Տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը դիտվում են որպես հանցանք, իսկ մեզանո՞ւմ…
Աղբյուր` Armar.am, 01.12.2009
Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։ Գրքի նախաբանում, իհարկե, Ա. Իսկանադարյանը նշում է, որ հատորի հեղինակներն արտահայտում են իրենց անձնական տեսակետները, սակայն հարց է ծագում, ի՞նչն է դրդել վերջինիս թարգմանել, հրապարակել և տարածել այդ գրականությունը ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ընդ որում, այդ ամենն անել իր ղեկավարած հաստատության միջոցների հաշվին:
Դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, թիվ 10 դահլիճ)։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում նմանատիպ դատական գործ քննելու պրակտիկա մինչ այժմ չի եղել, և սա այդօրինակ առաջին հայցն է։
Միջազգային փորձը
Հատկանշական է, որ Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը տարբեր երկրներում որպես հանցանք են դիտվում: Ինչպես նկատում է Արմեն Այվազյանը նման դատավարություններ տեղի են ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Շվեյցարիայում, սակայն դրանք երբևէ չեն համադրվել և ուղղորդվել հայկական ընդհանուր կենտրոնից, առավել ևս չեն արվել ապագային միտված պատշաճ եզրակացություններ. «Այսինքն, քայլեր չեն արվել՝ այդ դատավարությունները դիտելու մեկ ընդհանրության մեջ, ըստ այդմ՝ մշակելու դատաիրավական և օրենսդրական համապատասխան գործունեության համալիր ծրագիր ։ Ըստ արժանվույն չեն վերլուծվել նույնիսկ այն մի քանի տասնյակ բանաձևերը, որոնցով աշխարհի մի շարք երկրներում ճանաչվել է Հայոց Ցեղասպանությունը»։ Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանում այդ գործով վաղուց ի վեր պետք զբաղվեին ՀՀ Գլխավոր դատախազությունն ու ՀՀ արտգործնախարարությունը. «Հատկապես, 1998թ. հետո, երբ ցեղասպանության խնդիրը մտավ մեր պետության արտաքին քաղաքականության օրակարգ, դրանով պետք է զբաղվեր Հայաստան պետությունը։ Այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն իր առջև խնդիր է դրել, ի մի բերել այդ տեղեկատվությունն ու մատուցել այն մեր հասարակությանը առանձին կայքով՝ www.ardarutyun.org»,- ընդգծեց Ա.Այվազյանը։
Ի՞նչ է պետք անել
Արմեն Այվազյանի կարծիքով, այս ուղղությամբ հարկավոր է լուրջ աշխատանք իրականացնել օրենսդրական, դատաիրավական, կրթադաստիարակչական ոլորտներում։ Այդ ճանապարհին չպետք է անտեսվի և ոչ մի «մանրուք»։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենի համոզմամբ՝ Իսկանդարյանի նախաձեռնությամբ տպագրված գիրքն՝ իր բովանդակությամբ, նաև դրանից բխող հետևանքներով, նախ և առաջ, պետք է մտահոգեր մեր պետական այրերին. «Նրանք պետք է կոնկրետ խափանիչ միջոցներ ձեռնարկեին այս հրապարակման կապակցությամբ՝ ՀՀ գործող օրենքները կիրառելով»։
Ա. Այվազյանն ընդգծեց, որ իրենց կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո, նշյալ խնդրի հետ կապված որոշակի աշխուժացում է նկատվել։ Հայցադիմումը դատարան ներկայացնելուց 11 օր անց ՀՅԴ-ի պատգամավորական խմբակցությունը օրինագիծ է ներկայացրել խորհրդարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 397.1 հոդվածում փոփոխություններ մտցնելու համար։ Նախագծով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց Ցեղասպանությունը «հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ ուրանալու համար»: Գործող քրեական օրենսգրքի 379.1 հոդվածով արդեն իսկ սահմանված է քրեական