«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին

Print Print Email Email

«Արարատ» ՌԿ-ի տնօրեն, ք.գ.դ. Արմեն Այվազյանի ելույթը
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» համաժողովին
(Երևան, 2 հունիսի, 2010թ.)

Այսօրվա մեր հավաքը, իմ պատկերացմամբ, երկու նպատակ պետք է ունենա։ Առաջին, անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հակասահմանադրական գործունեություն ծավալելու համար և պահանջել նրա հրաժարականը։

Երկրորդ, որոշել, թե մենք ինքներս՝ այստեղ հավաքվածներս և մեր բազմահազար համախոհները Հայաստանում և Սփյուռքում, մեր ունեցած հնարավորություններով, ի՞նչ կարող ենք անել հայոց լեզվի և կրթության դեմ վաղուց ի վեր մղվող անողոք պատերազմում վերջնական ջախջախիչ պարտություն չկրելու համար։

Ես առաջարկում եմ հստակ կառուցվածքային լուծում, որով մենք այս դահլիճից դուրս կգանք։

Քանի որ ՀՀ ԿԳՆ «Լեզվի պետական տեսչությունը» չի կատարում օրենքով սահմանված իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, այսօր իսկ, հե´նց այս դահլիճում հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին։ Այդ նոր կառույցը՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով, իր ձեռքը կվերցնի և կիրականացնի ճիշտ այն գործառույթները, որոնք վերապահված են «Լեզվի պետական տեսչությանը»։ Ներկայացնեմ այդ կառույցի կազմակերպման որոշ մանրամասնություններ։
Աշխատանքը կազմակերպվելու է նոր ստեղծվելիք հզոր կայքի շուրջը։ Այնտեղ կկուտակվի Հայաստանում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հարուստ շտեմարան՝ հագեցված մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսանյութերով։ Բացի այդ, «Լեզվի ժողովրդական տեսչությունը» պետք է ինքը դիմի կամ օժանդակի առանձին քաղաքացիներին «Լեզվի մասին օրենքի» խախտման հայցերով մտնելու դատարան։ Իրավական ուղին հայոց լեզվի պաշտպանության, թերևս, ամենաարդյունավետ միջոցներից մեկն է և այն պետք է լիարժեքորեն օգտագործել։ Կայքում տեղեկատվությունը ներկայացվելու է և´ աշխարհագրորեն՝ շրջան առ շրջան, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, և´ թեմատիկ սկզբունքով՝ ՀՀ-ում գովազդի լեզուն, գերատեսչությունների լեզուն, մամուլի և հեռուստատեսության լեզուն, կրթական համակարգում տիրող լեզվական իրավիճակը, համապատասխան դատական գործերի ընթացքն ու արդյունքը և այլն։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել այդ ժողովրդական կառույցի գործունեությանը՝ առնվազն իր տեսած խախտումներն արձանագրելով և այդ կայքում զետեղելով։ Այս աշխատանքը, կարծում եմ, հրաշալի միջոց է և´ երիտասարդներին կրթելու, հայրենասեր ու քաղաքացի դաստիարակելու, և´ «Լեզվի պետական տեսչության» հանցավոր անգործությունը ի ցույց դնելու, և՛ բուն Հայաստանում հայերենի խարխլված դիրքերը վերականգնելու, և՛, ի վերջո, գոնե այս ճակատում ինքնակազմակերպվելու համար։

Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքը։ «Լեզվի ժողովրդական տեսչության» նախաձեռնող խումբը ներկայացված է նախանձախնդիր ու գիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներով՝ Դավիթ Գյուլզադյան (բան. գիտ. թեկ.), Ավիկ Մարության (բան. գիտ. թեկ.), Գևորգ Յազըճյան (պատ. գիտ. թեկ.)։ Նրանք, ովքեր ցանկանում են աջակցել այս նախաձեռնող խմբին, խնդրում եմ այս հավաքի ավարտից հետո հավաքվել դահլիճի աջ անկյունում։

Ի դեպ, նույն կայքում պետք է անպայման վերհանվեն ու բացահայտվեն կրթական բնագավառի այն աղաղակող խախտումները, չարեփոխումները, օտար ուժերի խորը թափանցումները, որոնք մինչև օրս հասարակարության համար մնում են մութ և անհայտ։ Օրինակ, վերջերս հայտարարեցին, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով փակվել է 4 աղանդավորական դպրոց։ Պետք է պարզել, թե որո՞նք են այդ դպրոցները, կոնկրետ ու՞մ թույլտվությամբ են բացվել ու գործել, քանի՞ տարի են գործել, քանի՞ աշակերտ են ունեցել, ի՞նչ ծրագրերով են «դաստիարակել» հայ երեխաներին։ Բացառված չէ, որ նման դպրոցներ դեռևս գոյություն ունեն, իսկ մենք այդ մասին տեղյակ չենք։ Այս և նման բազմաթիվ խախտումներ պետք է պարզել և պատասխանատուներին պատժել օրենքով սահմանված կարգով։

* * *

Դրությունը, որում հայտնվել են հայոց լեզուն, ինչպես նաև մեր ազգային մյուս գերագույն արժեքները՝ Հայաստան հայրենիքի գաղափարը, ազգային մշակույթն և ինքնությունը, առավել պարզ նկարագրելու համար, թույլ տվեք օգտագործեմ ռազմական տերմինաբանություն։

Բոլորս համաձայն ենք, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն ուժգին հարված կհասցնի հայկական անկախ պետականության հիմքերին և հայապահպանության խնդիր կառաջացնի արդեն բուն Հայաստանում։ Ուրեմն, մենք ընդունում ենք այս օրինագիծը որպես հարձակում, որն իր իսկ պետական խորհրդանիշների և ժողովրդի դեմ իրականացնում է ոչ այլ ոք, քան ինքը՝ ՀՀ կառավարությունը։ Բայց ինչպե՞ս ենք ուզում դիմագրավել այդ հարձակմանը՝ միայն համատեղ հայտարարությա՞մբ և ստորագրահավաքո՞վ։ Դրանք ինքնին կարևոր են, բայց ոչ բավարար։ (Հիշենք նախկին փորձը. Հայաստան-Թուրքիա տխրահռչակ «Արձանագրությունների» դեմ հավաքվեցին տասնյակ հազարավոր ստորագրություններ, սակայն ՀՀ իշխանությունն արհամարհեց հասարակության կարծիքը։) Եթե այս նախաձեռնությունը հայի տեսակի պահպանման դեմ ուղղված վտանգավոր հարձակում է, ուրեմն այն ոչ միայն պետք է ետ մղել, այլև հասնել նրան, որ այդ հարձակումների ծագման աղբյուրը՝ ՀՀ ներկա վարչակարգը, մեկընդմիշտ լքի մարտադաշտը։ Որովհետև եթե մենք նույնիսկ ձախողենք այս օրինագծի ընդունումը (իսկ մենք այն, համոզված եմ, կձախողենք), վաղը ՀՀ կառավարությունը մեզ կհրամցնի հերթական անհեթեթ ու հակահայկական «նախաձեռնությունը» և մենք ստիպված կլինենք նորից, մեր գործը թողած, նետվել այս անգամ էլ մեկ ուրիշ ճակատ՝ անընդհատ հյուծելով ու սպառելով արդեն իսկ լրջորեն քայքայված ազգային դիմադրության ռեսուրսները։ Մենք պետք է պարզապես բացառենք նմանատիպ հարձակումների կրկնությունը։ Վաղ թե ուշ հարկ կլինի դիմելու վճռական հակահարձակման, այն է՝ Հայաստանում ձևավորելու ազգային շահերը ներկայացնող իշխանություն։ Ցավոք, մեր ուժերն այսօր ակնհայտորեն անբավարար են։ Հետևաբար, մինչև վճռական հակահարձակմանն անցնելը պետք է կանխենք հայոց լեզվի և հայեցի կրթության ճակատի վերջնական փլուզումը, այնտեղ կազմակերպենք խորը, էշելոնացված պաշտպանություն, կուտակենք ուժերը, կրթենք ու դաստիարակենք երիտասարդ, պատասխանատու և գիտակ ռեզերվ, ոչ մի թիզ չնահանջենք և սուր հակագրոհներով ուժասպառ անենք ու խախտենք հակառակորդի շարքերը։

Այն կառավարությունը, որը խաչակրաց արշավանք է հայտարարել ազգային արժեքների և խորհրդանիշների դեմ, դատապարտված է անփառունակ վախճանի։

Հայոց լեզուն՝ նույն ինքը հայ ժողովուրդը, հաղթելու են։

5 responses so far

5 Responses to “«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին”

  1. Narekon 02 Jun 2010 at 3:31 pm

    +++++++++++++++++++
    Petq e dastirakel KADRER, ev himnel azgajin , iroq hajkakan qaxaqakan uj, sharjum, ev HAYC nerkajacnel erkri bolor bnagavarneri zargacman hamar.

  2. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 02 Jun 2010 at 9:59 pm

    Շատ լաւ, ես արդէն 10 տարի է որ այս ուղղութեամբ եմ մաքառում, եւ արդիւնքում ստեղծեցի HySpell.com կայքը եւ համապատասխան հայերէնի Ուղղագրիչ Microsoft Office–ի եւ Mozilla Firefox զննարկիչ ծրագրերի համար։ Սա անկասկած կ՚հովանաւորի Մայրենի լեզուի գերակայութիւնը իբրեւ 21–րդ դարի թեխնոլոգիայով օժտուած լեզուի համակարգ։ Նաեւ յայտնեմ որ Ուղղագրիչը ձրի է բոլոր դպրոցների համար։

    Յաջորդ հովանաւորումս կ՚լինի կամաւոր ծառայութիւնս ընդհանուր «Լեզուի ժողովրդական տեսչութեան» կայքի ստեղծման եւ աճեցման աշխատանքներին։ Այս ուղղութեամբ արդէն ծրագրուած էր որ HySpell.com–ը լինի այսպիսի կայք, բայց եթէ անունի փոփոխութիւն է պէտք, ապա դա էլ կ՚կատարեմ։
    Անշուշտ ենթադրւում է որ այս կայքը պէտք է լինի դինամիկ եւ խմբագրուի բազմաթիւ մասնակիցների կողմից, ոչինչ այս բոլորը ես կարող եմ ծրագրաւորել եւ պատրաստել։
    Կայքը պէտք է նաեւ ունենայ «Լեզուի ժողովրդական տեսչութեան» պիւտճէն հաւաքելու միջոց, ինչպէ՞ս էք նախատեսւում այս հարցը։ Քանի որ առանց պիւտճէի ոչինչ չի շարժուելու տեղից։ Նաեւ ասեմ որ միայն անձնական նուիրատուութեամբ մատը մատին չի զարկուի, ժողովուրդը պէտք է ունենայ լաւ մտածուած մի այլ միջոց։ Մի խօսքով արտադրանք/վաճառքի առկայութիւնը անխուսափելի է, եւ արտադրանքներ կ՚լինեն Մայրենի լեզուով գրուած գրքեր, Մայրենի լեզուով ստեղծուած բարձրորակ ֆիլմեր, ելեկտրոնային ծրագրեր, եւայլն։ Այսպիսով ստեղծւում է մի հիմնադրամ, եւ դա էլ թափանցիկ կերպով օգտագործւում է Մայրենի լեզուի զարգացման, կրթութեան եւ տարածման աշխատանքների համար։

    Ինչեւէ՝ իբրեւ սկիզբ կարող եմ 1001 խրատների ցուցակ կազմեմ HySpell.com կայքում, ընդ որում կ՚դասուեն այն բոլոր գործօնները որոնցմով կ՚տարածուի եւ կ՚ապահովուի Մայրենի լեզուի յաղթանակը։

  3. Narekon 05 Jun 2010 at 1:56 pm

    ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ
    Կառավարությունը պատրաստվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի 5 հոդվածից սեփական նախաձեռնությամբ՝ առանց որեւէ առաջարկի հանել հետեւյալ հատվածը. «Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ …հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ ձայնային կամ լուսագրային եղանակով»: Նախագծի 60 հոդվածից հանվել է նաեւ 4 մասը, որը պատասխանատվություն էր նախատեսում հիշյալ նորմի խախտման համար: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ էկոնոմիկայի նախարարությունում քննարկման ժամանակ տարածված ամփոփաթերթիկից՝ օրենքի նախագծի շուրջ ստացված առաջարկների վերաբերյալ:

  4. Narekon 05 Jun 2010 at 2:09 pm

    Es hh lezvi orenqi nengapoxutian karavarutian hancagorts koxmnoroshumy inchpes ev radio ev herustatesutian orenqi nengapoxman hakapetakan qaxaqakanutiuny tesnum em LTP 2007 tvi veradarci , marti 1i, apa hayastani ishxanutiun turqia qirvajutian tsiri tak, katarvum e eshelonacvats harcakum, vori yntackum nax mez zrkum en himnarar inqnutian gaxaparneric, Hayreniqic (hay turqakan qirvajutian hetavanq), arjanapatvutiunic (evs hay turqakan qirvajutian hetavanq), pahanjatirutiunic ( hay turqakan qirvajutian hetavanq ), azgajin miaxohutiunic, (hay turqakan qirvajutian hetavanq, LTPi varats qaxaqakanutian hetevanq, ishxanutian katarats hayadav “naxadzernutiunneri” hetevanq),
    Pastoren ajs 3 “naxadzernutiunneri” hetevanqum ajsinqn LTPi sharjman, Hay turqakan qirvajutian ev lezvi isk ajjm ev herustatesutian ev radioi orenqi nengapoxman hetevanqov kareli e ardzanagrel
    a) Azgy paraktvel e mas mas
    b) Korel e voreve vstahutian mexanizm azgi ev davachan qaxaqakan ernaxavi mijev, vory tulacrel e hanrutiun petutiun kapy
    c) qaxaqakan vernaxavy el aveli e ktrvel azgic, ev ajlevs miajn mtatsum e vonc prki ir sepakan araveltiunnery, pashtonner
    Joxovurdy verchnakan ktrvel e entaetnosacats vernaxavic vory arten hajkakan anvanel chi kareli
    d) lurj zichman e gnacel “vernaxavi” azgajin arjanapatvutiuny!!!
    Ajs ameny i nkati uner paron Ayvazyany, erp ancjal tari, aprili 23i davachan naxastoragrumic heto asac “MENQ APRILI 24IN ZARTNECINQ BOLOROVIN MI AJL HAYASTANUM, OV DA CHI HASKACEL, SHAT SHUTOV KHASKANA, KATARVEL E 3 HANRAPETUTIAN HAJECAKARGAJIN VAXCHANY”
    Jamanakn e stextsel nor azgajin petutiun, nor qaxaqakan arachnortnerov, nor ajs angam azgajin tsragrerov
    Anhrajesht e dimel vchrakan qajleri!!!

  5. Armenianon 05 Jun 2010 at 5:42 pm

    ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
    Մեր լեզուն… Մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռը աշխարհի մեջ,
    Նա աղն մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեծ:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք ու կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ինչ ունենք աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.