Էթնիկական ինքնություն և ազգային ինքնապաշտպանություն

Print Print Email Email

ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ,
«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ, «Հոգեբանության հիմունքներ», «Էթնիկական հոգեբանություն», «Մարդկային ագրեսիվություն» և այլ գրքերի հեղինակ

2008 թվականի նոյեմբերի 1-ին «Ազգ» թերթում հրապարակվեց գրող և գրականագետ Ստեփան Թոփչյանի ընդարձակ հոդվածը՝ «Ո՞վ է հայը» վերնագրով։ Այդ նյութը գրելու առիթ է հանդիսացել քաղաքագետ և պատմաբան Արմեն Այվազյանի «Հայկական ինքնության գրավակաները կամ ո՞վ է հայը» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) հոդվածը, որի մեջ հեղինակն առաջ է քաշում մի շարք այժմեական խնդիրներ՝ փորձելով տալ դրանց ուրույն մեկնաբանություններ։ Հոդվածում արված հարցադրումները սուր են, անկեղծ և, որ ամենակարևորն է, արտահայտում են հեղինակի մտահոգությունը, հաճախ նաև խոր տագնապը, հայ ազգի և պետականության ճակատագրի կապակցությամբ։ Ս. Թոփչյանի հոդվածը ևս, հուսով եմ, ելնում է նույնանման մտահոգություններից, այդ պատճառով էլ ես, որպես էթնոհոգեբան, որոշեցի համառոտ այս դիտողություններով հանդես գալ այդ երկու նյութերում արծարծվող և ինձ համար առավել հետաքրքրական մի շարք խնդիրների շուրջ։ Հընթացս խոսելու եմ նաև Ա. Այվազյանի հրապարակած տեսակետների նկատմամբ ևս մեկ՝ քաղաքագետ Իգոր Մուրադյանի արձագանքի մասին։

1. Ո՞րն է վեճի առարկան
Ինչպես Ա.Այվազյանի, այնպես էլ Ս. Թոփչյանի հոդվածներում հիմնականը էթնիկական, մասնավորապես՝ ազգային ինքնության խնդիրն է։ Վեճի հիմնական պատճառն այն է, որ «Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը» հոդվածում Այվազյանը ելնում է ազգային ինքնության որոշակի պատկերացումից, մինչդեռ Թոփչյանի հոդվածում նման պատկերացում ներկայացված չէ։ Ավելի մեծ հավանականությամբ ազգի ինքնության մասին այն պատկերացումը, որն ընկած է Թոփչյանի դատողությունների և առարկությունների հիմքում, չեն միավորվում էթնիկականության ամբողջական հայեցակարգի մեջ։ Բայց եթե վիճում եք որևէ երևույթի մասին այլ անձի պատկերացման դեմ, ապա ցանկալի է կամ ունենալ սեփական հայեցակարգ, կամ էլ փոխ առնել այդպիսին, եթե գիտության մեջ նման բան արդեն ստեղծվել է։
Ահա այս հանգամանքները նկատի առնելով տողերիս հեղինակը, ով երկար ժամանակ է, ինչ զբաղվում է էթնոհոգեբանության և, մասնավորապես, էթնիկականության բնույթի խնդիրներով, որոշեց մի շարք նկատառումներ առաջ քաշել, դրանց վրա հրավիրելով ինչպես վեճի մասնակիցների, այնպես էլ ընթերցողների ուշադրությունը։

2. Ի՞նչ երևույթ է էթնիկական ինքնությունը
Իմ պատկերացմամբ, «էթնիկական ինքնությունն» այն է, ինչ էթնոլոգներն ու էթնոհոգեբաններն անվանում են «էթնիկականություն» (ethnicity, этничность)։ Ըստ ժամանակակից գիտական պատկերացումների, էթնիկականությունը, որը կոնկրետ դեպքերում կարելի է արտահայտել այնպիսի, մի փոքր արհեստական, հասկացությունների միջոցով, ինչպիսիք են՝ «հայկականություն» կամ «հայություն», «թրքություն» (կամ «թուրք լինելը»), «ռուսություն» և այլն՝ էթնոհոգեբանական մի կառուցվածք է, զուգորդություն (ասոցիացիա), որը պետք է դիտել ինչպես ողջ էթնոսի (այդ թվում նաև ազգի, որը էթնոսի զարգացման բարձրագույն աստիճանն է), այնպես էլ անհատների և տվյալ էթնոսի կազմի մեջ մտնող խմբերի, օրինակ՝ ընտանիքի մակարդակում։ Այդ զուգորդության մեջ մտնում են հետևյալ հիմնական բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բավականին բարդ երևույթ է. 1) տվալ խմբի անդամների ընդհանուր ծագումը և պատկերացումն այդպիսի ծագման մասին, 2) էթնոսի կամ ազգի լեզուն, 3) մշակույթի մյուս բաղադրիչները՝ գրականություն, արվեստ, պատմագիտություն, ավանդույթներ և սովորույթներ, վարքային և այլ տեսակի ստերեոտիպեր և այլն, 4) կենսագործունեության տարածքը և նրա արտացոլումն ազգի անդամների, նրա էթնոկիրների հոգեկանում, 5) էթնիկական ինքնագիտակցությունը (էթնիկական «Ես»-ը և «Մենք»-ը՝ «Ես հայ եմ», «Մենք հայեր ենք» և նման այլ լեզվական դրսևորումներով), 6) էթնիկական սիմվոլիկան և նրա արտացոլումը տվյալ էթնիկականությունը կրող մարդկանց (էթնոկիրների) հոգեկանում, 7) էթնիկական հոգեկերտվածքն իր բոլոր հիմնական բաղադրիչներով՝ էթնիկական խառնվածքով և բնավորությամբ, հիմնական արժեքային կողմնորոշումներով և դիրքորոշումներով և այլն, 8) կրոնական աշխարհայացքը, արարողություններն ու սիմվոլիկան, 9) էթնոկիրների ռասայական (մարդաբանական) առանձնահատկությունները, որոնք, իրենց հերթին, մի բարդ զուգորդություն են կազմում։
Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով խոսում է էթնոհոգեբանական և էթնոքաղաքական խնդիրների մասին, պետք է որոշակի պատկերացում ոնենա էթնիկականության այս բարդ կառուցվածքի մասին, այլապես նրա կողմից բերվող փաստարկների աղբյուրի և հիմքի մասին ստիպված ենք լինելու միայն կռահումներ և վերագրումներ կատարել։ Բայց դա դեռ բոլորը չէ։

