Է. Դանիելյանի լրացուցիչ մեկնաբանությունը՝ «Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ» հրապարակման առթիվ

Print Print Email Email

2009թ. հունվար 29-ին ‹‹Արարատ›› Ռազմավարագիտական Կենտրոնի կայքի Արտասահմանյան մամուլի տեսություն բաժնում թարգմանաբար ներկայացվել էր «Սայենս Նյուզ» հանդեսում հունվարի 12-ին հրապարակված Բրուս Բաուերի «Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ» հաղորդագրությունը, որտեղ խնդրո առարկա հարցի մասին բերված էին նաև Գ. Արեշյանի մեկնությունները:

Արենի 1-ում կատարված հայտնագործություններից մեկի մասին Բրուս Բաուերը նշել էր. «Հետազոտողները նաև գտել են Պղնձե դարի մարդկային գանգերի մի եռյակ… Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ»:

‹‹Արարատ›› ՌԿ-ի խնդրանքով մեկնաբանելով այս նյութը, իմ դիտողություններում նկատել էի. «Սակայն այսպիսի ենթադրության համար ոչ մի հիմք չկա: Հայաստանում երբեք նման վայրենի «զոհաբերության» ծիսակատարություն չի եղել: Այսպիսի փաստ չկա ո՛չ հնագիտական նյութերի մեջ, և ո՛չ էլ հետագա գրավոր սկզբնաղբյուրներում»:

Կարելի է զարմանալ այն համառությանը, որով հնագիտական այդպիսի յուրահատուկ հայտնագործությունը շարունակում են խեղաթյուրել անհիմն ենթադրություններով: “Գոլոս Արմենիի” թերթում 2009թ. հոկտեմբերի 24-ի համարում զետեղված է “Հայտնաբերվել է մարդու հնագույն ուղեղ” (6000 տարվա հնություն) հաղորդումը, որում կրկին ասվում է, որ “գանգերից մեկը մի քանի ճաք ունի, ինչը վկայում է այն մասին, որ աղջկան սպանել են բութ առարկայով գլխին հարվածելով և այդ գանգի մեջ բավականին լավ վիճակում պահպանվել է երեխայի ուղեղը”: Եվ կրկին ենթադրություն է արվում, որ բացառված չէ, որ դեռահասներին, սպանելով, զոհաբերել են: Այնուհետև մատուցվում է մի սյուժե, որը կարող է դասվել սարսափազդու ֆիլմերի շարքը. “Կամ գլուխներն սկզբնապես կտրել են և տեղավորել կուժերի մեջ, կամ խոսքը վերաբերում է, այսպես կոչված, երկրորդական թաղման մասին: Կրիմինալիստները, որոնց օգնությանը դիմել էին հնագետները, հակված են առաջին տարբերակին”:

Այս հաղորդումների հեղինակները ջանքեր չեն խնայում իրենց ենթադրությունը “փաստ” դարձնելու համար: Այդ նպատակով նրանք դիմում են “կրիմինալիստներին” և “պատոլոգոանատոմներին”: Այնինչ, Աստվածաշնչում պարզ ասված է, թե ինչ բնույթի զոհաբերություն է արվել Արարատի լեռներում (Հայաստանում) հնագույն ժամանակներում: “Եւ նստաւ տապանն… ի լերինս Արարատայ… Եւ ել Նոյ եւ կին նորա եւ որդիք նորա… Եւ շինեաց Նոյ սեղան Աստուծոյ, եւ առ յամենայն անասնոց սրբոց եւ յամենայն թռչնոց սրբոց, եւ եհան ողջակէզ ի վերայ սեղանոյն: Եւ հոտոտեցաւ Տէր Աստուած ի հոտ անուշից… Եւ օրհնեաց Աստուած զՆոյ եւ զորդիս նորա…” (Ծնունդք, Ը-Թ):

Արարատ լեռից իջնելով` Նախիջևանում Նոյը զոհ մատուցեց: Զոհասեղանին նա զոհաբերեց “առ յամենայն անասնոց սրբոց եւ յամենայն թռչնոց սրբոց”, այլ ոչ թե դեռահաս աղջիկներ:

Է. Լ. Դանիելյան, պատմ. գիտ. դոկտոր

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.