Դավիթ Գյուլզադյան. Կոչ հայրենակիցներին
Ելույթ ս.թ. հունիսի 2-ի՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության կազմակերպած համաժողովին
Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նկատի առնելով, որ՝ անկախ Հայաստանի կարճատև գոյության ընթացքում արդեն չորրորդ անգամ պաշտոնապես փորձ է արվում արմատական փոփոխության ենթարկել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Սահմանադրության 12–րդ՝ ազգապահպան եզակի հոդվածներից մեկը հօդս ցնդեցնելու հեռանկարով, որն այլ բան չէ, եթե ոչ պետական նենգադուլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքով իրագործվող սաբոտաժ՝ ընդդեմ պետության, այլև այն, որ օրենքի փոփոխության նախագծման բոլոր փորձերին ու գործողություններին անմիջականորեն մասնակցել, ուղղորդողի և առաջնորդողի դեր է ունեցել ԿԳ նախարարությունը, ինչպես նաև այն, որ այսուհետև մեկընդմիշտ բացառվի մեր Սահմանադրությունն ու ազգային արժանապատվությունը ոտնահարող որևէ սանձարձակ փորձի հնարավորությո՛ւնն անգամ՝ Հայաստանի բոլոր ազգաշահ կառույցներին ու կազմակերպություններին, ազնիվ լրագրողներին, ազգանվեր անձանց առաջարկում եմ՝
ա) միասնաբար սկսե՛լ դատական գործընթաց՝ ընդդեմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ի խնդիր նրա ներկայացրած ազգասպան օրինագծի և իր ելույթներում հայոց արժանավորությունը ժամանակ առ ժամանակ վիրավորող ամբարտավան ձևակերպումների,
բ) անվստահությո՛ւն հայտնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ տարրական գրագիտության մակարդա՛կն իսկ չապահովող հայադավ ու հակապետական օրինագծին հավանություն տալու և այն պաշտոնապես շրջանառելու համար,
գ) կո՛չ անել սփյուռքի հասարակական կազմակերպություններին, ազգային կուսակցություններին, բոլոր նվիրյալ անձանց՝ հայահոծ պետությունների հայկական դեսպանատների առջև կազմակերպելու տևական ցույցեր մինչև հայրենական համարված իշխանությունների՝ լեզվի և կրթության մասին խայտառակ օրինագծերը շրջանառությունից անդարձ հանելը,
դ) լեզվի տեսչությունը, գիտությունների ազգային ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, բարձրագույն որակավորման հանձնաժողովը դո՛ւրս բերել ԿԳ նախարարության կազմից՝ վերջին երեքը վերակազմավորելով որպես ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ, իսկ լեզվի տեսչությունը՝ անկախ գերատեսչական մարմին,
ե) լեզվի տեսչությունը, ԲՈՀ-ը, ԿԳ նախարարությունը, մշակույթի նախարարությունը համարե՛լ ապակուսակցական գերատեսչություններ՝ դուրս բերելով նաև քաղծառայության ենթակայությունից,
զ) նշված մարմիններում ղեկավար պաշտոններն ազնիվ մարդկանցով ապահովելու նպատակով պետական թույլտվությամբ (բայց ո՛չ մասնակցությամբ) ստեղծե՛լ հեղինակավոր մտավորականների խորհուրդ և պաշտոնադրումը հաստատե՛լ միայն այդ խորհրդի դրական եզրակացությունից հետո,
է) լեզվակրթական ոլորտում բացառե՛լ համաշխարհային ֆինանսական բոլոր այն աղբյուրներից կատարվող սնուցումը, որոնք ֆինանսավորումն իրականացնում են՝ ի հաշիվ մեր ազգային արժեքների նվաստացման ու վարկաբեկման. այս նույն ոլորտում գերազանցապես հիմնվե՛լ ֆինանսավորման պետական միջոցների, ազգանվեր բարերարների օգնության, ինչպես նաև միայն այն օտարերկրյա կազմակերպությունների միջոցների վրա, որոնց օգնությունը նավաստացուցիչ պայման չի պարունակում,
ը) ս.թ. սեպտեմբերի մեկից ՀՀ Սահմանադրության և լեզվի օրենքի խախտումներով ռուսական դասարաններում սովորող բոլոր հայ երեխաներին տեղափոխե՛լ հայկական դասարաններ՝ պետական ու հասարակական հետևողական հսկողությամբ, պատասխանատվությա՛ն ենթարկել պաշտոնատար անձանց և այն ծնողներին, որոնք փաստաթղթային զեղծարարությամբ ազգային այլ պատկանելություն են «ամրակայել» իրենց զավակների համար,
թ) վե՛րջ տալ պետական ավարտական և բուհի ընդունելության՝ վանդակների «ծտավորմամբ» անցկացվող քննությունների թեստային բթացնող եղանակին,
ժ) հայոց լեզվի դպրոցական դասագրքերը հաստատե՛լ միայն ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի գիտխորհրդի դրական եզրակացությունից հետո,
ժա) բարձրացնե՛լ լեզվաբանության ինստիտուտի կարգավիճակը, ընդլայնե՛լ նրա գիտական գործունեության հնարավորությունն ու գործառույթները, դո՛ւրս բերել այդ ինստիտուտը կիսանկուղային խղճուկ ու նվաստացուցիչ վիճակից՝ ապահովելով բնականոն շենքային պայմաններ,
ժբ) դպրոցներում վերականգնե՛լ հայ գրականության, հայոց լեզվի քերականության, հայոց պատմության, երկրաչափության բանավոր քննությունները, ինչպես նաև հայոց լեզվի ու գրականության, միջին դասարանների մաթեմատիկայի, միջին ու բարձր դասարանների հանրահաշվի տարաբնույթ գրավոր (ոչ թեստային) քննությունները,
ժգ) լեզվաբանության ինստիտուտի և լեզվի տեսչության համատեղ գործունեությամբ վերակազմավորե՛լ հայերենի բարձրագույն խորհուրդը՝ նրա որոշումները պարտադիր համարելով հանրապետության ողջ մտավոր կենսագործունեության համար,
ժդ) հասնե՛լ այն բանին, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է», ներառվի Սահմանադրության անձեռնմխելի հոդվածների շարքը,
ժե) ազգային ինքնության սահմանախախտների դեմ մղվող պայքարի բոլոր միջոցներն ու եղանակները հռչակե՛լ ընդունելի և բարոյական։
One Response to “Դավիթ Գյուլզադյան. Կոչ հայրենակիցներին”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ
Կառավարությունը պատրաստվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի 5 հոդվածից սեփական նախաձեռնությամբ՝ առանց որեւէ առաջարկի հանել հետեւյալ հատվածը. «Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ …հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ ձայնային կամ լուսագրային եղանակով»: Նախագծի 60 հոդվածից հանվել է նաեւ 4 մասը, որը պատասխանատվություն էր նախատեսում հիշյալ նորմի խախտման համար: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ էկոնոմիկայի նախարարությունում քննարկման ժամանակ տարածված ամփոփաթերթիկից՝ օրենքի նախագծի շուրջ ստացված առաջարկների վերաբերյալ: