ՀՀ արտաքին քաղաքականության սխալները պետք է շտկվեն

Print Print Email Email

Աղբյուրը՝ Idefacto.am, 10.07.2009թ.

Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

-Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:
-Այսօր հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են նույն վիճակում, ինչ վերջին 18 տարիների ընթացքում: Ես բազմիցս իմ հոդվածներում, ելույթներում նշել եմ, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա հակամարտություն: Եթե խնդիրն այդպես ձևակերպենք` հայ-թուրքական հակամարտությունը, իրավիճակը շատ ավելի հասկանալի կլինի: Հակամարտությունը ոչ միայն պատմական, այլև ներկա խորքային իրողություն է: Հակամարտության սկզբնաղբյուրը Թուրքիայի նպատակն է` ոչնչացնել Հայաստանը: Սա հենց այն հիմնական խնդիրն է, որ մեր քաղաքական վերնախավն անկախության հաստատումից ի վեր չի ուզում տեսնել և աչքերը փակում է դրանից բխող` Հայաստանի և հայության դեմ իրականացվող տասնյակ թշնամական գործողությունների վրա: Արդեն 18 տարի Թուրքիայի այդ գործողություններն անպատասխան են մնում: Սերժ Սարգսյանը ժառանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականության սխալ ուղղություններն ու տրամաբանությունը, որոնք այսօր բերում են ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականության կրախին: Մինչ այժմ խնդիրները պարզապես կուտակվում էին, իսկ այսօր արդեն եկել է երկարամյա սխալ քաղաքականության և անգործության պտուղները քաղելու ժամանակը Հայաստանի արտաքին քաղաքականության պարտություններն ակնհայտ են:
-Ինչո՞վ կհիմնավորեք Ձեր ասածը:
-Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի կարծրանալու և ուղղակի լկտիանալու փաստով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանին օկուպանտ անվանող փաստաթղթով, Թուրքիայի առաջադրած նախապայմանների մի մասի ընդունմամբ, այդ թվում՝ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն ՀՀ կապիտուլյանտական համաձայնությամբ, ապրիլի 24-ի նախօրեին հայ ժողովրդի թիկունքում թուրքերի հետ ստորագրված ստորացուցիչ «ճանապարհային քարտեզ»-ով, Հայաստանի բռնազավթված արևմտյան մասը մոռացության մատնելու ՀՀ բարձրագույն պաշտոնյաների փորձերով, ՀՀ կառավարության՝ Թուրքիային ուղղված հայկական նոր ԱԷԿ-ի բաժնետեր դառնալու անհեթեթության աստիճանի վտանգավոր առաջարկությամբ, տեղեկատվական պաշտպանության դաշտում ՀՀ լիակատար կաթվածահարությամբ… Կարելի է այս ցանկը շարունակել մասնակի բազմաթիվ դեպքերով։ Օրինակ, Իսլամական համաժողով կազմակերպության վերջին որոշման մեջ կա Խոջալուի դեպքերն իրենց երկրների դասագրքերում ընդգրկելու մի կետ: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Որովհետև մեր դիվանագիտական կառույցները ոչ միայն վատ են աշխատում, այլև շատ դեպքերում չեն էլ աշխատում, չեն էլ հակադարձում այն բոլոր հակահայաստանյան ու հակահայկական գործողություններին, որ չափազանց ակտիվորեն մեր դեմ իրականացվում են: Այս մասին խոսել և նախազգուշացրել ենք տարիներ շարունակ: Կամ` ֆուտբոլային դիվանագիտությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և իրենց արտաքին գործերի նախարարների քաղաքականության բոլոր սնանկ կողմերը եկան ու վարդի պես բացվեցին ֆուտբոլային դիվանագիտության մեջ: Երեք նախագահների` Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության մեջ չնչին տարբերություններ կան։ Եթե Ռոբերտ Քոչարյանը եկավ ու ասաց` արտաքին քաղաքականության մեջ ես մտցնում եմ ցեղասպանության ճանաչումը, դա ընդամենը կոսմետիկ քայլ էր, որովհետև խնդիրն ամենևին ցեղասպանության ճանաչումը չէ, այլ Հայկական հարցը, Հայաստան պետության անվտանգության համար անհրաժեշտ տարածքային ու քաղաքական երաշխիքների ապահովումը: Թուրքիայի հետ հարաբերություններում այս տարածքային խնդիրը մնացել է անտեսված ՀՀ բոլոր իշխանությունների կողմից: Ֆուտբոլային դիվանագիտությունը կառուցված էր օդի վրա, մեռելածին էր, վերջին մեկ տարվա ընթացքում ես բազմիցս եմ հանդես եկել վերլուծություններով և նախազգուշացումներով, որ դա միայն վնասելու է Հայաստանին: Ի՞նչ ունենք այսօր: Արդեն մեծ կորուստներ:
-Որո՞նք են այդ կորուստները:
-Առաջին` ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը միջազգային ասպարեզում։ Միջազգային հանրությունն ասում է` «Հայաստանը և Թուրքիան վարում են արդյունավետ բանակցություններ և պետք չէ խանգարել». այս պատրանքը Թուրքիան հաջողությամբ ներարկել է ամբողջ աշխարհին: Երկրորդ` Թուրքիան փորձում է ագրեսիվ կերպով մտնել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մեջ` որպես միջնորդ, իսկ Հայաստանն էլ օժանդակեց Թուրքիային՝ մասնակցելով Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումներին: Իսկ ինչի՞ մասին պիտի իրար հետ խոսեին երեք նախագահները և արտգործնախարարները, եթե ոչ Ղարաբաղի։ Եղանակի՞: Ինչպե՞ս կարելի էր գնալ նման հանդիպումների, երբ երկու դաշնակից պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ունեն միևնույն նպատակը՝ բռնազավթել Արցախը, որի մասին շատ պարզ արտահայտվել են միշտ: Երրորդ` Թուրքիայի կառավարությունն այսօր արդեն հանդգնում է հայտարարել` «Մենք պիտի հասնենք նրան, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանը ճանաչի որպես օկուպանտ պետություն»: Մինչև այսօր Հայաստանը չի համարձակվել միջազգային ասպարեզում Թուրքիային մեղադրանք ներկայացնել, որ իրավունք չունի խոսելու օկուպացիայի մասին, որովհետև ինքն է իսկական օկուպանտը, որը բռնազավթել է Արևմտյան Հայաստանը, այն էլ վայրագորեն` ցեղասպանության միջոցով: Նույն քաղաքականությունն էլ շարունակում է տեղեկատվական դաշտում` իրականացնելով բազմալեզու հակահայկական քարոզչություն, կեղծելով հայոց պատմությունն ու մշակույթը։ Այժմ արդեն թուրքերն արևելահայերենով հեռուստահաղորդումներ են սկսել հեռարձակել, ընդ որում` Հայաստանի համաձայնությամբ. անցյալ տարվա աշնանը Հանրային հեռուստատեսության տնօրեն Ալեքսան Հարությունյանը թուրքական TRT հեռուստառադիոըկերության հետ Անկարայում մի պայմանագիր կնքեց, որի բովանդակությունը մինչև այսօր չենք տեսել, թեպետ բազմիցս եմ կոչ արել հրապարակել այն: Վերջերս էլ ասուլիսում նախագահի աշխատակազմին կից ստեղծված տեղեկատվական նոր կառույցի ղեկավարին հարցնում են` ինչպե՞ս եք վերաբերվում թուրքական այդ նախաձեռնությանը, նա էլ պատասխանում է` դրական, եթե պիտի օբյեկտիվ տեղեկատվություն հեռարձակվի: Ո՞Ւմ ենք խաբում, մի՞թե պարզ չէ, որ թուրքերի տեղեկատվությունը լինելու է ոչ օբյեկտիվ: Վերջապես` «ճանապարհային քարտեզը»: Ինչո՞ւ մինչև այսօր այն չի հրապարակվել։ Սկզբից ասացին` մայիսին կհրապարակվի: Չէ՞ որ սա ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների (ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն ստանալու (հ. 27) և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական մարմիններից պատշաճ պատասխան ստանալու (27.1) սահմանադրական իրավունքները) խախտում է, նաև՝ պետական ավանդույթի խախտում. կնքվել է միջպետական պայմանագիր, ինչո՞ւ մինչև այսօր քաղաքական ուժերն ու հասարակությունն այն չեն տեսել: Սակայն գիտենք արդեն այդ տխրահռչակ փաստաթղթի մեջ եղած մի քանի կետերի մասին: Կետերից մեկը պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն է վերաբերում։ Այժմ ՀՀ իշխանությունների որոշ կամակատարներ փորձում են ապացուցել անապացուցելին, թե իբր այդ հանձնաժողովը Հայաստանին օգուտ կտա: Թուրքերի անիրականանալի թվացող երազանքներից էր սա` ստեղծել պատմաբաններից բաղկացած հայ-թուրքական հանձնաժողով և դրանով մեկընդմիշտ կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը։ Ինչքան ուզում ես ապացուցիր, դիմացի կողմն իրական գիտական բանավեճի մեջ մտնելու խնդիր չունի, գալու է ու գործընթացը ձգձգի։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները զիջել են և այս ստեղծվելիք խայտառակ հանձնաժողովի հարցում։
-Այնուհանդերձ, եթե հայ-թուրքական հարաբերություններ հասկացություն գոյություն չունի, հակամարտություն հասկացությունը` ևս: Թե ինչ հաջողություններ ու ինչ ձախողումներ ունեն դիվանագետները, հարցի մի կողմն է, գուցե ի սկզբանե է արվել սխալը` Հայաստանը չունի հստակ պատասխան «ի՞նչ է ուզում Թուրքիայից» հարցին: Ի՞նչ է նշանակում ցեղասպանության ճանաչում: Յուրաքանչյուր երկիր իր համար պիտի ունենա փոխհարաբերությունների հաստատմանը խանգարող հարցերի սեփական պատասխանները և փորձի համաձայնեցնել, իսկ առայժմ արվում են քայլեր, որոնք բխում են գերտերությունների շահերի համադրումից:
