Բողոք` Իսկանդարյանի թուրքամետության դեմ
Armar.am, Դեկտեմբեր 17, 2009թ.
Այսօր «Արմենիա» հյուրանոցի «Տրդատ» սրահում մեկնարկեց Կովկասյան ինստիտուտի և անձամբ Ալեքսանդր Իսկանդարյանի կողմից կազմակերպված սեմինարը, որը ֆինանսավորել է «Եվրազիա» հիմնադրամը և որին, ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, մասնակցում է նաև այն թուրք հեղինակ Այբարս Գյորգյուլուն, իրեն իրավունք է վերապահել Հայոց Ցեղասպանությունը ժխտող հոդված զետեղել Իսկանդարյանի հեղինակած ժողովածուում։
Մինչ սեմինարի սկսվելը «Արմենիա» հյուրանոցի առջև մարդկանց մի խումբ էր հավաքվել, նրանց ձեռքի պաստառները փաստում էին, որ բողոքում են ներսում կազմակերպված սեմինարին մասնակցող, այսպես ասած, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անվան տակ` իրականում հայատյաց գործունեություն ծավալող Իսկանդարյանի դեմ։
Ինչպես երևաց միջոցառման կազմակերպիչների արձագանքից՝ նրանք լրագրողների չէին սպասում։ Սակայն մի քանի լրագրողներ, ճիշտ է՝ առանց հրավերի, բայց եկել էին։ Կարճ քննարկումից հետո, այնուամենայնիվ, լրագրողներին թույլ տվեցին մասնակցել սեմինարին, իհարկե, հատուկ զգուշացվեց` ոչինչ չձայնագրել
Ի դեպ, այս մասին անձամբ նախազգուշացրեց Ա. Իսկանդարյանը, դա պատճառաբանելով նրանով, թե սեմինարի ընթացքում նախատեսվում են բուռն քննարկումներ և նպատակահարմար չէ հրապարակել արտահայտվող կարծիքները։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ա. Իսկանդարյանն՝ իր խոսքով ասած, բազմակարծության կողմնակից է, ապա շատ տարօրինակ էր բազմակարծության ջատագովի նման զգուշավորությունը (փաստորեն, նրա սերտած «բազմակարծությունն» ու «դեմոկրատիան» գործում են միայն հայերի ու Հայաստանի դեմ): Ուստի կարող ենք մեզ թույլ տալ ենթադրել, որ այնուամենայնիվ, Իսկանդարյանը հայ հանրությունից «ինչ-որ բան» թաքցնելու անհրաժեշտություն ունի։ Իսկ թե ի՞նչ, կարծում եմ դժվար չէ կռահել։
Թուրքիայում գործող «Տեսեֆ» կազմակերպության արտասահմանյան ծրագրերի ղեկավարն իր խոսքում նշեց, որ իրենք երկար ժամանակ է, որ համագործակցում են «Կովկաս» կենտրոնի հետ Իհարկե այդ մասին նա կարող էր և չասել, որովհետև «Կովկաս» ինստիտուտի թուրքամետ գործունեությունը գաղտնիք չէ, որովհետև դա արդեն բացահայտված իրողություն է. փաստ, որին մեր հասարակության մի մասը, չգիտես ինչու, չափից ավելի «ըմբռնումով» է մոտենում։
Ի դեպ, նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մտնել դահլիճ։ Նրանց ճանապարհը, ինչպես և սպասվում էր, փակվեց։
Սեմինարի ընթացքում Գյորգյուլուի ելույթը սպասվում էր ընդմիջումից հետո` սեմինարի երկրորդ հատվածում։ Կարևորն այն չէ, թե ի՞նչ կասի նա հայ-թուրքական արձանագրությունների ու երկու երկրների միջև կատարված ու կատարվելիք դիվանագիտական քայլերի մասին. Նրա կարծիքը մեզ բոլորովին չի հետաքրքրում։ Ցավալին այն է, որ մենք թույլ տվեցինք Հայաստան ոտք դնել մի մարդու, ով հանդգնել է ժխտել Հայոց Ցեղասպանությունը և դրանով իսկ ոտնձգություն կատարել պատմական արդարության դեմ։
Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցադիմումին (հայերեն և անգլերեն), «Կովկասի ինստիտուտի» հրապարակած գրքում առկա ժխտումների օրինակներին և դատական գործի այլ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.