Արձանագրություններ և խորհրդարան. հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն անցնում է խորհրդարան

Print Print Email Email

Աղբյուրը՝ Armenianow.com, 02.10.2009

Հինգշաբթի Ազգային ժողովում խորհրդարանական հատուկ լսումների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, պաշտպանեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագահի որդեգրած քաղաքականությունը:

Դիմելով հավաքվածներին, որոնց թվում էին ոչ պատգամավոր քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնել են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը:


Արտգործնախարարն անդրադարձավ հասարակության լայն զանգվածներին հուզող առավել հնչեղություն ունեցող հարցադրումներին: Իշխանության քննադատները կարծում են, որ Սարգսյանի վարած քաղաքականությունը զիջումներ է ենթադրում Հայոց ցեղասպանության ճանաչման և տարածքների պահանջման գործընթացում: Նրանք նաև վտանգներ են տեսնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող առանձին բանակցային գործընթացի հետ:

«Այս ամբիոնից ևս մեկ անգամ պատասխանում եմ հնչած մտահոգություններին և անգամ մեղադրանքներին: Արդյո՞ք առկա են նախապայմաններ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում: Ո’չ, և մեկ անգամ ևս ոչ: Կասկածի տա՞կ ենք առնում Հայոց ցեղասպանության փաստը, խոչընդոտում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո՞ւմը: Ո’չ, և մեկ անգամ ևս ոչ: Գոյություն ունի՞ կապ նախաստորագրված փաստաթղթերի և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջև: Ո’չ, և մեկ անգամ ևս ոչ»:

Մինչ խորհրդարանի մեծամասնությունը կազմող կուսակցությունները օգտագործում էին ամբիոնը` ներկայացնելու համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առնչվող իրենց դիրքորոշումը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես եկան քննադատություններով և իրենց մտահոգությունները հայտնեցին արձանագրությունների առնչությամբ:

«Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը հեգնանքով հայտարարեց, որ արձանագրությունները «հայելի են այն «ուժեղ» պետության, որը կառուցել են Հայաստանի իշխանությունները այս տարիների ընթացքում»:

Ներկայացնելով իր կուսակցության դիրքորոշումը, որ արձանագրությունները նախապայմաններ են պարունակում, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ «եթե մեկին ուզում են թունավորել, բաժակի վրա թույն չեն գրում»:

Դաշնակցության մեկ այլ հայտնի անդամ` Վահան Հովհաննիսյանը մասնավորապես քննադատեց իշխանություններին միջկառավարական ենթահանձնաժողով ստեղծելու առնչությամբ (որը շատ քննադատներ համարում են զիջում): Ենթահանձնաժողովի նպատակն է «երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցում ու առաջարկների ձևակերպում», ինչը ենթադրվում է որպես համաձայնություն ուսումնասիրել, այսինքն` հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը:

«Դուրս է գալիս, որ այդ ապացույցներն այնքան էլ ծանրակշիռ չեն, նորերն են պետք։ Կարծում եք` այստեղ հայկական դիլետանտիզմը կառավարման համակարգի մեջ իրեն չի՞ դրսևորում»,- հարցրեց Հովհաննիսյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես կասկածի տակ դրեց արձանագրությունների վերաբերյալ բանակցությունները վարած դիվանագետների պրոֆեսիոնալիզմը. «Արդյոք նրանց կազմում եղե՞լ է միջազգային իրավունքի որևէ մասնագետ,- հարցրեց նա: – Եթե եղել է, ուրեմն մեր դիվանագետները խայտառակ են եղել ամբողջ աշխարհում: Իմ կարծիքով` մեր դիվանագետների մասնակցությունը եղել է կամ նվազագույն, կամ ընդհանրապես չի եղել»:

ԱԺ նախկին խոսնակ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը քննադատել է իշխանություններին` հայտարարելով, որ Հայաստանը գնացել է զիջումների Թուրքիային` փոխարենը չստանալով ոչինչ: Ըստ Թորոսյանի`այն, ինչ ակնկալվում է Թուրքիայի կողմից, օրինակ` սահմանի բացումը, դրանք ոչ թե զիջումներ են, այլ Թուրքիայի`միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններ:

Արձանագրությունների վավերացմանը դեմ արտահայտվեց նաև Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը: Ըստ նրա` փաստաթղթերը մերժելու համար կան «քաղաքական, տնտեսական ու իրավական» բոլոր հիմքերը: Բացի այդ, դրանք հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

«Պոլիտէկոնոմիա» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը որակեց «քիրվայություն»:

Հատկապես բուռն էին ծափահարությունները «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի ելույթից հետո:

«Ի՞նչ են նշանակում [Թուրքիայի] վարչապետ Էրդողանի լկտի խոսքերը` ձերբազատվեք սփյուռքի ազդեցությունից, սփյուռքը ձեզ լավ բան չի տալիս: Սա գաղութարարի խոսք է` գաղութացրած պետության ղեկավարությանն ուղղված: Սփյուռքը հայ ժողովրդի նրանց ստեղծած միավորն է: Հիմա ուզում են, կտրելով սփյուռքը Հայաստանից, վերացնե՞լ այն: Հայությանը զրկում են միասնական հայրենիքի գաղափարի՞ց: Որից հետո գալու է Հայաստանի՞ հերթը»,- ասաց Այվազյանն իր հուզառատ խոսքում:

Ինչպես և սպասվում էր, իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, հատկապես` Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից, չընդունեցին այդ քննադատությունը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Թուրքիան է, որ պետք է մտահոգվի միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումից:

«Խորհրդակցել եմ շատ պատմաբանների հետ և հանգել եմ մի եզրակացության՝ այստեղ մտածելու բան ունի այն կողմը, որը մշտապես կեղծել է պատմությունը, այսինքն` Թուրքիան։ Այս ենթահանձնաժողովը կարող է դանդաղ գործարկման ռումբ դառնալ Թուրքիայի համար»,- ամփոփեց Շարմազանովը:

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.