3. Էթնիկականության երկու ասպեկտ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ
Արդեն էթնիկականության վերը բերված համառոտ բնութագիրը ցույց է տալիս, որ այդ երևույթը, որպես բարդույթ, ունի ինչպես օբյեկտիվ, առարկայական կողմ (որի մեջ մտնում են էթնիկականության օբյեկտիվացիան, այսինքն էթնոկիրների կամքից և ցանկությունից անկախ գոյություն ունենալը), այնպես էլ սուբյեկտիվ տարրեր (այս ասպեկտը կազմված է անհատի սուբյեկտիվ էթնոհոգեբանական ապրումների մի ամբողջ խմբից, որի կազմում հիմնականը նրա էթնիկական ինքնագիտակցությունն է, ընդ որում վերջինը մասամբ արտահայտվում է խոսքի միջոցով («Ես հայ եմ», «Ես ֆրանսիացի եմ» կամ նույնիսկ՝ «Ես ֆրանսահայ եմ» և այլն)։
Հետևաբար մի բան է որևէ էթնոսի օբյեկտիվորեն պատկանելը, և այլ է նույն անհատի այն սուբյեկտիվ զգացումը, ըստ որի նա պատկանում է տվյալ էթնիկական հանրույթին։ Այլ բան է, թե նա ինչպես է, որպես հոգեկան գործունեության սուբյեկտ, պատկերացնում իր էթնիկականությունը (կամ որ նույնն է՝ իր էթնիկական պատկանելությունը՝ «Ես հայ եմ», «Ես ֆրանսիացի եմ» և այլն)։ Խնդիրն այն է, որ անհատի էթնիկական պատկանելության այդ երկու ասպեկտները հազվադեպ են լիովին համընկնում։

4. Ինչպե՞ս որոշել անհատի էթնիկականությունը
Դիցուք մենք խնդիր ունենք որոշելու որևէ Ա անհատի էթնիկ պատկանելությունը։ Այս դեպքում ո՞րը պետք է առաջնային համարենք՝ էթնիկականության բարդույթի օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ կողմը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով տվյալ խնդրին գիտական մոտեցման կողմնակից է, կհամաձայնվի, որ առաջնայինը պետք է համարել էթնիկական բարդույթի մեջ մտնող օբյեկտիվ բաղադրիչների խումբը՝ մարդաբանական գծերը (մաշկի գույնը, մազերի ձևն ու կառուցվածքը, աչքերի կտրվածքն ու էպիկանտուսի առկայությունը կամ բացակայությունը և այլն), ծագումը (ինչ էթնոսի պատկանող ծնողների զավակ է), լեզուն, որով նա մտածում և խոսում է, վարքի և մտածողության ստերեոտիպերը, որոնք դրսևորվում են օբյեկտիվորեն։ Եվ եթե, օրինակ, ըստ այս բոլոր օբյեկտիվ հատկանիշների տվյալ Ա անհատը հայ էթնոսին է պատկանում, բայց ինքը պնդում է, թե հայ չէ, այլ, ասենք, ֆրանսիացի է, ապա նման պնդումը, որը հիմնականում սուբյեկտիվ ինքնընկալում է և ինքնավերագրում, չի կարող ընդունվել մեր կողմից, քանի որ օբյեկտիվ հատկանիշների գոյությունը ժխտել հնարավոր չէ և անիմաստ է (եթե դրանք, իհարկե, բացահայտվել են այնպես, ինչպես իրականում կան)։
Այսպիսի մոտեցման դեպքում Այվազյանի տեսակետն, անշուշտ, պետք է գնահատել որպես ավելի գիտական և հիմնավորված, քան Թոփչյանի տեսակետը, որն առավելապես սուբյեկտիվ է և ավելի շուտ վերաբերում է այսպես կոչված «առողջ բանականության», այսինքն՝ սիրողական «իմաստնության» ոլորտին։

5. «Հայ» և «ծագումով հայ», թե՞ «լիարժեք» և «ոչ լիարժեք» հայ
Քանի որ, ինչպես տեսանք, էթնիկականությունը օբյեկտիվ հատկությունների, ինչպես նաև սուբյեկտիվ արտացոլումների և ապրումների բարդույթ է, ապա միանգամայն ակնհայտ է, որ մենք հետևյալ հարցադրումը կատարելու իրավունք ունենք. էթնիկական գծերից որո՞նք կան Ա-ի մոտ (մեջ) և որոնք են բացակայում և էթնիկական ա1, ա2, … ա10 գծերն ինչպիսի՞ ուժով են տրված այդ Ա անձին։ Եթե պարզության համար ընդունենք, որ էթնիկականության մեջ մտնում է 10 գիծ, ապա այդ Ա անհատը կարող է ունենալ դրանցից հինգը, իսկ մյուսները չունենալ։ Բ անհատը, որը նույն էթնոսից է սերվել, կարող է ունենալ նույնիսկ միայն մեկ հոգեբանական հատկանիշ, օրինակ՝ «հիշողություն» այն մասին, որ ինքը սերված է այդ էթնոսին պատկանած նախնիներից։ «Ես հայ եմ», – ասում է նա որևէ լեզվով, բայց ոչ հայերեն, որին նա չի տիրապետում, այդպիսին է նրա էթնիկականությունը (որի մեջ գուցե մտնում են նաև որոշ մարդաբանական օբյեկտիվ գծեր)։ Մեկ այլ՝ Գ անհատ կարող է ունենալ բոլոր հիշատակված 10 հատկանիշները, բայց ոչ միանման ինտենսիվությամբ։
Եթե այդպես է, ապա մենք միանգամայն օրինաչափորեն կարող ենք հարց տալ. արդյո՞ք այդ Ա, Բ, Գ անձինք էթնիկական տեսակետից նույնն են։ Պատասխանն, ակնհայտորեն, կարող է միայն բացասական լինել։ Նրանք ոչ միայն նույնը չեն, այլև էականորեն տարբեր են։ Եթե խոսքը հայկական էթնիկականության մասին է, ապա օբյեկտիվորեն և խիստ դատելու դեպքում պետք է ասենք, որ նրանցից մեկն ավելի հայ է, քան երկրորդը, իսկ երկրորդն՝ ավելի, քան երրորդը։ Գիտության, մասնավորապես էթնոհոգեբանության, ոլորտում այսպիսի հարցադրումներ կատարելը մենք միանգամայն օրինական ենք համարում։ Անկասկած, հարցը քաղաքական և բարոյագիտական «աստառ» է ստանում այն դեպքում, երբ սկսում ենք արժեքավորող բառեր և դատողություններ օգտագործել, գնահատականներ տալ, օրինակ՝ երբ Ա-ին անվանում ենք «լիարժեք հայ», Բ-ին՝ «ոչ լիարժեք» կամ «կիսով չափ հայ» և այլն։ Այս արժեքավորող գնահատականները կարող են վիրավորական թվալ, սակայն դրանց հիմքում ընկած են առարկայական և հիմնավոր գիտական պատկերացումներ։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ պետք է կարողանան հաղթահարել իրենց սուբյեկտիվ ապրումները և ընդունել ճշմարտությունը, որը հաճախ բավականին դառն է լինում։ Անձի զարգացման հեռանկարի տեսակետից ոչ այնքան հեռանկարային ինքնապաշտպանական դիրքորոշում և վիրավորվածի կեցվածք ընդունելու փոխարեն մի՞թե չի կարելի ընդունել սեփական անձի ոչ լրիվ էթնոկիր (այլ ոչ թե ոչ լրիվ մարդ, քավ լիցի) լինելու փաստը։ Ես կարծում եմ, որ շատերն իրենց հոգու խորքում ընդունում են այդ փաստը, բայց հրապարակայնորեն՝ ոչ, նրանք զգուշանում են, վախենում։ Կան այնպիսի անհատներ, ովքեր լրիվ էթնոկիրներ չեն, բայց իրենց մասին այնքան աղճատված պատկերացումներ են ստեղծում (լայնորեն օգտագործելով հատկապես վերագրման հոգեբանական մեխանիզմը), որ այլևս ի վիճակի չեն լինում ճիշտ ընկալել սեփական անձի էթնոհոգեբանական վիճակն ու ստատուսը։ Այդպիսի մարդը, հայոց լեզուն չիմանալով և, հետևաբար, հային հատուկ մտածելակերպ չունենալով, կարող է պնդել, թե իբր «ինքն իսկական հայ է», «լիարժեք հայ է» և այլն։ Սա, իհարկե, իռացիոնալիզմ է, քանի որ հաշվի չի առնում իրականությունը։ Դա ցանկալին որպես իրականություն ներկայացնելու շատ հայտնի երևույթի դրսևորումներից մեկն է։ Հոգեբանական ճշմարտությունները անհատի համար կարող են տհաճ լինել, հատկապես եթե վերաբերում են սեփական անձին, և միանգամայն հասկանալի է, թե ինչու են մարդիկ այդպիսի կատաղի դիմադրություն ցույց տալիս դրանց՝ ակտիվորեն արտամղելով իրենց գիտակցության ոլորտից։ Ըմբռնելով հանդերձ նման մարդկանց վիճակը և ապրումակցում (empathy) ունենալով նրանց հետ, այնուամենայնիվ չենք կարող ընդունել նրանց տեսակետը։ Եթե ցանկանում ենք լուրջ արդյունքների հասնել, ապա ճշմարտությունը մեզ համար պետք է վեր լինի ամեն ինչից։ Այլ խնդիր է, որ էթնոքաղաքական տեսակետից այդ ճշմարտությունը հրապարակելը, կամ լրիվ չափով հրապարակելը, միշտ չէ, որ նպատակահարմար է։ Միշտ չէ, որ անհատի, ազգի կամ պետության առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից ճշմարտությունն անմիջական օգուտ է բերում։ Ահա թե ինչու ես էլ եմ կարծում, որ մեր ոչ լրիվ էթնոկիր հանդիսացող հայրենակիցներին իրենց մասին ողջ ճշմարտությունն ասելը միշտ չէ որ նպատակահարմար է. նրանց հակազդեցությունը կարող է լինել, օրինակ, այնպիսին, ինչպիսին որ մենք տեսնում ենք Ս. Թոփչյանի ռեպլիկներում։ Ավելին, շատ շատերի հակազդեցությունը կարող է լինել պարզունակ-ագրեսիվ, մինչդեռ Թոփչյանը, չնայած Այվազյանի հետ ունեցած անհամաձայնությանը, նրա հետ միասին կարծես թե մտահոգված է մեր ազգի ճակատագրով և այնպիսի ուղիներ է որոնում, որոնցով կարելի է ավելի բարվոք վիճակի հասցնել հայ ազգն ու հայրենիքը։ Բայց նման որոնումները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հենվում են ճշմարիտ գիտելիքների վրա։

6. Ո՞վ պետք է ծաղկեցնի Հայաստանը և ու՞մ համար
Հայաստանից արտագաղթողների շրջանում կա մի հետաքրքիր, նույնիսկ ես կասեի՝ պարադոքսալ պատկերացում, որին ես հանդիպել եմ նման մի քանի անձնավորություննեերի հետ ունեցած զրույցների ընթացքում և որն առկա է նաև Թոփչյանի հոդվածում։ Խոսքը նրանց հետևյալ ինքնարդարացման մասին է. մենք գնում ենք, երբ Հայաստանում կյանքի պայմանները բարելավվեն, գուցե և վերադառնանք։
Նման դիրքորոշումը մի շարք հարցեր է հարուցում, որոնց թվում հետևյալները. 1) ու՞մ պարտականությունն է հայրենիքում կենսապայմանների բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության հաստատումը, 2) ինչո՞ւ ազգի մի մասը պետք է մնա և ապրի դժվարին պայմաններում, բարվոք պայմաններ ստեղծի, իսկ մյուս մասը փախուստի դիմի և սպասի, թե ինչպես են մնացողներն իրենց համար ցանկալի պայմաններ ստեղծում, 3) ո՞րն է պատճառը, որ այդ մարդիկ չեն ցանկանում մնալ և աշխատել հայրենիքի համար, ի վերջո՝ նաև պաշտպանել այն արտաքին թշնամիներից։ Ինչո՞ւ պետք է այդ ամենը անեն ուրիշները, որպեսզի նրանք վերադառնան և վայելեն ստեղծված բարվոք վիճակը։ (Ի միջի այլոց, վերադառնալու մասին այդ հայտարարություններն էլ, որպես կանոն, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ երևի չեն էլ հավատում իրենց ասածին)։
Այստեղ, իհարկե, կա մի շատ լուրջ խնդիր, որը, հանուն ճշմարտության և ազգի շահերի, չի կարելի աչքաթող անել։ Դա այն է, որ Հայաստանից հեռացողները միշտ և բացառապես այն քաղքենի անձինք չեն, ովքեր դժգոհ են նյութական անբարեկեցիկ վիճակից, օտարված են հայրենիքից և հեռանալու կապակցությամբ չեն էլ ափսոսում։ Խնդիրն ունի այլ կողմ ևս։ Բանն այն է, որ բազմաթիվ հայրենասեր մարդիկ հայրենիքում իրենց անօգնական և իրավազուրկ են զգում, հասկանում և գործնականում համոզվում են, որ երկրի համար արդյունավետ աշխատանք կատարելու հնարավորություն չունեն, որ իրենց առջև բոլոր ճանապարհները փակ են (և դիտավորյալ, շահադիտական նկատառումներից ելնելով փակվում են իրենց մյուս՝ եսասեր ու ագահ հայրենակիցների կողմից), կան նաև իրականում հալածվածներ, որոնք նույնպիսի ճակատագիր են կանխատեսում նաև իրենց զավակների համար, այդ պատճառով էլ հնարավորության դեպքում շտապում են հեռանալ։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր զգում են, որ այստեղ իրենց աշխատանքը ոչ մեկին պետք չէ, որ երկիրն իրենց կարիքը չի զգում, իրենց ճակատագրով չի հետաքրքրվում։ Այդ մարդիկ գոյության «դատարկության զգացում» են ունենում, դառնանում են, օտարանում և հոգեբանորեն պատրաստ լինում հեռանալու համար։ Կա՞ն մեղավորներ։ Անկասկա՜ծ, կան։ Բյուրոկրատները, խաբեբաները, կաշառակերները, եսասերները և սոցիալ-ախտաբանական մյուս տիպերը բազմաթիվ են և տիրապետում են որոշակի լծակների, կարող են հալածել, ահաբեկել, արհամարհել։ Ստեղծվել է քաղքենիական-ռաբիսական հասարակություն, որը չի հանդուրժում մտավոր բարձր օժտվածության տեր և վեհ նպատակներ ունեցող մարդկանց։ Իրական արժեքները գրեթե չեն գնահատվում, առաջնային են համարվում անձնական նյութական շահն ու կապերը։ Միջակությունների հաղթարշավ է։ Հետևաբար դժգոհության համար կան լուրջ հիմքեր։
Եվ, այնուամենայնիվ, արդարացի չէ պահանջել, որպեսզի ոմանք իրենց պայքարով, ընդ որում հաճախ վտանգավոր պայքարով, բարվոք պայմաններ ստեղծեն, իսկ մյուսները, հիմնականում քաղքենիներ և հայության հետ հոգեբանական թույլ նույնացում ունեցող մարդիկ, վերադառնան և վայելեն։ Այդպիսի մտայնությունը վիրավորական է այն մարդկանց համար, ովքեր չեն լքում իրենց հայրենիքը։
Այս իմաստով Թոփչյանի հոդվածը որոշ առումով կարելի է քաղքենիության քարոզ համարել։ Նա իրավացի չէ, երբ պնդում է, թե իբր բոլոր մարդիկ միայն կենսական հարմարավետություն են որոնում։ Այդպես չէ։ Եվ, վերջին հաշվով, մի՞թե օտար երկրում ապրելը «լավ կյանք» է՝ թեկուզ և նյութապես ապահովված լինես։ Դժվար է հավատալ։

