ֆինանսավորվել է ամերիկյան փողերով): Սրանք մի պահ մոռանում են, թե ի՞նչ նպատակով են սկսել իրենց նամակագրական կապը, և միմյանցից նյութեր են խնդրում մյուս երկրի, հատկապես ՀՀ-Թուրքիայի իշխանությունների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ իրենց ժողովուրդների կարծիքի մասին։ Այս շաղակրատանքի ընթացքում, հայազգի սցենարիստի թեթև ձեռքով բազմաթիվ հայտնագործություններ են կատարվում հասարակական գիտությունների, հատկապես` ազգագրության և մշակութաբանության բնագավառներում։
Սակայն, չշտապենք եզրակացություններ անել ու ներկայացնենք ֆիլմը ըստ նրա կադրերի հաջորդականության։
Ֆիլմը բացվում է Արաքս գետի ու ՀՀ ափամերձ տարածքից կադրերի ցուցադրումով` ուղեկցված հայերեն մի երգով, որին չգիտես ինչո՞ւ, քիչ ետք փոխարինելու է գալիս ֆրանսիացի երգիչ Ջո Դասսենի երգից մի հատված` ամբողջովին անկապ ու անիմաստ։ Էկրանին երևանյան նախագծային ընկերության գրասենյակն է, ուր լսվում է հայկական երաժշտություն (ինչ հիանալի՜ պայմաններ ստեղծագործական աշխատանքի համար…)։ «Այդ պահին Անկարայում» գրությունն է հայտնվում էկրանին, ու մի քանի վայրկյան անց` Անկարայի համայնապատկերը, առաջին պլանում` Թուրքիայի արյունագույն դրոշը… Մեկ էլ տեսնում ենք թուրքական ընկերության գրասենյակը, որի աշխատակից երիտասարդներից մեկը մյուսին հարց է տալիս, թե «հայերը կօգնե՞ն մեզ»։ Երևանյան գրասենյակից Թամարի հետ սկսված «չետինգը» թուրքական կողմից նամակագիր Արազին հույս է ներշնչում, թե «նրանք հավանաբար մեզ կօգնեն»։ Իմանալով թուրք «գործընկերոջ» անունը, Թամարը հարց է տալիս. «Դու հա՞յ ես»։ «Ո՛չ, ես թո՛ւրք եմ»,- անթաքույց հպարտությամբ պատասխանում է Արազը։ Թամարը «չքմեղանում» է, թե Արազ անվան մեջ կա «Ար» արմատը, որ շատ տարածված է հայերի մեջ (ազգային արժանապատվությունն ու ազգային արմատները կորցրած այս օրիորդը ի՞նչ իմանա, թե «Ար»ը հայերի մեջ առկա է հենց հայ ժողովրդի պատմության ամենասկզբից, առնվազն` արիական ժամանակներից, մի իրողություն, որ այսպիսով փորձ է արվում վերագրել նաև թուրքերին, որոնք ընդամենը մեկ հազարամյակ առաջ են մեր տարածաշրջանում հայտնվել Ալթայի և Սիբիրի տափաստաններից)։ Արազն էլ հաճոյախոսում է, թե Թամար անունը շատ հայտնի է Թուրքիայում, ուր կա «Ախթամար» անունով հուշարձանը։ Այսպիսով, փորձ է արվում Ախթամարը ներկայացնել իբրև թուրքական հուշարձան… Ուղեղալվացքը հերթական գագաթն է նվաճում, երբ Արազը հորդորում է Թամարին. «Բա՛վ է մարդիկ զոհվեն, ապրե՛լ է պետք, ապրե՛լ»։ Մի խոսքով, հայ դիտողին կոչ է արվում մոռանալ անցյալը, ցեղասպանությունը, նայել միայն առաջ և … փող աշխատելու մասին մտածել միայն։
Արազին իր ընկերոջ հետ տեսնում ենք Անկարայի փողոցներում` ավտոմեքենա վարելիս։Ընկերը համոզմունք է հայտնում, թե «ձեզ մոտ ոչինչ չի ստացվի» (հայազգի ռեժիսորը ուշադրություն չի դարձրել ֆիլմի լեզվին, որը լիքն է այսպիսի օտարաբանություններով, մինչդեռ լեզվական անաղարտության ապահովումը ՀՀ լեզվի մասին օրենքով պարտավորություն է)` հակառակ «ֆուտբոլային դիվանագիտության»։Երկուսով գնում են իրենցից մեկի տունը` թեյ խմելու։ Արազն այս անգամ փորձում է համոզել իր պնդագլուխ գործընկերոջը. «Նայիր Եվրոպայի՛ն, նրանք բացե՛լ են իրենց սահմանները միմյանց առաջ»։Այս թուրք կերպարը քիչ հետո ցույց է տալիս իր գիտելիքներն այս անգամ երաժշտագիտության բնագավառում։ Նա բերում է հայ և թուրք աշուղների օրինակը. մի հայ աշուղ իբր ասել է, թե «Մի հորից և մի մորից ենք», որին թուրք աշուղը հավանություն է տվել, սակայն այնուամենայնիվ նշել է որոշ տարբերություններ, ինչպես` «Մենք Ալլահ ենք ասում, դուք` Աստված»։ Քիչ ետք Արազի բերնով սրսկվում է հայոց զգոնությունը բթացնելու ուղղված հերթական դոզան. «Սահմանները մտացածին են» (եթե այդպես է, ինչո՞ւ ենք մեր վճարած հարկերի հաշվին հազարավոր սահմանապահներ պահում…)։Արազի` ընկերոջը տված այս քարոզի ժամանակ, Թամարը նորից է կապվում իր հետ, ինչից օգտվելով, նա խոստովանում է. «Թամա՛ր, ես Հայաստանի հայերի մասին ոչինչ չգիտեմ» (սցենարի հեղինակը «մոռացել է» այն տարրական ճշմարտությունը, որ գործակցությունը հետևո՛ւմ է ճանաչողության և ոչ թե նախորդում դրան)։«Չետինգի» այս հերթական սեանսի ժամանակ Արազը ևս մեկ դոզա է սրսկում դիտողի գիտակցության մեջ. «Բնության օրենքն է` արևից սառույցը հալվում է», ասել է ուզում` թե կապերի ստեղծումը հալեցնում է հայերի և թուրքերի միջև առկա «սառույցը» մինչդեռ իրականում, նրանց միջև առկա է դարերից եկող խորը թշնամություն, որը թուրքերը և հենց Թուրքիան չեն էլ թաքցնում։ Ինչևէ։ Պարզվում է, որ ՀՀ-ում այս տարրական ճշմարտությունը իբր չգիտեն, քանի որ երևանյան գրասենյակից գալիս է «Մենք էլ Թուրքիան չգիտենք» գրությունը։
Եվ սկսվում է «փոխադարձ ծանոթացման» ալիքը։ Մոռացվում են ջրամբարն ու նրա հետ կապված ամեն ինչ։ Փշալարերի ետին երևում են հայոց մայր գետը, ափամերձ տարածքում թառած արագիլներ և այլն, մինչ երևանյան ընկերության ղեկավարը երգում է «Մայր Արաքսի ափերով»։Պարզվում է, որ սա ՀՀում պատրաստված տեսասկավառակ (DVD) է, որը Թամարն անմիջապես ուղարկում է Արազին։
Նորից երևում է Արաքսի ափը ՀՀ-ի կողմից (արժանապատվությունը կորցրածների ու պատմությունը մոռացածների նման չենք գրում «հայկական ափը», քանի որ Արաքսի մյուս ափն էլ հայկական է, թեև այսօր մնում է բռնագրավված)։ «Չետը» շարունակվում է Արաքսի ափերի տեղազննության մասին։ Էկրանին երևում են Արաքսի և Ախուրյանի միախառնման եռանկյունում գտնվող հայոց Երվանդաշատ մայրաքաղաքի ավերակները, այնուհետև` Մարգարայի կամուրջը, հայոց մյուս մայրաքաղաքներից Արմավիրի ու Արտաշատի ավերակները, Խոր Վիրապը, ալեփառ Մասիսները, Անին։ Մինչ ցուցադրվում են վերջինիս ճարտարապետական կոթողները, Թամարը Արազին գրում է, թե «երբ սահմանը բաց էր», Նիկողայոս Մառը իր գտածոները հավաքում էր թանգարանում։ «Իսկ գիտե՞ս ուր էր այդ թանգարանը» հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում` «Մանուչեհրի մզկիթում»։Մեր հերթին, պատմությունից բոբիկ այս տգետին ու նույնքան տգետ կամ փաստերը միտումնավոր խեղաթյուրող սցենարիստ-ռեժիսորին հիշեցնում ենք, որ Նիկողայոս Մառի պեղումների ժամանակ սահմանը բաց չի եղել, քանի որ … պարզապես չէր կարող փակ լինել, քանի որ 1878-1914 ժամանակահատվածում ողջ տարածաշրջանը մաս էր կազմում Ռուսաստանի կայսրության։Մյուս կողմից, ինչո՞ւ հարց չի բարձրացվում, թե Անիի կոթողներից ինչո՞ւ համեմատաբար ավելի լավ պահպանվել է Մանուչեհրի մզկիթը և ոչ հայկական հուշարձաններից թեկուզ մեկնումեկը։ Հասկանալի է, որ պետք չէ նման հարցեր տալ, քանի որ այդպիսիք կհակասեն ցյուրիխյան գործարքի ոգուն…
Ի՞նչ գլոբալիզացիոն ծրագիր առանց էկոլոգիայի։ Ինչո՞ւ կապեր չզարգացնել հենց այս ոլորտի հարցերի լուծման ուղղությամբ համագործակցելու շնորհիվ։ «Որպես էկոլոգիական խնդիր, կարելի է Արաքսի հունը երկու երկրների ուժերով մաքրել»,- խորհուրդ է տալիս «չետի» երկու «խոսակիցներից» մեկը։
Ահա՛ գալիս է ֆիլմի հայազգի դիտողի գիտակցությունը մշակելու բուն պահը։ ՀՀ տարածքում խոսեցնում են տարբեր մասնագիտությունների մարդկանց` սահմանների բացման մասին նրանց կարծիքն իմանալու։ Եվ ի՞նչ եք կարծում։ Բոլորը, առանց բացառության, խոսում են սահմանների բացման օգուտներից. տուրիզմը կզարգանա, հաճախորդները կշատանան, ապրանքների փոխանակումը կավելանա, առևտուրը կխթանվի և նման զառանցանքներ, «որից կշահի ժողովուրդը և տնտեսությունը»։Ընդամենը մեկ հոգի խոսեց «պատմական Հայաստանից», որի «զգալի մասը գտնվում է Թուրքիայում»։Ուրիշ ի՞նչ ասաց այս տղան` չիմացանք, քանի որ նրա խոսքը հայտնապես մոնտաժվել էր։ Սահմանների բացման օգտին արտահայտվեցին գյուղացին, Մասիսների գեղանկարիչը, անհայտ մասնագիտության տեր տղամարդիկ ու կանայք, մինչև իսկ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս, Նժդեհի գաղափարախոսության լավ գիտակ Յուրա Հովականյանը, որը ողջունեց «մեր իշխանությունների նախաձեռնությունը, բայց` առանց նախապայմանների»։Պետք է ենթադրել, թե մոտ 100 տարի առաջ Նժդեհն էլ նման «գոհար» մտքեր է արտահայտել։Տարօրինակ է, որ ֆիլմի սցենարի հեղինակը չէր նախատեսել հարցնել երևանյան կրկեսի մատույցներում գիշերները հանգրվանող և ամենահին մասնագիտությունը կիրառող արարածների կարծիքը` ՀՀ-Թուրքիա սահմանի բացման` իրենց «գործարարության» հնարավոր աշխուժացման մասին…
Վերստին Անկարան է էկրանին։ Երևանից ուղարկված տեսանյութը դիտելուց հետո Արազը «զարմացած է», թե հայերի մասին բան չգիտեն Թուրքիայում։
Վերադառնում ենք Երևան` նախագծային ընկերության գրասենյակ, ուր դիտում են Արազի ուղարկած տեսանյութը Թուրքիայի և թուրքերի մասին։ Թուրքական քաղաքակրթական որևէ նմուշ չկա տեսասկավառակում (քաղաքակրթություն ունե՞ն, որ ցույց տան)։Նկարահանվել են միայն և միայն երիտասարդ-երիտասարդուհիներ, բոլորը մինչև 30 տարեկան, ՀՀ-Թուրքիա սահմանի բացման և այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների մասին փողոցում իրենց տրվող հարցումներին պատասխանելիս։ Երիտասարդների մի մասն ունի անվայել հագուկապ կամ մազեր, ավելի շատ արվամոլների տեսք ունեն։ Հարցապնդվողներից մի քանիսը խոստովանում են, թե հայերի մասին որևէ բան կամ գրեթե որևէ բան չգիտեն։ Շնորհիվ այդ թուրք երիտասարդների, նոր հայտնագործություններ են մատուցվում հայ դիտողին։Պարզվում է, որ երկու ժողովուրդների «մշակույթները իրար շատ նման են» (եթե ՀՀ փողոցներում հնչող «երաժշտությունը» նկատի ունենանք` այս պնդումը որոշ հիմք ունի), «շատ նմանություններ ունենք կենցաղում և մշակույթում», «ժամանակին շատ նմանություններ են եղել»։Տեսասկավառակը երևանյան գրասենյակում դիտողների դեմքերը ակնհայտ բավականություն են արտահայտում…
