Թեհրանում գումարվեց «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը

Print Print Email Email

Աղբյուրը՝ «ԱԶԳ», 19.11.2008

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա կազմակերպված էր խնամքով եւ խիստ այժմեական` ընտրված թեմաների առումով

Նոյեմբերի 13-14-ը Թեհրանում` «Արարատ» մարզավանի «Շահբազյան» սրահում գումարվեց «Հայ դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը, որի շրջանակներում հայ եւ իրանցի մասնագետները քննարկեցին «Կովկասի կայունության եւ խաղաղության խնդրում Հայ դատի հետապնդման նոր մարտահրավերներ» թեման:

Խորհրդաժողովի առաջին նիստում զեկուցումներով հանդես եկան Թեհրանի համալսարանի իրավաբանության եւ քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Էլահե Քուլային, Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանորդ Գրիգոր Առաքելյանը, ԱՊՀ երկրների եւ Թուրքիայի հարցերով ավագ փորձագետ Ահմադ Քազեմին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին եւ Կովկասի հարցերի գծով փորձագետ, բանասեր Քավե Բայաթը:

Զեկուցումների ընդհանուր թեման հարավօսական պատերազմից հետո Կովկասում տիրող իրավիճակն էր, ինչպես նաեւ այնտեղ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության մրցակցությունն ու այդ մրցակցության նկատմամբ Իրանի որդեգրած դիրքորոշումը: Այս թեման խորհրդաժողովի 2-րդ նիստում «Կովկասը ԱՄՆ-Ռուսաստան բախման եւ մրցակցության կիզակետ. Ռուս-վրացական հակամարտության անդրադարձը Հայաստանի վրա» զեկուցումով լրացրեց տողերիս հեղինակը:

Խորհրդաժողովի 2-րդ նիստին նախագահում էին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Գեւիկ Մկրտչյանն ու Ռոբերտ Մարգարյանը: Նիստի բացման խոսքում Թեհրանի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Արմենուշ Առաքելյանը ողջունեց ներկաներին, ապա ամփոփեց նախորդ նիստի արդյունքները` հակիրճ ներկայացնելով զեկուցումները: Այնուհետեւ օրհնանքի խոսք ասաց Թեհրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:

Տողերիս հեղինակի ելույթին հետեւեց Կիրո Մանոյանի «Տարածաշրջանի ներկա իրադրության պայմաններում Հայաստանի անվտանգության երաշխիքներ եւ դաշնակիցներ, հարեւաններ եւ սահմաններ» թեմայով զեկույցը, ապա եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտ. Արմեն Այվազյանի «Հայ-թուրքական հարաբերությունների ապագա սահմանումներ, Թուրքիայի նկատմամբ դիրքորոշման հայկական ընկալումներ եւ ռազմավարական ծրագրեր թեմայով» հետաքրքրական ելույթը: Խորհրդաժողովի 2-րդ նիստում «Ջավախքի հիմնախնդիրը. Ջավախքի յուրահատուկ դիրքը ու ներկա իրադարձությունները» թեմայով իր երկրորդ ելույյթն ունեցավ Կիրո Մանոյանը, այնուհետեւ ամբիոնին մոտեցավ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Նրա «Սփյուռքի վերակազմավորման հարցեր` համահայկական խնդիրների շուրջը, այդ թվում` Հայաստանի, Ղարաբաղի եւ նրանց քաղաքական, տնտեսական պահանջներին օգտակար լինելու տեսանկյունից» թեմայով զեկուցումն էլ եզրափակեց 2-րդ նիստի ելույթները:

«Հայ դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը խնամքով էր կազմակերպված, ընտրված թեմաների առումով` խիստ այժմեական, ազգային խնդիրներն այնտեղ համադրվել էին տարածաշրջանային խնդիրների հետ, ինչը ապահովում էր նաեւ իրանցի մասնագետների մասնակցությունը եւ ավելի ներկայացուցչական դարձնում խորհրդաժողովը:

4 responses so far

4 Responses to “Թեհրանում գումարվեց «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը”

  1. Gerason 02 Dec 2008 at 6:14 pm

    ___________ Например если, кроме Лачина и Келбаджара, отдадим Азербайджану 5 других освобожденных районов, то полностью потеряем поддержку Ирана. Ведь он скрытно или нарочно нас поддерживает потому, что наши с Ираном интересы в этом жизненноважном вопросе совпадают. Суть этого вопроса в том, чтобы сколько можно отдалять друг от друга 2 этих туркоязычных государства. Даже если оставить только Лачин и Келбаджар, для Ирана в этом плане ничего не меняется. Посмотрите на карту и поймете эту простую истину.
    ___________________________________________________________________________

    Хоть раз в рукаводстве страны подумали об этом?