7. Երկու խոսք աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին
Կարծում եմ, որ Թոփչյանը սխալվում է նաև այն դեպքում, երբ պնդում է, թե իբր մարդկանց իրենց ծագումն ու ազգային պատկանելությունը չեն հետաքրքրում։ Հետաքրքրում են, և այն էլ ինչպե՜ս։ Այլ բան է, որ ապահով ու պաշտպանված երկրներում մարդիկ, որպես կանոն, թաքուն են պահում իրենց, այսպես ասած, «էթնիկական մտահոգվածությունը», որովհետև կյանքի պայմանները դրանց ամենօրյա դրսևորում չեն պահանջում։ Կան, իհարկե, նաև աշխարհաքաղաքացիներ, բայց դրանց թիվն այնքան էլ մեծ չէ, ինչպես կարող է թվալ մակերեսային, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում։ Այս խնդրի կապակցությամբ մենք այլ մոտեցում պետք է ունենանք, այն է. ո՞րն է պատճառը, որ հայերից շատերը հեշտությամբ են ընկալում կոսմոպոլիտական գաղափարները և հաճախ էլ ձգտում են աշխարհաքաղաքացի դառնալ։ Այս ազգային ախտը լուրջ ուսումնասիրություն է պահանջում։
Յուրաքանչյուր անձնավորություն ունի բազմաթիվ փոխկապակցված հոգեկան գծեր, որոնք կազմում են նրա խառնվածքը, բնավորությունը, մտավոր օժտվածությունը, իսկ միասնության մեջ՝ նրա անձի հոգեբանական կառուցվածքը։ Անձը ոչ մի չափով չի հանգեցվում իր էթնիկականությանը, իր էթնիկական Ես-ին։ Նա, բացի խառնվածքից և բնավորությունից, ունի նաև սոցիալական դիրքորոշումներ, բարոյական համոզմունքներ, զգացմունքներ և այլն։ Նույնիսկ աշխարհաքաղաքացուն մենք իրավունք չունենք ընդգծված ձևով «լավ» կամ «վատ» անվանել։ Դա գիտական մոտեցում չէ։ Օրինակ, որևէ աշխարհաքաղաքացի կարող է իր գործունեության բնագավառում առաջնակարգ մասնագետ լինել, նույնիսկ լավ հայր և ղեկավար լինել։ Այստեղ խոսքը միայն նրա անձի մի կողմի՝ էթնիկականության, որպես էթնոկրի՝ նրա յուրահատկության մասին է։ Ահա թե ինչու երբ մենք որևէ հայ մարդու մասին ասում ենք, թե նա լրիվ կամ նույնիսկ լիարժեք հայ չէ, ապա դա նրա ողջ անձի գնահատականը չէ, այլ նրա մի կողմի՝ էթնիկական անձի, նրա մեջ ազգային հոգեկերտվածքի առկայության և վերջինիս զարգացման աստիճանի մասին է։ Այդ նույն մարդը կարող է լինել մեկ այլ երկրի շատ օգտակար և նվիրված քաղաքացի՝ գրեթե «լիարժեք ֆրանսիացի», «գրեթե լիարժեք ամերիկացի» և այլն։ (Այլ և հոգեբանական տեսակետից կարևոր խնդիր է, թե ուրիշ էթնոսի հետ նույնացումը կամ աշխարհաքաղաքացիությունն ինչ ազդեցություն է գործում անձի մյուս կողմերի վրա։ Այս խնդիրը նոր հետազոտություն է պահանջում)։

