Երգարվեստը որպես հոգեբանական պատերազմի զենք
Վահրամ Միրաքյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի
մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
«Պետությունները կառուցում են կայսրերը և երգիչները»
Շուցզին.
Հին չինական պատմամշակութային աշխատություն:
Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության ժամանակ ընդդիմությանն իրենց երգերով աջակցում էին հայտնի երգիչներ, որոնց «ժողովրդական պայքարի» մասին երգերը հիթ շքերթներում գրավում էին առաջին տեղերը:
Վրաստանում վարդերի հեղափոխության ժամանակ ընդդիմության հավաքներն ուղեկցվում էին համերգային շոու-ծրագրերով:
1989թ.-ին Պանամայում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության ժամանակ դիմադրության ղեկավար` գեներալ Նորիեգի բնակության վայրի մոտ բարձր հնչում էր ռոք երաժշտություն, որում կային այսպիսի արտահայտություններ` «ժամանակն է փախչել, ժամանակն է թաքնվել» 1 :
2008թ.-ի գարնանը, Հայաստանում ընդդիմությունն իր հավաքների ժամանակ հնչեցնում էր ռազմահայրենասիրական երգեր, դինամիկ երաժշտության ներքո ժողովրդին անընդհատ կրկնել էին տալիս` «պայքար, պայքար, մինչև վերջ» և այլն:
Ըստ ամերիկյան տեղեկատվական-հոգեբանական պայքարի մասնագետների` հաղորդագրությունը պետք է իր մեջ ներառի զվարճանք, տեղեկատվություն և համոզմունք առաջացնող բաղկացուցիչներ 2: Զվարճանք ասելով հասկանում ենք ցանկացած միջոց, որը կարող է առաջացնել հետաքրքրություն, շոկ, զարմանք, էսթետիկական հաճույք վիզուալ պատկերից կամ ձայնային հաղորդագրություններից և այլն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական ռադիոկայաններն ամերիկացի զինվորների համար հաղորդում էին ամերիկացիների ամենասիրած երգերը: Դա մի կողմից օգնում էր, որ իրենց լսեն, ինչի շնորհիվ երաժշտության դադարների ընթացքում հաղորդվում էր անհրաժեշտ տեղեկատվությունը, մյուս կողմից էլ` սիրված երաժշտությունը կարոտ էր առաջացնում տան նկատմամբ:
Արդյունավետ ազդեցությունը կարելի է պատկերել այսպես`
հաղորդագրություն
1. զվարճանք 2. տեղեկատվություն 3. համոզմունք
1960-ական թվականներին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ-ի դեմ գաղափարական պայքար տանելու համար, իր ամենօրյա հաղորդումներում շատ էր հեռարձակում «բիթլզ-երաժշտություն», որը հիմնականում ուղղված էր երիտասարդությանը: Երաժշտությունից բացի հաղորդվում էին լուրեր արևմտյան երգիչների, կինոարվեստի, կինոաստղերի մասին և այլն, որոնք ընդհատվում էին մշակված քաղաքական տեղեկատվությամբ3 :
Երաժշտության ազդեցությունը
«Երգն ու երաժշտությունը ղեկավարում են մարդկանց, դրանցով են պայմանավորված մարդու և հասարակության բարոյական հիմքերը: Երգարվեստի մեջ փոփոխությունը իր հետ կբերի փոփոխություն պետական համակարգում»: Պյութագորես
Երգն ու երաժշտությունը շատ մեծ զգայական ազդեցություն ունեն, որը լինում է երկու տեսակի, առաջին` երբ երաժշտությունը առաջացնում է ինչ-որ մտքեր, հիշողություններ, զգացմունքներ, երկրորդ` երբ մարդ երաժշտությունը լսում է կոնկրետ պահին, ինչի հետևանքով նրա մոտ առաջանում են զգացմունքային տատանումներ: Ձայները մարդու կողմից ընկալվում են որպես երաժշտություն միայն այն դեպքում, երբ այնտեղ կան սիստեմատիկ կրկնվող էլեմենտներ: Փորձերը ցույց են տվել, որ կան աղմուկի մի քանի տեսակներ, որոնք առաջացնում են մկանների կծկում: Նման էֆեկտ առաջացնում են հատկապես հարվածային գործիքները:
