Հայրենի հողում բնաջնջված ժողովրդի երբեմնի գոյությունը պահպանվում է տեղանուններում
Աղբյուրը` «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 02-06-2010
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Ուստի հայկական տեղանունների թուրքացումը իրագործված ցեղասպանությունը շարունակելու դրսեւորում է
1914-ի տվյալներով, ինչպես «Թարաֆ» թերթում առանց աղբուր նշելու գրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը, ներկայիս Թուրքիայի տարածքում գործել են 2538 հայկական եկեղեցի, 451 հայապատկան վանք եւ 2000 դպրոց: 1915-ին, ձեռնամուխ լինելով հայերի բնաջնջմանը օսմանյան Թուրքիայում, թուրք, քուրդ, չերքեզ ջարդարարները սկսեցին եկեղեցիների, վանքերի եւ դպրոցների կողոպուտը: Դրանց մի մասը հայ զոհերին ներսում ողջակեզ անելու պատճառով հրկիզվեց: Դրան աստիճանաբար հետեւեցին բազմության տարերային ավերումն ու պետականորեն քանդումը:
Մինչդեռ քեմալականների ժամանակակից Թուրքիան Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածով պարտավորվել էր պահպանել ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները, վանքերը, գերեզմաններն ու դպրոցները: Չնայած Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորություններին, ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974 թ. զեկուցագրի համաձայն, այդ ժամանակ Թուրքիայի տարածքում ընդամենը 931 եկեղեցի եւ վանք էր մնացել: 1974-ից հետո այս եկեղեցիներից ու վանքերից 464-ը հիմնահատակ քանդվեց, իսկ 252-ը անտերության մատնվեց, որ քանդվի:
1915-23 թթ. իթթիհադականների հետ հայերի բնաջնջումն իրականացնելուց հետո, քեմալականներն սկսեցին նախ ժխտել ցեղասպանության փաստը, ապա ձեռնամուխ եղան հայկական հետքը ջնջելու Թուրքիայի Հանրապետության տարածքում: Ժխտողականությունը ցեղասպանությամբ արդարացումն է: Իսկ բնաջնջմանը ենթարկված ժողովրդի եկեղեցիների, վանքերի, գերեզմանների քանդումը, որպեսզի երկրում վերանա նրա հետքն անգամ, իրագործված ցեղասպանությունը շարունակելու դրսեւորում:
Հայրենի հողում բնաջնջված ժողովրդի երբեմնի գոյությունը հաճախ տեղանուններում է պահպանվում: Դրանք այդ գոյության աղաղակող վկաներն են եւ հայկական հետքի յուրօրինակ վկայականները: Ակնհայտ է, որ երկրում հայկական հետքի վերացման թուրքական տրամաբանությունը պիտի հանգեցներ Թուրքիայի ողջ տարածքում, հատկապես Արեւմտահայաստանում տեղանունների թուրքացման տրամադրություններին: Հայերի պատմական հայրենիքում հայկական տեղանունների թուրքացումն էլ ցեղասպանության մեկ այլ դրսեւորում է:
«Տեղանունների թուրքացումը Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» աշխատության մեջ հենց այդ խնդրին է անդրադարձել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը : Համառոտ, բայց բովանդակալից այս աշխատությունը «Արարատ» ռազմավարագիտական եւ ԵՊՀ օսմանագիտական կենտրոնների երաշխավորմամբ հրապարակվել է Մոնրեալում: Ծավալը 70 էջ է: Հագեցված է 1803-04 եւ 1867 թթ. օսմանյան երկու քարտեզներով, որոնցում հայկական լեռնաշխարհը ներկայացված է «Բիլադ-ուլ-Արման», այսինքնՙ Հայաստան երկիր:
Դոց. Սահակյանի աշխատությունը եռալեզու է, որը հավասարապես ներկայացված է անգլերեն, հայերեն եւ ռուսերեն: Հեղինակը հետահայաց անդրադառնում է Հայկական լեռնաշխարհում տեղանունների յուրացման պատմությանն ու ձեւերին, ցույց է տալիս, թե թուրքական ցեղերը, ապա եւ օսմանյան իշխանությունները նորանվաճ տարածքները իրացնելու նպատակով բնիկ տեղանունը ինչպես էին թարգմանում թուրքերեն կամ նույնացնում թուրքերենին: Նա հայկական տեղանունների յուրացման ձեւ է համարում թուրքերենով դրանք ստուգաբանելու, ինչպես նաեւ դրանց թուրքական կամ քրդական ծագում վերագրելու փորձերը:
Այս փորձերը սկսվել են դեռեւս սուլթան Համիդի օրոք, իսկ երիտթուրքերը 1913-ի մայիսի 13-ի «Գաղթականների բնակեցման կանոնադրությամբ», ապա եւ Էնվեր փաշայի 5 հունվարի 1916 թվակիր հրամանագրով, պետական քաղաքականության մակարդակի են բարձրացրել տեղանունների թուրքացումը: Այդ քաղաքականությունը հետեւողականորեն շարունակել են քեմալականները, անվանելով դեռեւս 1923-ին «Արեւելյան Անատոլիա» Արեւմտյան Հայաստանը:
1925-ին ամբողջությամբ փոխվում են Արդվինի բոլոր բնակավայրերի անունները, սկսած 1930-ից մասնակի անվանափոխության են ենթարկվում հայկական մնացած տեղանունները: Սակայն արմատական փոփոխությունները կատարվում են 1949 թվակիր նահանգային վարչական օրենքի հիման վրա, 1957-ին «Անվանափոխության մասնագիտական հանձնաժողովի» ստեղծումով: 1957-78 թթ. այս հանձնաժողովը ուսումնասիրում է շուրջ 75 հազար տեղանուն, անվանափոխության է ենթարկում 28 հազար բնակավայրերը, որոնցից 12 հազարը գյուղ են:
«Տեղանունների թուրքացումը Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» աշխատության մեջ Լուսինե Սահակյանը նահանգ առ նահանգ ներկայացնում է անվանափոխված գյուղերն ու գավառները եւ ցույց է տալիս, որ տեղանունների նենգափոխումը եղել ու մնում է Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանությունների ժողովրդագրական քաղաքականության կարեւոր բաղադրիչը:
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.