Լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը

Print Print Email Email

13.05.2010, Երևան

Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր

Հայաստան-Թուրքիա միջպետական տխրահռչակ գործընթացի սառեցմանն անհապաղ հաջորդեց ՀՀ կառավարության մի նոր վտանգավոր «նախաձեռնություն». ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ կառավարությունը խորհրդարան մտցրեց ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0), որով նախատեսվում է ՀՀ-ում օրինականացնել և բացել օտարալեզու հանրակրթական միջնակարգ դպրոցներ։ Խոսքը, փաստորեն, վերաբերում է, Հայաստանում լեզվական քաղաքականության հեղաշրջման փորձին։

Ազգային լեզուն, կազմելով ազգային մշակույթի և ինքնության հիմքը, բնականաբար, նախ և առաջ, ազգային անվտանգության հարց է։ ՀՀ կառավարության հեղինակած խնդրո առարկա նախագիծը, փորձելով նեղացնել հայոց լեզվի կիրառման և շրջանառման շառավիղը և պակասեցնել հայերենին պատշաճորեն տիրապետողների քանակը, ուղղակի հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգության մի քանի կենսական ոլորտներին՝

  • հայոց մշակույթին և նրա զարգացման հեռանկարներին. – օտարալեզու կրթություն ստացած հազարավոր տաղանդավոր երեխաներ այլևս երբեք հայերենով չեն ստեղծագործելու.
  • Հայաստանի ժողովրդագրությանը. – այլալեզու կրթություն ստացածների մեծամասնությունը, օտարանալով և անհաղորդ մնալով իր հայրենիքի պատմությանն ու մշակույթին, ընդմիշտ լքելու է Հայաստանն ու մեկնելու այն երկրները, որոնց լեզուներով կրթվել ու դաստիարակվել է.
  • հայաստանաբնակ ժողովրդի մշակութային միասնականությանը. – ինչպես վկայում է նաև խորհրդային տարիների փորձը, Հայաստանում օտարալեզու և հայալեզու կրթություն ստացած հայերի միջև առաջանալու են հասարակական ու սոցիալ-հոգեբանական լուրջ լարվածություններ ու հակասություններ՝ ընդհուպ մինչև ներազգային թշնամություն.
  • Հայ ժողովրդի արժանապատվությանը. – իր երեխային օտարալեզու դպրոց տվող հայաստանաբնակ հայն ի սկզբանե զոհաբերում է և´ իր, և´ իր զավակի ազգային արժանապատվությունը, ստեղծելով պարարտ հող օտարամոլության ու թերարժեքության բարդույթների, ինչպես նաև դրանց ծայրահեղ դրսևորման՝ ազգային ինքնատյացության համար։

Քանզի սույն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան ՀՀ կառավարությունը, պետք է ենթադրել, որ այն անցել է փորձագիտական քննարկումների շրջան շահագրգիռ նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում («Հայոց լեզվի» մասին օրենքը դրանց բոլորին էլ շահագրգիռ է դարձնում)։ Եղե՞լ են արդյոք այդպիսի քննարկումներ, մեզ անհայտ է։ Եթե չեն եղել, ապա զարմանալի է, թե ինչպե՞ս են համարձակվել ընթացք տալ պետական կարևորագույն նշանակության նմանօրինակ խնդրին առանց, օրինակ, պաշտպանության նախարարության հետ խորհրդակցելու։ Չէ՞ որ վաղն օտարալեզու կրթություն ստացած երիտասարդը չի կարողանալու ծառայել Հայկական բանակի շատ գիտելիքատար ստորաբաժանումներում, որտեղ մաթեմատիկական, աշխարհագրական, ֆիզիկական, կենսաբանական, քիմիական տերմինները հայերենով են գործածվում։ Իսկ նորակոչիկն այդ տերմինոլոգիային չի տիրապետելու, որովհետև նշված առարկաներն անցնելու է օտար լեզուներով։ Թե՞ գուցե արդեն «ներքին կարգով» որոշել են, որ «էլիտար» կրթություն ստացողը Հայկական բանակում երբեք էլ չի ծառայելու, այլ անմիջապես մեկնելու է հեռավոր ափեր և այնտեղ էլ բնավորվելու է։