8. Արդյո՞ք հայ ազգը գտնվում է անհետացման վտանգի առջև
Գուցե այս խնդրի կապակցությամբ Ա. Այվազյանի տագնապն ավելի ուժգին է, քան պետք է, սակայն ես կարծում եմ, որ նման տագնապը (բայց ոչ խուճապը) ավելի օգտակար է ազգի ինքնապաշտպանական ուժերը շարժման մեջ դնելու առումով, քան թե հանգստությունը՝ էլ չենք խոսում ազգի ճակատագրի նկատմամբ անտարբերության մասին։ Իսկ որ սպառնալիքները լուրջ են՝ դրանում որևէ կասկած լինել չի կարող։ Իսկ թե ինչ սպառնալիքներ են նկատի առնվում՝ հայտնի է բոլորին, այստեղ դրանց մասին մանրամասնորեն խոսելն ավելորդ է։ Միայն ցանկանում եմ կրկին անգամ նշել հետևյալը. չափավոր տագնապը եռանդ ու գործելու պատրաստակամություն է ծնում, շարժման մեջ է դնում անհատի և ազգի պաշտպանական և ստեղծագործական ուժերը, իսկ երբ տագնապը հասնում է խուճապի մակարդակի, այն ավերիչ ուժ է դառնում՝ անկազմակերպ դարձնելով մարդու գործունեությունը։ Ամեն կերպ պետք է խուսափել խուճապային տրամադրություններ ստեղծելուց։
Թոփչյանի հիմնական սխալն այն է, որ նա ինքնության խնդիրը գիտական (էթնոլոգիական, էթնոհոգեբանական և էթնոքաղաքագիտական) մակարդակից անմիջապես տեղափոխում է բարոյախոսական և առօրյա գիտակցության մակարդակ՝ պնդելով, օրինակ, թե որևէ մեկին «ծագումով հայ» անվանելն իբր «անհատի ինքնորոշման իրավունքն արհամարհել» է նշանակում։ Այսպես, առանց հարցի բուն էության մեջ խորանալու, օբյեկտիվ-գիտական մակարդակից անմիջապես անցնել արժեքավորումների (արժեքային դատողությունների և հապճեպ եզրակացությունների) մակարդակին՝ սա մտքի աշխատանքի այնպիսի ընթացք է, որը ժամանակակից գիտության մեջ իրավացիորեն մեթոդաբանական լուրջ սխալ է համարվում։ Օրինակ բերելով թրքախոս հայերին, որոնց միակ կապը հայության հետ՝ կապն է մեր առաքելական եկեղեցու հետ, Ս. Թոփչյանը զայրույթով նկատում է. «Նրանց լոկ «ծագումով հայ» պիտակավորելը միանգամայն անարդարացի, անօրինական և վնասակար խտրականություն կլինի»։ Չեմ կարծում թե այդպես է։ Եվ «ծագումով հայ» բնորոշումն էլ «պիտակ» համարել չի կարելի։ Դա խոսքի օգնությամբ իրական փաստին տրված ճիշտ բնորոշում է և հետին մտքեր, կարծում եմ, չունի։
Էթնոհոգեբանական և էթնոքաղաքագիտական խնդիրներն ուժգին հուզական ապրումներ առաջ բերելու հատկություն ունեն։ Բայց եթե մենք հանձնվենք հույզերի և արժեքային դատողությունների տարերքին, ապա ոչ մի խնդիր լրջորեն ուսումնասիրել չենք կարողանա։ Այս դեպքում շատ վնասակար է այն փոքրաթիվ անձանց վարկաբեկելու փորձը, ովքեր, ելնելով ազգասիրական և հայրենասիրական նկատառումներից, այդ բնագավառում օգտակար աշխատանք են կատարում։ Ազգային ինքնորոշման իրավունքի վրա ոչ ոք բռնանալու իրավունք գուցե և չունի, բայց իրերի իսկական վիճակն իմանալը երբեք ավելորդ չէ։ Արժե՞, արդյոք, հայ ազգի այսօրվա տագնապալից վիճակն անտեսելով այսպիսի ամբոխավարական հայտարարություն անել. «Ո՞վ իրավունք ունի բռնանալ անհատի, խմբի, ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի վրա»։ Իսկ արդյո՞ք պ. Թոփչյանը կարող է բերել որևէ զարգացած և ուժեղ ազգի օրինակ, որն իր բարվոք ու պաշտպանված վիճակին հասել է առանց իր իսկ լիդերների կողմից ձեռնարկված կտրուկ քայլերի և նույնիսկ բռնությունների։ Ներկա պայմաններում ծայրահեղ լիբերալիզմը կարող է կործանարար լինել հայ ազգի և նրա պետականության համար։ Կոսմոպոլիտական և քաղքենիական կրքերը պետք է զսպվեն։

