Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսը Երևանում

Print Print Email Email


Նույն թեմայով նայեք`

Երկիր Մեդիայի տեսանյութի սղագրությունը, 25.06.2010թ.

Վերահրատարակվել է Երվանդ Կյուրեղյանի “Իմ հուշերի ճանապարհով” գիրքը: Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1996թ. Լոս Անջելեսում, բայց հապշտապ` քանի որ 108-ամյա հեղինակի առողջությունը կտրուկ վատացել էր եւ որդին ցանկացել է, որ հայրն իր գրառումները տեսնի արդեն հրատարակված: Այդ շտապողականության պատճառով, այն տպագրվել է առանց անհրաժեշտ ծանոթագրությունների: Այժմ անհրաժեշտ խմբագրումներից հետո, ընթերցողի սեղանին է հայտնվել փաստավավերագրական արժեքավոր վկայություն:

Սա հայ մարդու ոդիսական է, բայց ոչ միայն: Հեղինակը երկու մեծադիր տետրում գրել է իր կյանքի պատմությունն առանց ջնջումների եւ խմբագրումների, պարզապես առաջին էջից սկսել է գրել եւ ավարտել վերջին էջում: Գրել է մահից տասը տարի առաջ` հարյուր տարեկանում` 1988թ, հիշելով մանուկ հասակում իրենց գյուղի քահանայի եւ, ապա, հորաքրոջ ամուսնու մոտ սովորած տառերը` տարբեր առարկաների ու կենդանիների նմանեցնելով: Գրել է առանց մեծատառերի, շատ անգամ տառերի շփոթով եւ ուղղագրական կանոնների խախտումով, առանց կետադրության: Մեծադիր տետրերը վերածվել են արժեքավոր հուշագրության:

354 էջում ու 30 րոպեանոց խտասկավառակում Երվանդ Կյուրեղյան մարդն է, նրա ռազմահայրենասիրական գործունեությունը, ապրած ժամանակաշրջանի դեպքերն ու դեմքերն այնպես, ինչպես կա: Հուշեր, լուսանկարներ, մարտական ուղին արտացոլող քարտեզներ.

Սերգեյ Վարդանյան, ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, գրքի համախմբագիր. “Նկարագրում է արեւմտահայության դառը ճակատագիրը: Շատ հետաքրքիր մանրամասներ կան գրքում, որը ոչ մի պատմաբանի երկում չեք հանդիպի եւ ինչպես ասում են մի մարդու մահը ողբերգություն է, բայց հազարավոր մարդկանց մահը` վիճակագրություն: Բայց երբ կարդում ես Երվանդ Կյուրեղյանի աշխատությունը, տեսնում ես, որ ինչպես ամեն մարդու ճակատագիրը ինչ ողբերգություն է եղել, ինչ կոտորածներ, սարսափելի տեսարաններ է նկարագրում”:

Ծննդավայր Քերծ գյուղից մինչեւ Վանի ու Սարդարապատի հերոսամարտեր: Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականությունը նաեւ Երվանդ Կյուրեղյանի ճակատագրի բեկման պատճառ էր: Զինվորագրումը հայ-ազատագրական պայքարին ճանապարհի միայն սկիզբն էր. կոտորած, պաշտպանություն, դժվարություններ, կորուստներ: Երբ 1921-ին Փետրվարյան ապստամբությունից հետո ղեկավարության հրահանգով տարագրվում է Պարսկաստան, ցանկություն է հայտնում տեղափոխվել Հայաստան, բայց երկրի քաղաքական դրության պատճառով ներգաղթը դադարում է: Տարիներ անց` միայն 1979-ին է Հայաստան այցելում, հետո մինչեւ կյանքի վերջին պահն ապրում Լոս Անջելեսում: Հենց այնտեղ էլ որդու հորդորով թղթին է հանձնում իր անջնջելի հիշողությունները:

Լուսինե Սահակյան, ԵՊՀ դոցենտ, գրքի համախմբագիր. “Այսօր էլ, երբ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը հայոց ցեղասպանության իրողության, տեղանունների յուրացման եւ աղավաղման գործում, ժողովրդագրությունն էլ է կեղծում: Նմանատիպ վավերագրերը, հուշագրությունները խիստ արժեքավոր են եւ կարող են ամրակուռ կռվան դառնալ”:

Համախմբագիրներ Սերգեյ Վարդանյանն ու Լուսինեն Սահակյանը գրքի 2-րդ հրատարակության նախապատրաստական աշխատանքների ժամանակ զարմացել են, թե ինչպես է կյանքի ահավոր թոհուբոհի, Առաջին համաշխարհային պատերազմի գլխապտույտ իրադարձությունների միջով անցած, կորուստներ ունեցած մարդը տասնամյակներ անց քարտեզագրի ճշգրտությամբ նկարագրում իր անցած ուղին, մանրամասներ պատմում մեծ ու փոքր ճակատամարտերի, տարբեր գյուղերի մասին, մտապահում շատերի հիշողությունից վաղուց ջնջված տեղանունները:


ԵՊՀ, 25․06․2010թ․

ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ «ՀՈՒՇԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
«Իմ հուշերի ճանապարհով». հայ ազգի պատմությունը 100-ամյա պապիկի հուշերով:
ԵՊՀ Երկանյանների անվան լսարանում այսօր կայացավ Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից` հեղինակի զավակների` Վարուժան Կյուրեղյանի եւ Անժել Ալթունյանի անմիջական աջակցությամբ:

«Տասնյակ տարիներ ես համոզում էի հորս` գրի առնելու իր հիշողությունները, սակայն չէր համոզվում. հիշելիս հուզվում էր, արտասվում: Երկար պատմում էր, խոսում, սակայն գրել չէր ուզում, որովհետեւ ինքնուսույց պարզ ռամիկ հայ էր: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են իմանալ մեր պատմությունը, մեր նախնիների սխրանքներն ու կորուստները, դրանց իրական պատճառները: Մեր նոր սերունդը չգիտի, թե ինչպես է այս հողը մեզ բաժին հասել, ինչ գնով է գոյացել Հայաստան պետությունը, ու գուցե այս գիրքն օգնի նրանց հասկանալու»,- ասում է հեղինակի որդին` Վարուժան Կյուրեղյանը:

Երվանդ Կյուրեղյանը ծնվել է 1888 թ-ին Վան նահանգի Հայոց ձոր գավառակի Քերծ գյուղում: Դեռեւս պատանի` նա Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության պատճառով զինվորագրվել է հայ ազգային-ազատագրական պայքարին, մասնակցել Վանի եւ Սարդարապատի հերոսամարտերին: 1921-ին անցել է Պարսկաստան: Իրանում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով չի կարողացել վերադառնալ հայրենիք: 1988 թ-ից մինչեւ մահ ապրել է Լոս-Անջելեսում:
Հեղինակին միայն մեկ անգամ է հաջողվել լինել Հայաստանում, այն էլ` որպես զբոսաշրջիկ:

Վարուժան Կյուրեղյանը հորը միայն 1988 թ-ին համոզեց հուշերը գրառել, նրա մահից 10 տարի առաջ: Հեղինակն այդ ժամանակ արդեն 100 տարեկան էր, սակայն աներեւակայելի մանրամասնությամբ ու ճշգրտությամբ է շարադրել իր մեկդարյա կյանքի ուղին:

Գիրքն առաջին անգամ հեղինակի հարազատների համար հապճեպ տպագրվել է դեռեւս 1990-ականներին: Գիրքը երկրորդ անգամ հրատարակության են պատրաստել ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը եւ ԵՊՀ օսմանագիտության կենտրոնի ղեկավար Լուսինե Սահակյանը:

Միջոցառման բացման խոսքում Լուսինե Սահակյանը կարեւորեց հեղինակի զավակների հետեւողական վերաբերմունքը` նշելով, որ շատ ու շատ ականատեսներ մեռան գնացին` իրենց հետ տանելով պատմական ու փաստագրական անփոխարինելի տեղեկություններ, իսկ շատերի ձեռագիր գրառումներն էլ այդպես էլ մնացին պահարանում:

«Գիրքը միայն տառապանքի ուղիներով անցած մարդու պատմություն չէ, այն ընթերցողին է մատուցում նաեւ ազգագրական հարուստ նյութ գյուղացիների կենցաղի, ընտանեկան սովորույթների, աշխատանքի եւ աշխատանքային երգերի, հայ-թուրքական հարաբերությունների մասին»,- գրքի նախաբանում գրում են հուշագրության խմբագիրները, ովքեր վստահ են, որ գիրքը նաեւ գիտական աշխատությունների համար հարուստ նյութ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակը գրքում հիշատակում է բազմաթիվ հանրաճանաչ ու անծանոթ մարդկանց, մոռացումից փրկում նրանց անուններն ու գործերը, համարյա անսխալ հիշում է մեկ-երկու անգամ տեսած տասնյակ ու տասնյակ տեղանուններ, ականատես զինվորի աչքերով ներկայացնում մինչ այժմ զուտ գիտական ու պատմական շարադրանքով ներկայացվող իրադարձությունները:

«Երբ առաջարկ ստացա աշխատելու այս գրքի վրա, անմիջապես համաձայնեցի, որովհետեւ հեղինակը Հայոց ձորից էր, այնտեղից էր նաեւ պապս: Եվ ով գիտի, թե գաղթի ու կռվի այդ ճամփեքին չեն հանդիպել արդյո՞ք նրանք: Ու երբ կարդում էի գիրքը, ինձ անընդհատ թվում էր, թե ներկայացվող մարդիկ ու տեղանքն ինձ ծանոթ են, հարազատ»,- նշում է Սերգեյ Վարդանյանը:

«Հեղինակի հուշերում արտապատկերվել են ոչ միայն նրա կյանքի դեպքերը, այլեւ վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող գրեթե բոլոր իրադարձությունները: Գիրքը հրապարակվել է արդի հայերենի ուղղագրությամբ` հարազատ մնալով բնագրին, որը շարադրված է Վանի ու Թավրիզի բարբառներով, ընթերցվում է բուռն հետագրքրքրությամբ ու ավելի ձգողական է, քան հանրահայտ արկածային վեպերից շատերը, քանի որ երկի հեղինակ պատմողի կյանքն էլ եղել է անկարելի թվացող իրական արկածներով լի»,- նշվում է գրականագետ Սամվել Մուրադյանի` գրքին նվիրված հոդվածում:

Գիրքը հարուստ է տեղեկատվական օժանդակ նյութերով: Բնագրին ավելացվել են 390 ծանոթագրություններ եւ հեղինակի մարտական ուղին արտացոլող քարտեզներ, որոնց հեղինակն է պատմաբան-քարտեզագիր Գեղամ Բադալյանը:

«Երվանդ Կյուրեղյանի գործը մահացած կլիներ, եթե չլիներ Վարուժան Կյուրեղյանը: Վարուժանը շարունակում է այն կռիվը, որ դրված է մեր ուսերին, Վարուժանը կրողն է այն խաչի, որ պարտադրված է մեզ: Վարուժան Կյուրեղյանի բարեգործական ծրագրերը իր հոր գործի շարունակությունն է, այն նույն պայքարը»,- իր ելույթում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ում անունը կրող բարեգործական հիմնադրամի ամենաակտիվ աջակիցներից մեկը հենց Վարուժան Կյուրեղյանն է:

Գրքին կցված է նաեւ խտասկավառակ, որտեղ շուրջ 30 րոպեանոց ֆիլմով ներկայացվում են հուշագրությունն ու հեղինակի կյանքի պատմությունը:


Yerkir.am
Հայոց ցեղասպանության եւս մեկ անժխտելի վկայություն
«Այսօր, երբ թուրքական պետությունը շարունակում է բիրտ ձեւով ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, աղավաղել ժողովրդագրական տվյալներն ու յուրացնել հայկական տեղանունները, Եղեռնը վերապրողների գրած հուշերը այս քաղաքականության դեմ հզոր փաստարկներ ու անժխտելի վկայություններ են»,- ասաց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի օսմանագիտության բաժնի վարիչ Լուսինե Սահակյանը հունիսի 25-ին հայ ազատամարտի նվիրյալ զինվոր, Վանի եւ Սարդարապատի հերոսամարտերի մասնակից Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Ստալինյան բռնատիրության տարիներին, երբ Հայոց ցեղասպանության եւ ազգային ազատագրական շարժման մասին խոսելն ու գրելը խիստ արգելված էր, երբ բարձրաձայնողներն անմիջապես հայտնվում էին խորհրդային աքսորավայրերում, շատուշատ եղեռնապուրծների հիշողություններ անհայտ կորան:

1965 թվից թեեւ ինչ-որ չափով վիճակը փոխվեց, սկսեցին գրքեր ու հոդվածներ տպագրվել, կանգնեցվեց Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան, բայց ինչպես նկատեց Լ. Սահակյանը. «Մեռան-գնացին նրանք, ովքեր կարող էին եզակի վկայություններ տալ հայ ժողովրդի պատմության ամենասեւ էջի մասին, նաեւ պատմել հայ ժողովրդի հերոսացման հարյուրավոր դրվագներ: Եղան գրողներ, բայց` քիչ:

Տարբեր վայրերում` հայրենիքում ու սփյուռքում, եղան մարդիկ, որ գրի առան իրենց հուշերը, պատմեցին հայի ողբերգությունն ու հերոսական պատմությունը, բայց այդ տետրերից շատերը չհրատարակվեցին: Եվ այսօր տեղին է գովեստի ու երախտիքի խոսքեր ասել գրքի հեղինակ Երվանդ Կյուրեղյանի որդու եւ դստեր` Վարուժ Կյուրեղյանի եւ Անժել Ալթունյանի հասցեին, ովքեր, գիտակցելով, թե հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմության համար որքան կարեւոր են Եղեռնը վերապրողների հուշերը, ոչ մի դժվարության առջեւ կանգ չառան եւ հրատարակեցին այս խիստ արժեքավոր հուշագրությունը»:

Երվանդ Կյուրեղյանը ծնվել է Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Քերծ գյուղում: Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության պատճառով պատանեկան տարիներից զինվորագրվել է հայ ազգային-ազատագրական պայքարին, 20 տարեկանում անդամակցել ՀՅԴ կուսակցությանը, մասնակցել բազմաթիվ կռիվների, Վանի եւ Սարդարապատի հերոսամարտերին, 1921-ին անցել Պարսկաստան, 1985թ. բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ եւ մահացել է 110 տարեկան հասակում:

Երվանդ Կյուերղյանն իր հուշերը թղթին է հանձնել մահից տասը տարի առաջ` հարյուր տարեկանում` «հիշելով մանուկ հասակում իրենց գյուղի քահանայի եւ ապա հորաքրոջ ամուսնու մոտ կարճ ժամանակում սովորած այբուբենը, նա հորդացող մտքի պատումի, տողի հետեւից կարծես հազիվ հասցրել է արձանագրել է իր ժողովրդի ու իր գլխին եկած պատուհասը»:

Սա գրքի երկրորդ հրատարակութունն էր: Առաջին անգամ այն հապշտապ լույս է տեսել 1996թ. Լոս Անջելեսում, երբ 108-ամյա հեղինակի առողջությունը կտրուկ վատացել է, եւ որդին` Վարուժ Կյուրեղյանը, ցանկանալով, որ հայրը գրառումները հրատարակված տեսնի, շուտափույթ ձեռնարկել է հրատարակությունը:

Եվ այս շտապողականության հետեւանքով այն, ըստ Լ. Սահակյանի, լույս է տեսել առանց ծանոթագրությունների, բազմաթիվ տպագրական թերություններով, փաստական սխալներով եւ բնագրային տարընթերցումներով ու հավելումներով: Իսկ արդեն այս` երկրորդ անգամ գիրքը հրատարակության պատրաստելիս խմբագիրներ Լուսինե Սահակյանն ու Սերգեյ Վարդանյանը համեմատել եւ վերականգնել են բնագիրը, տվել շուրջ 390 ծանոթագրություն, որոնք գալիս են լրացնելու եւ հաստատելու Երվանդ Կյուրեղյանի պատմածի փաստական հենքը:

Լ. Սահակյանը խոստովանեց, որ բնագրի վրա աշխատելիս որոշ հատվածներ առանց արցունքները զսպելու չեն կարողացել ընթերցել:
Հուշագրությունը բաղկացած է 120 գլխից, որոնցից շատերը, Լ. Սահակյանի համոզմամբ, կարող են անգամ առանձին պատմվածքի դիպաշար դառնալ:

Հուշագրության ամենամեծ արժեքը, ինչպեսեւ նկատեց խմբագիրը, այն է, որ հեղինակը չի կենտրոնացել միայն իր կյանքի մանրամասների վրա, այլ հայ մարդու, հայ զինվորի ընկալմամբ պատմում է տեղի ունեցող քաղաքական դեպքերը, որի հորձանուտում կամա թե ակամա հայտնվել էր հենց ինքը` հեղինակը:

«Գիրքը միայն տառապանքի ուղիներով անցած մարդու պատմություն չէ, այն ընթերցողին է մատուցում նաեւ ազգագրական հարուստ նյութ գյուղացիների կենցաղի, ընտանեկան սովորույթների, ավանդույթների եւ աշխատանքային պայմանների, հայ-թուրքական եւ հայ-քրդական հարաբերությունների մասին»,- եզրափակեց օսմանագետը:
Շնորհանդեսին ներկա էր նաեւ արտասահմանից ժամանած Վարուժ Կյուրեղյանն իր ընտանիքով:

«Գիրքը նվիրում եմ բոլորին, բոլոր նրանց, ովքեր սիրում են ընթերցել, բոլոր նրանց, ովքեր ուզում են իմանալ մեր պատմությունը: Մենք հաճախ չգիտենք, թե ի՞նչ է կատարվել պատմության ընթացքում, ինչո՞ւ ենք այսօր այս հողի վրա, ի՞նչ գնով է գոյացել Հայաստանը… Հաճախ այս հարցերի պատասխանները նոր սերունդը չգիտի եւ գուցե այս գրքի շնորհիվ կարողանան ուսումնասիրել գոնե պատմական դժվար` 1890-1920-ական թվականները…»,- ասաց Վ. Կյուրեղյանն ու հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ աշխարհով մեկ սփռված հայերը կտեսնեն Արեւմտյան Հայաստանի ազատագրված հողերը…

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ


«Անկախ» շաբաթաթերթ, հուլիսի 23-30, 2010, N 26 (50)

Երվանդ Կյուրեղյան. «Այս հուշերս կթողնեմ գալիք սերունդներիս համար իբրև մի հիշատակ ու նաև մի կտակ»

Օրերս, Երևանի պետական համալսարանի Երկանյանների անվան լսարանում, կայացավ Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսը: Այս գիրքն Եղեռնը վերապրած, 1905թ.-ին Արմենական կուսակցության ինքնապաշտպանական հոտաղական գաղտնի միության մեջ ընդգրկված, իսկ 1908թ.-ին ՀՅԴ-ին անդամագրված, հայ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված, Բայազետի գրավմանը և բազմաթիվ այլ մարտերի, Վանի և Սարդարապատի հերոսամարտերին մասնակցած մարդու հուշագրությունն է: Ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ 1888թ.-ին Վանի նահանգի Հայոց ձոր գավառակի Քերծ գյուղում ծնված Ե.Կյուրեղյանն իր հուշերը թղթին է հանձնել 100 տարեկան հասակում` մահից տասը տարի առաջ: «Հեղինակն երկու մեծադիր տետրում գրել է իր փոթորկահույզ կյանքի պատմությունն առանց ջնջումների և խմբագրումների, պարզապես առաջին էջից սկսել է գրել և ավարտել վերջին էջում»,-նշում են գիրքը հրատարակության պատրաստած ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը և ԵՊՀ օսմանագիտության կենտրոնի ղեկավար Լուսինե Սահակյանը:

