Archive for March 14th, 2013

Mar 14 2013

«Ինձ համար մեծ պատիվ է Համշենի պատմությունն ու մշակույթը մինչև Հոլիվուդ հասցնելը»

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Ֆիլմը շուտով կներկայացվի նաև Երևանում:
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Ինչի՞ մասին է ֆիլմը: ՈՒղղված է ավելի շատ հա՞յ, թե՞ օտարազգի հանդիսատեսին:
-Ինչպես արդեն հուշում է վերնագիրը, իմ պատրաստած ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված («թուրքացված») Համշենի հայության սերունդների ներկա վիճակը: Այսօր նրանք հիմնականում ապրում են ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի, Էրզրումի, Սաքարիայի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և այլ քաղաքներում:
Ֆիլմում տեղ են գտել բացառիկ դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության, մշակույթի մասին, ինչպես նաև մեկնաբանված է բռնի իսլամացման օսմանյան քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության մի տարատեսակ:
Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված նկարահանումների հիման վրա ներկայացվում են համշենցիների այսօրվա մշակույթը` երգարվեստն ու պարը, սովորությունները, լեզուն, նաև կենցաղն ու զբաղմունքը, ինքնության հետ կապված նրանց ընկալումներն ու ժողովրդագրական պատկերը:
Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ նկարահանումները կատարել եմ 2010-12 թթ. Ռիզեի նահանգի Արդաշեն, Չամլըհեմշին, Հեմշին (Համշեն), Չայելի գավառների և Արդվինի նահանգի Խոփա գավառի, ինչպես նաև Էրզրումի նահանգի համշենցիների միջավայրում իրականացրած դաշտային աշխատանքների ընթացքում` ժողովրդագրական, բարբառագիտական, տեղանվանական նյութերի արձանագրմանը զուգահեռ: Այդ աշխատանքների ընթացքում հավաքած նյութերի մի մասն արդեն հրապարակել եմ գիտական հոդվածների և գրքի տեսքով: Հենց այս ուսումնասիրություններն էլ դարձել են հիմք ֆիլմի սցենարի համար: Սցենարի և ռեժիսորական աշխատանքների հեղինակը ես եմ:
Continue Reading »

No responses yet