Դասախոսություն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Պատրիոտ» ակումբում

Print Print Email Email

Արմեն Այվազյան՝ «Այսօր մեր խաղը պայքարն է»

Ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությունը՝ «Հայկական ինքնության արդի հիմնախնդիրները կամ ո՞վ է հայը» թեմայով: Այն կազմակերպել էր «Պատրիոտ» ակումբը` ՀԱՀ-ի շրջանավարտների ընկերակցության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին շուրջ 40 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, այլ հետաքրքրված անձինք։

Բանախոսը նախ և առաջ ուրվագծեց այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու հայ ազգը։ «Խորհրդային Միության փլուզմամբ Հայաստանը հայտնվեց այնպիսի խոցելի, պաշտպանական խորությունից զուրկ սահմաններում, որ ռազմական մեկ խոշոր պարտությունը և Արցախի կորուստը կարող էին նշանակել Հայաստանի վերջը: 1990-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու չեզոքացնել ադրբեջանական ագրեսիան: Բայց այսօր կրկին Հայաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի և թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգի առաջ: Ուստի հենց ա՛յս իրավիճակից ելնելով էլ պետք է քննել հայկական ինքնության հարցը», – մեկնաբանում է Արմեն Այվազյանը:

Անժխտելի է, որ հայոց նորանկախ պետականության ամրապնդման գործում ազգային ինքնությունը ռազմավարական արժեք ու ռեսուրս է։ Այսօր տարբեր սխալ ու թերի ընկալումներ կան հայկական ինքնության բովանդակության, կառուցվածքի, դիմադրողականության մասին։ Խիստ կարևոր է, սակայն, հիմունքային նշանակության հարցերում ընդհանուր համաձայնության հասնելը, հենվելով իրականության սթափ և ճշգրիտ գնահատականի վրա:

Ա. Այվազյանը ներկայացրեց հայկական ինքնության չափանիշները: Հայ է նա, ով` /Հայը նա է, ով`
1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում` ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում։

Այսօր կան հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ցավոք կորցրել են հայրենիքի ճիշտ ընկալումը: Ծնվելով մի երկրում, բնակություն հաստատելով մյուսում և քաղաքացիություն ստանալով երրորդում` նրանք ասում են, որ ունեն մի քանի հայրենիք, որոնցից Հայաստանը` ընդամենն իրենց պապերի հայրենիքն է: Մինչդեռ հայրենիքը այն երկիրն է, որում կազմավորվել է տվյալ ազգը, կառուցվել է նրա պետականությունը, ստեղծվել և զարգացել է նրա մշակույթը։ Հայրենիքին մարդիկ նվիրվում են անմնացորդ: Խաթարվել է Հայաստան հայրենիքի բուն գաղափարը։ Շատերը սխալմամբ կարծում են, թե Արևմտյան Հայաստանը արևմտահայերի հայրենիքն է, իսկ Արևելյան Հայաստանը՝ արևելահայերինը։ Այսպիսի աղճատված մոտեցումների հետևանք է նաև «արցախցի-հայաստանցի» արհեստական բաժանումը: Արմեն Այվազյանը բացատրում է. «1991թ.-ին Արցախի Հանրապետության հռչակումը մարտավարական և դիվանագիտական քայլ էր ընդամենը` հետագայում Հայաստանի հետ վերամիավորման համար: Սակայն այդ մարտավարական հնարքն այսօր, 17 տարի անց, դարձել է հիմք, և հասարակ քաղաքացիներն ու նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն սկսել են Հայաստանն ու Արցախը դիտել որպես ռազմաքաղաքական առանձին միավորներ»:
2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ:
3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ:
4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները։

Այսօր ցավոք հայկական Սփյուռքը նահանջ է ապրում հայապահպանության առումով, մինչդեռ հայկական ինքնության պահպանման միակ ու վերջնական տարբերակը հայրենադարձությունն է: «Մեր նպատակը պետք է լինի հայկական պետականության ամրապնդումը և հայերի վերամիավորումն այդ պետականության ներքո՝ հայրենի հողի վրա»:
5. Հայոց լեզվի և մշակույթի կրողն է, կամ ձգտում է դառնալ այդպիսին, քանի որ անժխտելի փաստ է, որ լեզուն է հայկականության պահպանման գլխավոր միջոցը, և մեր ազգային համակարգն էլ հիմնված է լեզվի վրա:
6. ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր զավակներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով։

Այս չափանիշները գիտական մոտեցումների վրա են հիմնված և զերծ են հուզականությունից։ «Հայկական պետությունը դեռևս կայացման փուլում է։ Հայաստանի աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ յուրաքանչյուր հայ մարդ պատասխանատվություն է կրում հայրենիքի ճակատագրի համար: Մեր օրերում հայն անդամ է մի թիմի, որի խաղը պայքարն է, ավելի ստույգ՝ գոյապայքարը։ Անհնար է միաժամանակ և՛ ազգ-թիմի լիարժեք անդամ լինելը, և՛ մեզ պարտադրված այդ խաղից դուրս գալն ու դիտորդի դեր ստանձնելը»,- ասում է քաղաքագետը: Ընդհանրացնելով ասվածը, Արմեն Այվազյանը եզրակացրեց. «մերօրյա պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով»։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
19 մայիսի, 2008թ.


One response so far

One Response to “Դասախոսություն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Պատրիոտ» ակումբում”

  1. Մարտիրոսon 26 May 2008 at 4:51 am

    Շնորակալություն,
    Ձեր բյուրեղացրած այս հանգույցներով ավելի արդյունավետ կարող է դառնալ մեր բոլորիս աշխատանքը։

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.