Դրանով է պայմանավորված մարդու ոտքի ավտոմատ շարժումը, երբ նա լսում է պարային երաժշտություն4 :
Երաժշտության ազդեցության մեխանիզմը կարելի է բաժանել հետևյալ փուլերի`
1. Երաժշտությունը ընկալվում է ականջներով:
2. Վերածվում է նյարդային իմպուլսների և ուղեղի համար հասկանալի տեղեկատվության:
3. Տեղեկատվությունն ընկնում է ուղեղի կենտրոնական հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների առաջացման համար:
Մարդկանց հոգեկան աշխարհի վրա երաժշտության ազդեցության մասին գիտնականները հետաքրքրվել են վաղուց: Նացիստական Գերմանիայում ռազմագերիների վրա բազմաթիվ փորձերի կիրառումից հետո պարզվեց, որ որոշակի տոնի, հաճախականության և բարձրության պայմաններում` պարզունակ, միօրինակ բաբախման ռիթմերը մարդկանց վրա թողնում են հիպնոսացնող ազդեցություն5։
Երաժշտական ռիթմերի` միմյանց որոշակի պարբերությամբ հերթափոխումներն ընդունակ են քայքայել մարդկային անհատականությունը, կաթվածահար անել գիտակցությունը և առաջացնել զանգվածային հիստերիա 6:
Դեռ շատ վաղուց մարդիկ գիտակցել են երաժշտության ազդեցության հնարավորությունները, դրանով է պայմանավորված երաժշտության կիրառումը հոգևոր տեքստերի հաղորդման, պատերազմների և հաջող ազդեցության ապահովման այլ դեպքերի ժամանակ:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, ռազմական հոգեբան` Դավիթ Ջամալյանը ասում է, որ երգը կարող է դրական հուզականություն ստեղծել լսողի մոտ, որը միաժամանակ շատ կարևոր է ինչ-որ գաղափար, միտք մարդկանց կողմից դրականորեն ընդունվելու համար: Հաճելի հոգեվիճակում մարդ որոշակիորեն կենտրոնանում է երաժշտության վրա, զուգահեռաբար ներկայացվող գաղափարի հանդեպ իր գիտակցական վերահսկելիությունը թուլանում է, ու մեղեդուն զուգահեռ` գաղափարը, միտքը ընկալվում է ակամա, ենթագիտակցորեն:
Երաժշտության միջոցով ինչ-որ բան քարոզելը ներշնչման մեխանիզմներից մեկն է:
«Երաժշտության միջոցով ազդեցության ձևերից է նաև ցանկալի տեղեկատվությունը ենթատեքստում տեղադրելը»,- շարունակում է Դավիթ Ջամալյանը:
Երաժշտությունը մարդու վրա ազդում է երեք մակարդակներում`
1. ազդեցություն ֆիզիկական մարմնի վրա,
2. ազդեցություն հոգևոր էության վրա,
3. ազդեցություն մտավոր ներուժի վրա:
Վերջին տասնամյակներում ստեղծվել են շատ երաժշտական ուղղություններ, որոնք քայքայիչ ազդեցություն են թողնում մարդկանց հոգկանի և գիտակցության վրա:
Շվեցարացի գիտնականները ապացուցել են, որ ռոք համերգից հետո համերգի մասնակիցները 3-5 անգամ ավելի վատ են պատասխանում գրգիռներին, քան համերգից առաջ: Պրոֆեսոր Բ. Ռաուխը ապացուցում է, որ ռոք երաժշտությունը առաջացնում է այսպես կոչված` սթրես-հորմոնների արտադրություն, որոնք ջնջում են ուղեղում պահպանվող տեղեկատվությունը 7:
Պարային երաժշտության հետ կապված փորձերն ապացուցել են, որ միանման տեխնո-երաժշտությունը բերում է բթացման: Փորձերն ապացուցել են, որ պարային երաժշտության ազդեցության տակ մարդիկ, բացի մի քանի ֆիզիկական և զգայական կարիքների բավարարումից, կորցնում են կենտրոնանալու կարողությունը8:
Դրան հակառակ` կլասիկ երաժշտությունն ունի դրական ազդեցություն` մտավոր ունակությունների թարմացման հետ կապված:
Երաժշտության միջոցով էռոտիկ ապրումների իմիտացիան առաջացնում է նյարդային գրգիռներ, որոնք առաջանում են նաև իրական էռոտիկ ապրումների ժամանակ: Այսպես հնարավոր է մարդկանց մոտ արհեստական էռոտիկ գրգռվածություն առաջացնել, որի երկարաժամկետ ազդեցությունը կարող է ազդել հանրության բարոյական հիմքերի վրա9:
«Երաժշտական այնպիսի ուղղություններ, որոնք բթացնող հատկություններ ունեն, անխուսափելիորեն լինելու են,- նշում է Դ. Ջամալյանը,- դրան զուգահեռ մենք պետք է զարգացնենք հայկական երաժշտությունը` ժամանակակից ժանրերի միջոցով, որպեսզի գոնե երաժշտության ազդեցության դաշտը լինի մեր ձեռքում: Մենք պետք է պահպանենք և քարոզենք ավանդական հայկական երաժշտությունը»:
Սակայն այլ կարծիքի է արվեստագիտության դոցենտ, երաշժտագետ Մհեր Նավոյանը: Նա վտանգավոր է համարում այն պոպ-երգերը, որոնք իրենց մեջ ներառում են ազգային տարրեր, որովհետև աղճատվում է ինքնաճանաչման համակարգը: «Այն կեղծ պոպ աստղերը, որոնք ժողովրդականանման երգեր են երգում, իրականում ժողովրդական չեն երգում,-ասում է Մ. Նավոյանը,- դրանք երգային դրսևորումներ են, որոնք հնարավորինս մոտեցված են ժողովրդական երգին, որպեսզի լավ վաճառվի: Դա վտանգավոր է, որովհետև ավելի լավ է մարդ ունենա վատ դիմագիծ, քան մոտավոր դիմագիծ: Չմոռանանք, որ այստեղ ինքնաճանաչման մասին է խոսքը, իսկ այս դեպքում, որքան ճշգրիտ, այնքան լավ, մոտավորությունը վտանգավոր է»:
Համապատասխան միտք արտահայտող երգն ու երաժշտությունը կարող են մեծ դեր ունենալ պետությունների կյանքում: Երգարվեստն ունի նաև մեծ միավորելու մեծ ներուժ: Նապոլեոնի վերելքի ողջ ընթացքում նրա անբաժան ուղեկիցն էր «Մարսելյեզը», որը Նապոլեոնի հաղթանակների հետ անցավ ողջ Եվրոպան, դարձավ մի ողջ ժամանակի սիմվոլ և արգելվեց Նապոլեոնի անկման հետ:
Հիշենք, թե Արցախյան ազատամարտի պոռթկման շրջանում և դրան նախորդող ժամանակներում ազգային, ռազմահայրենասիրական երաժշտությունը ի՛նչ տարածում ուներ, ինչը համահունչ էր ազգային ոգու բարձրացմանը, ինչպես որ ազգային ոգու այժմյան անկումը համահունչ է ազգային երաժշտության օտարմանը:
ՀՀ երաժշտական դաշտը
«Ապրու՞մ է այն գործը, որի համար ես մեռա»
Կոմիտաս` Փարիզի հոգեբուժարան
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյանն ասում է, որ ցանկացած ժոողովրդի երաժշտական մշակույթ, նրա հոգևոր կենսագրության կարևոր բաղադրիչներից մեկն է, այսինքն` ծնվում է ժողովրդի հետ միասին և ապրում է ժողովրդի հետ: Հայ ժողովրդի ծագման ժամանակաշրջանը այն ժամանակաշրջանն է, երբ ծագել է հայ երաժշտությունը և` հակառակը:
«Ի՞նչ երաժշտություն եք սիրում» հարցը տվեցինք մոտ 50 երիտասարդի` ԵՊՀ շրջակայքում: Հարցվածներից միայն 2-ը պատասխանեցին` ազգագրական: Հիմնական պատասխաններն էին` արտասահմանյան, պոպ, ռոք, ռուսական, հայկական էստրադա, ռաբիզ, դասական, ամեն ինչ և այլն: Հիշեցնեմ, որ նման պատասխաններ մենք ստացանք գերազանցապես Հայաստանի մայր ԲՈՒՀ-ի ուսանողներից:
Սակայն 40 տարեկանին մոտ մարդկանց շրջանում հարցման ընթացքում պարզեցինք, որ նրանց գերակշիռ մասը հակված է ազգային երաժշտությանը, միևնույն ժամանակ նրանք բողոքում էին հեռուստա-ռադիոեթերում դրանց բացակայությունից:
ՀՀ ռադիոոլորտի մասնակի ուսումնասիրման արդյունքում պարզեցինք, որ մոտ մեկ տասնյակի հասնող հայկական ռադիոկայաններից միայն «Իմպուլս» 106.5 ռադիոկայանում է ազգային երաժշտությունը գերադասվում այլ ոճերից: Մյուս ռադիոկայաններում պատկերը կտրուկ փոխվում է: «Իմպուլս» ռադիոկայանում կան նաև ազգագրական երաժշտությանը նվիրված հաղորդաշարեր, որոնք բացակայում են այլ ռադիոկայանների, նույնիսկ` Հանրային ռադիոյի եթերից:
Ամեն օր, երկու ժամ ազգային երաժշտություն եթեր է հեռարձակում «Ռադիո Հայ»-ը, մասամբ` Հանրային ռադիոն, ՎԵՄ-ը և վերջ: Հայկական այլ ռադիոկայաններից լավագույն դեպքում հնչում է հայկական էստրադա, որը ես կնախընտրեի անվանել հայերեն էստրադա, որովհետև այստեղ բացի աղճատված հայերենից, որևէ այլ հայկական տարր չկա:
Նույն վիճակն է տիրում նաև հեռուստաեթերում: Սակայն այն, որ ազգային երաժշտության նկատմամբ կա պահանջարկ, ապացուցում է Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որտեղ երգեր պատվիրում են ունկնդիրները, և որի երգացանկում հիմնականում ազգային երգեր են:
Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում ազգային երաժշտության նկատմամբ մեր եթերային դաշտի նման վերաբերմունքը, որը մեր կարծիքով պայմանավորված է զուտ կոմերցիոն նպատակներով:
Ժողովրդական երաժշտությունից կտրվելը բերում է նրան, որ տվյալ էթնոսի ներկայացուցիչը կտրվում է այդ էթնոսի հետ նույնականացումից, այսինքն` մեծանում է նրա ձուլման, ուծացման հավանականությունը և նույնիսկ բերում է ձուլման:
«Այն, ինչ կոչվում է ազգային ինքնագիտակցություն, քանի դեռ այն կա և քանի դեռ ժողովուրդն ինքն իրեն տարբերում է այլ ժողովուրդներից,- ասում է Մ. Նավոյանը,- այնքան ժամանակ ժողովրդական երաժշտությունը կա, իսկ այն պահից, երբ ժողովուրդը սկսում է խառնվել այլ ժողովուրդներին, իր չափորոշիչները սկսում է խառնել այլ ժողովուրդներին, այդ պահից փոխվում է նաև նրա երաժշտությունը»:
Էթնոսների միջև տարբերությունը նրանց անդամներն առաջին հերթին զգում են մշակութային տարբերությամբ, և այդ մշակութային տարբերությունն էլ հիմնական արգելակման համակարգն է, որը խոչընդհոտում է ձուլմանը:
«Որևէ ժողովրդի ինքնաիդենտիֆիկացիան, ինքնանույնականացումը, պարտադիր հոգևոր-մշակութային պրոցես է,- շարունակում է Մ. Նավոյանը:- Այսինքն` մենք այլ ժողովուրդներից տարբերվում ենք առաջին հերթին մեր մշակութային կուտակվածքով: Խառնեք այդ կուտակվածքը ուրիշին, փչացրեք այն, և դուք տարբերակվելու հնարավորություն չեք ունենա, դուք կշփոթվեք, կլուծվեք ուրիշների մեջ: Տեղի կունենա Էթնիկ կառուցվածքի լղոզվածք»:
Դավիթ Ջամալյանը Հայաստանի երաժշտական ոլորտի ամենալուրջ խնդիրներից է համարում «ռաբիզ» կոչված երաժշտական ոճի լայն ժողովրդականությունը: «Այստեղ վտանգը նրանում է, որ հայկական երգի անվան տակ մատուցվում է թուրքական երաժշտություն` հայերեն բառերով: Սա մեր ինքնագիտակցությանը, ինքնությանը հասցվող շատ լուրջ հարված է: Փաստորեն հայ երիտասարդը թուրքական երաժշտությունը համարում է հայկական, միայն այն բանի համար, որ բառերը հայերեն են: Սա մշակութային էքսպանսիայի մի շատ հետաքրքիր դրսևորում է: Այստեղ մենք առընչվում ենք հոգեբանական պատերազմի դրսևորումներից մեկին, երբ մշակույթը հանդիսանում է հոգեբանական ազդեցության միջոց և գործիք»:
Անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը նշում է, որ ժամանակակից ցածրորակ «պոպ արվեստը», զանազան այլ օտար ներխուժումները կարող են բերել նրան, որ ազգը կարող է փոխվել, նրա ինքնապաշտպանական ուժերը կարող են թուլանալ: «Վճռական պահերին մենք, հնարավոր է` այն եռանդը չկարողանանք ցուցաբերել, որոնք պետք են հաղթանակի հասնելու համար»:
Հաշվի առնելով ազգային երաժշտության նման հսկայական նշանակությունը` անհրաժեշտ է, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը որդեգրի հստակ քաղաքականություն` ազգային երաժշտության քարոզման ուղղությամբ: Արդեն որոշ քայլեր արվում են, մասնավորապես 2008թ-ին ՀՀ Մշակույթի նախարարությունը դրամաշնորհ էր հայտարարել ազգագրական երաժշտությանը նվիրված լավագույն ռադիոհաղորդման համար: Ցավոք, ծրագիրը կարճաժամկետ էր:
Սակայն կարևոր է, որ նման միջոցառումները լինեն պարբերական և ընդգրկեն հատկապես հանրային հեռուստա-ռադիոոլորտը: Հանրային հեռուստատեսությունում, որը ունի հայության շրջանում ամենամեծ սփռումը, չկա ոչ մի հաղորդաշար, որը պարբերաբար հնչեցնի ազգային երաժշտություն, իսկ ադրբեջանական կամ թուրքական հեռուստաեթերներում մշտապես հնչում է իրենց «ազգային» երաժշտությունը:
Այս պարագայում անհրաժեշտ է, որ մշակույթի նախարարությունը օրենք ընդունի, ըստ որի` բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին պարտադրվի երաժշտական եթերի մի մասը հատկացնել ազգային երաժշտությանը, որովհետև այլ կերպ ազգային երաժշտությունը, ժամանակակից ԶԼՄ-ների առևտրայնացման պայմաններում, հանրային ոլորտից կարող է անհետանալ, ինչի հետևանքների մասին վերը նշվեց:
Ռազմահայրենասիրական երգարվեստ
«Հռոմը գնում է դեպի կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»:
Լուկիավոս` հույն պատմաբան (մթ. 120-180)
Ինքնապաշտտպանական ուժերի զգոնության, հայրենասիրական դաստիարակության, բանակի ոգու բարձրացման համար նույնպես կարևոր են երգերը: Իսկ ի՞նչ երգեր են այսօր երգվում բանակի համար:
Հեռու չգնալով`ստորև կներկայացնենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 16-րդ տարեդարձին նվիրված համերգը, որը կազմակերպել էր « Շարմ հոլդինգը»` 2008թ.-ի հունվարի 28-ին: Համերգն անցավ «16-Հայկական Բանակ» խորագրով (Ի դեպ` 16 տարեկան է ՀՀ ԶՈՒ-ն, իսկ Հայկական Բանակը` առնվազն մի քանի հազար տարեկան է):
Մի կողմ թողնելով դատողությունները, թե որքանով էին ազգային այնտեղ հնչած երգերը, նրանց որ մասն էր վերցված ռազմահայրենասիրական երգերի մեր մեծ ժառանգությունից (ազգային, ռազմահայրենասիրական երգեր ընդհանրապես չկային)` շեշտը կդնենք միայն երգերի հաղորդած իմաստային տեքստերի բովանդակության վրա, քանի որ հայտնի է, որ հաճելի երաժշտության ուղեկցությամբ հաղորդվող երգի տեքստն ազդում է մեզ վրա` ենթագիտակցական մակարդակում:
Պետք է նկատել, որ համերգի ընթացքում կային մի շարք երգեր, որտեղ բանակում ծառայելուց ավելի շատ, կարևորվում էր ծառայությունից վերադարձը և բանակում ծառայելը ներկայացվում էր որպես մի պարտականություն, որին մի կերպ պետք է դիմանալ:
Օրինակ` «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու և ապրեմ այստեղ, իմ երկրում ուժեղ: Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած» («Ծառայելու եմ ես», երաժշտություն` Արմեն Մարտիրոսյանի, խոսք` Ավետ Բարսեղյանի, կատարողներ` Տիկո, Գոռ, Նարեկ Բավեյան: Մեջբերումը կրկներգից էր):
