Թուրքական խնամակալության տա՞կ

Print Print Email Email

Աղբյուրը՝ Հայաստանի զրուցակից, 09.10.2009
Հարցազրույցը վարեց Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆԸ

Մեր հյուրն է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ

– Պարոն Այվազյան, Դուք չեք հրաժարվում Ձեր տեսակետից և Թուրքիային համարում եք թշնամի երկիր: Իրո՞ք այսքան տարիներ հետո ոչինչ չի փոխվել այդ երկրում:

– Թուրքիան շարունակում է մեր երկրի նկատմամբ վարել թշնամական քաղաքականություն: Բանն այն է, որ մեր իշխանությունները վերջին 18 տարիներին հիմնականում անտեսում են Թուրքիայի այդ գործողությունները: Ես իմ «Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն» ուսումնասիրության մեջ ցույց եմ տվել, թե քանի մակարդակների վրա է ընթանում հայ-թուրքական հակամարտությունը, քանի ուղղություններով է Թուրքիան թշնամական գործողություններ ձեռնարկում… Այդ մակարդակների ու ենթամակարդակների թիվը հասնում է 60-ի:

– Այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք նրա հետ հարաբերությունների մեջ մտնում: Այդքան բթացե՞լ է մեր զգոնությունը:

– Այո, բթացել է: Մեր իշխանությունները լավ չեն պատկերացնում, թե ինչ բան է այսօրվա Թուրքիան, ինչ բան էր երեկվա Թուրքիան, չեն տիրապետում այն հարցերին, թե որն է Թուրքիայի վերնախավի գաղափարախոսությունը, որոնք են այդ պետության ռազմավարական նպատակները, թուրք ժողովուրդն ինչպես է վերաբերվում Հայաստանին ու Հայկական հարցին: Իսկ սրանք մասնագիտական լուրջ խնդիրներ են: Ավելին` ոչ միայն չեն տիրապետում այս հարցերին, այլև չեն ուզում շփումներ ունենալ համապատասխան մասնագետների հետ, լսել նրանց կարծիքը: Մեր քաղաքական վերնախավը վաղուց սահմանափակվել է օտար դիվանագետների, այլազգի վերլուծաբանների կարծիքները լսելով ու դրանք շրջանառության մեջ դնելով: Իսկ մեր` հայ գիտնականներիս վերլուծություններն ու եզրակացություններն անտեսվում են, մեր արծարծած հարցերը պատասխան չեն ստանում պետության ղեկավարների կողմից: Մինչդեռ մենք շատ պարզ հարցեր ենք առաջադրում: Մի օրինակ բերեմ. Թուրքիայի գլխավոր շտաբի պատվերով նկարահանվել է երկուսերիանոց ֆիլմ՝ «Սարի գելին», որը կրթության նախարարության հրահանգով ցուցադրվում է բոլոր աշակերտների համար` սկսած տարրական դասարաններից: Ցույց է տրվում, թե ինչպես են հայերը կոտորել թուրքերին: Բնականաբար հայի կերպարը ֆիլմում ներկայացված է միմիայն և խիստ բացասական գծերով: Եվ ո՞րն է հետաքրքիրը. ֆիլմի ցուցադրման գործն սկսվել է 2007 թ. դեկտեմբերից, այսինքն երբ Շվեյցարիայում նոր-նոր էին սկսվել հայ-թուրքական գաղտնի բանակցությունները: 12 մլն աշակերտ դիտել է այս ֆիլմը: Այն զգացմունքային պաշարը, որ ստացել է թուրք երեխան` նրա հոգուց հեշտությամբ դուրս չի գա: Սա նշանակում է, որ նրանք իրենց ապագա սերունդների մեջ արդեն ապահովել են թշնամանքը հայության նկատմամբ: Հիմա մենք մեր իշխանություններին հարցնում ենք` եթե դուք գնում եք Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացմանը, ինչպե՞ս եք գնահատում այս ֆիլմի փաստը: Լսում ենք քար լռություն: Եվ այսպես` տասնյակ այլ հարցերում: Մի՞թե տարօրինակ չէ, որ Թուրքիան գնում է «հաշտեցմանը»՝ հայերի նկատմամբ ատելություն ներարկելով իր մատաղ սերունդների մեջ, իսկ ՀՀ իշխանություններն աչք փակելով նման քաղաքականության վրա` հայ երիտասարդությանը մատուցում են «բարի Թուրքիայի» աղճատված, իրականության հետ կապ չունեցող պատկերը…

– Կարելի է ասել` մեր իշխանությունները նայելով վիշապի աչքերի մեջ` գնում են դեպի նրա երա՞խը:

– Այո: Հենց այդպես էլ կարելի է ասել: Եվ ամենավտանգավորն այն է, որ իր հետևից է տանում նաև ժողովրդին:

– Դուք երբևէ մտածե՞լ եք` ի՞նչն էր ստիպում, որ մեր իշխանությունները գնային նման քայլի, որին դեմ է ժողովրդի, թույլ տվեք ասել, ճնշող մեծամասնությունը` թե հայրենիքում, թե սփյուռքում:

– Պատճառներից մեկն ասվեց. հարցը խորությամբ չեն պատկերացնում: Իհարկե, սա բավարար բացատրություն չէ, որովհետև կան և շատ պարզ հարցադրումներ, որոնց ևս պատասխան չեն տալիս: Խնդիրը նաև արժեհամակարգի մեջ է. մեր բարձրագույն իշխանության մի հատվածի արժեհամակարգը կտրուկ տարբերվում է հայ ժողովրդի ավանդական արժեհամակարգից: Հատկապես` հայրենիքի գաղափարին վերաբերող հարցերում, հայոց ազգային շահերին ու իրավունքներին առչվող խնդիրներում: Մի պատճառ էլ կա. ըստ երևույթին անցյալ տարվա մարտի 1-ի դեպքերից հետո առաջացավ լեգիտիմության դեֆիցիտ: Այն ստիպված են լրացնել` միջազգային խոշոր դերակատարների մշակած և իրենց թելադրած սցենարները կիրառության մեջ դնելով:

– Այսինքն` դրսի պարտադրանքին ևս չեն կարողանում հակազդել: Այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի դա անկեղծորեն խոստովանել սեփական ժողովրդին. ի վերջո շատ մեծ բան է նժարին դրված:

– Սա ժողովրդի լինել-չլինելու հարցն է: Այս համատեքստում ինչպե՞ս հասկանալ, երբ վարչապետը կանգնում-ասում է, որ Թուրքիան կարող է մասնակցել Հայաստանի ատոմակայանի շինարարությանը կամ ատոմակայանի բաժնետերերից մեկը դառնալ: Նույնն է` ԱՄՆ-ը իր երկրում կառուցվող ատոմակայանի բաժնետեր առաջարկի դառնալ ասենք` Թալիբանին:

– Մենք գուցե անուղղելի պարզամի՞տ ենք, կյանքն է՞լ իր հարվածներով մեզ չի ուղղում…

– Դա մենք չենք, մեր քաղաքական ղեկավարությունն է, որը Թուրքիային նայում է «վաշինգտոնյան ակնոցով»:

– Դուք ընդհանրապես դեմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմա՞նը, թե պարզապես կարգավորման այս ծրագրին:

– Անշուշտ, ես դեմ եմ կարգավորման այս ծրագրին: Եվ պետք է նկատի ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարդագույն խնդիր է: Մինչև Թուրքիան չդադարեցնի իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` այդ մասին խոսելն անհնար կլինի:

– Մենք այս համաձայնագրով պահանջատիրոջից վերածվում ենք զիջողի և հետ-հետ գնացողի. գուցե այստեղ դեր է խաղում քաղաքական պրագմատի՞զմը: Իրավիճակն այնքան վատ է, որ ապրելու այլ ելք չունենք:

– Համաձայն չեմ, որովհետև քաղաքական այս որոշումներից պրագմատիզմի հոտ անգամ չի գալիս: ՀՀ իշխանությունների ներկա քաղաքականությունը ոչ պրագմատիզմ է, ոչ էլ ռոմանտիզմ: Սա պարզապես ավանտյուրիզմ է` արկածախնդրություն: Եվ այդ արկածախնդրության դիմաց զոհասեղանին, ինչպես վերջերս պատկերավոր արտահայտվեց հանրապետական Գալուստ Սահակյանը, դնում են մեր ազգը և նրա ճակատագիրը: ՀՀ նախագահն ասում է, որ կարգավորման ներկա սցենարի կիրառման օգուտներն ու վնասները տնտեսական, ժողովրդագրական ոլորտներում իրենք չեն հաշվարկել և չեն կարող հաշվարկել: Բայց միևնույն է` կատարելու են տխրահռչակ թուրք-հայկական «արձանագրություններով» նախանշված քայլերը:

– Թուրքիան չի հրաժարվել հայերի վերջնական բնաջնջման իր ծրագրից. սա էլ ըստ Ձեզ` այդ ծրագրի բաղկացուցի՞չն է: Դուք այսպես մտածելու իրական հիմքեր ունե՞ք:

– Հենց թեկուզ նրա վերաբերմունքը ցեղասպանության և ընդհանրապես` Հայկական հարցի նկատմամբ` այդ է փաստում: Ի վերջո ի՞նչ է ցեղասպանության ժխտումը. մեզանում այն ընդունված է համարել տեսական ոլորտի խնդիր, մինչդեռ իրականում մաքուր կիրառական քաղաքականություն է: Համաշխարհային իրավական և քաղաքական միտքը, արդեն նաև` համապատասխան փաստաթղթերով, ցեղասպանության ժխտումը համարում է ցեղասպանության շարունակություն, նրա եզրափակիչ փուլ: Արդեն բազմաթիվ երկրներում այն պատժվում է նաև քրեորեն: Այս փաստը` Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը, որքան էլ տարօրինակ է, ՀՀ իշխանությունն ամբողջությամբ անտեսում է: Հիշենք թեկուզ Իսրայելի և Գերմանիայի ղեկավարների կտրուկ արձագանքները, նրանց արժանապատիվ պահվածքը, երբ Իրանի նախագահը փորձում էր ժխտել հրեաների Հոլոքոստը: Իսկ մեր նախագահն այն մարդկանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, նույն Էրդողանին ու Գյուլին համարում է իր «խիզախ գործընկերները»: Ինչո՞ւ մեր իշխանությունը չի պաշտպանում հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Չէ՞ որ պատիվ ու արժանապատվություն հասկացությունները միայն բարոյական կատեգորիաներ չեն, դրանք նաև պետականաստեղծ գործոններ են: Առանց ազգային արժանապատվության հնարավոր չէ ազգային պետություն կառուցել:

– Քանի որ խոսեցինք արժանապատվությունից` այսպիսի հարց. պատահականությո՞ւն է, որ ապրիլի 23-ին ստորագրվեց «Ճանապարհային քարտեզը», իսկ ներկա արձանագրություններն էլ նախատեսում են ստորագրել հոկտեմբերի 10-13-ին, այսինքն` 1921 թվականի Կարսի պայմանագրի ստորագրման օրերին:

– Իհարկե պատահականություն չէ: Թուրքիան փորձում է մեր ժողովրդի մեջ ջարդել արժանապատվության զգացումը, որը մեծագույն կորուստների գնով ձեռք ենք բերել հայ ազգային-ազատագրական շարժման 30 տարիներին: Ճիշտ է, այդ շարժումը խայտառակ պարտություն կրեց, բայցև մեզանից թոթափեցինք ռայայի` հպատակի հոգեբանությունը: Թուրքիայի նպատակն է կրկին մեր մեջ ներարկել այն: Եթե դա նրան հաջողվի (մասամբ արդեն հաջողվել է. մեր քաղաքական վերնախավն արդեն չի գիտակցում-զգում իր երկրին ու ժողովրդին հասցված անպատվությունը)` այլևս որևէ դիմադրության մասին խոսելը, լինի Ղարաբաղյան ճակատում, թե այլ հարցերով, անիմաստ կլինի:

– Դուրս է գալիս, որ նաև սեպ է խրվում հայաստանցի հայի և սփյուռքահայի միջև: Ասում են` ամեն մեկդ ապրեք ձեր սեփական ճակատագրով: Բա էլ ո՞ւր մնացին մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ` չգիտեմ ինչ կարգախոսները…

– Տարիներ շարունակ մենք պնդում էինք, որ պետք է հիմնել սփյուռքի նախարարություն: Պնդողներից մեկն էլ ես էի: Բայց սփյուռքի նախարարությունը ստեղծվեց հենց այն ժամանակ, երբ ընթանում էին հայ-թուրքական գաղտնի բանակցությունները: Ստացվում է, որ այն ստեղծվեց սփյուռքի և առհասարակ հայության աչքերին թոզ փչելու համար: Եթե այսպիսի արձանագրություններ են ստորագրվում` նշանակում է` սփյուռքը կտրվում է Հայաստանից: Որովհետև զրկվում է միասնական հայրենիքի գաղափարից:

– Այժմ առարկայորեն խոսենք. հնարավոր վտանգների թվում հատկապես նշվում է ժողովրդագրականը: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

– Երևանի կենսամակարդակն ավելի բարձր է Թուրքիայի արևելյան շրջանների բնակավայրերի համեմատությամբ: Տեղի թուրքերը և քրդերը մեծ սիրով կլցվեն այստեղ: Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան դա ծրագրված կանի: Նա հրաշալի է տիրապետում այդ զենքին: Տեսեք` 1725 թվականին Հայաստան ուղարկվեցին 12 հազար ամուրի մահմեդականներ, որպեսզի գան և ամուսնանան քրիստոնյա կանանց հետ: Ինչո՞ւ ենք վստահ, որ այս անգամ ապահովագրված կլինենք նման «հարձակումներից»:

– Ի վերջո նաև շահում ենք, օրինակ` տնտեսական հարցում. ձեր ընդդիմախոսների կարևոր կռվանը սա է: Ունենում ենք ևս մեկ ելք դեպի արտաքին աշխարհ:

– Նրանք անտեսում են մատնանշվող տասնյակ վտանգներ և նայում են միայն մեկ ուղղությամբ: Մինչդեռ յուրաքանչյուր խնդիր պետք է դիտել բազմակողմանիորեն: Ընդ որում տնտեսական առումով ևս լուրջ վտանգներ կան: Թուրքիան նպատակամղված կմտնի Հայաստանի շուկա և մասամբ այն կոչնչացնի, մասամբ էլ կվերցնի իր վերահսկողության տակ: Արդեն իսկ կան որոշակի տեղեկություններ, որ Թուրքիայում այդ նպատակով հատկացվել են հատուկ գումարներ (խոսքը միլիարդավոր դոլարների մասին է), որպեսզի ներկա սցենարով սահմանը բացվելու դեպքում մտցնեն մեր շուկա:

– Ես միշտ զարմանում եմ, թե այս պարագայում ինչու չենք օգտագործում «ապաշրջափակում» բառը, վերջիվերջո սահման չի բացվում, այլ Թուրքիան ապաշրջափակում է Հայաստանը: Տերմինների այս փոփոխությունը պատահակա՞ն է, թե սա էլ Թուրքիայի խայծն էր, որ հեշտությամբ կուլ տվեցինք:

– Ոչինչ պատահական չէ: Սա Թուրքիայի նախընտրած տերմինն է, որպեսզի խուսափի 1993-ին սահմանը փակելու պատասխանատվությունից: Բայց չմոռանանք, որ նույն տերմինն օգտագործել են նաև մեր պաշտոնյաները և օգտագործել են վաղուց: Օրինակ` Վարդան Օսկանյանը: Բայց այսօր նա միանգամայն այլ բան է ասում խնդրի առնչությամբ: Նշանակում է` ազնիվ չեն իրենց հայտարարություններում:

– Այսինքն մեր պետական-պաշտոնական այրերի անձնական շահը գերակայո՞ւմ է պետական-ազգային շահին: Դա մեզ համար ազգային հատկանի՞շ է:

– Ոչ, ազգային հատկանիշ չէ: Պարզապես 18 տարիներին մեր պետական շինարարությունը չընթացավ ազգային ճանապարհով, այլ հաճախ պայմանավորված եղավ դրսից թելադրված, նաև` խեղված որոշակի քաղաքականությամբ: Արդյունքում այսօր չունենք ոչ պետական-ազգային հստակ ծրագիր, և ոչ էլ քաղաքական վերնախավ, որը գիտակցի և առաջնորդվի այդ շահերով:

– Դուք պատմաբան եք. մեր պատմության մեջ շա՞տ են եղել նման բախտորոշ պահերը, և ինչպե՞ս է այդ իրավիճակներում իրեն պահել մեր ժողովուրդը: Սա ո՞ր ժամանակների հետ կարելի է համեմատել:

– Այն ժամանակների հետ, երբ վճռվելիս է եղել ազգի լինել-չլինելու հարցը: Իսկ ավելի որոշակի` Վարդանանց պատերազմի հետ, Սարդարապատի հետ: Պարզապես տարբերությունն այն է, որ ներկա ճակատամարտում գծերը հստակ չեն քաշված. կռիվը մղվում է տեղեկատվական դաշտում, հոգեբանական դաշտում, գաղափարախոսական դաշտում: Սա ինձ հիշեցնում է մեր պետականության կորստի ժամանակները: Եղել է, որ կարողացել ենք համախմբվել ու հաղթել թշնամուն, եղել է` չենք հաջողել ու կորցրել ենք այն: Բայց եթե այն ժամանակներում պետության կորուստը չէր նշանակում ժողովրդի ոչնչացում, այս դեպքում բոլորովին այլ իրավիճակ է: Մենք ներկա արձանագրություններն ստորագրելով, փաստորեն, վավերացնում ենք թուրքական գերիշխանությունը և մտնում նրա գաղափարական, քաղաքական, տնտեսական խնամակալության տակ: Իսկ դա, հիշենք, թշնամու խնամակալություն է:

– Եվ վերջին հարցը. Դուք ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում:

– Այս արձանագրություններն ամբողջությամբ հակասում են Հայաստանի Հանրապետության անվտանգության պահանջներին, վտանգում անգամ նրա գոյությունը: Մեր քաղաքական ղեկավարության դիրքորոշումն անխուսափելիորեն բախման մեջ է մտնելու ժողովրդի կենսական շահերի հետ:

2 responses so far

2 Responses to “Թուրքական խնամակալության տա՞կ”

  1. Cheon 15 Oct 2009 at 3:05 am

    Ahhhhhh !!!!
    Too bad we have very few patriots like Armen.

  2. Ակսելon 11 Feb 2010 at 1:54 pm

    Ու

    Հանու՛ն խոսքի ազատության,

    Թալանեցի՝ն մեր ապագան,

    Ցավոք սրտի չկշտացան,

    Ու բարքե՝ր են շուկայական:

    Իրավունքի ազա՛տ շուկա,

    Չարչի՛ն ազատ խոսքի վկա,

    Խի՛ղճ ու պատիվը անպատկան

    Ու վերնախավ շուկայական:

    Վերնախա՛վ է վերնաՀ՛ավը,

    Վերին թարեքի չա՛ղ հավը,

    Չաղ բրոյլե՜րը ամերիկյան,

    Ու կչկչոց հուդայական:

    Ու…

    Ակսել Վարդանյան

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.