ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Print Print Email Email

Հայող Աշխարհ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նախօրեին «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցը հատկանշական է մի շարք առումներով:

Սկսենք նրանից, որ այնպիսի ժանր, ինչպիսին ճշմարտությունն է, գոյություն չունի: Գոյություն ունեն ժանրերի մնացած բոլոր տեսակները, եւ այն, ինչը ճշմարտություն է մեկ ժանրում, բացարձակ սուտ է մյուսում: Սա լավ հայտնի է: Արմեն Այվազյանը տվյալ դեպքում հանդես եկավ որպես քաղաքական ռեալիստ: Ավելին՝ Այվազյանը հանդես եկավ որպես քաղաքական նատուրալիստ՝ ես կասեի:

Քաղաքական նատուրալիզմը հազվադեպ եւ շատ-շատերի համար բավական տհաճ երեւույթ է: Քաղաքական նատուրալիզմ կարող են իրենց թույլ տալ կա՛մ բացառիկ դիրք, կա՛մ բացառիկ արիություն, կա՛մ էլ բացառիկ ինտելեկտ ունեցող մարդիկ: Ես չգիտեմ, թե նշյալ արժանիքներից որով է անմիջականորեն օժտված քաղաքագետ Ա. Այվազյանը: Բայց աշխատում է քաղաքական նատուրալիզմի ժանրում:

 

Ա. Այվազյանի արածը, անշուշտ, բացարձակ աննրբանկատություն է իշխանությունը ներկայացնող կամ իշխանությանը մոտ կանգնած այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք ահա արդեն մեկ ամիս է մոխիր են լցնում գլուխներին եւ լացակումած աղաչում Տեր-Պետրոսյանին երկխոսել իրենց հետ` զբաղվելով հրապարակային մազոխիզմով, կրծքի վրա պատառոտում են վերնաշապիկներն ու աղաղակում, թե մեղավոր են բոլորը:

 

Դա, անշուշտ, բացարձակ աննրբանկատություն է բոլոր այն առասպելների նկատմամբ, որոնք ամեն օր ստեղծվում են, ամեն օր ծաղկում, ամեն օր մահանում՝ ձեւավորելով մեզանում քաղաքական դաշտ կոչվող ճահճուտը:

 

Արմեն Այվազյանն աննրբանկատություն է դրսեւորում: Նա անվանում է իրերն իրենց անուններով: Դա անթույլատրելի է հայրենի քաղաքականության մեջ: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, բաց տեքստով հայտարարել. «Այս ամենը ոչ թե սոսկ պետական հեղաշրջման ու «գունավոր» հեղափոխության փորձ էր, այլ, որ առավել վտանգավոր է, քաղաքացիական պատերազմ եւ եղբայրասպանություն հրահրելու կանխամտածված փորձ»: «Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ: Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ: Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան»:
Քաղաքական նատուրալիզմի ժանրի առանձնահատկությունն այն է, որ իրերն անվանում են իրենց անուններով: Այդուհանդերձ քաղաքական նատուրալիզմը, որի առաքյալն է տվյալ պահին Ա. Այվազյանը, տեղի ունեցավ: Այն, որ վերոնշյալ խոսքերն ասվեցին եւ այն, թե ինչպես դրանք ասվեցին, առանց չափազանցության իրադարձություն է: Ի տարբերություն քաղաքական թեմաներով բազում այլ ճառերի, ի տարբերություն բազմաթիվ առասպելների, որոնք հայտնվում են մերթ այստեղ, մերթ այնտեղ եւ գրոշ անգամ չարժեն:

 

Երբ հնչեցվում են քաղաքական նատուրալիզմի կանխադրույթները, երբ իրերն անվանում են իրենց անուններով, սովորաբար հետ շրջել ոչինչ չի հաջողվում: Բավական է ճիշտ բնորոշել առարկան, նրան սկսում են ճիշտ վերաբերվել: Ա. Այվազյանը ճիշտ ու ազնվորեն արեց դա. «Տեր-Պետրոսյանի գործողությունները ձեռք էին բերել Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր ընթացք, որի հնարավոր հետեւանքները կարող էին աղետալի լինել՝ հանգեցնելով հայոց բանակի ներսում երկպառակությունների, զինված առճակատման, արդարացում չունեցող եղբայրասպան բախումների: Եւ այս ամենը՝ ադրբեջանական լայնածավալ ներխուժման իրական սպառնալիքի պայմաններում: Դեռ մինչեւ մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը, միտումնավոր անտեսելով արտաքին վտանգը, գործը տանում էր դեպի քաղաքացիական պատերազմ, ինչը որեւէ հանգամանքում արդարացում ունենալ չի կարող»:

 

Համաձայնեք, Ա. Այվազյանը չափազանց անգութ վարվեց իշխանական ճամբարը ներկայացնող այն քաղաքական գործիչների հետ, որոնք նվաստաբար աղաչում են Տեր-Պետրոսյանին երկխոսություն սկսել իրենց հետ, անչափ անողորմ վարվեց բոլոր այն պատրանքների հետ, որոնցով ապրում են այդ մարդիկ: Քանզի, աղոթքի պես կրկնելով «երկխոսություն» բառը, վերջիններս այսուհետ ստիպված կլինեն պատասխանել նաեւ հետեւյալ հարցին. երկխոսություն՝ ո՞ւմ հետ: Քաղաքացիական պատերազմ հրահրողի՞: Մեր ազգային անվտանգությանը սպառնացողի՞:

 

Լա՞վ, թե՞ վատ վարվեց Ա. Այվազյանը՝ կոչելով իրերն իրենց անուններով, ես չգիտեմ: Միայն հասկանում եմ, որ, ավա՜ղ, ճշմարտության հետ գործ ունենալը միշտ էլ տհաճ է: Ճշմարտությունն ընդհանրապես նողկալի բան է, բացարձակապես անպետք, բոլորովին անկիրառելի, կործանարար, իր բնույթով կեղտոտ:

 

Ինչպեսեւ ամեն բնականը, նատուրալը: Վերցնենք շուկայում վաճառվող ոչխարի բուրդը: Դրանից գարշահոտ է փչում, վրան վխտում են ոչխարի լվերը: Այդուհանդերձ էկոլոգիապես ամենամաքուր բանն է այն ամենից, որ մենք կարող ենք գտնել՝ դեռեւս մինչեւ քիմմշակումը, մինչեւ դաբաղումը: Եւ ահա գրեթե նույն տեսքն ունի նաեւ Այվազյանի ճշմարտությունը: Բայց այժմ հարկ կլինի հաշվի նստել դրա հետ:

 

Օրինակ՝ այն բանի, որ «մարտի 1-ին եւ 2-ին լուծվում էր հայկական պետականության հարցը£ Այս ամենից հետո ՀՀՇ-ին ընդդիմություն համարելն անհեթեթություն է»: Կամ՝ «Պետության առաջին դեմքերին հրապարակավ ոճրագործ հայտարարելը եւ դա հաստատող փաստերը իրավական ատյաններին չներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ինքնադատաստանի նախաձեռնություն ու տեռորի կոչ: Դա էլ անում էր Տեր-Պետրոսյանը: Իշխանությունները մեղավոր են, որ դեռեւս աշնանը չկասեցրին Տեր-Պետրոսյանի բացահայտ հակաօրինական, հեղափոխական ընթացքը, նրան դատարան չկանչեցին ու պատասխան չպահանջեցին»:

 

Իհարկե, միամտություն կլինի ակնկալել, թե զօրուգիշեր երկխոսության կոչեր անողներն ու բոլորիս մեղավորության մասին խոսողները Արմեն Այվազյանի հարցազրույցից հետո կսսկվեն: Հակառակը՝ նրանք կճնշեն քանակով, ամբոխով, շատախոսությամբ, խոստումներով, ձեռքսեղմումներով, երդումներով, շամպայնի գավաթներ բարձրացնելով, համախմբվածության մասին անկապ դատողություններով, Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած 350 հազարի նկատմամբ սիրո բացատրություններով…

 

Այդուհանդերձ նատուրալիզմը լավագույնն է բոլոր ժանրերից եւ ես՝ որպես համոզված նատուրալիստ, նատուրալիստներին ողջունում եմ:

 

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

(«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր)

03 Ապրիլ 2008թ.

Читайте на русском

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.