Ֆիլմն ավարտվում է «Սարի աղջիկ» հայկական երգի` թուրքերի գողացած և «Սարը գելին» (թարգմանվում է` «Դեղին հարս») դարձրած երգի ու թուրքականացված երաժշտության հնչումով, մինչ Արազի ու Թամարի հարաբերությունները նոր զարգացումներ են գրանցում։ Արազի համար, Թամարն այլևս «սիրելի» է, որին նա Անիից հրավիրում է Թուրքիա` խոստանալով նրա համար հաճելի ճանապարհորդություն կազմակերպել Անիում և դեպի «Ղարս և Վան» (սցենարի հայազգի հեղինակը երևի չգիտի Կարսի անունը…)։
Ֆիլմի այս վերջաբանն ինքնին հետաքրքրական է ու շատ իմաստներ է պարունակում։ Հերիք չէ, որ դա հայկական գողացված երգ ու երաժշտություն է, այլև հիշեցնում է 12 միլիոն թուրք դպրոցականների շրջանում տարածված և հայության նկատմամբ վառ ատելություն սերմանող նույնանուն ֆիլմը…
Բնականաբար, ֆիլմում որևէ խոսք չկա Հայոց ցեղասպանության, Հայաստանի տարածքների թուրքական բռնազավթման, թուրքական թշնամական քաղաքականության, հակահայկական գործողությունների մասին։ Այդ ամենը ֆիլմի հեղինակների համար գոյություն չունի, ֆիկցիա է…
Ֆիլմի ցուցադրությունից հետո, մուտքի հարթակում ընդունելություն էր կազմակերպվել։ Ընդունելության ընթացքում սցենարի հեղինակ և ռեժիսոր Գևորգ Նազարյանը կարծիք է հայտնել, թե «Արաքսի ափին» ֆիլմը քաղաքական նպատակներ չի հետապնդում և մշակութային նախագիծ է պարզապես։ Խորհուրդ կտայինք նրան ու նրա նմաններին` մի պահ նայել հայելուն և պարզել, թե ո՞ւմ ականջները հիշեցնում են Աստվածորդու համար փոխադրանի ծառայած ընտանի անասունին…
Հավաստի աղբյուրներից իմացանք, թե ֆիլմը հավանաբար ունենա շարունակություն։ Դատելով սցենարից, բացառված չէ, որ երկրորդ մասն ունենա «երջանիկ ավարտ» (happy end), և Արաքսի վրա ջրամբարի շինարարության ծրագրի փոխարեն Արազն ու Թամարը զբաղվեն այլ տիպի «շինարարությամբ»` ընտանիք կազմելով…
Առաջնացուցադրությանը ներկա իմ կինոգետ ընկերոջ կարծիքով` ֆիլմը չափազանց կաղում է նաև գեղագիտական տեսակետից։ Հայտնապես` պատվեր է կատարվել, այն էլ` շատ հապճեպ։ Հավանաբար ֆինանսների ոչ այնքան մեծությունը, դրանք լիովին լափելու ցանկությունը և/կամ ժամանակի սղությունը հեղինակային խմբին թույլ չեն տվել քիչ-շատ ներկայանալի ու համոզիչ ֆիլմ պատրաստել։ Դրանով էլ հայտնվել են ծիծաղելի վիճակում։
«Արաքսի ափին» ֆիլմը ամոթալի երևույթ է հայ կինոյի պատմության մեջ։ Նզո՛վք և անե՛ծք «Նահապետ», «Ձորի Միրո», «Մխիթար Սպարապետ» և նման իսկական գոհարներ արտադրած հայ կինոյի պատիվը արատավորող արամնավասարդյաններին, գևորգնազարյաններին ու նրանց նման հայազգի, բայց ոչ հայ արարածներին…

Գևորգ Յազըճյան
Պատմ. գիտ. թեկնածու

One response so far

One Response to “Ի՞նչ են փորձում կառուցել Արաքսի ափին` ջրամբա՞ր, թե՞…”

  1. Haro Mherian, PhD Mathematicson 24 Nov 2009 at 7:06 am

    Գէւորգ ջան, այսպիսի սիպելներ ամէն օր տեսնում ենք ԱՄՆ-ում, եւ արդէն 20 տարուց աւել դրանց մասին ահազանգել ենք Երեւանի հասարակութեան։ Բայց մեր խօսքը տեղ չի հասնում։

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.