«Real politic» կամ «Հայ իմաստունների Արձանագրությունները»
Աղբյուրը` Արմինֆո, 27.04.2010
Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոպյանի հարցազրույցն ԱրմԻնֆո գործակալությանը
– Պրն Մեսրոպյան, կարելի՞ է, արդյոք, ՀՀ նախագահի հայտարարությունից հետո խոսել «ֆուտբոլային դիվանագիտության վախճանի» մասին, և ո՞ւր հասցրեց այն Հայաստանին:
«Ֆուտբոլային դիվանագիտության» դարաշրջանով սկսվեց պրագմատիզմի ու ռեալիզմի «ծաղկոնքը» հայկական ձևով, կամ, ինչպես այժմ ընդունված է ասել` «ռեալ փոլիտիկ»: Այդ մոտեցումների «նվաճումը» դարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված չարաբաստիկ արձանագրությունները: Քանի որ արձանագրությունները հանդիսանում են մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքը, ապա դրանք կարելի է անվանել «Հայ իմաստունների Արձանագրություններ»: Իսկ երբ, դրանց ստորագրումից հետո, արագացված ռեժիմով, փոփոխության ենթարկվեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ Օրենքը` ետկանչման պահով, և դրանից հետո հայտնվեցին Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները, պարզ դարձավ, որ մենք փորձեր ենք անում «հետին խելքով» ուղղել իրավիճակը: Ստացվում է, կամ դա մեր «նախաձեռնությունը« չէր, կամ էլ, ինչն ավելի վատ է, այդ «նախաձեռնությունը», պարզապես, հաշվարկված չէր: Մասնավորապես անհանգստացնում է այդ «նախաձեռնությունների» տոտալ PR-ը, որն իրականացվում է իշխանամետ և «ընդդիմադիր» քաղաքական գործիչների, պալատական գործարարների ու քաղաքագետների, արևելագետների ու թուրքագետների կողմից, որոնք, պարզապես «գրանցվել» էին հայկական ԶԼՄ-ներում: Այդ «խոսող գլուխները», «Օդոբրյամս» ոճով ազգին են ներարկում 21-րդ դարի հայկական նորագույն լյումպեն-գաղափարախոսությունը: Բարեբախտաբար, հայկական միտքն ամբողջովին լյումպենացված չէ:
Հայտարարելով Ազգային Ժողովից արձանագրությունների ետկանչման մասին, Հայաստանի նախագահը հայտարարեց, որ դրանց տակ դրված ստորագրությունները մնում են ուժի մեջ: Թվում է թե, վերջապես հայկական իշխանությունները ցուցադրեցին «իրենց» բնավորությունը: Իսկ իրականում, Հայաստանը Թուրքիային հնարավորություն է տալիս առանց ցայտնոտի և ավելի մասշտաբային ձևով ճնշել Ղարաբաղի հարցում, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունների չվավերացման շանտաժի միջոցով: Եթե մինչև ապրիլի 22-ը Հայաստանը, Թուրքիայի կողմից վավերացման «ողջամիտ ժամկետները» խախտելու և հայերին տեղահանելու սպառնալիքների ներքո կարող էր արձանագրություններին «հետադարձ ընթացք» տալ, ապա այժմ մենք մեզ զրկեցինք նաև այդ «մանյովրից»:
– Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է…
Իսկ այդ թեզի սիրահարներին ես կպարզաբանեմ: Առաջինը, այդպես կարելի է բացատրել ցանկացած արտաքին քաղաքական փլուզում, երկրորդ, հնարավորությունները ուղղակիորեն կախված են «մանյովրելու» ընդունակություններից: Հետևաբար, «քաղաքականությունը նաև մանյովրելու հնարավորություն է»: Սակայն Հայաստանում ձևավորվում են ավանդույթներ, երբ արդեն երկու տարի է, Ցեղասպանության Հիշատակի Օրվա նախօրեին իշխանությունները նպատակաուղղված ձևով նեղացնում են հայ դիվանագիտության ազատությունը: Այսպես, 2009թ. ստորագրվեց «ճանապարհային քարտեզը», իսկ 2010թ.` ընդամենը ետ կանչվեցին արձանագրությունները: Նրանք, ովքեր իշխանությունների այդ վարքագիծը բացատրում են Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումների առկայությամբ, հավանաբար տեղյակ չեն, որ պետությունը հենց նրա համար է, որպեսզի արդյունավետորեն դիմակայի արտաքին ճնշումներին, նպատակաուղղված կերպով պաշտպանելով ազգի շահերը: Ներկայումս Հայաստանում ընտրված է ավելի հնարամիտ տակտիկա` հայկական դիվանագիտության «նվաճումները» համեմատել թուրքական դիպլոմատիայի «պարտությունների» թվի հետ, ընդ որում, մեր «նախաձեռնությունների» համեմատ բոլորովին անմրցունակ համարելով Ադրբեջանի դիվանագիտությունը:
– Դեպի ո՞ւր կտանի մեզ այդ տակտիկան:
Մենք ականատես ենք կապիտուլյացիայի նախապատրաստման այնպիսի մի ձևի, որը կոչվում է «առք և վաճառք», ինչը բնորոշ է օլիգարխիկ վերնախավի ինտելեկտի մակարդակին` «Հայերը պատրաստ են վերադարձնել ԼՂ 1988թ. դրությամբ հարակից տարածքները…»: Այս գաղափարով կարելի է վստահորեն դիմել Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու նպատակով, գաղափարը ձևակերպելով մոտավորապես այսպես` «Ի՞նչ ձևով կարելի է արյունով վերադարձված հողերը ետ տալ առանց արյան»: Կասկած չկա, որ մենք կգտնվենք մրցակցությունից դուրս, քանի որ մարդկային պատմության ոչ մեկի մտքով անգամ չի անցել խոսալ, և, մանավանդ, անել նման բաներ:
Ազատագրված տարածքները դրանք որևէ օլիգարխի օբյեկտը չէ, որն ինչ-որ ժամանակ գնվել է «գցված» գներով, որպեսզի պրիմիտիվ շուկայական սակարկություններ կատարվեն դրանց շուրջ: Դա հայոց ազգի սեփականությունն է, քանի որ դրանց համար թափվել է հայկական արյուն և տրվել են հայկական կյանքեր: Ազգի սեփականությունը պատկանում է սերունդներին, հետևաբար, ոչ ոք իրավունք չունի դրանք սակարկել:
– Այսինքն, Թուրքիայի նախապայմաններից հրաժարվելու հետևից ընկնելով մենք մոռացե՞լ ենք մեր սեփական նախապայմանների` պատմական արդարության վերականգնման մասին:
Արձանագրություններն ստորագրելուց հետո Հայաստանն, իրականում, այլևս նախապայմաններ չունի: Բանը նրանում է, որ հայ ազգը Թուրքիայի նկատմամբ ունի օբյեկտիվորեն ձևավորված նախապայմաններ: Ցեղասպանությունը, և ոչ թե Մեծ Եղեռնը, իրավաբանական հասկացություն է, որը նախատեսում է դրա պաշտոնական ճանաչում և հետևանքների վերացում` տարածքային, գույքային, ֆինանսական, բարոյական: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը և 1993թ. սահմանի փակումը հանդիսանում է Ցեղասպանության քաղաքականության շարունակությունը: Այսինքն, Հայաստանը արձանագրություններ է ստորագրել մի երկրի հետ, որը շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը, դե-յուրե հանդիսանում է հանցագործ, իսկ դե-ֆակտո` թշնամի: Չնայած արձանագրություններում չեն հիշատակված Ղարաբաղը և Ցեղասպանությունը, այնուամնայնիվ, հայաստանը «թաղեց» իր նախապայմանները, քանի որ իրավաբանության մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով օգտագործվում է իրավունքի օբյեկտը: Սահմանադրական դատարանի մեկնաբանություններն ապացուցում են արձանագրություններում իրավունքի օբյեկտների (Ղարաբաղ, Ցեղասպանություն և դրա հետևանքները) անուղղակի ներկայությունը: Արձանագրությունների մեջ Թուրքիայի ամբողջականությունը և Հայաստանի հետ նրա սահմանների ճանաչումը, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելը հանդիսանում են Ցեղասպանության հետևանքների վերացման հնարավորության իրավաբանորեն անուղղակի չեզոքացում, ինչն էապես նսեմացնում է Ցեղասպանության ճանաչման փաստերն աշխարհում: Իսկ արձանագրություններում երրորդ երկրի մասին հիշատակությունները Թուրքիային հնարավորություն են տալիս միջազգային իրավունքի մեխանիզմների միջոցով համագործակցել Ադրբեջանի հետ, խառնվելով ղարաբաղյան խնդրին: Իր հերթին էլ Բաքուն փորձեր է անում իրավաբանորեն ամրացնել իր տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» դիտելով «տարածքային ամբողջականության» սկզբունքի գերակայության ֆոնի ներքո: Դրա համար էլ, Ալիև-կրտսերը չի հոգնում անընդհատ կրկնելուց` «Ղարաբաղի ամենաբարձր կարգավիճակի մասին, Ադրբեջանի կազմում»: Արձանագրություններով Հայաաստանը հրաժարվում է իր նախապայմաններից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը կարող են միջազգային իրավունքի մեխանիզմների օգնությամբ սինխրոնացնել Ղարաբաղի վերաբերյալ իրենց գործողությունները:
– Ենթադրենք, թե Հայաստանը թեկուզ մեկ նախապայմանի հիման վրա Թուրքիայի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ: Ինչ է, դա մեր միջև կհաստատի հավերժական խաղաղություն ու բարի հարևանությո՞ւն:
Զիջումներ ստացող գիշատչի մոտ գրգռվում է ախորժակը: Պատմության օրենքն աասում է` խաղաղության ձգտումը պատերազմ է ծնում: Թուրքիայի «գրգռված ախորակը» դարձավ 1918թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրի պատճառը, որի համաձայն Հայաստանն «ստացավ» ընդամենը մի փոքր հողակտոր` 12.000ք.կմ, Սևանի և Երևանի շրջակայքի ամենաչոր հողերը: Բացի այդ, վտանգն զգալու դեպքում գիշատիչը գործնականում համաձայն է ամեն ինչին: Չէ՞ որ 1994թ. Ադրբեջանն ստորագրեց կրակի դադարեցման վերաբերյալ իր համար այդ նվաստատուցիչ փաստաթուղթը, համաձայնելով անգամ ԼՂՀ ստորագրությանը, դե-յուրե ճանաչելով նրա գոյությունը: Իսկ ինչո՞ւ այդ օրերին Ադրբեջանը չէր խոսում «Ղարաբաղի ամենաբարձր ինքնուրույնության կարգավիճակի» կամ «տարածքների վերադարձի» մասին պահանջներ ստորագրելու մասին: Իսկ ի՞նչ կլիներ. եթե խոսեր: Այն կլիներ, որ հիմա Ադրբեջանը չէր լինի: Եվս մեկ կանոն` եթե գիշատչին անհրաժեշտ է սպասել, ապա նա իրեն պահում է բարեկամաբար` մինչև «X» պահը: Օրինակ, անգամ մինչև 1915թ. սկիզբը երիտթուրքերի որոշ պարագլուխներ հայերի մասին գովեստի խոսքեր էին ասում: Ահա թե ինչու են ծայրաստիճան հիմար երևում հետևյալ արգումենտները` «Մենք ադրբեջանցիների (թուրքերի) հետ ապրում էինք խաղաղ»: Այդպես էին ասում Ադրբեջանի հայերը, ընդհուպ մինչև 1988-90թթ: Հետևաբար, մեզ պետք չէ այնպիսի պրիմիտիվ հայտարարություններ անել, ինչպիսիք են` «21-րդ դարի Թուրքիան – դա այն Թուրքիան չէ» կամ «Թուրքիան ԵՄ մտնելու համար կանի ամեն ինչ», կամ էլ «հարևանները պետք է խաղաղության մեջ ապրեն» և այլն: Իսկ հանուն ինչի՞ ժամանակակից Թուրքիան պետք է հրաժարվի իր ռազմավարական շահերից: Ի տարբերություն մեզ, Թուրքիան լուրջ պետություն է և դրա համար էլ, ծայրագույն դեպքում, կարող է ընդամենը փոխել միայն այդ շահերը աշխարհին մատուցնելու ձևերը: Երկրորդ, հենց այն պատճառով, որ Թուրքիան լուրջ պետություն է, նա կհամաձայնի ԵՄ մտնել իրեն համար ձեռնտու պայմաններով, այն ինչ նա արեց ԱՀԿ մտնելիս: Երրորդ, եթե մենք բարի հարևանության «փիար» ենք անում, ապա ինչո՞ւ իշխանություններն ու ընդդիմությունը թույլ տվեցին, որպեսզի տեղի ունենար 2008թ. մարտի 1-ը: Հարևաների հետ քարոզելով խաղաղություն, բարի եղեք այն ապահովել ներսում: Հաշվի առնելով «անկախ» Հայաստանի անշեղորեն նվազող ինտելեկտը, նման պրիմիտիվիզմը տարեցտարի ավելի ու ավելի շատ երկրպագուներ է ձեռք բերում բնակչության շրջանում: Եվ եթե հայ ազգի ներկայացուցիչները, որոնք իրենց վերնախավ են համարում, նման լոզունգներ են քարոզում, ուրեմն նրանք կամ անգրագետներ են, կամ իդեալիստներ, կամ էլ թքած ունեն ազգի ճակատագրի վրա:
– Այդ դեպքում, ինչո՞ւ Թուրքիան չի վավերացնում Արձանագրությունները, եթե դա նրան ձեռնտու է:
Դժբախտաբար, այստեղ ոչ մի պարադոքս էլ չկա, քանի որ մենք, փորձելով զոհի հոգեբանությամբ բացատրել գիշատչի վարքը, ինչպես միշտ, թույլ ենք տալիս կառավարման պատմական և մեթոդաբանական սխալ: Ստիպված եմ նորից ու նորից կրկնել, որ կառավարման տեսությունը միանշանակ հաստատում է` եթե երկու գործընթացներ ընթանում են միևնույն տարածաշրջանում ու միաժամանակ, ապա միանշանակ է, որ այդ գործընթացները փոխկապակցված են, փոխպայմանավորված և կախված միմյանցից, ընդ որում յուրաքանչյուրը հանդիսանում է մյուսի նախապայմանը: Հետևաբար, չի կարելի իրարից առանձնացնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները: Դրա համար էլ «ֆուտբոլային դիվանագիտության» սկսվելուց հետո ղարաբաղյան թեման հայտնվեց միջազգային միջնորդների ճնշումների ներքո: Այսպիսով, գիշատչի բնազդը պահանջում է ստանալ ավելին, քան Ցեղասպանության իրավաբանական նեյտրալիզացիան և Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի սինխրոնացումը: Եվ այդ ավելին` ղարաբաղյան հարցը թուրքական սցենարով լուծելն է, մասնավորապես արձանագրությունների չվավերացման շանտաժի ճանապարհով:
– Ձեր խոսքերով, թուրքերն արդեն «աշխատել են իրենց սխալների» վրա, իսկ մե՞նք:
Ստեղծվում է տպավորություն, որ «անկախ» Հայաստանի բոլոր իշխանություններն էլ, «ուսումնասիրելով» Գարեգին Նժդեհի «Բաց նամակներ հայ մտավորականությանը» աշխատությունը, որոշել են ամեն ինչ անել ճիշտ հակառակը: Հավանաբար, մենք մեզ հաշվետվություն չենք տալիս այն բանում, թե իրավիճակն ինչքան վտանգավոր է մեզ համար: Մենք այնքան ենք տարվել «ռեալ փոլիտիկ», «պրագմատիզմով» և «ռեալիզմով», մեր հասկացողությամբ, այնպիսի ուժգնությամբ ենք մեր ժողովրդի գիտակցության մեջ ներարկում թերարժեքության և թուլության գաղափարները, այնպիսի ուշադրություն ենք դարձնում, թե ինչ են ասում ու գրում մեր մասին և ինչպիսի համբավ ունենք մենք աշխարհում, որ պարզապես, ապշում ես:
1915թ. էլ մենք մեծ համբավ ունեինք ամբողջ աշխարհում: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո էլ, համաշխարհային ԶԼՄ-ները ասում ու խոսում էին մեր մասին: Եվ ի՞նչ: Դա մեզ օգնե՞ց: Չ՞է որ վերջին 100 տարում Հայաստանի համար արդեն երկրորդ անգամ է պարադոքսալ իրավիճակ ստեղծվում, երբ հաղթողի վզին իրենց պայմաններն են փաթաթում պարտվողները: Թուրքիան` Առաջին Համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո և Ադրբեջանը` Ղարաբաղյան պատերազմւմ կրած պարտությունից հետո: Կամ մենք դառնում ենք ռազմականացված և մրցունակ ազգային պետություն` Իսրայելի կարգի, սակայն իրավունքներն ու ազատությունները հարգելու մեր ավանդույթներով, կամ էլ դառնալով «քաղաքական մուրացկաններ»` սպասում ենք աղետին: Քանի որ այս վերջին գաղափարը հայ պարվենյուների խորին զայրույթը կառաջացնի, ապա նրանց համար հատուկ երկու հասարակ օրինակ բերենք 1920-21թթ. մեր պատմության հայտնի դեպքերից: Առաջինը, «բոլշևիկյան» Թուրքիայի հետ խաղաղության և եղբայրության ձգտումը բերեց Ղարսի անառիկ և մինչև ատամները զինված հայկական ամրոցի անարյուն անկմանը: Երկրորդը, «ցանկացած գնով» խաղաղությունը չընդունելը Գարեգին Նդեհին թույլ տվեց կազմակերպել լեռնային Սյունիքի գործնականում անզեն ժողովրդի աննախադեպ դիմադրությունը: Այժմ ամփոփենք արդյունքները` Ղարսի ամրոցն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, իսկ լեռնային Սյունիքը` Հայաստանի տարածքում: Ահա սա է «ռեալ փոլիտիկ», «պրագմատիզմն» ու «ռեալիզմն» էլ հետը, քանի որ լեռնային Սյունիքը մենք «ռեալորեն ու պրագմատիկորեն» կարող ենք ձեռք տալ, տիրոջ նման, իսկ Ղարսի մարզը, լավագույն դեպքում, միայն հյուրի կարգավիճակով և անպայման` արցունքն աչքերին…
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.