Արդյո՞ք պատմական փաստերի ճշգրտությունը չի տուժել «Բյուզանդիայից արևելք» ֆիլմում
Հոլիվուդում նոր ֆիլմ է «խմորվում», ֆիլմ, որը նորովի կներկայացնի հայոց հերոսական անցյալի փառավոր մի իրադարձություն` Վարդանանց պատերազմը: Ըստ «Արմինիան Ռիփորթր»-ի մայիսի 31-ի համարի՝ սկսվել է «Բյուզանդիայից արևելք» անվամբ կինոնկարի ստեղծման նախապատրաստական փուլը, և այժմ պրոդյուսերները գումար են հայթայթում ֆիլմի արտադրությունը ֆինանսավորելու համար: Այս նոր կինոնկարում ներգրավված անհատների ցուցակից կարելի է եզրակացնել, որ այն նկարահանվելու է Հոլիվուդի էպիկական ֆիլմերի լավագույն ավանդույթներով. Ռոջեր Կուպելյան` «Մատանիների տիրակալը» եռերգության և «Մեր հայրերի դրոշները» ֆիլմի լուսային էֆեկտների հեղինակ, Սերժ Թանգյան` System of a Down ռոք խմբից, որը գրելու է երաժշտությունը, կատակերգու Վահե Բերբերյան և այլք: Ըստ էության, պրոդյուսերները մտադիր են ստեղծել մի ֆիլմ, որը կլինի հայկական «Խիզախ սիրտը»: Անկասկած, նախաձեռնությունն արժանի է գովեստի, խրախուսանքի ու բարեմաղթանքների:
Շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ ֆիլմը և կինոարվեստն ընդհանրապես մարդկանց ընկալումների վրա ներգործելու և հասարակական կարծիք ձևավորելու ամենաազդեցիկ միջոցներն են: Ուստի, խիստ կարևոր է պատմական դեպքերը և դրանց ամբողջական համատեքստը ճշգրիտ ներկայացնելը: Ցավոք, հանրությանը հասանելի աղքատիկ տեղեկատվությունն արդեն մտահոգության տեղիք է տալիս: Մասնավորապես, «Արմինիան Ռիփորթր»-ում հրապարակված` «Լոս Անջելեսի կազմակերպությունները ուժերը կմիավորեն` հայոց պատմության մասին էպիկական ֆիլմի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով» վերնագրով հոդվածում (էջ 8, http://www.reporter.am/pdfs/A0531-W.pdf) մեջբերված է «Արփա» միջազգային կինոփառատոնի տնօրեն պրն Ալեքս Կալոնյոմոսի խոսքը, որտեղ նա նշում է, թե «Բյուզանդիայից արևելք» ֆիլմի հերոսները հայոց պատմության էպիկական տղամարդիկ ու կանայք են` Գրիգոր Լուսավորիչը, Վարդան Մամիկոնյանը և ռազմի հզոր աստվածուհի Անահիտան»: Հարկ է նշել, որ այստեղ ոչ միայն հայկական հեթանոսական աստվածուհի Անահիտի անունն է սխալ նշվել, այլև սխալ է նկարագրվել դիցուհու էությունը:
Նախ, աստվածուհու անունը հայերեն Անահիտ է: Անահիդա (կամ Անահիտա) անունով կոչում էին հին պարսկական պանթեոնի նույն (կամ` համապատասխան) աստվածուհուն: Հույն աշխարհագետ Ստրաբոնը, Հայաստանի մասին պատմելիս, նույն աստվածուհուն անվանում է Անաիտիս: Եթե, փաստորեն, մարդիկ հրաժարվում են օգտագործել հայերեն ճշգրիտ Անահիտ անունը, ապա ավելի տրամաբանական կլիներ (թեև, այս դեպքում ևս` ոչ ճիշտ) օգտագործել հունարեն Անաիտիս անունը և ոչ թե պարսկական Անահիդան: Վերջապես հին հունական քաղաքակրթությունն է, ոչ թե հին պարսկականը, արևմտյան քաղաքակրթության հիմքը, որն էլ իրականացնելու է այս ֆիլմի արտադրությունը: Այնուամենայնիվ, «Բյուզանդիայից արևելք» ֆիլմում Անահիտ աստվածուհուն Անահիդա (կամ նույնիսկ Անաիտիս) անվանելը համարժեք է «Խիզախ սրտի» Վիլյամ Վալասին արաբական (կամ ֆրանսիական) արտասանությամբ կամ տարբերակով կոչելուն:
Երկրորդ, Անահիտը պատերազմի աստվածուհին չէր, այլ մայրության և պտղաբերության: Ահա թե ինչպես է Անահիտին բնութագրում Սարգիս Հարությունյանը հին հայկական առասպելների ու հեքիաթների մասին իր գրքում. «Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով… Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր»: (http://www.armenianhouse.org/harutyunyan/04-gods.html#2)
Նշենք նաև, որ Սարգիս Հարությունյանը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիրն է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիայի հնագիտության ինստիտուտի բանասիրության պատմության և տեսության բաժնի վարիչ: Այսինքն՝ նա հեղինակություն է այս ոլորտում: Նույնիսկ եթե Անահիտին շփոթել են նույն տարածաշրջանի մեկ այլ աստվածուհու հետ և նրան վերագրել ռազմի աստվածության որոշ հատկանիշներ (օրինակ, ասորա-բաբելական պանթեոնի նրան համապատասխանող Իշտար աստվածուհին սիրո, պտղաբերության և ռազմի աստվածությունն էր), այդուամենայնիվ, Անահիտին Հայաստանում երկրպագում էին որպես մայրության և պտղաբերության աստվածուհու: Հայկական պանթեոնում ռազմի աստվածը Վահագնն էր:
Ինչպես նշեցինք, հույժ կարևոր է, որ hայոց պատմության այդ նշանակալից ժամանակաշրջանը ճշգրիտ ձևով ներկայացվի: Հայտնի չէ, թե էլ ինչ անճշտություններ կան սցենարում կամ էլ ինչ անկանխամտածված խեղաթյուրումներ կարող են սպրդել որպես գեղարվեստական ազատության անխուսափելի հետևանք: Ինչպես ընդունված է` «Բյուզանդիայից արևելք» կինոնկարի սցենարի մշակման և նկարահանման համար հարկավոր է խորհրդակցել հայոց պատմության վստահելի և հարգված մասնագետների հետ: Խելամիտ կլիներ գիտնական-փորձագետներ հրավիրել հենց Հայաստանից` բացառելու համար հայոց պատմության «այլընտրանքային» (այսինքն` սխալ կամ ոչ ճշգրիտ) մեկնաբանությունները, որոնք առկա են արտերկրի գիտական շրջանակներում:
Հակառակ դեպքում, իմանալով, թե ինչ ոգևորությամբ են հայերն ընդունում զանգվածային լրատվամիջոցներով հայոց պատմության կամ մշակույթի ցանկացած մատուցում, հայ նոր սերունդը կարող է ուղղակի սխալ պատկերացում կազմել սեփական պատմության այդ ժամանակաշրջանի մասին: Սա վերաբերում է նաև օտարազգի հանդիսատեսին, որի` հայոց պատմության և քաղաքակրթության մասին պատկերացումները կարող են ձևավորվել միայն կինեմատոգրաֆիական մեկնաբանությունների հիման վրա:
Ստեփան Սարգսյան
ԱՐԱՐԱՏ Ռազմավարագիտական կենտրոնի
արտահաստիքային թղթակից (Լոս Անջելես)
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.