Մեկ այլ տեղ` «Մի նամակ, մի համբույր, մի տխրիր դու իզուր, սիրելիս սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ»: («Մի նամակ», հեղինակ` Մարինե Թագակչյան, կատարող` Արամե: Մեջբերումը կրկներգից էր):
Ավելի պարզ տեսնելու համար ռազմահայրենասիրական ժանրի նահանջը ժամանակակից հայկական երգարվեստի ոլորտում, ստորև մեջբերում ենք մոտ հարյուր տարի առաջ ժողովրդի կողմից ստեղծված` «Ձայն տուր, ով Ֆետայ» երգից:
Ձայն տուր, ով ֆետայ, ինչու՞ ես տրտում,
Լուռ ու մունջ նստած, երկար մտածում,
Ավա~ղ, երկար մտածում:
Տխուր, երկար մտածում:
Շարժեցեք տղերք սուրեր շողողուն,
Թափեցեք կրակ թշնամյաց գլխուն,
Գազան թշնամյաց գլխուն,
Դաժան թշնամյաց գլխուն:
Եվ այլն…
Այստեղ նպատակը հստակ է` պետք է կռվել, պետք է ոչնչացնել թշնամուն, իսկ վերը նշված ժամանակակից երգերում կարծես թե գլխավոր նպատակը բանակից վերադառնալն է, բացի այդ` չկա ոչ մի խոսք թշնամու մասին:
Հակառակորդին հստակ մատնանշելու նմանատիպ օրինակներ մենք տեսնում ենք նաև այլ ազգերի ռազմահայրենասիրական երգարվեստում 10:
Ռազմահայրենասիրական երգը յուրաքանչյուր ազգի ռազմական ավանդույթների կարևորագույն տարրն է և կարող է ազդել մարդկանց վրա` ենթագիտակցական մակարդակում: Ռազմահայրենասիրական երգով մարդիկ պետք է գնան կռվելու, մեռնելու հանուն Հայրենիքի, իսկ «Մի նամակ», «Ես շուտով տուն կգամ», «Կեցցե արձակուրդներ» և նմանատիպ երգերով հաստատ չեն գնա պատերազմի: Դրանք խորհրդային շրջանի հայրենասիրական երգերի ավանդույթների շարունակողներն են, իսկ այդ շրջանի նման երգերն ավելի ինտերնացիոնալ էին և չէին կարող արտահայտել առանձին ազգերի ավանդույթները: Բացի այդ, կարելի՞ է արդյոք թույլ տալ, որ բանակի տոնին նվիրված համերգին չկատարվեն մեր լավագույն ավանդական ռազմահայրենասիրական երգերը, որոնցում կան հայկական ռազմական ավանդույթները և որոնցով հայերը դարերով կռիվ են գնացել:
Ընդհանրապես, ժամանակակից հայրենասիրական երգերում և մասնավորապես «Հայկական բանակ-16» տոնական համերգացանկում գերազանցում են տխուր, թախծոտ տոնայնություն ունեցող երգերը, ինչը նույնպես չի կարող անհետևանք մնալ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա բացասական ազդեցության առումով:
Օրինակ` «Հայկական բանակ-16»-ում հնչած 15 երգերից միայն մեկ երգ էր («Տեր աստված, ուժ տուր մեզ», հեղինակ` Վաչե Ավեյան, կատարող` Արման Հովհաննիսյան), որը հստակ ոգևորող զգացմունքներ էր առաջացնում, մնացած 14-ը մելամաղձոտ տրամադրություն էին հաղորդում:
Թախծոտ երաժշտության հետ կապված ևս մեկ դիտարկում` հայկական տարբեր հեռուստաալիքների «հիթ շքերթներին» մոտ մեկ ամիս (2008թ. հունիս-հուլիս) հետևելու ընթացքում պարզվեց, որ բացարձակ մեծամասնությունում` 70-80 տոկոս, գերակշռող են տխուր երգերը:
Եթե այս ամենին գումարենք այն, որ հայ հանրության մի մեծ զանգված էլ գերադասում է պակիստանա-թյուրքական ծագում ունեցող «ռաբիզ» երաժշտական ոճը, որում նույնպես գերազանցապես «թախծոտ» երգեր են, ապա պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանը զբաղեցնում 96-րդ տեղն 97 երկրներում անցկացված հարցումների արդյունքում, որի նպատակն էր պարզել, թե որքանով են իրենց երջանիկ համարում այդ երկրների բնակիչները11 :
Ինչպես տեսանք, երաժշտությունն այն գործիքն է, որի միջոցով կարելի է ազդել հանրության բարոյական նկարագրի, ազգային ոգու, հայրենասիրական զգացումների վրա: Այդ պատճառով, պետական լուրջ մոտեցումը նման հարցերին խիստ կարևոր է: Սակայն հոգեբանական ազդեցության այլ ոլորտների նման` այստեղ էլ մեզանում բարձիթողություն է տիրում, մինչդեռ շատ հոգեբանական, հայրենասիրական-դաստիարակչական խնդիրներ կարելի է լուծել հե՛նց երաժշտության միջոցով:
——————-
- Taylor P. M., “Paper Bullets for Magic Bullet? Psicological Operations and Information Warfare”-Leeds, 1999. p. 5 ↩
- Георгий Почепцов, “Психологоческие войны”, Рефл-бук, Ваклер 2002г. С 162 ↩
- М. Матоуш “Фронт без перемирия. Чехословакия в борьбе против идеологической диверсии”. М. ИПЛ 1977г. С. 61 ↩
- http://www.vuima.ru/musicinf.html ↩
- ԱՄՆ-ի Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բրայան Պրիմակը մի հետազոտություն է իրականացրել` պատասխան տալով շատ ծնողների հարցերին: Նա նշել է, որ ռոք, ռեփ և քանթրի երաժշտություն սիրողներն ավելի շատ են օգտագործում թմրադեղ և ալկոհոլ: Ինչպես ցույց են տվել նրա ուսումնասիրությունների արդյունքները, 2005-ի 279 հայտնի երգերից (Billoard-ի տվյալներով) 93-ում (33.3%) խոսվում է այդ նյութերի օգտագործման մասին: Երաժշտական հիմնական ժանրը, որում ուղղակի ձևով հիշատակվում է ալկոհոլի և թմրադեղի օգտագործման մասին, ռեփն է (77%): Դրան հաջորդում է քանթրին (37%), R&B և հիփ-հոփ (20%), ռոք (14%) և փոփ ոճի երաժշտությունը (9%): Պրիմակը, Վաշինգտոնի Ամերիկյան առողջապահության հասարակական ասոցիացիայի ամենամյա նիսում խոսելով իր ուսումնասիրության արդյունքների մասին, նշել է, որ երգիչներն ամենից շատ երգում են ալկոհոլի մասին` 23.7%, մարիխուանայի մասին` 13.6% դեպքերում, և հաճախ (68%) խոսքը վերաբերում է դրանց օգտագործման դրական արդյունքներին, այլ ոչ թե բացասական հետևանքներին, որ կարող է ունենալ կյանքի տարբեր բնագավառների վրա՝ սոցիալական, տնտեսական, էմոցիոնալ, սեքսուալ: Նախկին ոսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ այդ սուբստանցիաների մասին տեղեկատվության ավելացումը երեխաների մոտ բերում է դրանց օգտագործման աճին: Պրիմակն ընդգծել է, որ մեկ օրվա ընթացքում երիտասարդները թմրադեղերի և ալկոհոլի մասին երգերի միջոցով կարող են լսել մինչև 84 հիշեցում: http://www.armtown.com/news/am/prm/20071119/28423/ ↩
- ՊԱՅՔԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ, http://www.iravunk.am/site/more/484/, օգոստոս 16, 2007թ. ↩
- http://www.yugzone.ru/journal/2007/12/muzika_i_mozg_r.html ↩
- А. Г. Юсфин “Музыка – сила жизни” ↩
- http://www.vuima.ru/musicinf.html ↩
- http://www.vor.ru/culture/cultarch321_rus.html#1, http://harchikov.pp.ru/, http://www.pakhmutova.ru/songs/rep1975.shtml ↩
- http://www.armtown.com/news/am/has/20080702/268986449/, 2 հուլիսի, 2008թ.
Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: Իրենց ամենից դժբախտ համարող մարդիկ ապրում են Զիմբաբվեում, Զիմբաբվեից հետո` Հայաստանում: ԱՄՆ-ը զբաղեցրել է 16-րդ տեղը: Հետխորհրդային երկրները հայտնվել են ցուցակի ետնամասերում:
↩
One Response to “Երգարվեստը որպես հոգեբանական պատերազմի զենք”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Շատ հետաքրքիր նյութ էր