Հայոց Ցեղասպանությունը և հետևանքները

Print Print Email Email

Աղբյուրը՝ Azatamtutyun.am, 10.04.2009

Գուրգեն Կարապետյանի հարցազրույցը «Արարատ» ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ

Գրեթե մեկ դար է մեզ անջատում Մեծ եղեռնից: Սակայն այսօր էլ, ավաղ, այդ հրեշավոր ողբերգությունը մեզ համար պատմության շուռ տված էջ չդարձավ: Հարյուրամյա ժամանակային տարածությունը չհեռացրեց մեզանից ողբերգությունը, որը համարվում է ոչ միայն քսաներորդ դարի, այլև մարդկության պատմության մեծագույն չարագործություններից մեկը: Ցավը բթացել է, վերքը թեև սպիացել է, բայց չի բուժվել, հոգեբանական վնասվածքը դեռևս ապրում է մեր հոգիներում և մեր հիշողության մեջ:

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և հետևանքները Հայաստանի և հայ ժողովրդի համար` ահա մեր զրույցի թեման:

– Պարո՜ն Այվազյան, Դուք բազմիցս եք անդրադարձել հայերի ցեղասպանության խնդրին, դիտարկել եք դրա նախապատմությունը, ինչպես նաև տարածաքաղաքական և աշխարհառազմավարական հետևանքները: Ինչպե՞ս կարելի է դա հակիրճ, համակարգված ներկայացնել:

– Աշխարհառազմավարական առումով հայ էթնոսի հինգհազարամյա գոյատևման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն` պատմական Հայաստանը: Աշխարհառազմավարական առումով, այս մեծ` ավելի քան 350,000 քառ. կմ տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի պաշտպանական մի շարք շրջաններ, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը: Պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը օտար զավթիչի կողմից դեռևս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մեկ ուրիշ շրջանում կամ շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել ու, հարմար առիթը որսալով, հակահարձակման անցնել և վերատիրանալ զավթված տարածքին:

Իրավիճակը փոխվեց 15-19-րդ դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ հայկական զինված ուժերը հիմնականում ոչնչացվել էին ու վերացվել ասպարեզից (մանր զորամիավորումներ էին պահպանվել միայն առանձին լեռնային շրջաններում), Հայաստան երկրի գոյատևման հիմնական գրավականը ժողովրդագրական գործոնն էր` նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը: Երբ մոնղոլական ու թուրքմենական արշավանքների կամ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով Հայաստանի որևէ մաս ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած մյուս մասերում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում էր` միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական և ռազմական հզորություն:

– Եկեք խոսենք Մեծ Եղեռնի «իրառական», առարկայական խնդիրների, հետևանքների մասին, որոնք, Ձեր պնդմամբ, բավարար ուսումնասիրված չեն: Ինչպե՞ս է անդրադարձել ցեղասպանությունը մեր այսօրվա իրականության վրա:

– Ցեղասպանության վատագույն հետևանքն այն է, որ հայերին օտարացրել և անջատել են իրենց կենսատարածքից: Ռազմավարական առումով` կենսատարածքի կորուստը նրանց զրկել է պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան` ընդամենը մի վերջին միայնակ ամրոց: Նա այլևս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ չունի: Հայաստանն այլևս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի: Այլապես` դա կլինի Հայաստանի ու, հետևաբար, հայ ազգի վերջը:

– Ի՞նչ այլ հետևանքներ եք Դուք նշում Ձեր հետազոտություններում: Հարցնում եմ, շատ լավ գիտակցելով, որ որքան էլ մանրակրկիտ չդիտարկենք այս հարցը, այն պարզապես անսպառ է: Մենք փորձում ենք ընդգրկել անընդգրկելին…

– Անթիվ և անհամար են մեր մշակութային կորուստները: Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական զանազան անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլև` հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլև` տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված են եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը: Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ: Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել և գնացել` մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգևոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց: Իսկ նման փաստերն անթիվ-անհամար են:

– Հայտնի է նաև, որ հայերը Օսմանյան կայսրությունը բնակեցնող ամենահարուստ, ունևոր մարդիկ էին: Ոսկի, թանկարժեք քարեր, փող, սերունդների կողմից կուտակած ունեցվածք` այդ ամենը մնաց այնտեղ` Արևմտյան Հայաստանում, մեր Էրգրում…

– Նյութական կորուստները նույնպես այդ տարածքի բնիկներին` հայ ժողովրդին, հասցրած սարսափելի հարված էր: Ցեղասպանության ենթարկված արևմտահայության ամբողջ ունեցվածքի և գույքի բռնագրավումն ու թալանը վերապրած զանգվածներին ստիպեց տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող և ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, յուրաքանչյուրն առանձին ճգնել իրենց ընտանիքների ֆիզիկական տարրական գոյությունն ապահովելու համար:

– Շատ մակերեսային, կոպիտ հաշվարկներով միայն մեր նյութական կորուստները այսօրվա չափանիշներով կազմում են 90 միլիարդ դոլար: Չէ որ դա նույնպես կարևորագույն գործոն է…

– Ես այդպես էժան չէի գնահատի մեր նյութական արժեքները: Վերջերս հնադարյան մի փոքր արձանիկ վաճառվել է 8 միլիոնով: Իսկ 90 միլիարդ դոլարը Կենտրոնական հետախուզական վարչության երկու տարվա բյուջեն է:

Ցեղասպանության հաջորդ ծանրագույն հետևանքը ես համարում եմ մեր ժողովրդին հասցրած հոգեբանական վնասը: Հոգեբանական առումով` կենսատարածքի կորուստը հայերին զրկել է բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից` դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգևոր զարգացման հնարավորությունը: Միաժամանակ` ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում նույնիսկ ինքնատյացություն` ազգային շահերի ու արժեքների մերժում ու օտարագարություն:

– Ամերիկահայ բանաստեղծ Փիթըր Բալաքյանը, որի ստեղծագործության մեջ ցեղասպանությունը ատաղձային թեմա է, կարևորում է հենց հայ ժողովրդին հասցրած հոգեբանական վնասը: Այն ծանրանում է նաև այն պատճառով, որ թուրք ղեկավարների մի քանի սերունդներ իրենց մեջ բարոյական ուժ չգտան այդ հանցագործությունից ձերբազատվելու համար` առ այսօր չընդունելով ցեղասպանության փաստը: Ինձ հանգիստ չի տալիս զուտ «հաշվապահական», վիճակագրական մոտեցումը այդ աննախադեպ ոճրագործության մարդկային զոհերի հանդեպ: Մեկևկես միլիոնը խուլ ու համր թիվ է, մինչդեռ սպանվածներից յուրաքանչյուրը մարդկային կործանված ճակատագիր է: Այստեղ Աստծո պատվիրանը խախտվել է մեկևկես միլիոն անգամ: Եվ հետո այդ թիվը, իմ համոզմամբ, նույնքան է արտահայտում ողբերգության իսկական ծավալը, որքան 32-ը` Սումգայիթի ջարդերի ժամանակ:

– Ցավոք, այսօր Հայաստանում շատերը հստակ չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ցեղասպանության թուրքական ժխտումը: Մինչդեռ ցեղասպանության ժխտումը` ըստ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Գրեգորի Սթանթոնի, ոչ այլ ինչ է, քան «ցեղասպանության եզրափակիչ փուլ: Դա զոհին հոգեբանական և մշակութային առումով ոչնչացնելու, սպանված ազգականներին հիշելն արգելելու շարունակվող փորձ է»: Ողջակիզմումից վերապրած, Նոբելյան մրցանակակիր 90-ամյա Էլի Վիզելը Հայոց Ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի արշավը բազմիցս անվանել է «կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը»: Ժամանակն է, որ մեր իշխանությունները նման և նույնիսկ ավելի կոշտ ձևակերպումներ տան թուրքական այսպիսի քաղաքականությանը…

Անդրադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված և կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը: Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես` հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ` քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին: Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլևս ժողովուրդ չեն, այլ անհատներ: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը: Արտասահմանում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ և աստիճանաբար ձուլվեց: Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց կոսմոպոլիտ կառույցների և գաղափարախոսության շուրջ և մշակութապես զգալի չափով ապազգայնացավ (հատկապես քաղաքական և մտավորական վերնախավը): Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարևոր օբյեկտիվ գործոններից էր, որ օտարության մեջ հայտնված հայության բեկորներին թույլ չտվեց կազմակերպվել Սփյուռքը միավորող մեկ միասնական կառույցի մեջ: Հասկանալու համար հայության այսօրվա խնդիրները, անհրաժեշտ է նաև պարզորեն պատկերացնել ոչ միայն Մեծ եղեռնի, այլև վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած շարունակական աղետների ահավոր հետևանքները: Դրանց հետևանքով մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի թվի, այլև նրա հավաքական որակի վրա (մասնավորապես` հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը» ` անհատի համար իր և ընտանիքի անձնական շահը ամեն ինչից վեր դասելը):

– Ուզում եք ասել, որ Եղեռնը անմիջական ազդեցությո՞ւն է գործել հայության հետագա սերունդների բնավորության, խառնվածքի վրա:

– Իհարկե: 1894թ. մինչև 1922թ.` չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունը բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894-96թթ., 30.000` 1909թ., 1.5 միլիոն` 1915-16թթ., շուրջ 300.000` 1918-1922թթ.):

1920-1921թթ. Արևելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված Հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, վայելելով հարաբերական խաղաղության և կայունության 70-ամյա մի շրջան` կարողացավ արձանագրել տնտեսական և մշակութային լուրջ առաջընթաց: Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած մարդկային կորուստների, հայերը մեծ զոհեր տվեցին նաև Խորհրդային Հայաստանում. 1920-21թթ. ոչնչացվեց անկախության շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ սպայակազմը, իսկ 1930-ական թթ. բոլշևիկյան խավարամոլության զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը` հազարավոր շարքային քաղաքացիների հետ: 1941-1945թթ. պատերազմին մասնակցած շուրջ 600000 հայորդիներից զոհվեց շուրջ 300 հազարը: Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր թիվ է փոքրաթիվ հայ ազգի համար, բավական է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան տվել են գրեթե ճիշտ նույնքան սպանված` համապատասխանաբար 291.557 ու 357.116 զինվոր: 1949թ. Հայաստանից կազմակերպված բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ: Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էին 1954-1988թթ.: Սակայն սկսած 1988թ.` Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատևումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988թ. Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք և ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը, ներառյալ Երևանից հետո ամենամեծ քաղաքները` Գյումրին ու Վանաձորը: Դրան հետևած ղարաբաղյան պատերազմում զոհվեց շուրջ մեկ տասնյակ հազար հայ: Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը կանգ չի առել ու շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 1-1.5 միլիոն մարդ:

Ցավոք, ցեղասպանությանը հետևեց մի երկարատև շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալ իր կորուստներին, մտածել ապաքինման ուղիների մասին: Ամենակարևորն այն է, որ Խորհրդային Հայաստանը հայկական պետականության ձև չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազի-պետական վարչական միավոր էր, հզորագույն կայսրության մի մասնիկը` մշակութապես հետզհետե ռուսականացող կուսակցական և մտավորական վերնախավերով: Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետևանքները, ներառյալ ամենակարևորը` բուն հայկական տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արևելյան, թե Արևմտյան Հայաստանում), որը և միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում: Չլուծվեց և չէր կարող լուծվել նաև ցեղասպանության մյուս` շարունակաբար ուժաթափող հետևանքը` Սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը` «սպիտակ ջարդը» :

Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշ` միայն 1960-ական թթ. սկսած: Ժամանակի այդ կորուստը ևս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին սպիտակ ջարդին, իսկ թշնամին է՜լ ավելի ամրապնդեց դիրքերը:

Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներևակայելի տարածքային, հոգևոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաև ազգի ընդհանուր մտավոր ու բարոյական ներուժի վրա: Սակայն հե՜նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաև ուժ ու հավատ ներշնչեն, որովհետև, թերևս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների և բառիս բուն իմաստով կանհետանար աշխարհի երեսից: Ուրեմն մեր ազգն ունի նաև անօրինակ տոկունություն և ապրելու կամք, որը և պետք է շուտափույթ գործի դնել` ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ` անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի և տրամադրությունների:

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.