Նույն հարցադրումները պարտավոր են անել ՀՀ բոլոր պետական գերատեսչությունները։ Պատրա՞ստ են արդյոք իրենց ներքին գրագրությունը վարել օտար լեզուներով։ Եթե ոչ, ապա օտարալեզու դպրոցների շրջանավարտները մնալու են առանց աշխատանքի և հրաշալի պատրվակ են ստանալու արտագաղթի ուղին բռնելու համար։ Եթե՝ այո՛, ուրեմն ՀՀ գերատեսչությունները պատրաստվում են իրենց աշխատանքում օտար լեզուներին նույն իրավունքները տալ, ինչ հայերենին, իսկ այդ դեպքում ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը՝ իր կարճ ու հստակ պահանջով («Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»), ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ դառնալու են դատարկ հնչյուն։ Հաջորդ անխուսափելի քայլը լինելու է ՀՀ օրենսդրությունից այդ կետերի վերացումը։

Պետք է ենթադրել նաև, որ սույն օրինագիծը քննարկվել է բոլոր երեք կոալիցիոն կուսակցությունների վերին օղակներում և հավանության արժանացել։ Իսկ եթե այդ կուսակցությունների խորհուրդներն ու վարչությունները դեռևս չեն քննարկել համազգային կարևորություն ունեցող սույն օրինագծի հարցը, ապա դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց անպատասխանատվությունն ու ձևականությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կոալիցիոն սկզբունքով աշխատելու առասպելը։ Ամեն դեպքում, սույն օրինագծի պատճառով այս պահին արդեն առաջացած հասարակական անհարկի լարվածության համար պատասխանատու են և´ ՀՀ կառավարությունը, և´ երեք կոալիցիոն կուսակցությունները։ Մեղքի առյուծի բաժինը Հանրապետական կուսակցության վրա է։ Ըստ երևույթին, կեղծ-նժդեհականներին պետք է հիշեցնել Գարեգին Նժդեհի պատգնամերից մի քանիսը. «Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան»։ «Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախոս»։

Արդյո՞ք սույն օրինագիծն Ազգային ժողով ներկայացնելուց առաջ ՀՀ կառավարությունը փորձել է այն քննարկել ՀՀ-ում գործող գիտական և կրթական հիմնարկներում։ Ըստ երևույթին՝ ոչ, որովհետև այդպիսի քննարկումների մասին որևէ լրատվություն չի եղել։ Այսինքն՝ դարձյալ, ինչպես և հայ-թուրքական հակամարտությունը սպորտային մեթոդներով լուծելու չմտածված նախաձեռնության ժամանակ, ՀՀ իշխանությունն անտեսում է մասնագիտական միտքը մի հարցում, որը խորությամբ և՛ հետազոտված է, և՛ ախտորոշված, և՛, բարեբախտաբար, բուժման ճիշտ միջոցն էլ նշանակված է։

Իսկ թե ինչպիսի՞ն է հայոց լեզվի հարցում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի դիրքորոշումը, կարելի է ենթադրել նրա դեռևս 2008թ. սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում կարդացած ելույթի հետևյալ ծրագրային դրույթներից. «Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային… տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը… պարզապես հայ է» 1 ։

Այս տրամաբանության համաձայն, հայկական ինքնության համար հայերեն լեզվի չիմացությունը որևէ նշանակություն չունի, ինչպես և նշանակություն չունեն հայոց մշակույթն ու կրոնը։ Հետևաբար, երբ ՀՀ կառավարության ս.թ. ապրիլի 20-ին ներկայացրած օրինագիծը փորձում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու դուռ բացել, ապա աչքի առջև պետք է ունենանք ոչ միայն ռուսական, այլև առնվազն ՀՀ նախագահի նշած ևս երկու օտար լեզվով՝ անգլերենով և թուրքերենով դասավանդմամբ դպրոցները։

