Feb 12 2011
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 3. Միջազգային իրավական մակարդակ
Աղբյուրը՝ «Հայաստանի Զրուցակից», #4 (167), 4 փետրվարի, 2011 թ.
4. Արցախյան գործը
Միջազգային դատավարության ձև կարող է ընդունել նաև հայ ժողովրդի՝ Արցախին, ներառյալ նրա շուրջն ազատագրված բնիկ հայկական տարածքին տիրելու անօտարելի իրավունքը։ Այդ իրավունքն իրացվելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության հետ վերջնական՝ դե-յուրե վերամիավորման, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման միջոցով։ Այսպիսի իրական հնարավորության վրա է մատնացույց անում Կոսովոյի անկախության հռչակման մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2009 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թ. հուլիսի 22-ը քննված նախադեպային գործը։ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի խորհրդատվական վճռում եզրակացվեց, որ 2008 թ. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, քանի որ միջազգային օրենսդրության մեջ բացակայում է որևէ դրույթ, որը կարող էր արգելել Կոսովոյին հռչակելու իր անկախությունը։ Դրանով իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Սերբիայից Կոսովոյի անկախության ինքնահռչակումը։