  2. Gerason 12 Dec 2008 at 9:39 am

    1/ քաղաքականությունից փոքրիշատե հասկացող մարդը գիտի, որ Բաքվում եւ Թուրքիայում սովորող թյուրքալեզու երիտասարդների հոծ զանգվածները օր օրի համալրում են Իրանում այսօր ձեւավորվող հինգերորդ շարասյան շարքերը եւ մեծ վտանգ են ներկայացնում այդ երկրի անվտանգությանը: Ընդ որում, Բաքվի հեռուստատեսությունն ու ռադիոն օրնիբուն սադրիչ հաղորդումներ են սփռում Իրանի հյուսիսային տարածքների բնակչության մեջ ու նպաստում կեղծ թուրք ինքնության ձեւավորմանը Ատրպատականում եւ հարակից շրջաններում:

  3. Gerason 12 Dec 2008 at 9:40 am

    2/ Հարկ է նշել այս կապակցությամբ, որ այդ տարածքների բնակիչները` ազարիները, հակառակ թյուրքախոս լինելուն, մաքուր իրանցիներ են` Փոքր Մարաստանի գենոֆոնդի ու մշակույթի կրողները, եւ թուրք չեն բնավ: Սակայն բարբառների ընդհանրությունը Արաքսից հյուսիս ընկած հանրապետության բնակչության հետ հնարավորություն է տալիս հմուտ քարոզչության պայմաններում ձեւավորել միանգամայն այլ էթնիկ ինքնություն: Ի դեպ, ազարի էթնոնիմը վերաբերում է հենց Ատրպատականի բնակիչներին եւ ոչ Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին, որոնք, ըստ էության, թյուրքեր են:

  4. Gerason 12 Dec 2008 at 9:51 am

    3/ Ընդհանուր առմամբ, իրանական պետական ապարատի որոշում ընդունող շերտերը, ելնում են երկրի պետական շահերից, եւ քաղաքական դիրքորոշումները մշակվում են համապատասխան այդ հիմնարար սկզբունքի: Սակայն ցածր օղակներում այդ որոշումները` համենայն դեպս այն մասով, որը վերաբերում է Հայաստանին եւ, նույնիսկ, շատ ավելի նուրբ խնդիրներին, կարծես թե սաբոտաժի են ենթարկվում` չեն իրագործվում կամ տապալվում են: քրդերը, շատ ավելի մեծ հակում են դրսեւորում դեպի Հայաստանը, քան Ադրբեջանը կամ Թուրքիան: Իսկ ովքե՞ր են այդ հակահայ օղակները իրանական իստեբլիշմենտում:
    ____________________________________________________________________________

    4/ Ես դրանց կկոչեի ոչ թե հակահայ, այլ ավելի շատ հակաիրանական տարրեր, որոնց աներեւույթ շոշափուկները ամենուր հասնում են եւ, դատելով ըստ ամենայնի, մեծ ստվերային ազդեցություն ունեն երկրում: Ովքեր իրանական պաշտոնական շրջանակների հետ երբեւէ առնչվել են, կարող են վկայել, որ հաճախ ամենաբարձր մակարդակում ստորագրված եւ հաստատված որոշումները վերջին փուլում հանկարծ տապալվում են: Ինչպե՞ս եւ ինչու՞` պատճառը մնում է անհայտ: Սա ինձ շատ է անհանգստացնում, քանզի այդ տարրերի քանակն ու ազդեցությունը, թվում է, տարեցտարի աճում է:
    ____________________________________________________________________________

    5/ Դրանց ես կբաժանեի երկու մասի` առաջինը` պանթյուրքիստներ, որոնց հիմնական նպատակը Իրանի մասնատումն է, եւ որոնք ակնհայտորեն սնվում են օտար աղբյուրներից: Մյուս խումբը մոլեռանդ իսլամականներն են, որոնք ուղղակի դեմ են Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացմանը: Վերջիններիս միամտաբար թվում է, որ եթե Ադրբեջանի բնակչությունը դավանում է շիա իսլամ (թե ինչքանով է կրոնը այդ երկրում լուրջ գործոն, դա ուրիշ հարց է), իսկ Հայաստանը քրիստոնյա պետություն է, ապա Իրանի քաղաքական գերակայությունը պետք է, բնականաբար, լինի Ադրբեջանը:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.