Էս երկիրը տեր ունի՞…

Print Print Email Email

Աղբյուր` Հայաստանի զրուցակից, 41(112), 13.11.2009

Գոհար Սարդարյան

Ալեքսանդր Իսկանդարյանը հերթական անակնկալը մատուցեց մեր հասարակությանը: Ու մենք կարծես դրանից զարմացած չենք. մտածում ենք` նա՛ է. պետք է այդպես ասի կամ այդպես անի:

Վերջերս բրիտանական International Alert կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել էր կլոր սեղան՝ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում, Ռուսաստանի դերը» թեմայով: Մասնակցում էր նաև Ալեքսանդր Իսկանդարյանը: Թե ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում, ինչպես ադրբեջանցիների պահանջով ընդհատվեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուբեն Զարգարյանի ելույթը, որին ի պատասխան նա լքեց դահլիճը, արդեն հայտնի է: Այն լուրջ խոսակցության նյութ դարձավ և մի քանի օր քննարկվեց հայաստանյան հասարակության շրջանում: Հետագայում այն մասամբ հերքվեց:

Բայց տվյալ դեպքում խոսքն այս մասին չէ. քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քաղաքագիտական մտքի հերթական բացահայտումը կատարեց, երբ միջոցառման վերաբերյալ հարցազրույց տվեց propagada-am.livejoural.com/ 30931.html կայքին: Ներկայացնելով կլոր սեղանը, ի՞նչ եք կարծում` ի՞նչ է պատասխանում լրագրողի հարցին. ասում է, որ աշխատանքներին մասնակցում էին հայերը, ղարաբաղցիները և ադրբեջանցիները: Տեսա՞ք, թե ինչ է տեղի ունենում. տեսա՞ք, որ այլևս ղարաբաղցիները հայեր չեն, որ հայաստանցիները և ղարաբաղցիները առանձին էթնոս են: Հասկացա՞ք, որ ղարաբաղցին ու հայաստանցին մեկ ազգ չեն: Եթե` այո, նշանակում է` այլևս չեք զարմանա, եթե մեր թշնամին էլ այս մասին ասի, նաև պնդի, որ Հայաստանը պետք է ձեռք քաշի ղարաբաղցուն պաշտպանելու մտքից, նա ի՞նչ գործ ունի այլ ազգության հետ. ասում են չէ՞, որ Հայաստանը ագրեսոր է: Հո՛ դատարկ տեղից չե՞ն անում այդ պնդումը…

Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդունենք, միամտաբար է այդպես ասել: Լա՛վ, այդ դեպքում, եթե նա այդքան միամիտ է, իրավունք ունի՞ գնալ ու միջազգային նման միջոցառումների ժամանակ մեզ ներկայացնել, խոսել մեր անունից: Միաժամանակ նշանակում է, որ նա բնավ էլ քաղաքագետ չէ. մարդն այդքան բանը չի հասկանում, ու դեռ քաղաքագե՞տ է:

Հաջորդ տարբերակը քննենք. նա` Ալեքսանդր Իսկանդարյանը, լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում, ինչ է անում: Նա քաղաքագետ է, հիրավի՛ քաղաքագետ է: Բայց այսպիսի, ա՛յս հայացքների քաղաքագետ է: Ու լուծելու համար ունի սեփական խնդիրը: Ես չգիտեմ, թե տարբերակներից ո՞րը կընտրի մեր ժողովուրդը: Բայց երկու դեպքն էլ վտանգավոր է, չափազա՛նց վտանգավոր:

Մենք, չեմ հասկանում, գիտակցո՞ւմ ենք այս ամենը, թե` ոչ: Եթե գիտակցում ենք, ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվի: Լավ, մեր երկրում այս խնդրին լծված մարդ չկա՞, մասնագետ չկա՞: Սա երկիր չէ՞, այս երկիրը չունի՞ իր պետական անվտանգության պաշտոնյան, չունի՞ ազգային անվտանգության իր կառույցը: Ոչինչ չեմ հասկանում: Առավել ևս, որ այս մարդու դեմքն առավոտից իրիկուն մեր հեռուստացույցների էկրանին է. բոլոր հեռուստաընկերությունները համերաշխորեն այս մարդուն են ցուցադրում ու նրա դարակազմիկ մտքերն են մատուցում մեզ:

Մի բան էլ այս կլոր սեղանի առնչությամբ, որին բացի Ալեքսանդր Իսկանդարյանից՝ մասնակցում էին նաև այլ մասնագետներ Հայաստանից` Կարեն Բեքարյանը և Արտակ Կիրակոսյանը: Նրանք բոլորը փաստորեն հաշտ ու խաղաղ նստել ու զրուցել են մի մարդու` Հեյդար Ջեմալի հետ, ով տառացիորեն օրեր առաջ հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն Հայաստանի` որպես պետության ոչնչացման ճանապարհով: Ապա մեծահոգաբար վերապահում է անում ու թույլ տալիս` հայերը կարող են ապրել Էրիվանի խանության տարածքում` կոշիկ կարկատեն ու դուդուկ նվագեն:

Չէ` չէ, բայց արժանապատիվ կեցվածք, սկզբունքայնություն մեր հայրենակիցները կարող են սովորել, հեռու չգնանք, գոնե իրենց հակառակորդից կամ տվյալ դեպքում՝ ընդդիմախոսներից. հենց այդ կլոր սեղանի օրինակով: Այդ ինչպես եղավ, որ ադրբեջանցիները կարողացան ընդդիմանալ ու լռեցնել Ռուբեն Զարգարյանին, իսկ իրենց հեչ պետքն էլ չէր, որ մի սեղանի շուրջ են նստելու իրենց ազգին այսպես վիրավորող, նվաստացուցիչ խոսքեր ասող մոլագարի հետ: Թող պայման դնեին՝ եթե իրենց ընդդիմախոսը Հեյդար Ջեմալն է, չեն մասնակցում միջոցառմանը:

Թե այդ կլոր սեղանը վերջնական արդյունքում ի՞նչ տվեց իրենց` մասնակիցներին, չգիտենք, բայց որ մեր երկիրն ու ժողովուրդը հերթական հարվածն ստացան, փաստ է:

7 responses so far

7 Responses to “Էս երկիրը տեր ունի՞…”

  1. Haro Mherian, PhD Mathematicson 16 Nov 2009 at 5:20 am

    Գոհար ջան, Եւրոպմոլութիւն հիւանդութիւնը ամենաքիչ 25 տարուայ ընթացքում կարող է բուժուել։ Երեւանի հասարակութիւնը անցումային շրջան է ապրում ՌուսաՍովետամոլութիւնից բուժուելով եւ փոխարէնը վարակուելով Եւրոպմոլութիւնից։ 15 տարին արդէն անցաւ, մնաց մի տաս տարի։
    Այս տաս տարուայ ընթացքում եթէ Երեւանում հայ մնայ ապա՝ հայ ազգը վերստին ոտքի կկանգնի, իսկ եթէ ոչ ապա Հայաստանը կվերանայ աշխարհի երեսից։

  2. SONA ARSHUNECIon 16 Nov 2009 at 4:03 pm

    ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՅՈՒՀԻ

    Շնորհակալություն հարենասիրական պաթոսով գրված ձեր “Էս երկիրը տեր ունի՞”
    հոդվածի համար, որն հերթական անգամ բացահայտում է, ու վերհաստատում ԱՐԱՐԱՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ տնօրեն Արմեն Այվազյանի դատական հայցի խիստ անհրաժեշտությունը քաղաքագետ, “Կովկասի ինստիտուտ”- ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ, որը ի պաշտոնե, քաղաքագետի սքեմի
    տակ թաքնված անարգել հակահայ գործունեություն է ծավալել ու անպատիժ մնացել: Արմեն Այվազյանի բացահայտումը պատռեց նրա իսկական դիմակը, բայց ցավոք մեր լրատվամիջոցները հետևություն չարեցին. հատկապես TV-ների ցանկալի հյուրն է դարձել:
    Մենք հաճախ ենք քննադատում Թուրքիայում տիրող ազգայնամոլությունը.,
    բայց ցավոք չենք նկատում, որ այսօր մեր ազգին խիստ պակասում է հայրենապաշտության այդ որակը. վերածվել ենք մեր շուրջը կատարվող ազգադավությանը հարմարվող, կրավորական կեցվածք ընդունած մի ամբոխի, որի
    կարգախոսն է,-
    – Ինձանից հետո թեկուզ ջրհղեղ:

  3. xsatoson 16 Nov 2009 at 7:04 pm

    Cariq e turq e xarnakic

  4. ԱՐՏԱՇԵՍ ՎԱՆԵՑԻon 19 Nov 2009 at 3:58 pm

    Հետաքրքիր է և միաժամանակ պարզ է, ինչ նպատակներ է փայփայել այդ Բրիտանական Iteratioal Alert կազմակերպությունը, կազմակերպելով այդպիսի «կլոր սեղան» այդպիսի «անձնակազմով»: Պարզ է, թե ում են հրավիրել հայկական կողմից այդ «աշխատանքին» մասնակցելու համար:
    Սկսենք նրանից, որ նախ ինչն է պատճառը, որ մենք մինչև այսօր Հայաստանի բնիկ այդ տարածքը, Հայաստանի այդ պատմական հողակտորը անվանում ենք թուրքական անունով, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ»: Չէ որ, այդ տարածքը ունի իր պատմական հայկական գեղեցիկ անվանումը՝ Արցախ: Եվ ինչու մինչև այսօր Հայաստանի և Արցախի պաշտոնական անձերը (և ոչ միայն պաշտոնական անձերը) չեն օգտագործում իրենց պաշտոնական ելույթներում Արցախ բառը՝ այդ տարածքի իրական անվանումը: Հասկանալի չէ, թե որ ուղղությամբ ենք հիմա մենք՝ հայերս շարժվում …
    ———
    Եթե թուրքերն այսօր ջանում են մինչև վերջ «ջնջել» Հայաստանի պատմական տարածքը, որն այսօր ժամանակավորապես բռնագրավված և բռնազավթված է այսպես կոչված «Թուրքիա» պետության կողմից, զրկել այդ տարածքները իրենց իրական պատմական՝ հայկական անվանումներից, ապա մենք այսօր անում ենք ճիշտ հակառակը … Կցանկանայի հասկանալ ինչ՞ու:
    ———
    Պարզ չէ նաև, թե ինչու մեր Արցախի պաշտոնական անձերը համաձայնվում են մասնակցել «այդպիսի» կազմակերպությունների կողմից կազմակերպած «կլոր սեղաններին» , ինչպիսին Iteratioal Alert-ն է, և այն էլ բրիտանական … Չէ որ Անգլիա պետությունը, իր կազմակերպությունների հետ միասին, նախ ոչ մի բարոյական իրավունքներ չունի խառնվելու հայ-թուրքական հակամարտության հետ կապված հարցերին. մի պետություն, որը անձամբ դարեր շարունակ կոտորել է իրեն հարևվան և ոչ միայն իրեն հարևան ազգություններին և զավթել է նրանց տարածքները և հեռու չի գտնվում իր վայրագ մեթոդներով ինչ վերաբերվում է զավթելուն և կոտորելուն, խաբեբաուությանը և առնետի երկչոտությանը, այսպես կոչված «Թուրքիա» պետությունից … Չէ որ այդ Անգլիա պետությունը մինչև այսօր բռնազավթված վիճակում է պահում Իռլանդիա և Շոտլանդիա պետությունները, իռլանդացի և շոտլանդացի ազգերին, որոնց դարեր շարունակ այդ Անգլիա պետությունը իր հրեա և անգլոսաքսոն թագուհիների և թագավորների ղեկավարությամբ, միշտ կոտորել, թալանել և զավթել է …
    ———
    Պարզ չէ նաև, թե մենք ինչու ենք թույլ տալիս Անգլիայի նման պետություններին, ասենք ԱՄՆ-ին ընդհանրապես մասնակցել հայ-թուրքաքան հակամարտության կարգավորմանը … Չէ որ այդ պետությունները մինչև այսօր չեն ճանաչել և իհարկե, չեն էլ պատրաստվում ճանաչել Հայ ժողովրդի ցեղասպանության փաստը այսպես կոչված «Թուրքիա» պետության կողմից (այն ժամանակ Օսմանյան կայսրություն), որը կոտորելով Հայաստանի պատմական տարածքի վրա այդ տարածքի բնիկ ժողովրդին՝ հայ ազգին, բռնազավթել է հայ ժողովրդի Հայրենիքի հսկայական մասը, զրկելով հայ ժողովրդին իր կենսական տարածքում գոյատևելու և զարգանալու իրավունքից … Ինչու մենք չենք հարցնում այդ նույն ԱՄՆ-ին, Անգլիային և նրանց նմանակ պետություններին թե նրանք ինչ բարոյական իրավունքներ ունեն հայ ժողովրդի նկատմամբ և ընդհանրապես ինչ բարոյական իրավունքներ ունեն, խառնվել նման հարցերի կարգավորմանը և ինչու մենք չենք «հրաժարվում» այդպիսի պետությունների «միջամտությունից» … Միթե նրանք, այդպիսի պետությունները չեն վիրավորում հայ ազգի արժանապատվությունը, մեր արժանապատվությունը, հրաժարվելով ճանաչել Հայ ժողովրդի ցեծասպանության փաստը և ավելին, ամեն հարցում աջակցելով մեր թշնամիներին …
    ———
    Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Իսկանդարյանին և նրա նմանակներին, ապա այստեղ պարզ է, թե դրանք ինչ անձնավորություններ են, ինչ նպատակներ ունեն և ում համար են այդպիսի «քրտնաջան աշխատանքներ տանում» …
    ———
    Միայն այստեղ պարզ չէ, ովքեր են Հայաստանի ղեկավարները, որոնք փաստացի թույլ են տալիս, և նույնիսկ աջակցում են Ալեքսանդր Իսկանդարյանին և նրան նմանակ անձնավորություններին շարունակ և շարունակ տրորել և «տրորել», ոտնատակ անել Հայ ժողովրդի արժանապատվությունը …
    ———
    Ցավոք, պարզ չէ նաև, ինչու մենք ինքներս, հայ ժողովուրդս, թույլ ենք տալիս այդ «Ալեքսանդր Իսկանդարյաններին» մեր իսկ Հայրենիքում կրկին և կրկին անգամ ոտնահարել մեր իսկ արժանապատվությունը և թույլ ենք տալիս որպեսզի այդ «Ալեքսանդր Իսկանդարյաններիը» իրենց այդպես անպատիժ զգան մեր Հայրենիքում և ընդհանրապես իրենց անպատիժ զգան …
    ———
    Այսօր միայն հարգարժան Արմեն Այվազյանը և նրա համախոհները չէ, որ պետք է պաշտպանեին Հայ ժողովրդի շահերը և արժանապատվութունը … Այսօր նրանց կողքին պետք է լիներ ողջ Հայ ժողովուրդը …
    ———
    Միթե այդ անհեթեթ, անիմաստ և անվերջանալի հեռուստատեսային սերիալներն են, որ թույլ չեն տալիս մեզ, հայ ժողովրդիս, նկատել և պատժել այդ «Ալեքսանդր Իսկանդարյաններին» …

  5. Armenianon 22 Nov 2009 at 6:20 am

    Հայաստանն ու հայությունը միջազգային հարաբերությունների դժվարին ու այս խրթին օրերին պետք է որպես քաղաքական գործընթացի ռեսուրս ունենան տարբեր իրավաճակատում գործելու տարբերակված սցենարներ: Գլխավորներից մեկը, թերևս, լայն շրջադարձն է դեպի Իրան, նրա հետ ինտեգրացիայի որակապես նոր քաղաքականությունը, թեքումը դեպի մերձավոր և միջին Արևելք: Ռազմավարական այս ընթացքը, որը Հայաստանի ավանդական ընտրություններից մեկն է, կպարտադրվի իրերի օբյեկտիվ ընթացքով. և դա տեղի կունենա այն պահից, երբ Հայաստանը (և հայությունը), հոգնած արևմուտքի խարդավանքներից, կգործեն հայոց հարցը բացառապես իր շահերին ծառայեցնելու ավանդական փորձերից ելնելով՝ գիտակցելով, որ որ հայրենի եզերքի կես թիզ հողն անգամ չարժեն օտարի սառը ժպիտներն ու համաշխարհային հանրության սնամեջ երաշխիքները:

    Այդ պահից Հայաստանը կիմաստավորի ազգային կենսական իր շահերը և կգնա հայրենակերտումի ու հողահավաքի կենսատու իր ճանապարհով:
    Լևոն Շիրինյան

  6. Armenianon 22 Nov 2009 at 2:23 pm

    Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев достигли договоренности в направлении подписания рамочного договора, согласно договоренности армянская сторона выведет свои войска с подконтрольных территорий вокруг Нагорного Карабаха, оставив контроль над коридором, который обеспечивает сухопутную связь между Арменией и Нагорным Карабахом, а вопрос статуса самого Нагорного Карабаха будет решен посредством референдума. 22.11.2009 г.

  7. Armenianon 23 Nov 2009 at 7:53 am

    Ես, կիրակի օրը ամոթից գետինն էի մտել RBK հեռուստականալով ամեն 30 րոպեն մեկ նորությունները այս բառերով եին սկսվում…. Շաբաթ օրը ալիեվը զգուշացրել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հարցում զիջման չգնա մենք զենքի ուզով կլուծենք այդ հարցը. Այս ամենից հետո, Սերժը ուրախ ժպիտով դիմավորում և բարևում է Ալիեվին. Ել ինչ ասեմ …..

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.