Այս նոր ապազգային նախաձեռնությունը նման է ՀՀ իշխանության Թուրքիայի նկատմամբ հանձնվողական ջղաձգումներին նաև գործող հիմնարար օրենսդրության ոտնահարման առումով։ Մասնավորապես, սույն օրինագիծը նսեմացնում է ինչպես ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը, որով հայերենը հռչակվում է ՀՀ պետական լեզու, այնպես էլ 89-րդ հոդվածը, որը ՀՀ կառավարությանը պարտադրում է պետական քաղաքականություն իրականացնել կրթության բնագավառում։ Ընդ որում, 89-րդ հոդվածն իր ճշգրիտ և միակ ընդունելի մեկնաբանությունն է ստացել «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, որը նույնպես ՀՀ անկախության հիմնարար փաստաթղթերից է և որն այժմ փորձ է արվում արժեզրկել։

Ավելին, խախտվում է նաև ՀՀ վավերացրած միջազգային օրենսդրությունը` «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան», ըստ որի՝ պետությունները պարտավոր են հարգել իր ինքնությունը պահպանելու երեխայի իրավունքը (հոդված 8, կետ 1)։ ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) հրատարակած Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ պարզաբանումների համաձայն, «երեխայի ինքնությունը» ներառում է նաև երեխայի ազգային մշակույթը և լեզուն 2 ։

Այսպիսով, ՀՀ կառավարության լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայասատանի Հանրապետությունը դեռևս շատ և շատ հեռու է կայացած պետություն, առավել ևս հայկական պետություն լինելուց, ըստ այդմ էլ՝ հայության կենսական շահերը շարունակում են մնալ անպաշտպան և վտանգված վիճակում։ Սույն նախաձեռնությունը, ինչպես դրան նախորդած «ֆուտբոլային դիվանագիտությունը», անփառունակ վախճան կունենա։ Հուսով ենք՝ իրենց դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ շատ չեն ուշացնի հայտնել նաև Հայ Առաքելական եկեղեցին, ՀՀ ԳԱԱ Լեզվի, Գրականության, Պատմության և մյուս ինստիտուտները, Երևանի պետական համալսարանն ու մյուս բուհերը, Հայաստանի գրողների միությունը, հայ մտավորականությունն առհասարակ, ինչպես նաև Սփյուռքը։ ՀՀ իշխանությունները ստիպված կլինեն հնչեցնելու նահանջի փողը, գուցե թե քավության նոխազ դարձնելով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի։ Սակայն, պետք է հասկանանք, որ խնդիրը ոչ թե առանձին պաշտոնյան է, այլ ՀՀ քաղաքական վերնախավը, որի օտարացումը հայ ժողովրդից ծնել է մեզանում մի նոր ենթաէթնոս՝ իր ուրույն արժեհամակարգով, որտեղ ազգային հիմնարար արժեքները՝ Հայաստան հայրենիքի գաղափարը, ազգային լեզուն և մշակույթը, հայկական պետականությունը, ազգային արժանապատվությունը տեղ չունեն և ավելորդ բեռ են համարվում։

Այսօր ազգային իշխանության ձևավորումը դարձել է օրախնդիր, հրատապ պահանջ, այլապես այսուհետ հայ ժողովուրդը զբաղված է լինելու իր իսկ պետական մարմինների՝ իր իսկ շահերի դեմ հերթական գրոհներն անընդհատ հետ մղելով, այդպիսով վատնելով հայության սահմանափակ դիմադրական ռեսուրսները։ Եվ դա այն ժամանակ, երբ արտաքին վտանգներն արձանագրում են միայն աճի միտում։

ԾՆԹ. Հոդվածն արտատպվել է tert.am, 7or.am, nt.am, ankakh.com (13.05.2010) կայքերում, ինչպես նաև Իրավունք (14.05.2010), Երկիր (18.05.2010)  և «Ալիք», 22 մայիսի, 2010 թ. թերթերում։

————

  1. <«Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի եւ բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի, 2008։
  2. «Other aspects of identity include… the child’s… culture… and language», Implementation Handbook for the Convention on the Rights of the Child, prepared for UNICEF by Rachel Hodgkin and Peter Newell, UNICEF, 1998, Geneva, p. 113. Նույն ձեռնարկը շեշտում է նաև մայրենի լեզուն ամեն գնով երեխային սովորեցնելու անհրաժեշտությունը (“Fluency in language is best – and often only – obtained during childhood, so every effort should be made to ensure that children learn their mother tongue…” p. 264):

14 responses so far

14 Responses to “Լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը”

  1. Narekon 13 May 2010 at 6:49 am

    Հարգելի ԱՌԿ կարծում եմ որ եթե ՀՀ խամաճիկային իշխանությունները ընդունեն այս հակահայկական “օրենքը” ապա պետք կլինի դատի տալ ընդհուպ մինչեվ միջազգային մարդու իրավունքներրի դատարան!

  2. Tatul Hakobyanon 14 May 2010 at 1:20 am

    Ես կարծում եմ, որ այս օրինագիծը 1991-ից ի վեր Հայաստանում կատարված ամենամեծ ոճրագործություններից է` Հոկտեմբերի 27-ից ու Մարտի 1-ից հետո: Ուղղակի տարբերությունն այն է, որ սրա հետևանքները մենք զգալու ենք տարիներ ու տասնամյակներ հետո, երբ Հայաստանում կրկին կխոսեն ռուսերեն: Եթե այսպես շարունակվի, ապա հայերենը կդառնա կենցաղային լեզու, որքան էլ վիրավորական լինի` կդառնա շուկայի լեզու:

  3. Մինասon 14 May 2010 at 8:17 am

    լավ ինչքան պետք է շարունակվի այս ապազգային քաղաքականությունը,որը կախված չի այն բանից թե ով է նախագահը – Տեր-Պետրոսյանը,Քոչարյանը թե Սարգսյանը:

  4. Aslamazyan A.Kon 15 May 2010 at 12:15 am

    Hayer votqi kangneq i pastpanupvyuh hayoc lezvi, pop korn vacharog Marsi vra el khajogecneq!

  5. Արաon 15 May 2010 at 1:59 pm

    Մեծարգ պարոն Այվազյան, շատ շնորհակալություն այս նյութի համար:
    Իսկապես տագնապալի իրավիճակ է, միաժամանակ` անհասկանալի ու անիրական թվացող, որովհետև մեծագույն պետական արժեքի նկատմամբ ոտնձգություն է անում հենց պետական իշխանությունը:
    Ցավալի ու զարմանալի է, որ այսօր՝ Հայաստանի Հանրապետության հռչակման 20–րդ տարում, քննարկվում է հայ երեխայի հայերենով կրթվելու նպատակահարմարության հարցը։ Այսինքն ամենայն լրջությամբ քննարկվում է դպրոցի ու ազգի ողնաշարը ջարդելու այն խնդիրը, որը տասնամյակներ շարունակ փորձում էր լուծել խորհրդային կայսրությունը։ ԵՎ կլուծեր, եթե չսկսվեր Ղարաբաղյան շարժումը, եթե ազգը ոտի չելներ ու տեր չկանգներ իր դպրոցին, իր լեզվին, իր երկրին, եթե 20 տարի առաջ՝ 1990թ. հուլիսի 3–ին Ժողկրթության նախարարության կոլեգիան չընդուներ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ» պատմական որոշումը, եթե 1991թ. մարտի 15–ին Լուսավորության նախարարության կոլեգիան չընդուներ որոշումներ դպրոցներում ու մանակապարտեզներում ուսուցումը պետական լեզվով՝ հայերենով կազմակերպելու մասին։
    Ցանկացած հետընթաց՝ ռազմաճակատում թե լեզվաճակատում, կարող է կործանարար լինել, հղի պարտության վտանգով։

  6. Bovison 15 May 2010 at 4:52 pm

    Իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն որպեսզի հայերեն չիմացողները (հայերը և ոչ հայերը) սովորեն հայերեն, բայց անում են ճիշտ հակառակը: Թող հայկական դպրոցի մակարդակով մտահոգվեն նախ և առաջ:

    Ինչն է այս և այլ հակաազգային որոշումների պատճառը? Արմեն Այվազյանն ասում ե թե իշխանութունները չեն հասկանում խնդիրների բնույթն ու կարեվորությունը: Դժվար ե պատկերացնել որ այդպես է: Այդ ինչու ես Հայաստանից հեռու ծնված ու մեծացած մի մարդ կհասկանամ թե ուր ե տանում այս “ծրագիրը” իսկ մեր նախագահը ու կառավարության այլ անդամները չեն հասկանա: Իսկ եթե հասկանում են, ուրեմն օվքեր են իրենք?
    Արմեն Այվազյանի այս հոդվածում կիրառված ‘ենթաեթնոս’ եզրույթը չափազանց դիպուկ արտահայտութուն է: Ես ենթադրում եմ, որ հայ ազգը, կամ ցանկացած մի ազգ, կազմված է ենթաեթնոսներից: Իհարկե խոսքս կենցաղային, աշխարագրական, բարբառային և այլ առանձնահատկությունների մասին չէ, այլ հայրենիքի հանդեպ վերաբերմունքի մասին: Այս առումով մեր ազգը բաժանված է երկու մասի, ենթաեթնոսների: Առաջին մասը կազմում են հայ մարդիք ովքեր հայ մշակույթի հետ առնչվող սիմվոլների կրողներ են, տարերքային կրողներ: Այդ մշակութային դրսեվորումները մնում են չգիտակցված, չեն մտնում կրողների առժեքային համակարքի մեջ: Մյուս խմբի համար այս դրսեվորումները, լեզուն, գիրը, կրոնը, քարի ու ջրի զգացական ըմբռնումը և այլն, խորապես գիտակցված են և կազմում են հայրենիք առժեքային համակարքը: Հայ մշակույթի տարերքային կրողը հայության մի մաս է և այս միջավայրում կծնվեն հայ հայրենասերներ, տաղանդավոր և հանճարեղ մարդիք, բայց տարերքային կրողը չպետք է գլխավորի մեր պետությունը:
    Ենթաեթնոսի գաղափարը ոպոշակի վտանգ կարող է ներկայացնել ագի միասնության առումով: Եվ ես չէի ցանկանա այն մտնի քաղաքական դիսկուրսի մեջ, բայց այն շատ օգտակար կլնի այն հայերի համար օվքեր հայատյածութամբ են վարակվում տեսնելով հենց հայերի հայադավ քաղաքականությունն ու վարքը:

  7. Babkenon 16 May 2010 at 2:59 am

    badgamavornern chbidi drakan kve dan ed hagahaykakan orenkin drakan kve dvogh badkamavornere barzen dartsnelo te irenk jogovrdi irakan badgamavornere chen.

  8. Sergeyon 16 May 2010 at 3:13 am

    Աշոտյանի տեսքին նայելով պարզ է դառնում, որ իրական նախարար նա չի հանդիսանում, նա ընդամենը կամակատար է: Այստեղից հետևություն անելով կարելի է ասել, որ սա մի նոր պատեր է Հայոց պետականությունը թուլացնելու: Կամ էլ բիզնես ծրագիր, որի միջոցով մեր ՉԻՆՈՎՆԿՆԵՐԻՑ մի քանիսը նոր ջիպեր ու շքեղ տներ կունենան, հաժվիչառնելով պետական և ազգային շահերը:

  9. Marine Vahradyanon 16 May 2010 at 3:40 pm

    Pn.Ayvazyani meknabanumnern aynqan dipuk en yev verlutsvats bnorosh bardzr profesional qaghaqakan gortschi GITAKTSUTYAMB, hetevabar indz mnum e asel vor yes NUYNPES amboghjapes dem em nman anhetet voroshman@, HAYOTS LEZUN arajin hertin HAYI MITQN E,

  10. Vigen Nazaryanon 16 May 2010 at 4:20 pm

    Ays eshi qurraknere ur ein yerb zoher ain petq Artsakhum. Yerevi nranc 99 tokose kam paghkvel ein mi mkan cakum kam el keghc pastatghterov “biznes” ein anum, endamene im karciqne bayc nayelov mer patgamavorneri yev ishkhanutyan yeresnerin, u lselov nranc chem karcum shat heru lini irakanutyunic.

    Vonc kareli e mi mart uzena ir yerkri zavaknerin kertel otar lezvov? Inchi hamar? Inch aravelutyun e da talu mer zavaknerin (voronq mnalu yev ashkhatelu en hayastanum)?

    Yes shat em vakhum vor verje astvac el hiyastap yeres e teqelu mer yerkric. Amot, hazar amot mer kertutyan nakhararin u angraget hayrenadav ishkhanutyan mecamasin. —–

  11. Bagradon 16 May 2010 at 8:39 pm

    Profuse apologies for expressing myself in English. I begin by seconding what Sergey says above and thanking Ararat Centre for highlighting this important national issue.

    I had a big regard and estimation for Mr Ashotyan, as a young highly qualified minister – after all he is a medical doctor. His sorry appearance on the TV debate hopelessly attempting to defend a completely bankrupt hare brain “policy” without even touching on any aspects of this “policy” and by personalising the whole issue, his body language and evasiveness… . For a minister to indulge in confused generalities instead of sticking to the specifics in such a major and fundamental national issue and have such dismissive attitude towards his critics is the height of arrogance and ignorance.

    The only honourable thing for him to do is to to resign or else he must be dismissed at once.

    This is an incredible situation. The state, instead of protecting one of its core values and foundations of nationhood and statehood is actually initiating its long term destruction! How can this paradox be explained? The only conclusion one can draw is the very painful one that there is no state, or at least, that its highest functionaries are not conscious of its existence and its core values (or are holding them in contempt – a real contradiction!).

    Clearly Yerevan, unfortunately, does not have a problem in its Foreign Ministry only!

  12. ԱՐՈՐԴԻon 18 May 2010 at 5:28 pm

    Հարգելի համախոհներ
    «Օդնոկլասնիկի» առավել քան 40 հազար մասնակից ունեցող «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ» խմբում զետեղվել է հետևյալ` որպես գլխավոր նորություն, ուր հղում կա և Ձեր բլոգին.

    «↑ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ↑
    Հարգելի խմբակիցներ, դիմադրության շնորհիվ հայերի համար օտարալելու դպրոցների ստեղծման նախագծի հեղինակները նահանջել են և իրենց նախագծում այդ օտարամոլական «էլիտար» աղբի տոկոսը կրճատել են 2 անգամ ու այժմ պատրաստ են նաև օտարալեզու դպրոցներ միայն 5-րդ դասարանից սկսած ընդունել:
    Սակայն «լեզվաքաղաքական դավադրության» ճարտարապետների նահանջը ժամանակավոր է: Նրանք ձգտում են մի կերպ «ոտատեղ» ունենալ, որպեսզի ժամանակի ընթացքում Ազգի զգոնոթյունը բթացնելուց հետո անցնեն հակահարձակման` շահագործելով ոմանց մութ մղուները: Ինչ վերաբերում է «5-րդ դասարանից սկսած»-ին, ապա կապ չունի`մանկապղծությունը որ տարիքից է մեկնարկում: Իսկ որ դա հոգևոր-մշակութային մանկապղծության նախագիծ է` դա հաստատ:
    Դիմադրության շարժմանը մեր խմբակիցները կարող են մասնակցել` գրառումներ թողնելով հետևյալ համացանցային հարթակներում.

    kogovit.livejournal.com

    lezvakriv. blogspot. com

    blog. ararat-center. org
    (պռոբելներն ավելորդ են)»:

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱԿՏԻՎ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

  13. Areyonon 22 May 2010 at 5:33 pm

    «Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:» (Հայաստանի Սահմանադրություն)

    Ես չեմ էլ հասկանում, թե ի՞նչ ենք քննարկում: Եթե նախարար Աշոտյաննեը առհամարում է երկրի հիմնական օրենքը, ապա ո՞վ է դրան նախարար նշանակել:

  14. Armenianon 23 May 2010 at 11:09 am

    ………………Գարեգին Նժդեհ «Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան»։ «Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախոս……………………….։

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.