Jun 14 2008
Արդյո՞ք պատմական փաստերի ճշգրտությունը չի տուժել «Բյուզանդիայից արևելք» ֆիլմում
Հոլիվուդում նոր ֆիլմ է «խմորվում», ֆիլմ, որը նորովի կներկայացնի հայոց հերոսական անցյալի փառավոր մի իրադարձություն` Վարդանանց պատերազմը: Ըստ «Արմինիան Ռիփորթր»-ի մայիսի 31-ի համարի՝ սկսվել է «Բյուզանդիայից արևելք» անվամբ կինոնկարի ստեղծման նախապատրաստական փուլը, և այժմ պրոդյուսերները գումար են հայթայթում ֆիլմի արտադրությունը ֆինանսավորելու համար: Այս նոր կինոնկարում ներգրավված անհատների ցուցակից կարելի է եզրակացնել, որ այն նկարահանվելու է Հոլիվուդի էպիկական ֆիլմերի լավագույն ավանդույթներով. Ռոջեր Կուպելյան` «Մատանիների տիրակալը» եռերգության և «Մեր հայրերի դրոշները» ֆիլմի լուսային էֆեկտների հեղինակ, Սերժ Թանգյան` System of a Down ռոք խմբից, որը գրելու է երաժշտությունը, կատակերգու Վահե Բերբերյան և այլք: Ըստ էության, պրոդյուսերները մտադիր են ստեղծել մի ֆիլմ, որը կլինի հայկական «Խիզախ սիրտը»: Անկասկած, նախաձեռնությունն արժանի է գովեստի, խրախուսանքի ու բարեմաղթանքների: