Եթե ուղիները միանման չեն, համատեղ ծրագրեր չեն կազմում

Print Print Email Email

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Եթե ուղիները միանման չեն, համատեղ ծրագրեր չեն կազմում»

Մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը (www.ararat-center.org) հարցում է անցկացնում հայ-թուրքական հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ: Ստացվել են 200-ից ավել պատասխաններ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Բելգիայից, Ֆրանսիայից: Մեր հայրենակիցների արձագանքները բավականին ուշագրավ են և ուսումնասիրության արժանի:

Քննարկվում է երեք թեմա, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ մի քանի հարց է տրված.
1) Թուրքերի նկարահանած ֆիլմն այն մասին, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրքերին, և այդ ֆիլմի ցուցադրումը Թուրքիայի դպրոցներում:
2) Էրդողանի այն հայտարարությունը, թե Ղարբաղյան հարցում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունը համընկնում են, և որ այն նրանք մշակել ու իրականացնում են համատեղ:
3) ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:

1-ին թեմայի վերաբերյալ արձագանքները միանշանակ են. այն, որ թուրքը շարունակում է հակահայկական քարոզչություն իրականացնել` հայատյաց դաստիարակելով երիտասարդ սերնդին: Իսկ հայտնի փաստ է` եթե սուտն անընդհատ կրկնվում է, ապա որոշ ժամանակ անց այն արդեն որպես ճշմարտություն է ընկալվում: Լիբանանահայ պատմաբան Գևորգ Յազըճյանը գրում է. «Թուրքերը միշտ ունեցել են, և այսօր էլ ունեն Հայաստանն իբրև քաղաքական միավոր և հայությունն իբրև ազգ վերացնելու ռազմավարական ծրագիր, իսկ հայության մի ստվար զանգված, այդ թվում` ՀՀ նախկին ու այսօրվա իշխանավորները, չունեն այս ծրագիրն որպես իրականություն ընկալելու տարրական գիտակցությունն անգամ»։

«Թուրքիայի իշխանությունները, աշխույժ հայտարարություններից բացի, ոչ մի գործնական քայլ մինչ օրս չեն կատարել` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Այդ երկրի վարած քաղաքականությունը պարզապես քաղաքական ֆլիրտ է` արևմուտքին հաճոյանալու նպատակով», – կարծիք է հայտնում քաղ.գիտ.դոկտոր Լևոն Շիրինյանը:

Թե ինչու՞ Հայաստանի կառավարությունը չի արձագանքում Թուրքիայի այդ հակահայական քայլին, Ֆրանսիայի Չոբանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրափյանը հայտնի կատակով է պատասխանել. «Ուղտին հարցնում են. -Վիզդ ինչո՞ւ է ծուռ: -Իսկ իմ ո՞ր մասն է ուղիղ»:

«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանի խոսքերով` «դա հավանաբար մի քիչ գերզգուշություն է, որ նշանակում է՝ չեն ցանկանում հարաբերություններն այժմ սրել։ Բացառված չէ նաեւ, որ արեւմուտքի պետությունները խնդրել, հուշել են, որպեսզի այդ պատասխանները սուր չլինեն»:

ԽՍՀՄ ժողովրդական արիստ Սոս Սարգսյանը շարունակում է. «Թուրքերի հետ դիվանագիտություն անել չի կարելի, քանի որ նրանք այդ հարցում մի հազար անգամ ավելի խորամանկ են մեզանից: Մենք ունենք մեր պատմությունը թուրքերի հետ, և մենք գիտենք` ովքեր են նրանք, և ովքեր ենք մենք, ինչ է եղել մեր միջև: Դա մե՛ր իմացածն է, մե՛ր դարդն է, մե՛ր ցավն է: Դա պետք է մեզ ստիպի, որ միշտ զգոն լինենք»: Իսկ նոր ատոմակայանի շինարարությանը Թուրքիային հրավիրելու կապակցությամբ Սոս Սարգսյանը հարցնում է. «Թուրքն այդ ե՞րբ է շինարար եղել, նա միշտ քանդել, ավերել է»:

Մյուս հարցվողները կարծիք են հայտնում, որ «այդ մենք կարող ենք Թուրքիային օգնել ատոմակայան կառուցել, քանի որ մասնագետներ մենք ունենք: Մի քանի տարեկան երեխան էլ գիտե, որ ատոմայականը ռազմավարական նշանակության օբյեկտ է: Խորհրդային տարիներին օտարերկրացիներին կտրականապես արգելում էին նույնիսկ մոտենալ ատոմակայաններին, ուր մնաց` մասնակցել դրանց կառուցմանը: Կարելի՞ է պատկերացնել, որ Բուշեհրի ատոմակայանի շինարարությանը իրանցիները իսրայելացիների հրավիրեն… Իսկ թուրքը հայի ԹՇՆԱՄԻՆ է: Այս տարրական ճշմարտությունն է, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում հասկանալ, ինչը հայությանը կարող է տանել ավելի մեծ աղետի, քան 1915 թ. սկսած ցեղասպանությունն է»:

Աշխարհագրական գիտ. դոկտոր Կարինե Դանիելյանն էլ մասնագիտական կարծիք է հայտնում. «Անպայման չէ, որ ատոմակայանում պայթյուն իրականացնեն (չնայած դա էլ չեմ բացառում): Բավական է, օրինակ, ռադիոակտիվության արտահոսք կազմակերպել Արարատյան արտեզյան ջրերի ավազան, որը հենց ատոմակայանի տակ է գտնվում»:

Համաձա՞յն եք արդյոք թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի
բաժնետոմսերի վաճառքի գաղափարին:

Այս հարցի պատասխանը միանշանակ «ո՛չ» է գրեթե բոլոր հարցվողների մոտ. «էլ ուրիշ երկիր չկա՞ր»,- զարմանում են հարցվողները: Ճարտարագետ Վիգեն Նազարյանն էլ դիպուկ նկատում է. «դա կնշանակի` փամփուշտը դնել գլխիդ պահած ատրճանակի մեջ»:

Որպես վերջաբան մեջբերենք մի հին չինական իմաստություն. «Եթե ուղիները միանման չեն, համատեղ ծրագրեր չեն կազմում»:

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.