Նամակ «Ազդակ»-ի խմբագրությանը

Print Print Email Email

3 հոկտեմբերի 2009թ.

Երևան

«Ազդակ» օրաթերթի խմբագիր

Պարոն Շահան Գանդահարյանին

Հարգելի պարոն Շահան Գանդահարյան`

«Ազդակ»-ի 2009 թ. հոկտեմբերի 27-ի համարում հետաքրքրությամբ կարդացի պրն. Հովիկ Հովհաննեսյանի՝ «Հայ դատի նորագույն հանգրվանի ռազմավարության մշակման հրամայականին դեմ հանդիման. 1.- ԻՆՉՈ՞Ւ «ՈՉ»» խորագրով շահեկան հոդվածը։

Մի կողմ թողնելով հոդվածի բովանդակությունը, որն, ընդհանուր առմամբ, համահունչ է տարիներ շարունակ և բազմիցս արտահայտած իմ տեսակետներին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հեղինակի՝ ինձ վերաբերող անստույգ տեղեկության վրա։

Հոդվածի վերջաբանում պրն. Հովհաննեսյանը գրում է. «Ահաւասիկ այս բոլոր վտանգներուն պատճառով, եւ տակաւին շարք մը այլ երեւելի սպառնալիքներու առկայութեան, որոնց բոլորին ներկայացման համար այս գրութեան սահմանները բաւարար չեն կրնար ըլլալ, եւ սակայն որոնք լաւապէս ներկայացուեցան Արմէն Այվազեանի, Արա Պապեանի եւ Վարդան Օսկանեանի նման հեղինակներու կողմէ (որոնք երեքն ալ չեն կրնար ամբաստանուիլ այս տողերուն հեղինակին հետ գաղափարակից ըլլալու յանցանքով, եւ աւելի՛ն, որոնք տարբեր ժամանակներու նոյնիսկ եղած են ներկայ իշխանութիւններուն գործընկերները), այս գործընթացը պէտք է որ անմիջապէս կասեցուի» (ընդծումն իմն է՝ Ա.Ա.)։

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ 1994 թվականից ի վեր ես ներգրավված չեմ եղել որևէ պետական կամ կուսակցական կառույցի մեջ և զբաղվել եմ գիտահետազոտական և կրթական աշխատանքով՝ ընդսմին իմ ուսումնասիրություններում մշտապես խստորեն քննադատելով ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը՝ իր զանազան դրսևորումներով հանդերձ։ Ուստի որևէ առումով և որևէ ժամանակահատվածի կտրվածքով ինձ «ներկա իշխանությունների» «գործընկեր» համարելն իրականությանը չի համապատասխանում։

Իսկ եթե հարգարժան հեղինակը նկատի ունի 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ իմ քննադատական ելույթները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժերի հասցեին, ապա այդ նյութերը վերընթերցելու կամ նորից ունկնդրելու դեպքում կարող է համոզվել, որ դրանցում ևս ՀՀ «ներկա իշխանությունների» քաղաքականությունը ենթարկված է սուր քննադատության։

Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ դաշնակցական մամուլն սկսի լրջորեն քննարկել ՀՀ «ներկա իշխանությունների» հետ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության տասնամյա իրական, պաշտոնական, ամենասերտ ու դեռևս ամբողջությամբ չդադարեցված համագործակցության և այդ ամենից բխող քաղաքական պատասխանատվության հարցը։