9. Ուծացման և ձուլման մասին
Ս. Թոփչյանը կարծում է, թե «… վերջին երկու տասնամյակում Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ուծացումը դանդաղել է»։ Ինչպիսի՜ սփոփիչ լուր՝ «դանդաղել է»։ Մի՞թե պարզ չէ, որ դա ժամանակավոր երևույթ է, և որ ուծացումն ու ձուլումը հետագայում նոր թափ են առնելու՝ հատկապես վերջին տարիներին Հայաստանից մեկնածների ավագ սերնդի հեռանալուց հետո։
Պ. Թոփչյանը սխալվում է նաև այն հարցում, թե իբր ոչ մի տեսությամբ ու քարոզչությամբ մարդկանց հայրենադարձնել չի լինի։ Կլինի՛, եղե՛լ է, և չի՛ կարելի թերագնահատել գաղափարների ուժն ու հմուտ քարոզչության արդյունավետությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրավական, տնտեսական և մյուս հարցերի լուծմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ապա հայ ժողովրդի բոլոր կարող ուժերն այդ նպատակին պետք է հասնեն միասնական ջանքերի շնորհիվ, չպետք է լինեն միայն աշխատողներ և միայն դիտորդներ։ Հայ ազգի առկա խնդիրներն այնպիսին են, որ դրանց լուծման բեռը միայն հայաստանաբնակ հայերի ուսերին բարդել չի կարելի։ Կասկած չկա, որ ծագումով հայերի տարբեր խմբերի հետ կատարվող և կատարվելիք աշխատանքը պետք է լինի նուրբ ու հարգալից, չէ՞ որ, որպես կանոն, այդ մարդիկ մեղավոր չեն, որ օտար և հաճախ նաև թշնամական միջավայրում կորցրել են իրենց էթնիկական գծերից շատերը։
Նուրբ ու տարբերակված պետք է լինի մեր վերաբերմունքը նաև այն հայերի նկատմամբ, ովքեր, չտիրապետելով հայոց լեզվին և, ուրեմն, լրիվ էթնոկիրներ չլինելով, այնուամենայնիվ հայի ինքնագիտակցություն ունեն և օգնում են Հայաստանին։ Նման փաստերը վկայում են, որ նույնիսկ էթնիկականության մեջ մտնող առանձին գծեր և բարդ որակական հատկություններ ունեն ուժգնության տարբեր մակարդակներ, որի հետևանքով էլ նույն էթնոսի տարբեր էթնոկիրների վարքը նույնը չի լինում։ Դիտարկենք, օրինակ, անհատի էթնիկական ինքնագիտակցությունը (ինչպես ներկայումս ընդունված է ասել՝ նրա էթնիկական Ես-կոնցեպցիան)։ Էթնոկիրներից մեկի մոտ այն կարող է, ըստ գիտակցվածության աստիճանի, լինել աղոտ և գրեթե բովանդակազուրկ, մյուսի մոտ՝ ավելի հստակ ու բովանդակալից, երրորդի մոտ՝ այնքան ինտենսիվ, որ նա չի կարող ձուլվել այլ էթնոսի կազմի մեջ։ Այս մարդկանց էթնիկական վարքն ու զգացմունքները ևս խիստ տարբեր են լինոմ՝ սկսած իրենց ծնած էթնոսի ճակատագրի նկատմամբ կատարյալ անտարբերությունից մինչև նրա հետ հոգեբանական խոր նույնացում՝ այնպիսին, որի դեպքում նրանք իրենց գոյությունն իսկ այդ էթնոսից դուրս պատկերացնել չեն կարողանում։ Ուրեմն՝ «ծագումով հայերն» էլ տարբեր են լինում։ Նա, ում էթնիկական ինքնագիտակցությունն ուժեղ է ու բովանդակալից, հեշտությամբ է վերագտնում ու ձեռք բերում էթնիկականության բարդույթի մեջ մտնող մյուս բաղադրիչները և, ինչպես առօրյա խոսքում են ասում, «վերադառնում է իր արմատներին»։ Այսպիսի արդյունքի հասնելու համար այդ մարդկանց պետք է ցույց տալ հայ էթնիկականության դրական կողմերն ու գրավչությունը՝ մի արդյունք, որին կարելի է հասնել ոչ միայն կյանքի պայմանները բարելավելով, այլև հմուտ էթնոքաղաքական քարոզչության միջոցով։
«Իրավունք de facto» թերթի 2009 թ. հունվարի 29-ի համարում տպագրվեց Իգոր Մուրադյանի «Տիպիկ երևանյան հայրենասիրության դրսևորում» հոդվածը, որտեղ հեղինակը արծարծում է էթնիկական ինքնության խնդրի որոշ կողմեր՝ դարձյալ Ա. Այվազյանի հրապարակումներին տրվող ռեակցիայի տեսքով։ Ահա թե ինչու ցանկանում ենք մի քանի խոսք ասել նաև այս հրապարակման մասին, որտեղ ևս մենք տեսնում ենք էթնիկականության ժամանակակից ըմբռնման բացակայություն, որի հետևանքով ոչ լրիվ էթնիկականությունը հակադրվում է «լավ մարդու» կամ «հիանալի մարդու» քաղքենիական գաղափարին, դրվատվում են այն թուրքահայերը, որոնք ապրում են իրենց հայրենիքի՝ Թուրքիայի շահերով և նվիրված են այդ երկրին ու պետությանը։ (Տեղին կլիներ, եթե հեղինակը մտաբերեր, թե ինչ կատարվեց այն միլիոնավոր հայերի հետ, որոնք ոչ պակաս նվիրված էին իրենց «օսմանյան հայրենիքին» և չէին ցանկանում մասնակցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին. բոլորը կոտորվեցին կամ հազիվ մազապուրծ եղան՝ սկսած 1890-ական թվականներից մինչև 1920-ական թվականները՝ արդեն Աթաթուրքի իշխանության տարիներին։ Մահը կամ աքսորը եղավ նրանց վարձատրությունը թուրքերին հավատարիմ լինելու դիմաց)։
Հեղինակը, թուրքահայերի մասին ճիշտ պատկերացում կազմելու նպատակով, առաջարկում է ավելի հաճախ այցելել Թուրքիա, վտանգավոր մի առաջարկ, քանի որ Հայաստանի հետ հայ ժողովրդի այդ փրկված մասին ակնհայտորեն կապելն ապագայում կարող է իսկական պատուհաս դառնալ նրանց համար, և ոչ մեկը չի կարողանալու օգնության ձեռք մեկնել։
Պատմությունից հայտնի է, որ կրոնափոխ և ուծացած հայերը, որպես մարգինալներ, էթնիկապես հավատարիմ մնացածների և հայաստանաբնակ հայերի համար նույնքան վտանգավոր են, որքան և օտար թշնամիները։ Այն հանգամանքը, որ նրանց շարքերում կան «հիանալի մարդիկ» սկզբունքորեն ոչինչ չի փոխում։ Այդ մարդկանցից շատերը թուրք էթնոսի կազմում հասել են ձուլման (ասիմիլյացիայի) բավականին խոր աստիճանի և այդ ճանապարհից նրանց վերադարձը դեպի լիարժեք հայկականություն գրեթե անհնարին է՝ գուցե որոշ բացառություններով։ Բոլորովին էլ հնարավոր չէ համաձայնել Մուրադյանի այն տեսակետին, թե իբր ասիմիլյացիայի նման գործընթացները շրջելի են։ Ընդհակառակը, սկսած որոշակի փուլից այդ գործընթացներն անշրջելի են դառնում։ Եթե որևէ էթնիկական խումբ կորցրել է իր լեզուն, կրոնը և էթնիկական հոգեկերտվածքի և մշակույթի մյուս գլխավոր տարրերը, ապա նրա էթնիկական ինքնագիտակցությունը (Ես- և Մենք-կոնցեպցիաները) փաստորեն բովանդակազուրկ և լոկ սիմվոլիկ են դարձել։ Հասուն մարդկանց մոտ այս վիճակը փոխելը գործնականում անհնարին է։ Միայն երեխաների՝ վաղ տարիքից սկսած էթնիկական սոցիալականացումը կարող է փրկել նոր սերունդներին, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է նման աշխատանք կատարել, օրինակ, հունգարահայերի, ռումինահայերի կամ նույն Թուրքիայում ապրող ծագումով հայ մարդկանց շրջանում։ Ո՞վ մեզ թույլ կտա այլ պետություններում նման աշխատանք կատարել, եթե նույնիսկ մենք դրա ֆինանսական, կադրային և տեխնիկական հնարավորություններն ունենանք։
Ի. Մուրադյանը թվարկում է ժամանակակից հայերին, այդ թվում նաև «երևանյան հայրենասերներին» հատուկ բնավորության որոշ բացասական գծեր, ինչպես նաև նրանցում օտար մարդաբանական գծերի առկայությունը, ինչն անառարկելի է։ Սակայն միաժամանակ ցանկալի կլիներ իմանալ, որ նման գծերն էլ ավելի առատ են տարբեր տեսակի հայ մարգինալների մոտ, որոնցից են ինչպես քաղաք տեղափոխված և այդպես էլ «տրեխավոր» մնացած գյուղացիները, այնպես էլ տարբեր էթնոմշակութային միջավայրերում ձուլման ընթացքի մեջ գտնվող հայ ենթաէթնոսների ներկայացուցիչները։
Լուրջ վիճաբանությունը կարող է արդյունավետ լինել միայն մի շարք պայմանների ապահովման դեպքում։ Առաջինը վերաբերում է հասկացությունների ճիշտ օգտագործմանը։ Այս պայմանը, հատկապես լրագրային հոդվածներում, հազվադեպ է պահպանվում։ Օրինակ, մի՞թե կարելի է ասել (ինչպես անում է Մուրադյանը), թե «գոյություն ունեն մի շարք հայկական էթնոսներ»։ Իրականում գոյություն ունի հայկական մեկ էթնոս, որը, մեր կարծիքով, հասել է ազգի մակարդակի, իսկ նրա կազմում կան, բացի ՀՀ-ում բնակվող նրա հիմնական զանգվածից, մի քանի տասնյակ ենթաէթնոսներ և, իհարկե, բազմաթիվ անհատներ, որոնք իրենք իրենց հայ են համարում։ Չկան «մի շարք հայկական էթնոսներ», կան հայկական ենթաէթնոսներ, որոնք իրենց ձուլման ընթացքում ինքնուրույն էթնոսներ չեն կարող դառնալ։ Հեռանկարն այլ կլիներ, եթե, օրինակ, ֆրանսահայությունը, ամերիկահայությունը և այլ խոշոր հայկական ենթաէթնոսներ համախմբվեին և իրենք ասիմիլացնեին այլ էթնիկական ենթախմբերի։ Բայց այդպիսի գործընթացներ մեզ հայտնի չեն։ Որքան էլ ցավալի է գիտակցել, արտասահմանյան երկրների հայկական ենթաէթնոսները, առանց բացառության, ձուլվող, այլ ոչ թե ձուլող և հզորացող ենթաէթնոսներ են։ Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանից հեռացած հայերի հաշվին ամերիկահայ և մի շարք այլ համայնքների «թարմացումը» սկզբունքորեն ոչինչ չի փոխում, ասիմիլյացիայի գործընթացների ուղղվածությունը նույնն է մնում։ Կրոնափոխության ազդեցության տակ այլ էթնոս կարող է առաջ գալ, բայց պատասխանելու համար այն հարցին, թե արդյո՞ք հայկական ենթաէթնոսներից որևէ մեկում այդպիսի գործընթացներ են կատարվում, հատուկ ուսումնասիրություն է պահանջվում։ Հետաքրքիր կլիներ, օրինակ, այդպիսի հետազոտություն կատարել Թուրքիայում ապրող՝ հայկական ծագում ունեցող մահմեդականների շրջանում։
Մեր կողմից քննարկվող հրապարակումների հեղինակներն այնքան զայրացկոտ են, որ հանիրավի կորցնում են չափի զգացումը՝ օգտագործելով անձը վիրավորող բառեր և արտահայտություններ։ Որտեղի՞ց այդքան ագրեսիվություն և ատելություն հայրենակցի նկատմամբ, որը փորձում է իր տեսակետներն առաջ քաշել կարևոր և քիչ ուսումնասիրված երևույթների մասին։ Ինքնաբերաբար սկսում ես մտածել, թե հեղինակները հետադարձ շարժման օրինաչափությամբ (հոգեբանական ռեգրեսիա) վերադարձել են մտածողության այն մակարդակին, երբ բառերին մոգական ուժ էր վերագրվում. Մեկին բարդույթավոր անվանեցիր, և նա այդպիսին դարձավ, մարդուն ներշնչեցիր, որ նա հիվանդ է՝ և ահա նա հիվանդ է։ Հին, մթին աշխարհների շունչն է փչում այդ «սև կախարդությունից», սեփական անձին այդպիսի զորություն վերագրելուց։ Եթե այդքան հզոր եք, ապա առանց տեխնիկական միջոցներ և ֆինանսներ ծախսելու չեզոքացրեք մեր թշնամիներին, որոնք գրեթե ամեն օր հայերի են սպանում, ինչու՞ եք պարապ մնացել։ Այսպիսի ագրեսիվ ու ավերիչ վեճն հենց այն դեպքն է, որի մասին մտածողներից մեկն ասել է. «Վեճի մեջ անհետանում է ճշմարտությունը»։
Իմ տպավորությունն այնպիսին է, որ և´ վիճող կողմերին (Այվազյան – Թոփչյան, Այվազյան – Մուրադյան), և´ տողերիս հեղինակին, և´ հարյուր հազարավոր այլ հայերի հիմնականում նույն ազգային խնդիրներն են մտահոգում։ Հատկապես Արցախի և ազատագրված տարածքների հարցում ես տեսնում եմ հայացքների համընկնում։ Ուրեմն ոչ թե «ներէթնիկական պատերազմ» մղենք, այլ մտածենք համատեղ գործողությունների մասին, ազգօգուտ ձեռնարկներ իրականացնենք, չփակենք միմյանց ճանապարհը։ Իսկ այն քաղքենիներին, ովքեր սարսափում են Հայաստան մշտական բնակության գալուց, պետք չէ արդարացնել։ Միայն պետք է հիշեցնել, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչպես նկարագրում են։


