Հեռակա հարցազրույց Արմեն Այվազյանի հետ

Print Print Email Email

Յառաջ (Փարիզ),
4 և 5 մարտի 2008 թ. (թիվ 21.908 և 21.909)

Հեռակա հարցազրույց Արմեն Այվազյանի հետ

2007 թվականի դեկտեմբերին (19-20) Հայաստանի Ազգային ժողովի մեջ նիստեր կազմակերպվեցին՝ հայ և թուրք հարաբերությունների մասին: Այս կարևորագույն ոլորտի մասին շատ ուշագրավ, համապարփակ ելույթ ունեցավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն՝ Արմեն Այվազյանը: Նրա ասածներին անդրադարձել էինք «Յառաջ»-ի հունվար ամսվա 17 և 18 համարներում. ելույթը համառոտակի ներկայացրել էինք «Ուշագրավ ախտաճանաչում և դեղագիր Հայաստանի արտաքին քաղաքականության համար» խորագրի տակ (Ա. Թոթոյան): Այնուհետև որոշ կետերի վրա հավելյալ բացատրությունների ձգտումը դրդեց համացանցով կապ հաստատել Ա. Այվազյանի հետ. վերջինս համաձայնեց պատասխանել մեր հարցումներին:
Մեր ընթեցողների համար Ա. Այվազյանի ապրիլին Փարիզի մեջ ծրագրված հանդիպումների կերպով նախապատրաստությունն է հետևյալ հեռակա հարցազրույցը:

Հ. – Ինչպե՞ս եք բացատրում անկախությունից ի վեր հաջորդական իշխանությունների Թուրքիայի նկատմամբ սխալ ու նաև վտանգավոր քաղաքականության երևույթը՝ անձեռնհասությա՞մբ, վախկոտությա՞մբ, թե՞ անհասկանալի, անբացատրելի «շահերով»:
Պ.- Ձեր նշած երևույթի պատճառներին մասնակիորեն անդրադարձել եմ 2007 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում կարդացած զեկուցմանս մեջ, որը կրճատումներով տպագրվել է նաև Ձեր թերթում ս. թ. հունվարի 17-18-ին: Ուստի կնշեմ այլ, լրացուցիչ հանգամանքներ:
Նախ և առաջ, հարկ է նկատել, որ հայ-թուրքական հարաբերությունների անցյալն ու ներկան ճիշտ ընկալելու համար պահանջվում են խորը գիտելիքներ պատմության, միջազգային հարաբերությունների, ազգային անվտանգության, ազգագրության, կրոնագիտության, էթնիկ հոգեբանության բնագավառներում: Սրանք բավականին բարդ, խրթին, բազմաշերտ խնդիրներ են, որոնք նախատեսում են մասնագիտական մոտեցում: Առհասարակ, Հայկական հարցը բարդ, բազմաշերտ խնդիր է: Միայն այսօրվա հիման վրա հնարավոր չէ ճիշտ ռազմավարություն կառուցել: Ռազմավարությունն ինքը անցյալը ներկայի և ապագայի հետ կապող վերլուծում է: Անհրաժեշտ է խորապես հասկանալ նաև արդի միջազգային քաղաքական համակարգը, համաշխարհային և տարածաշրջանային ուժերի շահերը, նպատակները, ռազմավարությունները, հնարավորությունները: Պետք է հասկանալ ու ճանաչել Սփյուռքը որպես հայրենիքից կտրված, ամենօրյա ձուլման ու վերջնական անհետացման ենթակա միավոր, այլ ոչ թե ոգևորվել «համաշխարհային հայություն» դատարկ եզրաբառերն արտասանելով ու Սփյուռքն արդեն հավերժական երևույթ նկատելով: Վերջապես, պետք է հասկանալ և ճշտել նաև Հայաստանի պետության բուն շահերը:
Ցավոք սրտի, արդի հայ քաղաքական վերնախավը բացարձակապես չի տիրապետում այդ խնդիրներին: Ընդ որում, խոսքը վերաբերում է և՛ պետության ղեկին կանգնած ուժերին, և՛ քաղաքական ընդդիմությանը: Հայաստանում գործող քաղաքական կուսակցություններից շատերն իրենց ծրագրերում կամ առհասարակ չեն անդրադառնում հայ-թուրքական հարաբերություններին կամ տալիս են ընդհանուր լղոզված գնահատականներ, որոնք որևէ բան չբացատրելով, նախատեսված են ընդամենը Արևմուտքին դուր գալու համար: Նույնը վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետականորեն ընդունված փաստաթղթերին: Այսպես «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը» ցանկություն է հայտնում, որպեսզի Թուրքիան դառնա Եվրոպական Միության անդամ, միաժամանակ հստակ և ամփոփիչ գնահատական չտալով Հայաստանի նկատմամբ այդ պետության անցյալում և ներկայումս վարած քաղաքականությանը: ՀՀ պետական ծառայողն ու շարքային քաղաքացիները, բնականաբար, հայտնվում են շփոթված վիճակում: Նրանք չեն հասկանում ո՛չ Թուրքիայի քաղաքականությունը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը և նրա ուղղությունները: Նրանց ոչ ոք այդ խնդիրները չի բացատրում՝ ոչ պետությունը, ո՛չ էլ կուսակցությունները: Անկախության տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունն եղել է այն աստիճան ամուլ, մակերեսային, այսօրեական ու անմշակ, ռազմավարական հաշվարկներից զուրկ, որ շփոթված վիճակում են հայտնվել արդեն հե՛նց իրենք՝ այդ քաղաքականության կիրառողները, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց խորհրդարանական վերոհիշյալ լսումների ժամանակ:
Մեկ այլ, թարմ օրինակ էլ բերեմ: ՀՀ նախագահական հիմնական թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում և ելույթներում, իրար հետ կարծես մրցելով, նույն երգն էին երգում. «պետք է հաստատել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, սահմանները բացել, հարևանների հետ տնտեսապես ինտեգրվել»: Հենց այդքանով էլ, ըստ երևույթին, նրանք կարծում են, որ հայ-թուրքական ու նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն և անվտանգության խնդիրներն աստիճանաբար կամ գուցե անմիջապես ընդմիշտ կվերանան: Սա կամ ծայրահեղ միամտություն է կամ Արևմուտքին և Թուրքիային դուր գալու ձգտման անիմաստ դրսևորում: Նրանցից որևէ մեկն ինքն իրեն երբևէ հարց չի՞ տվել, թե, լավ, հայերը լիովին ինտեգրված էին Օսմանյան կայսրության տնտեսության մեջ, փակ սահմանների խնդիր էլ չկար, բայց այդ ամենը չկանխեց հայերի ցեղասպանությունը: Եվ կամ նորագույն ժամանակներում՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տնտեսությունները լիովին ինտեգրված էին, սահմաններն էլ բաց էին, բայց չէ՞ որ դա չկանխեց Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն ու Արցախյան պատերազմը: Այսինքն՝ չեն հասկանում, որ տնտեսական շահերն ու ռազմավարական շահերը նույնը չեն և հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլև հակասում են միմյանց:
Ամփոփեմ:
1990-ական թթ. ՀՀ վերնախավի ներկայացուցիչները մասնագիտացած չէին Ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հարցերում: Նրանք չունեին համապատասխան կրթություն, չէին աշխատել համապատասխան պետական մարմիններում, ո՛չ էլ այդ կարգի փորձ ու գիտելիք էին ստացել Հայկական հարցի բաղկացուցիչ մաս կազմող որևէ խնդրի համար լեգալ կամ ընդհատակյա պայքար մղելու երկարամյա ճանապարհով:
Մյուս կողմից, անկախության մարտահրավերներին, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքորոշվելուն, անպատրաստ էր ոչ միայն իշխանության եկած խումբը, այլև հայ քաղաքական միտքն առհասարակ, ընդ որում՝ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Հայաստանում առկա էր ու դեռևս է՛ միջազգայնագիտության ու հատկապես ռազմավարագիտության մեջ մտավոր ռեսուրսների ծայրահեղ պակաս: Խոսքը վերաբերում է ոչ միայն անհատ մասնագետների խիստ սակավությանը, այլև ազգային ինքնուրույն մտքի դպրոցի չգոյությանը, ինչպես և այդ դպրոցի ձևավորմանն ուղղված պետության պատվերի բացակայությանը:
Մտավոր այս վակուումի մեջ էլ ՀՀ (ինչպես և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, ներառյալ Ռուսաստանի) ղեկավարության աշխարհայացքի և որոշումներ ընդունելու վրա ճնշող ազդեցություն գործեցին նրանց մատուցվող օտար, հատկապես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից բխող ռազմավարական վերլուծությունները, որոնք արտաքնապես կուռ և տրամաբանված շղարշ ունենալով՝ շատ հաճախ սխալ էին, երբեմն էլ՝ միտումնավոր ապակողմնորոշիչ: Արդյունքում Հայաստանի իշխանությունները չկարողացան մշակել և ժողովրդին ներկայացնել ազգային անվտանգության հստակ ու հիմնավոր հայեցակարգ:
Եթե նկատի ունենանք նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում իսկական իշխանափոխություն երբեք տեղի չի ունեցել (1998 թ. փոխվեցին ընդամենը բուրգի վերևում գտնվող անձինք, բայց նրանց գաղափարախոսությունը՝ ծայրահեղ ազատականությունը, ինչպես և ներքին ու արտաքին քաղաքականությունը մնացին նույնը), ապա հասկանալի է դառնում նաև Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականության միևնույն անհեռանկար ուղղությանը կառչած մնալը:

 

2- Ձեր սթափ հաստատումներն ու վերլուծումը առանց այլևայլի կառաջնորդեն երկրին այդ ոլորտի պատասխանատուների մոտ այս գաղափարով գործակիցներ, խորհրդականներ տեսնելու ցանկությանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս կարգի ճիշտ դեմքեր չկան այդ դիրքերի վրա:

 

Շատ կարևոր հարց է: Խնդիրը մի կողմից մասնագիտական է, մյուս կողմից՝ քաղաքական: Պետական այրը պետք է մասնագիտական որոշակի պատրաստություն ունենա, որպեսզի ի վիճակի լինի զատելու լուրջ վերլուծությունն անլուրջից, գիտական մոտեցումը ոչ գիտականից, հայկական շահը վեր դասող հեղինակին օտար շահը շարունակաբար ու հետևողականորեն պաշտպանող հեղինակից: Բայց, ինչպես ասացի, այդպիսի պատրաստություն մեր պետական ու քաղաքական գործիչները չունեն: Մեր պետությունը մինչև այսօր չի կարողացել ճշտորոշել ու հստակ սահմանել, թե ո՞րն է, ի վերջո, բուն հայկական շահը, ինչի վկայությունն է հե՛նց թեկուզ Թուրքիայի նկատմամբ տարվող անհասկանալի քաղաքականությունը: ՀՀ և ԼՂՀ ղեկավարությունը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել նույնիսկ այնպիսի արմատական մի խնդրում, ինչպիսին է իր տարածքը՝ ի՞նչ տարածքի վրա գոյություն ունի արդի Հայաստանը և ի՞նչ տարածքի վրա է այն ուզում գոյատևել: Արցախի շուրջն ընկած Հայաստանի ազատագրված տարածքն անհիմն կերպով հայտարարված է սակարկման առարկա, այնինչ որևէ տարածքային զիջում Ադրբեջանին կարող է փլուզել հայկական կողմի անվտանգության ողջ համակարգը: Մյուս կողմից, ՀՀ իշխանություններն ու պետական պաշտոնյաները հաճախ պարզապես թքած ունեն հայկական շահերի վրա՝ լինի դա հայոց լեզվի խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների բարդ թնջուկի մի որևէ տարր, օրինակ, թուրքական Անթալիայում հանգիստն անցկացնելու ամոթալի տարածված երևույթը թե ազգային արժանապատվությունը ոտնահարող որևէ այլ հարց: Առհասարակ, մեր պետական այրերն այդպես էլ չհասկացան, որ ազգային արժանապատվությունը պետականաստեղծ արժեք է, իրենց թվում է, թե քանի որ Հայաստանը փոքր երկիր է, ուրեմն կարելի է այս հարցի վրա աչք փակել ի դեմս ինչ-ինչ անհասկանալի օգուտների:

 

3- Շատ հետաքրքրական է իմանալ, թե Ձեր ելույթը ինչ արձագանք գտավ խորհրդարանի մեջ: Արդյո՞ք այն վիճարկումների ու քննարկումների առիթ դարձավ:

 

Հավանաբար, խիստ կզարմանաք, երբ ասեմ, որ Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր այս հարցի խորհրդարանական լսումներին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը… բացակա էր: Մեր պատգամավորները, հավանաբար, շատ ավելի կարևոր գործերով էին զբաղված … Այդուամենայնիվ ներկա էին մի շարք պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հայտնի քաղաքական գործիչներ, բազմաթիվ փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և թղթակիցներ: Արձագանքի մասին նշեմ միայն, որ, հաջորդ օրը «Առավոտ» օրաթերթում հրապարակված նյութի համաձայն, այդ երկօրյա լսումներում իմ ելույթը միակն էր, որից հետո հնչել են բուռն ծափահարություններ:
Ի դեպ, 2006 թ. Արցախյան հիմնախնդրին նվիրված լսումներում դահլիճում ներկա էին 7-8 պատգամավոր… Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

 

4- Կա՞ն արդյոք քաղաքական դեմքեր որոնք առնվազն խորհրդակցելու համար երբեմն դիմում են Ձեր կարծիքին, վերլուծություններին, տեսակետներին:
Այո, կան, սակայն ՀՀ արտաքին քաղաքականության հարցերում որոշումներ ընդունողներին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել և ինձ հետ այսպես կամ այնպես առնչվողներն այդ թվում չեն:

 

5- Այս մարզի նոր «սխալ»-ների ամենից ընդվզողներից էր Ա. Բլեյանի կազմակերպած «Ադրբեջանական օրեր»-ը, Մխիթար Սեբաստացի վարժարանի մեջ: Ինչպե՞ս եք բացատրում ամբողջ պատասխանատու վերնախավի ամոթալի լռությունը:

 

Գիտեք, արդեն հոգնել եմ ասելուց, որ հնարավոր չէ պատկերացնել մի որևէ երկիր, որտեղ պետական պաշտոնյան կարող է հակապետական քարոզչություն վարել: Իսկ Ա. Բլեյանը, լինելով Հայաստանի ամենախոշոր պետական դպրոցի տնօրեն, վարում է բացահայտ հակապետական քարոզ, հայտարարելով մասնավորապես Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու իր ցանկությունը, կոչ անելով հետ կանչել հայ զինվորներին սահմանից և այլն: Իշխանությունների թողտվությամբ իրականացվող այսպիսի վարքագիծն ընդամենը հաստատում է վերջիններիս կողմից ազգային շահերի աներևակայելի թյուրըմբռնումը, ինչը որևէ արդարացում ու բացատրություն չունի: Կարող եք արդյո՞ք պատկերացնել Ֆրանսիայում պետական խոշորագույն դպրոցի մի տնօրեն, որը գիշեր-ցերեկ բացահայտ իր աշակերտների շրջանում քարոզի Կորսիկան Ֆրանսիայից անջատելու մասին և նույն դպրոցում կազմակերպի, ասենք, բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության օրեր հենց այդ կազմակերպության անդամների մասնակցությամբ:

 

6- Թուրքիայի դեմ խեղճանալու, զիջումի կեցվածքը Հայաստանի ղեկավարության մենաշնորհը չէ: Սփյուռքի զանազան շրջանակները նույնպես բաժնեկից եղան դրան, նախ ընդառաջելով, ապա նույնիսկ ձեռնարկելով «երկխոսության» արգահատելի և միայն թրքանպաստ փորձեր: Ինչպե՞ս հասկանալ իր իրավունքից այսքան դյուրին հրաժարվելու, ենթարկվելու, խեղճանալու այս երևույթը:

 

Խեղճանալը գալիս է հայոց պարտության հետ մերվելուց, Հայաստանին տեր կանգնելու կամքի բացակայությունից, հայրենիք եզրաբառի իսկ տարածքային ու քաղաքական իմաստի սխալ ըմբռնումից, ուծացման առաջխաղացումից, օտար ուժերին անձնատուր լինելուց և նրանց խամաճիկն ու կամակատարը դառնալուց: Համեմատեք թեկուզ այն, ինչ տեղի ունեցավ Սերբիայում Կոսովոյի անկախության հռչակումից հետո: Կոսովոն շատ նման է մեր Նախիջևանին: Հայոց հայրենիքի այդ տարածքից հայերը բնաջնջվել ու դուրս են մղվել և այն Հայաստանից օտարվել է: Սերբերը գիտեն, որ այսօր իրենք ի վիճակի չեն ազատագրելու Կոսովոն, բայց նրանց մտքովն իսկ չի անցնում հրաժարվել իրենց բնիկ տարածքներից: Նրանք քաղաքականապես վառ են պահում Կոսովոն ազատագրելու նպատակը: Իսկ մեզանում Նախիջևանն արդեն գրեթե մոռացության է մատնվել, համենայն դեպս, քաղաքական մակարդակի վրա:

 

7- Դերերի ինչպիսի՞ բաշխում պիտի թելադրեք հայության Հայաստանի ու Սփյուռքի հատվածներին՝ Թուրքիայի հետ մեր հարցին հետապնդելիս:

 

Ես սկզբունքորեն դեմ եմ Հայաստանի և Սփյուռքի տարբեր նպատակներ և օրակարգեր ունենալուն: Իրականում, ամբողջ հայության նպատակները նույնն են՝ հայրենիքի ամրացում, հայրենիքում և նրա շուրջը համախմբում: Կտրուկ դեմ եմ Արևմտյան Հայաստանի նորահնար, արհեստականորեն «իշխանությունների», «կառավարությունների» կամ «ազգային խորհուրդների» հաստատմանն ու, Աստված ոչ անի, գործունեությանը, որովհետև այդպիսի կառավարությունները նոր պառակտումների և օտար ուժերի միջամտությունների լրացուցիչ հնարավորություն են տալու: Արևմտյան Հայաստանը նույն չափով արևելահայերի հայրենիքն է, այնպես, ինչպես Արևելյան Հայաստանը՝ արևմտահայերինը: Հայրենիքը մեկն է և անբաժանելի. այն իբր մարտավարական նպատակներով երկու կամ ավելի մասերի բաժանելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր:
Միայն Հայաստանի Հանրապետությունն է ընդունակ միջազգային ասպարեզում պատշաճորեն ներկայացնելու հայության խնդիրները իբրև միջազգային քաղաքական համակարգում ամենաբարձր կարգավիճակն ունեցող սուբյեկտ՝ պետություն: Վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետությունն ստանձնելու է Հայկական հարցի լուծման ողջ պատասխանատվությունը, վերարծարծելով Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցերը քաղաքականապես իրապաշտ առաջարկներով ու ցեղասպանության դիմաց փոխհատուցման պահանջներով: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են այս պայքարին մասնակցել ամենաբազմազան միջոցներով ու ձևերով, սակայն միշտ հիշելով, որ հայության ապագա նվաճումների գրավականը հայրենի ամուր պետությունն ունենալն է:
Արտերկրում հայապահպանումը ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության գոյապահպանման բուն նպատակը սեփական հողերի վրա, անկախ պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այսօրվա Հայաստանում (այն ամբողջ տարածքում, որը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է), հետագայում՝ գուցե և պատմական Հայաստանի ազատագրվելիք այլ հատվածներում: Հայրենիքում մշտական բնակություն հաստատելն է այն միակ ու գլխավոր քայլը, որն ի վիճակի է ճակատագրի բերումով ազգային արմատներից ու մշակույթից հեռացած սփյուռքահային մշակութապես վերահայացնել՝ ընդսմին ապահովելով նրա սերունդների հայ մնալը:

8- Այս առթիվ կցանկանայինք ծանոթանալ Ձեր անձին ու մեր ընթերցողներին ծանոթացնել Ձեր կենսագրականին, նախասիրություններին, Ձեր տարած գործունեությանը, առաջիկա ծրագրերին:

 

Հուսով եմ ավելի մոտից կծանոթանանք ապրիլի սկզբին, երբ դասախոսությունների շարքով կայցելեմ Ֆրանսիա: Մինչ այդ ստորև ներկայացնում եմ համառոտ կենսագրականս:

 

Դոկտ. Արմեն Այվազյանն ,Արարատե ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Նա նաև Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող է և Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության դասախոս։ Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր` 2004 թ-ից.։

 

1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Դոկտ. Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։

 

Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

 

Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.

 

1. Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն (2007)
2. «Հայրենատիրություն» մատենաշար հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
3. ,Հայրենատիրությունե մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
4. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
5. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
6. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
7. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
8. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
9. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
10. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
11. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.