«Այս հուշերս ես գրի առա իմ տղա Վարուժանի խնդրանոք, և այս հուշերս կթողնեմ գալիք սերունդներիս համար իբրև մի հիշատակ ու նաև մի կտակ:Թող սերնդեսերունդ կարդան և հասկանան, որ իրենց մեծ հայր Երվանդը ո՞ր երկրից է եղած, և նրա երկիրը ո՞ր քաղաքն է, և ո՞ր գյուղն է, և, մանավանդ, Երվանդի մեծ պապի պապերը ո՞ր երկրից են եղած և ինչո՞ւ իրենց երկրից եկած են, Քերծ գյուղը շինած են և ապրած են, ի՞նչ հանգամանքով փախած են և ինչո՞ւ են փախած: Այս ամենը գրեցիմ, որ չմոռանան իրենց տոհմական շառավիղը, և ես կհավատամ և համոզված եմ իմ սերունդին, նրանց տոհմին և նրանց ապագա գալիք զավակներին օրերից մի օր կհաջողվի տիրանալ իրենց պապենական հողին: Կերթան Վասպուրական` Վան քաղաքը, և կանցնեն Հայոց ձորը, և կգտնեն մեր Քերծ գյուղը, և կերթան, Կատալակի ջրվեժից պաղ-պաղ ջուր կխմեն, և էն չիմանների միջից ծաղիկներ կքաղեն, կներպուկ կհավաքեն և ինձ կհիշեն և ողորմի կասեն իրենց մեծ պապա Երվանդին»,-գրել է հեղինակը` իր գալիք սերունդներին ուղղված խոսքում:

Ըստ խմբագիրների, գիրքը միայն տառապանքի ուղիներով անցած մարդու պատմություն չէ, այն ընթերցողին է մատուցում նաեւ ազգագրական հարուստ նյութ գյուղացիների կենցաղի, ընտանեկան սովորույթների, աշխատանքի եւ աշխատանքային երգերի, հայ-թուրքական և հայ-քրդական հարաբերությունների մասին: «Արյան բազում նախճիրների միջով անցնելով` Եղեռնի օրերին մերձավորներին` հորը և մորը, կնոջը, ազգականներին կորցնելուց, հազարավոր մորթված մայրեր ու երեխաներ տեսնելուց հետո հանկարծ մի կռվի ժամանակ հեղինակը փրկում է երկու թուրք անծանոթ երեխայի (քույր և եղբայր) և գաղտնի ուղարկում իրենց մոր մոտ, իսկ ինքը նստում է և ողբում իր կորուստները»,-գրքի նախաբանում գրում են Ս.Վարդանյանը և Լ.Սահակյանը: Նրանց մատուցմամբ, «պարզ, անմշակ քարերով շարվածք» հիշեցնող Ե.Կյուրեղյանի տողերն ընթերցողին հասցնում են կյանքի դառը բաժակը ցմրուր խմած, կյանքի չարը տեսած անչար մարդու պատմությունը, որը «շատ ավելի հավաստի և կենդանի է, քան բազում գրագետների կեղծ տվայտանքներն ու բառարաններից հանած բառակույտերը:

Նշենք, որ Երևանում ներկայացված գիրքը վերահրատարակվել է «Արարատ» ռազմավարագիտական և ԵՊՀ օսմանագիտական կենտրոնների կողմից` հեղինակի զավակների` Վարուժան Կյուրեղյանի եւ Անժել Ալթունյանի անմիջական աջակցությամբ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը պատրաստել է նաև հեղինակին և գրքին նվիրված 30-րոպեանոց խտասկավառակ, որում ներառված է նաև հեղինակի հուշերի ` 1989թ.-ին արված տեսագրությունը: Գրքում առկա են նաև անհրաժեշտ ծանոթագրություններ, որոնք չկային 1996թ.-ին Լոս Անջելեսում, ուր 1985թ.-ից բնակություն էր հաստատել Ե.Կյուրեղյանը, առաջին անգամ հապճեպ տպագրված գրքում: Շտապողականության պատճառը գերդաստանի 108-ամյա հոր առողջական վիճակի կտրուկ վատթարացումն էր և որդու ցանկությունը, որ հայրն իր գրառումները հրատարակված տեսնի:

«Ակամա որբուկը, պարզ գյուղացին, ֆիդային, հայոց բանակի հեծյալ սպան, վտարանդին, վարորդը, ընտանիք կազմած հայ հայրը, թոռնիկներին գուրգուրացող ու փայփայող պապը, բոլորն ու բոլորը ինքն է` Երվանդ Կյուրեղյանը, բոլոր դեպքերում ու բոլոր դիրքերում` մարդկային չափանիշներին հավատարիմ և հայեցի»,-1996թ.-ին գրել է իրանահայ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը` ընդգծելով, որ գիրքը իսկական «Անկեղծ զինվորի հիշատակարան» է:

Անհնար է մեկ հոդվածում ներկայացնել Երվանդ Կյուրեղյանի 100-ամյա հուշագրությունը` ծննդյան օրվանից մինչև 1988թ.-ի դեպքերը: Նշենք միայն, որ հեղինակը 1921թ.-ի փետրվարյան ապստամբությունից հետո ղեկավարության հրահանգով տարագրվում է Իրան: 1946թ.-ին, երբ սկսվում է ներգաղթը Հայաստան, նա` ընտանյոք հանդերձ, հերթագրվում է և, ինչպես ինքն է գրում. «Մենք երկու տարի պարապ սպասեցինք, մեր անունը դուրս չեկավ: Մեր քարավանը` բոլորը հայրենասեր ընտանիքներ էին, գնալու պատրաստությամբ, ամեն ինչ ցրիվ էինք տվել` տուն-տեղ քանդել և ներգաղթի համար պատրաստվել, օր էինք հաշվում, որ օր առաջ գնանք մեր սուրբ հողի վրա աշխատենք և ապրենք, բայց ներգաղթը կանգ առավ»:

Ե.Կյուրեղյանին, այդուհանդերձ, հաջողվում է 1979թ.-ին, երբ հռչակվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը և հանվեց Խորհրդային Միություն ճամփորդելու արգելքը, իր ընտանիքի անդամների հետ` որպես տուրիստ, այցելել Հայաստան, որտեղ, իր վկայությամբ, «առաջին պտույտը սկսվեց Ծիծեռնակաբերդից»: Բավականին մանրամասն ներկայացնելով իր հայաստանյան ուղևորությունը և իր նախկին զինակիցների հետ հանդիպումները, նա, մասնավորապես, գրում է, որ «Արմենիա» հյուրանոցի իր սենյակի պատուհանը «կբացվեր ճիշտ Մասիսի դիմաց»: «Ես կանգնած էիմ, կնայեիմ Մասիսին և կլացեիմ»,- գրում է նա` հավելելով, որ այդ պահին իրեն այցելած Տաճատ Թերլեմեզյանը և Հովհաննես Շիրազը հետաքրքրվում են իր հուզմունքի պատճառների մասին: Շիրազը հակադարձում է. «Դու տեսար մի անգամ և կլացես, ես ամեն օր կլացեմ: Արի, արի մեկ-մեկ խմենք, մեր դարդը մոռանանք»: Հեղինակը նաև հիացմունքով է խոսում Հայաստանում իր այցելած վայրերի մասին, համեմատելով դարասկզբին իր տեսածի հետ, և արձանագրում, որ երբեմնի անապատացած, ամայի հողերը և «ղռերը», այժմ ծաղկած էին: «Վերջապես 1979թ.-ի օգոստոսին թողեցինք մեր ծաղկած Հայաստանը: Ես միայն մի բուռ հող Սարդարապատից բերեցիմ և պահած եմ, որ մեռնելուց գցեն աչքերիս վրա»,- գրել է Ե.Կյուրեղյանը:

Գայանե Մելիքյան

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.