Թեհրանի «Ալիք» օրաթերթի հարցազրույցը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի հետ

Print Print Email Email

Աղբյուրը՝ «Ալիք» , 29.10.2008

«Ազգային խորհրդանիշերի հետ խաղերը վտանգաւոր են, եւ հետեւանքները կարող են լինել շատ խորը…»

«Ալիք»օրաթերթի հարցազրոյցը՝ Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանի հետ՝ խմբագրութեան յարկի տակ

Հ.- 2-րդ անգամ էք արդէն Իրանում եւ շփւում էք հայ համայնքի անդամների հետ, ինչպիսի՞ն են Ձեր տպաւորութիւնները:

Պ.- Տպաւորութիւնները նոյնն են, պարզապէս այս անգամ հնարաւորութիւն ունեցայ ընդլայնելու շփումների շառաւիղը: Այցելեցի նաեւ Նոր Ջուղա, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին հանդիպեցի եւ ծանօթացայ նաեւ մեր այնտեղի մշակութային այն ժառանգութեանը, որն իմ պատմագիտական հետազօտութիւնների առարկայ է եղել: Մեծ տպաւորութիւններ ունեմ Նոր Ջուղայից, ճիշտ է՝ աւելի պատմական անցեալից, քան թէ ներկայից, որովհետեւ ներկան այնքան էլ չի համապատասխանում անցեալի շքեղութեանը՝ յայտնի պատճառներով, ընդհանրապէս Սփիւռքում առկայ ճգնաժամային երեւոյթներով, արտագաղթով։ Բայց եւ այնպէս՝ ժառանգութիւնը կայ, պէտք է այն պահպանել:

Հ.- Պրն. Այւազեան, վերջին ամիսներում միջազգային դիւանագիտական օրակարգի ուշադրութեան կենտրոնում էր հայ-թրքական այսպէս կոչւած յարաբերութիւնների հարցը. ըստ Ձեզ՝ նման ուշադրութիւնը ինչո՞վ էր պայմանաւորւած:
Պ.- Ընդհանրապէս, հայ-թրքական յարաբերութիւնները միշտ էլ եղել են կարեւոր, առանցքային՝ Հայաստանի անվտանգութեան համար, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մշակման, լուսաբանման եւ օտար միջավայրին ներկայացնելու համար: Կարելի է ասել, որ 1991 թւականից մինչեւ այսօր հայ-թրքական յարաբերութիւններ որպէս այդպիսին՝ չկան, կան թշնամական յարաբերութիւններ: Թշնամական յարաբերութիւնները կոչւում են հակամարտութիւն, այսինքն՝ հայ-թրքական յարաբերութիւնների մասին խօսելիս՝ աւելի ճիշտ կը լինի օգտագործել հէնց այդ եզրոյթը՝ հայ-թրքական հակամարտութիւն: Եւ այդ ելակէտից արդէն այլ կերպ է երեւալու մեր այսօրւայ եւ երէկւայ քաղաքականութիւնը: Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետութիւնը սկզբնաւորման օրից մինչեւ այսօր համարժէք գնահատական չի տւել Թուրքիայի քաղաքականութեանը, ըստ այդմ էլ համարժէք քաղաքականութիւն չի վարել Թուրքիայի նկատմամբ: Այսօր այդ աւանդական ուղեգիծը մի նոր վերածնունդ է ապրում եւ մենք անընդհատ մեր երկրի ղեկավարներից ու բարձրաստիճան պաշտօնեաներից լսում ենք ինչ-որ յայտարարութիւններ իբր հայ-թրքական յարաբերութիւնների շուտալուտ կարգաւորման մասին։ Այդ չափազանցւած սպասելիքները որեւէ կերպ արդարացւած չեն։ Լսում ենք սխալ գնահատականներ, օրինակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ելոյթ ունենալով Նիւ Եօրքում հայկական համայնքի առջեւ՝ Թուրքիայի նախագահ Գիւլին անւանեց «իմ թուրք գործընկեր», որը «դժւարին որոշումներ կայացնելու բաւարար քաջութիւն» ունի, իսկ Ալի Բաբաջանին՝ Թուրքիայի արտգործնախարարին, անւանեց թրքական «խիզախ իշխանութիւնների ներկայացուցիչ»: Այս հաճոյախօսութիւնները միայն կարող են շփոթեցնել հայկական հասարակութեանը եւ շփոթեցնում են, որովհետեւ Թուրքիան Հայաստանի եւ հայութեան դէմ ինչպէս վարել է, այնպէս էլ շարունակում է վարել թշնամական քաղաքականութիւն: Այդ քաղաքականութիւնը արտայայտւում է տարբեր ձեւերով՝ տեսանելի ձեւերով, մէկը՝ Հայաստանի շրջափակումն է, միւսը Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց հրաժարւելն է եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին բազմակողմանի օժանդակութիւն ցոյց տալն է, նրա պատերազմական նախապատրաստութիւններին աջակցելն է, Հայաստանը մեկուսացնելու քաղաքականութիւնն է, Ցեղասպանութեան ժխտումն է։ Այդ ամէն ինչը անում են կազմակերպւած՝ պետականօրէն յատկացնելով ե՛ւ ֆինանսներ, ե՛ւ կազմակերպչական ռեսուրսներ։ Ցեղասպանութեան ժխտումն ինքնին ցոյց է տալիս, որ Թուրքիան իր քաղաքականութիւնը չի փոխել եւ նոյնիսկ եթէ վաղը շրջափակումը վերացնի, ապա կը շարունակի նոյն թշնամական քաղաքականութիւնը՝ արդէն այլ միջոցներով՝ ժողովրդագրական ներխուժմամբ, մշակութային ներխուժմամբ, Հայաստանից հայերին Թուրքիա տանելու ծրագրելով, տնտեսական ներխուժմամբ, տեղի արտադրողին ոչնչացնելու քաղաքականութեամբ, Հայաստանի ներսում արդէն քարոզչական աշխատանքներն աւելի բարձր մակարդակով իրականացնելով: Սրանք բոլորը լուրջ վտանգներ են, որովհետեւ մենք ենք այս հակամարտութեան մէջ թոյլ կողմը, մենք պէտք է ստանանք Թուրքիայից համարժէք երաշխիքներ, անվտանգութեան երաշխիքներ, մենք պէտք է ստանանք նրանցից վստահութեան որոշակի մեխանիզմներ, դրանից յետոյ նոր կարողանանք խօսել հայ-թրքական հակամարտութեան որոշակի մեղմացումների մասին: Իսկ հիմա «յարաբերութիւնների բարելաւման» մասին խօսակցութիւնն ընդամէնը դառնում է աշխատանք՝ հայ հասարակական կարծիքի հետ, նրա զգօնութիւնը բթացնելու, հասարակութեան ճիշտ կողմնորոշումները միջազգային արդի իրականութեան մէջ ուղղակի լղոզելու ուղղութեամբ: Հետագայում այս ամէն ինչը կարող է բերել ծանր եւ անդառնալի հետեւանքների:

Հ.- Ֆուտբոլային դիւանագիտութեան արդիւնքում՝ որո՞նք էին Թուրքիայի եւ որո՞նք՝ Հայաստանի ձեռքբերումները:
Պ.- Հայաստանը որեւէ ձեռքբերում չունի, բայց Թուրքիան ունեցաւ բազմաթիւ ձեռքբերումներ: Հայաստանի նախագահը համաձայնւեց սահմանի բացումից եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ հիմնել պատմաբանների հայ-թրքական համատեղ յանձնաժողով, որն ինքնին մեծ զիջում է եւ այդ զիջումը ուղղակի խոյահարելու է բոլոր այն աշխատանքները, որոնք կատարւել են Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ՝ միջազգային ասպարէզում։ Որեւէ արդիւնքի, բնականաբար, այդ յանձնաժողովի աշխատանքը չի հասնելու, որովհետեւ միակ նպատակը լինելու է թուրքերի համար ժխտելը, կասկածի տակ ենթարկելու եւ երրորդ կողմերի մօտ էլ նոյնպէս առաջանալու է կասկած, վերջին հաշւով, եթէ հայերը նոյնիսկ վստահ չեն եւ քննարկումներ են իրականացնում թուրքերի հետ, ուրեմն՝ գուցէ եւ չի եղել՝ կը մտածեն:
Սա մի կողմից….

Հ.- Սա արդեօք նոյն ուղեգիծը չէ՞, որը Լեւոն Տէր-Պետրոսեանն էր որդեգրել՝ նոյնինքն հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի գոյութիւնը: Նմանատիպ մի յանձնախմբի մասին չէ՞ կարծէք խօսքը:

Արմէն Այւազեան – Այդպիսի յանձնաժողով Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք չէր ծրագրւել։ Սա նոյն այն տխրահռչակ հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի մի ընդլայնւած տարբերակն է, որն Ամերիկայի պետդեպարտամենտի ծրագիրն էր: Պատմաբանների այս «ենթադրւող» (ՀՀ նախագահի ձեւակերպումն է) յանձնաժողովն էլ, այս ամբողջ ֆուտբոլային դիւանագիտութիւնն էլ մշակւել է Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ծրագիրն է, որի իրականացումը բխում է ոչ թէ Հայաստանի, այլ՝ Թուրքիայի շահերից: Սա բնական է, որովհետեւ Թուրքիան էլ Ամերիկայի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի կարեւոր անդամը եւ այլն:
Թուրքիայի միւս ձեռքբերումը՝ Հայաստանի, հայ ժողովրդի ազգային արժանապատւութիւնը տուժեց: Յիշո՞ւմ էք, մեր ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի վրայից հանւեց Արարատի նշանը, յետոյ ինչ-որ պատճառաբանութիւններ բերւեցին, որ դրա հետ կապ չունի եւ այլն, բայց բոլորիս էլ պարզ է, որ շատ լաւ կապ ունի այդ ամէն ինչը: Խորհրդանիշերի հետ այսպիսի խաղերը վտանգաւոր են, այդ խորհրդանիշերը ջնջելը, հանելը, այն էլ Արարատ սարի պէս խորհրդանիշը հանելը ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաշապիկների վրայ պատկերւած լոգոյից եւ ընդհանուր լոգոյից, հետեւանքները կարող են լինել շատ խորը։ Ի դէպ, Հայաստանի հաւաքականի պարտութիւնն էլ կարող է դրա հետեւանքը լինել՝ սպորտային ասպարէզում: Բայց, այդպիսի անպատասխանատու խաղերի հետեւանքները կարող են արձագանգւել նաեւ այլ ասպարէզներում:
Այլ ձեռքբերում, որ Թուրքիան ունեցաւ անմիջապէս, առանց որեւէ բան զիջելու՝ Հայաստանը համաձայնւեց անցկացնելու եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով Նիւ Եօրքում: Այդ հանդիպումը տեղի ունեցաւ եւ Թուրքիան ամբողջ աշխարհի աչքի առջեւ ներկայացաւ գրեթէ միջնորդ կողմ, այնինչ նա ոչ թէ միջնորդ է, այլ հայ-ադրբեջանական հակամարտութեան մասնակից է, իր շրջափակումով ուղղակի մասնակից է։ Մեզանում յաճախ են ասում, թէ իբր Թուրքիան Ադրբեջանի պատանդն է, իբր Հայաստանի նկատմամբ իր քաղաքականութիւնն իրականացնելիս՝ առաջնորդւում է Ադրբեջանի շահերով, այսինքն՝ եթէ Ադրբեջանը չլինէր, Թուրքիան աւելի լաւ կը լինէր մեր նկատմամբ: Սա իրականութիւնն աղճատող տեսակէտ է. ընդհակառակը՝ Թուրքիան Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր ստանձնել է առաջնորդող դեր՝ հայ-թրքական եւ հայ-ադրբեջանական հարցերում: Ես ինքս էլ, որպէս ականատես, կարող եմ ասել՝ մասնակցելով Մինսկի խմբի բանակցութիւններին՝ 93-94 թւականներին, երբեմն Թուրքիայի ներկայացուցիչները, դեսպանները աւելի կոշտ եւ կարծր դիրքորոշումներ էին բռնում եւ Ադրբեջանին թոյլ չէին տալիս որեւէ զիջման գնալ, իսկ մեզանում ասում են, թէ տեսէք, հակառակն է: Այստեղ նոյնպէս բացատրութիւնները սխալ են, գնահատականները եւս ամերիկեան գնահատականներ են, ոչ թէ հայկական: Վաշինգտոնեան ակնոցը հիմա դրւել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան աչքերին եւ այդ ակնոցով էլ իրականութիւնը աղճատւած են տեսնում: Իսկ սա ոչ մի լաւ բան մեզ չի խոստանում, որովհետեւ այդ ակնոցի միջով տեսածն իրականութիւն չէ: Իրականութիւնը յետոյ մեզ հետ հաշւի կը նստի, եթէ մենք չհանենք այդ ակնոցը եւ մեր աչքերով պարզ չտեսնենք, թէ ինչպիսի իրականութեան մէջ ենք ապրում:

Հ.- Որքանո՞վ է կարող իրական լինել Աբխազիա-Օսեթիան՝ Ղարաբաղի դիմաց Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական սակարկութիւնը:

Պ.- Այսօր ինձ այդպիսի հարցեր քիչ են հետաքրքրում։ Եթէ նոյնիսկ նմանօրինակ սակարկութիւններ կան, արտաքին գործօնների վրայ այդքան սեւեռւել, ուշադրութիւն դարձնել այսօր չարժի: Անընդհատ փորձում են մեր գիտակցութեան մէջ մտցնել մի կործանարար թէզ, որ իբր մեզանից չի կախւած մեր ապագան, մեր ճակատագիրը, որ ամէն ինչ որոշում են այս աշխարհի ուժեղները եւ այլն, եւ այլն: Մենք պէտք է մեր գիտակցութեան միջից իսպառ ջնջենք այդ սխալ գաղափարը: Մեր հաշւին սակարկութիւնները պէտք է պարզապէս թոյլ չտալ եւ վերջ։ Այդպիսի սակարկութիւնների հետ հաշտւելը վերջին հաշւով կարող է մեզ կործանել: Ուրեմն՝ կը լինեն սակարկութիւննեեր այնտեղ, չեն լինի (մենք չունենք այդպիսի տւեալներ), եւ եթէ նոյնիսկ կան այդպիսի տւեալներ, ապա պէտք է կազմակերպել արդիւնաւէտ դիմադրութիւն՝ բոլոր հնարաւոր միջոցներով: Անկախ նրանից, թէ որ ուժերն են քեզ պարտադրում, որ ուժերն են քո հաշւին սակարկութիւններ կազմակերպում, անկախ այդ ամէն ինչից՝ պէտք է դիմադրել, քանի դեռ մենք այդ դիմադրութեան հնարաւորութիւնները ունենք: Եթէ մենք չդիմադրենք, այլ նորից ենթարկւենք երրորդ ուժերի պարտադրանքին, չեմ կարծում, թէ այս անգամ հնարաւորութիւն կունենանք վերականգնւելու ապագայում եւ կառուցելու ամուր եւ անվտանգ Հայաստանի պետականութիւն։ Իսկ այսօր այդ հնարաւորութիւնները կան, քանի դեռ կան՝ պէտք է մտածել հէնց դիմադրութեան եւ ինքնապաշտպանութեան մասին, ոչ թէ մտածենք, թէ հեռու տեղերում մեզ վերաբերող ինչ որոշումներ են ուզում ընդունել: Դիմադրութեանը պատրաստ լինելը հարիւրապատիկ նւազեցնում է առկայ սպառնալիքները, հարիւրապատիկ աւելացնում յաղթելու եւ դիմակայելու հնարաւորութիւնները:

Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ

5 responses so far

5 Responses to “Թեհրանի «Ալիք» օրաթերթի հարցազրույցը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի հետ”

  1. SHAHBAZYAN Martiroson 31 Oct 2008 at 12:24 pm

    Շնորակալություն…
    Համամիտ եմ, մենք պետք չէ հողը հանձնենք թղթի ու խոստումների դիմաց։
    Մենք մի թիզ հող չունենք զիջելու։ Ո՞վ մտադիր է նման դավադրություն իրագործել, պետք է գիտակցի, որ ինքը ու իր իշխանությունը անցողիկ են, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ մնայուն ու անգին հավիտենականություն են։

  2. SHAHBAZYAN Martiroson 31 Oct 2008 at 12:27 pm

    ՈՒ եթե մեկն ու մեկը հանդգնի մեր հետևում իրականացնի այդ դավադրությունը՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅ ԱԶԳԸ ՈՒ ՄԵԾՆ ԱՍՏՎԱԾ կնզովեն այդ բորենիներին։
    Իրենց իսկ սերնդից կջախջախվեն նրանք…

  3. gerason 31 Oct 2008 at 5:01 pm

    Если и Диаспора иногда закрывает глаза на некие беззаконные действия Сержа, то просто потому, то думает, что он никогда не подпишет под пораженческими документами. Если Армянство увидеть что он реально начнет предпринимать некие движения в строну подписания таких документов, то ЕГО ПРОСТО СМЕТЕТ с национального пути. А Если он нелегитимный президент, это уже его проблема.

  4. gerason 31 Oct 2008 at 5:29 pm

    И напоследок, скажу вот что, Если даже оставим Лачин и Келбаджар, а отдадим Азербайджану с начало Физули, Джебраил, а потом Зангелан и Кубатлы. в карабахском вопросе полностью потеряем поддержку Ирана. Ведь он скрытно или нарочно нас поддерживает потому, что наши с Ираном интересы в этом жизненноважном вопросе совпадают. Суть этого вопроса в том, чтобы сколько можно отдалять друг от друга эти две туркоязычные государство. Даже если оставить только Лачин и Келбаджар, для Ирана в этом плане ничего не меняется. Посмотрите на карту и поймете эту простую истину.

  5. Gerason 05 Nov 2008 at 6:31 am

    По моему глубокому убеждению, не дай Бог если Сдадим Низинный Карабах то не только потеряем сильную поддержку и уважение Ирана, а станем для него врагом. Ведь слабого человека или государсву, как известно ни кто не уважает !!!

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.