Յուրաքանչյուր հայ պատասխանատվություն է կրում Հայաստանի ճակատագրի համար

Print Print Email Email

Արմեն Այվազյան. «Յուրաքանչյուր հայ պատասխանատվություն է կրում Հայաստանի ճակատագրի համար»
Դասախոսություն` ՀԲԸՄ-ի «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի մասնակիցների համար

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` (ՀԲԸՄ/AGBU) «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի շրջանակներում մի շարք երկրներից սփյուռքահայ 18 երիտասարդներ ծանոթանում ու մասնագիտական փորձառություն են ձեռք բերում Հայաստանում: ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Ավստրալիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից ժամանած երիտասարդների համար միաժամանակ կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ, մշակութային, կրթական ծրագրեր: Հուլիսի 3-ին ուսուցողական ծրագրի շրջանակներում նրանք ներկա եղան «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությանը:

Պրն. Այվազյանը ներկայացրեց հայկական ինքնության ձևավորման խթանիչները (հիմնատարրերը/հիմնասյուները)` տարածք, լեզու, պետություն, զինված ուժեր, մշակույթ և կրթություն, և դրանց միջոցով հայոց պատմության առավել քիչ ուսումնասիրված մի շարք հարցեր: Առավել մանրամասն քննարկվեց մայրենի լեզվի և հայկական զինուժի դերակատարումը ազգակերտման և ազգապահպանման գործում։ Ա. Այվազյանի բնորոշմամբ` ֆիզիկական գոյատևման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանքցն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում և կազմում է հայկական ինքնության հիմնասյունը` անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգապահպանման և ազգային նպատակների իրագործման:

Անդրադառնալով հայկական ինքնության չափանիշներին` Ա. Այվազյանը մասնավորապես ընդգծեց հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ ստանձնելու կարևորու¬թյունը: Այսօր կան հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ցավոք կորցրել են հայրենիքի ընկալումը: Ըստ Ա. Այվազյանի` ինչպես ցանկացած ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելիության հարցը որոշվում է նրա այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ ներգրավվածությամբ և ներդրած ավանդով:

Սփյոռքահայ երիտասարդները ակտիվորեն արձագանքեցին հնչած մտքերին ու ներգրավվեցին բանավեճում: Հանդիպումից հետո նրանք կիսվեցին տպավորություններով` հավաստելով, որ այսուհետ առավել ակտիվ ու հետևողական կլինեն Հայաստանի խնդիրների ուսումնասիրման ու դրանց լուծման հարցերում:

«Ես ուսումնասիրել եմ հայոց պատմությունը և համաձայն եմ, որ մենք Սփյուռքում առավել միասնական պետք է գործենք Հայաստանի զարգացման, նոր ժամանակներում հայի ինքության պահպանման համար: Կցանկանայի նշել, որ Սփյուռքի երկրորդ, երրորդ սերունդների ներկայացուցիչների պարագայում տեղեկացվածության խնդիր կա, և նման հանդիպումները լավ առիթ են ու հնարավորություն` ծանոթանալու և հետագա գործունեության ուղիներ նախանշելու համար»:
Սարո,
Կալիֆոռնիա

«Շատ հետաքրքիր դասախոսություն էր և ուսանելի: Ընդունում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի ճակատագրի համար: Կցանկանայի կրկին մասնակցել այս թեմայով դասախոսության ու քննարկումների»:
Նաիրի,
Կանադա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
3 հուլիսի, 2008թ.

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.