պատասխանատվություն ոչ միայն ցեղասպանության, այլև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանք արդարացնելու համար: ՀՅԴ-ի նպատակն էր հասնել նրան, որ քրեական պատասխանատվություն սահմանվի` հե´նց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց Ցեղասպանության ուրացման փաստերի դեմ: Ընդ որում, առաջարկվում էր այդ հանցագործության համար նախատեսել ոչ թե մինչև 4, այլ` մինչև 5 տարվա ազատազրկում: Ա. Այվազյանի կարծիքով, սա խիստ ուշացած և թերամշակ նախաձեռնություն է, սակայն, ընդունվելու դեպքում, կարող է որոշակիորեն բարելավել օրենսդրական դաշտում Հայոց ցեղասպանության հերքման հարցում անպատասխանատու վիճակը։
Սակայն այս նախագծին դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը նման օրենքի ընդունման անհրաժեշտություն չունի: Վերջինիս մեկնաբանությամբ, նման օրենքի ընդունումը հայ-թուրքական ներկայիս բանակցային գործընթացի համար «լրջագույն խնդիրներ» կստեղծի։
«Հարությունյանն ավելի ճիշտ կաներ, եթե անհանգստություն հայտներ, որ այսօր Թուրքիայի քրեական օրենսգրքում առկա է և քանիցս գործադրվել է 301 հոդվածը, որով այդ պետությունում Հայոց Ցեղասպանության փաստի ընդունումը քրեորեն պատժելի արարք է դիտվում։ Լավ իմանալով, որ Թուրքիայում գործում է 301 հոդվածը, ՀՀ իշխանությունները համաձայնվել են հայ-թուրքական տխրահռչակ «Արձանագրություններ»-ում ներառել պատմական հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծման մասին կետը, որն անխուսափելիորեն անդրադառնալու է Հայոց ցեղասպանությանը։ Այսինքն՝ թուրքերն ի սկզբանե օրենսդրորեն զրկել են այդ հանձնաժողովում գործուղվելիք իրենց ներկայացուցիչներին Հայոց Ցեղասպանության հարցին անկախ, ազատ, գիտական անաչառությամբ մոտենալու հնարավորությունից»,-նկատում է Արմեն Այվազյանը։
ՀՀ օրենսդրության մեջ այս բացը լրացնելու ճանապարհին, կարելի է ասել, կես քայլ առաջընթաց է գրանցվել այնքանով, որ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարել է, թե դիմել է կառավարություն, որպեսզի ուժեղացվի 397.1 հոդվածը։ «Այսինքն՝ մեր հայցադիմումը խթան հանդիսացավ, որպեսզի Հայոց ցեղասպանության ժխտման և դրա համար նախատեսվող պատժի բարձիթողի վիճակում թողնված հարցը մուտք գործի օրենսդրական դաշտ՝ առայժմ գոնե քննարկումների և նախագծերի տեսքով, ինչն ինքնին դրական, թեև ամենևին ոչ բավարար, զարգացում է»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը։
Գոհար Փիլթոյան
2 Responses to “Տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը դիտվում են որպես հանցանք, իսկ մեզանո՞ւմ…”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Այսօր, երբ ֆրանսիայի Հայ-դատի ջանքերով ցեղասպանությունը դատապարտող, պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացվում խորհրդարան, ցավալիորեն պիտի փաստենք, որ հայ օրենսդիրներից’ հանձինս Դավիթ Հարությունյանի, ընդդիմանում է :
Ցեղասպանություն տեսած մեր ազգի թիվ մեկ օրենքը դա պետք է լիներ: Կարծում եմ, եթե հարգարժան Արմեն Այվազյանի բացահայտումներն ու հետևողականությունը
չլիներ’ Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ դատական հայց ներկայացներ, երևի խորհրդարանականների մտքի ծայրով անգամ չանցներ այդ օրենքի անհրաժեշտությունը:
Ինչպես ասում են. լավ է ուշ, քան երբեք:
Շատ շնորհակալ ենք Գոհար, շարունակէք աշխատանքները անյապաղ։ Մենք բոլորս ձեր հետն ենք։ Վա՜յ այն դատաւորին որ այս հարցին արդար լուծում չգտնի։