Անկեղծորեն՝

Արմեն Այվազյան

«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն,

քաղ. գիտ. դոկտոր

2 responses so far

2 Responses to “Նամակ «Ազդակ»-ի խմբագրությանը”

  1. ԱՐՏԱՇԵՍ ՎԱՆԵՑԻon 04 Nov 2009 at 4:39 pm

    Ավելին կասեի, որ դաշնակների այսօրվա վարած քաղաքականությունն հավատ և հույս, կարելի ասել նաև, վստահություն չի ներշնչում: Մի կողմից, դաշնակները այո, դեմ են այդ արձանագրություններին, մյուս կողմից նրանք չեն ցանկանում (կամ չեն համարձակվում) վճռականորեն դուրս գալ ներկայիս իշխանությունների դեմ:
    ———–
    Դաշնակներ, սա, այս արձանագրությունների հարցը, ինչ-որ սոցիալական կամ Հայաստանի առօրյա խնդիրների հետ կապված հարցերից չէ… Դա մեր լինել թե չլինելու հարցն է… Եվ միայն դուրս գալ փողոցներում ելույթ ունենալ, դրանով հնարավոր չէ ստիպել ներկայիս իշխանություններին հետ կագնել այս հակահայկական քայլերից…
    Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հարցերում համաձայն է ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին և վստահել նրան, իհարկե չի կարելի… Եվ ոչ միայն այդ հարցերում, այլ ընդհանրապես…
    ———–
    Փաստացի, այսօր Հայաստանում չկան ուժեր, որոնք կկարողանային ստիպել ներկայիս իշխանություններին հետ կագնել հայրենադավությունից…
    Դա կարող է անել միայն հայ ժողովուրդը, եթե իհարկե, մենք մի պահ կկարողանանք մոռացնելու տալ մեր առօրյա հոգսերը և մտածենք մեր Հայրենիքի նկատմամբ ունեցաց մեր պատասխանատվության մասին…
    ———–
    Շատ կցանկանայի, պարոն Այվազյան, որպեսզի Դուք միավորեիք բոլոր այն ուժերին, որոնք Ձեզ համախոհ են և իրականում պաշտպանում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերը…
    Եվ իհարկե, Սփյուռքը նույնպես պետք է իր օգնությունն և իր լուման ներդնի այս պատասխանատու պահին, կարողանա նույնպես մասնակցել այդ ուժերի միավորման գործում…
    Հակառակ դեպքում, մենք կկանգնենք փաստի առաջ և այդ արձանագրությունները կվավերացվեն Հայաստանի խորհրդարանի կողմից… Եվ այդ ժամանակ հետադարձ ճանապարհ չի լինելու…

  2. Аrmenianon 07 Nov 2009 at 4:59 pm

    Հայ

    Բաց սահմանները Թուրքիան, անկասկած, կփորձի օգտագործել ոչ միայն զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու, այլև Հայաստանի Հանրապետությանը վնասելու համար` այս անգամ արդեն տնտեսության ու ժողովրդագրության ճակատներում: Թուրք մասնագետներն արդեն իսկ ուսումնասիրում են մեր տնտեսության առանձնահատկությունները հետագա տնտեսական գրոհները կազմակերպելու համար:

    ——————————————————————————–
    Անկարան ու Բաքուն նույն խաղի շրջանակներում կատարել են դերերի հստակ բաժանում: Եվրամիություն մտնելու համար Անկարան ավելի քաղաքակիրթ կեցվածք է ընդունել` հարձակողական նախաձեռնությունների, թշնամանքի ու անհանդուրժողականության բաժինը թողնելով Բաքվին, որն իր կեցվածքն ու վարքը արդարացնում է ՀՀ կողմից ադրբեջանական տարածքների զավթման մասին իրավաբանորեն բացահայտ կեղծ փաստարկով:

    ——————————————————————————–
    Եվ վերջապես, մյուս կարևոր հանգամանքը, որ մենք դարձյալ իրավունք չունենք անտեսելու: Թուրքիան ոչ Ստամբուլն է, ոչ էլ Անկարան: Մենք չգիտենք, թե իր զանգվածի մեջ թուրքը որքան է հեռացել անցյալ դարասկզբի թուրքից: Անձնական շփումների փորձ է պետք անկողմնակալ ձևով գնահատելու, թե մարդկության դեմ ծանրագույն հանցանք գործելուց հետո անցած գրեթե մեկ հարյուրամյակի ընթացքում փոխվե՞լ է, արդյոք, այդ ժողովրդի ընդհանուր նկարագիրը, շարժվե՞լ է, արդյոք, նրա խիղճը դեպի զղջում ու ապաշխարում: Թե՞ մի չնչին առիթ է պետք, որպեսզի խորքում նիրհող քարանձավային տարերքը նորից հորդա դուրս: Բոլոր տարբերակներին պետք է պատրաստ լինել:

    ——————————————————————————–
    Անկարան` տարածաշրջանային իր կշռի ու դերակատարության կարևորության բարձրացման հետ է կապում նաև Ռուսատանին և Իրանին տարածաշրջանից դուրս մղելն ու Անդրկովկասյան գործերում գլխավոր դերակատար դառնալը: Ահա այս կետում է, որ Անկարան Բաքվին խորհուրդ է տալիս համբերությամբ լցվել և սպասել մինչև Հայաստանը տնտեսական ու քաղաքական այնպիսի կախման մեջ կնկնի Թուրքիայից, որ ավելի փոքր ու աննշան արգելք կլինի իրենց համատեղ ծրագրերում, քան այժմ ինքը է` փակ սահմանի դեպքում: http://armar.am/

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.