Արտատպվել է. «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 05-02-2009

3 responses so far

3 Responses to “Էթնիկական ինքնություն և ազգային ինքնապաշտպանություն”

  1. Haroon 05 Feb 2009 at 3:46 am

    Ձեր յօդուածը հոյակապ է բոլոր մօտեցումներով, բայց հասկացողութիւնս «էթնոս» բառի եւ անշուշտ բառի գաղափարական իմաստի, դա պէտք է համազօր լինի հայերէն «մշակոյթ» բառի իմաստին։ Եւ եթէ համամիտ եք այս սահմանումի, ուրեմն դրա էութիւնը կարող է եւ աւելի բարձր մակարդակում գտնուի քան իւր կրողին եւ այդ՝ նոյն իսկ անկախ աշխարհագրական սահմաներից։ Օրինակ՝ Անգլիական մշակոյթը տարացուած է ամբողջ աշխարով, եւ նոյնպէս Սպանական եւ Ֆրանսական մշակոյթները։
    Այսօրուայ հայ մշակոյթի գոյատեւման հարցը չի կարող լուծուել կամ բացադրուել ելնելով միայն սովորական մշակութագիտական տեսութիւններից։ Մեզ աստուածային հանճարեղութիւն է պէտք, Հայ ժողովուրդը պէտք է մի նոր Կոմիտաս կամ Մաշտոց ծնէ որպէսզի մշակոյթը անսահման հզորանայ։
    Շնորհակալութիւն
    Հարօ

  2. L.on 06 Feb 2009 at 4:58 pm

    @ndhanur armamb shat usaneli hodvac e,sacayn mi baycov….
    ardyoc chec karcum vor ayc gitacan hodvac@(ANVANENC AYN GITACAN ANURANELI CHSHMARTUTYUN) SHOSHAPUM EV BACATRUM E <> HASKACUTYUN@ vorpes gitutyun -@nduneli bolor azgeri hamar.sacayn chpetc e moranal HAY etnosi,azgi patmacan ,chacatagrakan arancnahatkutyunner@- xoselov ays cavot harci shurj.
    Erb menc kangnum ev ashxaraspyur hayutyan mi masin uxaci kam anuxacioren asum enc-
    DU LIARJEC HAY CHES ardyoc menc dranov cama te acama chenc vnasum mer @ndanur hayapahpan gorcin ev gur chenc lcnum tshnamu(-eri) jraxacin? @ndunm em vor ka ucacman xndir vor@ aysor el <> ayd isk patcarov petc e dimel radical mijocneri- vtangi dem arnelu hamar,sacayn ecenc @ntrenc aveli mexm terminer,te che stacvum e aynPes ,vor menc ultimatum enc dnum hayi arjev-cam na hamapatasxanum e hay linelu cochman@ cam el pitacavorvum e vochPES VOCH LIARJEC hay(gol xpec @ndunvac e futboli acumb,chxpec-mnas barov?????? aydpes e stacbum)
    KOCH EV XNDRANC-ECEC CHMORANANC HAYI ANCAC DJVAR UXIN EV AYSPISI CAREVOR HARCER LUCELI JAMANANC CANTECENC VOROSH CAREVOR PASTER, VORONC HAYIN STIPUM EN AYS XNDRIN AYL<> TACIC NAYEL.

  3. zakon 11 Feb 2009 at 11:55 pm

    Ձեր գրած հոդվածի մեջ իրոք նշմարվում են ճշմարտության նշույլներ: Այո’ այո’ նշույլներ, մեք զարմանա’: Ես իհարկե հարգում եմ ձեր անցած գիտական ուղին, բայց կփորձեմ (չլինելով ձեզ նման, այսպես ասած « ՆԵՐԷԹՆՈՍԻ» կազմում, որովհետեւ ես էլ եմ բռնել հեռանալու ուղին), հիմնավորելով խոսքերս Ձեզ առարկեմ… Դուք որպես հոգեբան, փորձում էք տալ Հայ ազգի խայտաբղետության պատճառների բացատրությունը, տալով դրանց ԷԹՆՈՍ, ԵՆԹԱԷԹՆՈՍ, ՆԵՐԷԹՆՈՍ եւ այլն անվանումները :Նախորոք ասեմ ձեզ, որ Հայաստանի ներսի ձեր ասած ՆԵՐԷԹՆՈՍՆ էլ չի միատարր եւ լինելով ներսում,բնավ չի հավակնում համապատասխանել հարյուր տոկոսանոց Հայի որակավորմանը:Ինչպես գիտեք Հայ ազգի 70%-ը, չի հեռանում Հայաստանից, նրան ընդմիշտ լքելու նպատակով, բայց նա մեղավոր չէ,որ Հայաստանը վեր է ածվել Հայաբուծական ֆերմայի, որն էլ կանոնավոր կերպով Հայ է արտահանում տարբեր երկրներ: Եթե պետությունը չի կարողանում ստեղծել բարվոք պայմաններ Հայ ներէթնոսի համար, նրան ավտոմատ դարձնում է ենթաէթնոս: Դա հավատացեք, ավելի հեշտ է քան բավարարել ընդունելի պայմաններ,որ հետո էլ այդ աճացրած ներէթնոսը մի պայծառ օր բարձրանա ոտքի ու տրորի իր գլուխը:Ինչքան հեռու,այնքան լավ:Ս.Սարգսյանն իր «փայլուն» ելույթներից մեկում, երբ ինքը դեռ նոր էր դարձել նախագահ, ասել էր թե՝ Հայաստանի համար, ցանկացած Հայ, Հայաստանի սահամաններից դուրս, համարվում է Հայաստանի տնտեսական ռեզիդենտը…Դա ձեզ մտածելու տեղիք չի՞ տալիս: Հետո, դա Ձեր ասած ենթաէթնոսը չէ՞, որ կանգնած է միշտ Ձեր մասին մեծ կարծիքի ներէթնոսի մեջքին, ու կուզեի իմանամ, առանց այդ հզոր բազայի ում են պետք այն ներէթնոսները,որոնց երկրի տեղը այլ ազգեր անգամ լսած չեն: …… ………….. Ինչեւիցե, մի՞թե գյուղից լինելը,դա այսպես ասած այիբ է,Հայաստանի 60%-ը գյուղերից է կազմված, ու ոչնչով գյուղացին մեղավոր չէ,որ գտնվում է ծանր պայմաններում, բայց մաքուր ու զուլալ Հայ է մնում, իսկ ձեր նմանները նրանց կամ նրանց ամեն ինչից ձանձրացած հարազատներին,որոնք քաղաք են տեղափոխվել, «տրեխավոր եք ասում»,բա դա ձեր մակարդակին վայել մարդու խոսք է՞: Նրանք գյուղից քաղաք են եկել, որ իրենց երեխաների ապագան չդառնա իրենց ապագայի պես սեւ ու սպիտակ հեռուստացույց, որով միշտ հոկեյ կամ բալետ են ցուցադրում, ու որ այդ երեխաներից ծնվեն նորանոր Նալչաջյաններ, բայց հստակ հիշողությամբ որ Երւանի հատակագիծը իրենց ծնված օրը չի Թամանյանը նախագծել: Իսկական Հայ կարելի է գտնել միյայն գյուղում, որը եթե նույնիսկ վաղվա հացի փող չունի, միյայն սուրճ չի դնի սեղանին հյուրի համար, դերասանավարի ոտքը ոտքին գցելով, այլ վերջին հավին կմորթի, որը ձու էր ածում, գոնե ձվածեղով կերակրում իրենց, ու հայավարի սեղան կգցի: Իմ ծնողներն էլ են գյուղից եկել քաղաք դեռ 50-ականներին, ու ի՞նչ, ինչպես տեսնում էք, ձեզանից ես ինձ ցածր չեմ համարում: Ու երբ կգա ժամանակը, երբ թշնամին կչոքի մայրաքաղաքի բկին, մայրաքաղաքը ցանկացող պաշտպանողների թիվը մեկ ու կես միլիոնից կտրուկ կնվազի,իսկ այդ մնացածների մեջ գյուղից եկածները կգերակշռեն: Այնպես,որ… Հոդվածն ընդհանուր լավ էր ստացվել, օգտակար էր իհարկե’, եթե հաշվի չառնվեր մի քանի նյուանսներ:
    [մոդերատորական զգուշացում: ոչ նորմատիվային լեքսիկան հանված է: Զակ դուք ստանում եք երրորդ զգուշացումը, եթե հաջորդ ձեր գրառման նույնպես լինի խախտում ապա այն կհեռացվի ամբողջովին ]

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.