Ազգային իրական շահերը գիտակցող եւ պաշտպանող երիտասարդների կարիք Հայաստանը շատ ունի
«Ես ուսումնասիրում եմ իսլամագիտություն, քաղաքական իսլամ: Մեր երեք հարեւանները իսլամադավան պետություն են: Ինձ հետաքրքիր էին այդ երեքի քաղաքական նկրտումները Հայաստանի հանդեպ եւ հակառակը` Հայաստանի վերաբերմունքը այդ ամենին:
Բացի դրանից` շատ մեծ նպատակ ունեի վերլուծական մտածողությունս զարգացնել»,- ասաց Սմբատ Խաչատրյանը, ով ամիսներ առաջ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի, իսկ այժմ` Կահիրեի պետական համալսարանի ուսանող է:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից կազմակերպված ամառային դպրոցը կարողացավ տալ նրան ակնկալվածը` տեղեկացված լինել աշխարհաքաղաքական նրբություններին, նաեւ` այդ ուղղությամբ վերլուծական մտածողություն:
«Հայաստանը եւ տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» մեկամսյա ամառային դպրոցի դասընթացներին մասնակցում էր քսանհինգ ուսանող, ովքեր շուրջ հարյուր դիմորդից ընտրվել էին հարցարզրույցով: Դասընթացներին մասնակցում էին հայաստանյան տարբեր կրթօջախների սաներ` լրագրողներ, քաղաքագետներ, երիտասարդ սպաներ, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի ուսանողներ եւ այլն:
«Արարատ» ՌԿ տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը նշեց դպրոցի ստեղծման գլխավոր պահանջը. «Մեր դիտարկմամբ` հայ երիտասարդության շրջանում այսօր գոյություն ունի քաղաքական, ռազմավարական, ազգային անվտանգության բարդ խնդիրների վատ իմացություն կամ թյուրըմբռնում, ինչն էլ հաճախ օտար ուժերի կողմից օգտագործվում է Հայաստանի համար ոչ նպաստավոր ձեւերով»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Կարեն Վրթանեսյանը մասնակցել է դիմորդների ընտրության փուլի հարցազրույցների անցկացմանը: Նա փաստեց այն հանգամանքը, որ հայ երիտասարդների մոտ բավականին ուժեղ է հայրենասիրական միջուկը, պարզապես բազմապիսի սեմինարների ու թրեյնինգների արդյունքում ստացած քարոզչական կեղծ թեզերը որոշակիորեն հասնում են իրենց նպատակին. «Չէի ասի, թե հայրենասիրական բաղադրիչը շատ վտանգված է, բայց բավականին տեղեկատվություն է լցված նրանց ուղեղները. փորձում են շեղել երիտասարդներին, իրականությունը խեղաթյուրել, իրական քաղաքական իրավիճակի մասին ամբողջապես սխալ տպավորություն ստեղծել»:
Ցավալի է, սակայն, հանդիպել են նաեւ մարդիկ, ովքեր խոսել են մեր` տարածքային «փոխզիջումների» մասին. «Օրինակ` մարդը կարող է 10-15 րոպե խոսել, թե տարածքները կամ նույնիսկ Արցախը հանձնելը ինչ մեծ հնարավորություններ կտա Հայաստանին: Բայց երբ խնդրում ես Արցախի շրջանները թվարկել, ուղղակի չգիտի, քարտեզի վրա էլ չի կարողանում գտնել: Սա, իհարկե, աբսուրդ է»:
Նաեւ նման փաստերը նկատի ունենալով` որոշվեց ամառային դասընթացների միջոցով երիտասարդներին ներկայացնել վերջին մեկուկես տասնամյակի հայ ազգային մտքի նվաճումները, ձեռքբերումները, որոնք հաճախ հասկանալի չեն հայ երիտասարդությանը:
Իսկ այն հարցին, թե կաթիլը ծովում համեմատությամբ` այս քսանհինգը մի քանի տասնյակ հազար ուսանողության շրջանում ի՞նչ դեր կարող են ունենալ, Ա. Այվազյանը պատասխանեց. «Նախ` մենք հույս ունենք, որ այս դպրոցը շարունակություն կունենա, եւ այս 25 հոգուն կգումարվի եւս քսանհինգը, ու այդպես շարունակ� Բայց այս մեկամսյա դասընթացն անցնող քսանհինգ հոգին էլ, կարծում եմ, կարող են որոշակի խնդիրներ լուծել` այդ գիտելիքներն իրենց միջավայրում տարածելով` գրավոր կամ բանավոր կերպով, եւ դրանք կիրառելով իրենց հետագա ուսման եւ աշխատանքի մեջ: Այս կաթիլը, ով գիտե, կարող է վճռորոշ պահին վճռական դեր կատարել»:
Պրոֆեսիոնալիզմ եւ հայրենասիրություն. այս սկզբունքներով են ընտրվել նաեւ դպրոցում դասավանդող դասախոսները` պատմության, աշխարհագրության, հայկական ճարտարապետության, երաժշտագիտության եւ այլ ոլորտներից:
Իսկ դասընթացներն անց են կացվել հետեւյալ թեմաներով. Հայկական հարց, Արցախյան հիմնախնդիր, մերօրյա հակամարտությունները եւ աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, ազգային ինքնության եւ ազգայնականության հարցեր, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ, հոգեբանական-տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, համացանցում անվտանգ եւ արդյունավետ աշխատանքի հիմունքներ եւ այլն:
Դպրոցի դասընթացներն ավարտվեցին եռօրյա շրջագայությամբ Արցախ, որի ընթացքում հանդիպումներ կազմակերպվեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ: Ա. Ղուլյանն ընդգծեց նման դպրոցի կարեւորությունը` նշելով, որ այժմ Հայաստանում մեծ է ազգային իրական շահերը գիտակցող եւ պաշտպանող երիտասարդ կադրերի կարիքը:
Ի դեպ` հայրենանվեր գործունեության համար «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից պարգեւատրվեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված մեդալով:
Աստղիկ Կարապետյան
«Երկիր» շաբաթաթերթի լրագրող
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի շրջանավարտ
Աղբյուրը՝ Երկիր
One Response to “Ազգային իրական շահերը գիտակցող եւ պաշտպանող երիտասարդների կարիք Հայաստանը շատ ունի”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
I would like Dr Aywazyan that you give three days seminars in Diaspora where Armenian communities have hunger to such kind seminars.
Armenia’s national security issue concern’s most of Diaspora Armenians