-Եթե Հայաստանն իր դեյուրե ունեցած անկախությունը չկարողանա արագորեն վերածել դեֆակտո անկախության և գոնե ազգային անվտանգության կենսական ոլորտներում ինքնուրույն քաղաքականություն վարել, այլևս իմաստ չի ունենա որևէ բանի մասին խոսելը: Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա ոչ թե մենք ենք Թուրքիայի դեմ հակամարտում, այլ Թուրքիան է շարունակում Հայաստանի դեմ թշնամական գործողությունները` նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանը:
-Իսկ ի՞նչ է տալու Թուրքիային Հայաստանի ոչնչացումը:
-Աշխարհաքաղաքական կշռի կտրուկ աճ, տարածաշրջանային միակ գերտերության կարգավիճակ, «հայկական գլխացավանքի» վերացում, տարածաշրջանից Ռուսաստանի վտարում, Իրանի հյուսիսում ապրող թրքախոս զանգվածի միջոցով ծավալապաշտական նոր ծրագրերի իրականացում, Միջին Ասիայից նավթի և գազի նոր խողովակաշարեր, իր տարածքի վրայով լրացուցիչ էներգակիրների տարանցում դեպի Եվրոպա և այլուր, լրացուցիչ լծակներ և շատ այլ քաղաքական, ռազմական և առևտրատնտեսական շահույթներ… Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր միջոցներով՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա իրականացվելու գործում, հուսալով, որ Ադրբեջանը կօկուպացնի Արցախը, այնուհետև՝ Սյունիքը՝ Հայաստանին անելով մատ երկու քայլից:
-Ես նման հեռանկարը հավանական չեմ համարում, առավել ևս, որ 18 տարին բավական ժամանակ էր` համոզվելու, որ դա հնարավոր չէ անել, եթե հնարավոր լիներ, չէին հապաղի ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը:
-1915 թ. ո՞նց արվեց: Պատերա՞զմ էր:
-Պատերազմն իր հերթին, բայց ինչո՞ւ եք կարծում, որ տարածաշրջանում Թուրքիայի նման ուժեղացումը կհանդուրժեն ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը:
-Պատմական փորձ ունենք։ Մեր հույսն օտար ուժերի վրա դնելու իրավունք չունենք։ Որքան մեզ վրա հենվենք, այդքան ավելի հավանական է դաշնակիցների օժանդակությունը։ Բայց կա նաև Հայաստանի ոչնչացման ժողովրդագրական ծրագիրը…
-Այսինքն` 70 միլիոնանոց Թուրքիայի դեմ մեր` աշխարհում 10, Հայաստանում 3 միլիոնով շա՞տ ենք քիչ:
-Հայաստանի բնակչության, Թուրքիայի և Ադրբեջանի բնակչության թվերը համադրելը ժողովրդագրական խոշորագույն խնդիր է մատնանշում: Այսօր Հայաստանից շարունակվում է որակյալ մասնագետների արտագաղթը, իսկ ներգաղթի մասին մտածող չկա, ոչ մի լուրջ կազմակերպական աշխատանք չի կատարվում: Վերադառնալով հայ-թուրքական հակամարտությանը, նկատեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահը, հանդիպելով Կիպրոսի նախագահին, եզրափակիչ ասուլիսի ժամանակ վերջին տարվա ընթացքում առաջին անգամ ընդունեց, որ Թուրքիան չի կատարում իր պարտավորությունները, այսինքն` կողմնակիորեն ընդունվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության անհաջողությունները: Լավ, սխալվել ենք: Դաժանորեն ենք սխալվել: Սրանք ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթի սխալներ էին… Հիմա ի՞նչ պետք է անել: Կրկնեմ, որ, նախ, մենք իրավունք չունենք թելադրանքի ենթարկվելու այն ոլորտներում, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության կենսական շահերին: Մենք իրավունք չունենք մտածելու` ինչ կհանդուրժի ԱՄՆ-ը, ինչ չի հանդուրժի Ռուսաստանը, մենք ինքներս պետք է մտածենք՝ ինչ անել:
-ՀՀ նախագահի այդ հայտարարությանը ի՞նչ կարող է հաջորդել:
-Ես շատ կցանկանայի, որ ՀՀ նախագահն ընդուներ իր վերջին տարվա քաղաքականության սխալները, գոնե վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին քաղաքականության բնագավառում՝ և՛ ֆուտբոլային դիվանագիտությունը, և՛ «ճանապարհային քարտեզ»-ի ստորագրումը, ու հնարավորինս շուտ ձերբազատվեր այդ սխալներից: Այդ սխալներն արագ պետք է ուղղել: Ընդ որում, ոչ կոսմետիկ ճանապարհով, ինչպես առաջարկում է, օրինակ, Վարդան Օսկանյանը` թող հայ-թուրքական բանակցություններն ավելի քիչ հրապարակայնություն ունենան: Իբր հիմա հրապարակայնության ինչ-որ նշույլներ կան:
-Լավ, եթե ընդունենք, որ սխալ է եղել, ինչպե՞ս շտկել:
-«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն ապրիլի 30-ին նախաձեռնել էր մասնագետների մասնակցությամբ լուրջ քննարկում, որտեղ մի քանի կետից բաղկացած հայտարարություն-պետիցիա ընդունվեց։ Այդ նույն օրն այն ստորագրեց 55 հոգի, այնուհետև համացանցում նրանց միացան ավելի քան 800 հայրենակիցներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Ապրիլի վերջից մինչև այսօր իրավիճակն առանձնապես չի փոխվել։ Դա նշանակում է, որ պետիցիայի պահանջների կիրառումն այժմ էլ հրատապ է:
-Ի՞նչ եք պահանջել:
-Անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։ Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։ Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են համաձայնագրի ընդունմանը: Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում օրենքների տեսքով։
-Չե՞ք կարծում, որ արտաքին գործերի նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխի, եթե կա ձախողում, նրա հրաժարականն ընդամենը քավության նոխազ գտնել ու հարցը փակել է նշանակում:
-Հասկանալի է, որ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, բայց պահանջել նրա հրաժարականը որևէ կերպ չի նշանակելու, որ մենք կխուսափենք Թուրքիայի նկատմամբ ավանդաբար սխալ տարվող քաղաքականությունից: Նախագահի հրաժարականը համակարգային խնդիր է, և շատ բարդ է դրան հասնել` մեկ, երկրորդ` որևէ երաշխիք չկա, որ հաջորդ նախագահը չի շարունակի նույն գիծը: Փորձը ցույց է տվել, որ հայ-թուրքական հակամարտության հարցերում նրանց քաղաքականությունը մոտավորապես նույնն է` կոսմետիկ տարբերություններով: Երրորդ` նախարարի հրաժարականն աշխարհում ընդունված խորհրդանշական քայլ է, որը նշանակում է, թե փոխում ես քո քաղաքականությունը, և այդ կերպ առանց ցնցումների կարելի է շտկել կատարված սխալները: Եվ ընդհանրապես` ձախողումների համար պատասխանատվություն կրողներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ:
-Եթե նույնիսկ արտաքին գործերի նախարարին քավության նոխազ ենք դարձնում, իսկ Ձեր մեկնաբանությամբ` իսկապես այդ ենք անում, Դուք նաև խնդիր եք դնում հայ-թուրքական բանակցությունները դադարեցնել մինչև… և թվարկում եք կետեր, որոնք գուցե 1, գուցե 10 տարվա լուծման հեռանկար ունեն: Դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից:
-Դուք, ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավը, չեք ուզում ընդունել հիմնականը, որ Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է և վարում է թշնամական քաղաքականություն իր հարևան ու ցեղասպանության զոհ երկրի նկատմամբ: Շարքային հայ քաղաքացու հոգեբանությունն էլ հաճախ այդպիսին է` տեսնում են հզոր Թուրքիա ու մտածում, որ այդ հզոր հարևանի հետ չեն կարող հարցերը լուծել, մնում է բանակցելը, բայց այդ բանակցությունը միայն վնասներ է բերում, որովհետև Թուրքիան զուգահեռաբար շարունակում է իրականացնել թշնամական քայլեր և ավելի ու ավելի է ուժեղացնում ճնշումը, իսկ Դուք ասում եք` չէ, արի ընկերություն անենք։ Չի անում ընկերություն, չի ուզում: Ժամանակն է հասկանալու` հակամարտողը Հայաստանը չէ, Թուրքիան է: Այս պայմաններում բանակցությունը ձեռնտու է միայն Թուրքիային, որովհետև աշխարհը տեսնում է բանակցությունների փաստը, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չի էլ փորձում պաշտպանվել թուրքական թշնամական գործողություններից, այլ հաճույքով խաղում է Թուրքիայի պարտադրած խաղը՝ թուրքական կանոններով։ Պաշտպանվելու միջոցներից մեկը բանակցություններից դուրս գալն է, աշխարհին իրականությունը ցույց տալը։ Մյուս միջոցներն են՝ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական ծանրագույն խնդիրներին պատասխաններ գտնելը, անվտանգության ամուր համակարգ կառուցելը, տեղեկատվության և այլ ոլորտներում ակտիվ ինքնապաշտպանություն կազմակերպելը:
-Իսկ գուցե, ստիպված եմ կրկնել, սխալն այն է, որ այսքան ժամանակ ունենալով հանդերձ` իրականում անպատրաստ էինք Թուրքիայի հետ որևէ հարաբերության, որովհետև մեզ համար դեռ չենք բանաձևել` ի՞նչ ենք ուզում Թուրքիայից:
-Ճիշտ եք, դժվար խնդիր է, հայ-թուրքական հակամարտությունը բարդ կառուցվածք ունի` տարբեր շերտերով, որոնց պետք է խորությամբ ծանոթ լինի հայ պետական-քաղաքական գործիչը, այլ ոչ թե միամտաբար կարծի, թե երկու հարց լուծելով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և Հայաստանն ապաշրջափակելով, հայ-թուրքական հարաբերությունները նորմալանում են ու ստանում իրենց լուծումը:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

12 responses so far

12 Responses to “ՀՀ արտաքին քաղաքականության սխալները պետք է շտկվեն”

  1. Petrossianon 11 Jul 2009 at 8:16 am

    Yes paron Ayvazyani het 100% hamadzayn em, aynkan el bard ban chi, vonts mer jogovurde chi tesnum inch e irents spasum.

  2. Karineon 11 Jul 2009 at 8:52 am

    Սրտանց ողջունում եմ պարոն Այվազյանին,ողջունում նաև ,նրա կողմից շատ Ճիշտ և Հայաստանի համար շատ կարևոր հարցերի բարձրացման համար,ափսոսում եմ,որ նման ձևով չեն մտածում Հայաստանում, համապատասխան ղեկավարները:

  3. garegin from brusseleson 11 Jul 2009 at 10:22 am

    iharke,italy-um eryak-usa-france-russia,parz aseth madridyan chanaparh-hayer hanum en zork 5 shrzanith-bayth inch en shahum? vorn e pohadarz zichumner? lriv hamazayn em armeni het-

  4. Amram Khachatrianon 11 Jul 2009 at 3:12 pm

    Я полностью, по всем пунктам согласен с Арменом Айвазяном! Сегодня в армянское сознание со всех сторон “вдолбят”, что турки “другие”…, установление дипломатических отношений это есть “необходимость”…, если Турция откроет границы это принесет экономические и иные выгоды… Стоп! Это все сказки… Армяне, друзья, соотечественники! Ради Бога! Реально смотрите на вещи… Турция – враг Армении… и это правда…

  5. Կարապետ Մոմճեանon 11 Jul 2009 at 3:24 pm

    Պէտք է ըսել որ Պրնղ Այվազեանի տուած սպառիչ բացատրութիւններն ու վերլուծումը հիանալի ենղ Ես համաձայն եմ որ ինչ որ ալ ըլլան դիւանագիտական յարաբերութեանց ոլորտըշ Հայաստանի ու Արցախի ազգային ապահովութեան սկզբունքները Կարմիր Գծեր են, որոնց վրայէն ճամարտակութիւն կարելի չէ ընել ու շրջանցել. Հիմա թող հայ քաղաքական միտքը գայ ու վելրուծէ կացութիւնը ու նոր ժազմավարութիւն ճշդէ Թուրքիա-Ատրպէյճանի հետ յարաբերութեանց յառաչիկայ փուլի նկատմամբ:

  6. Аrmenianon 12 Jul 2009 at 6:40 am

    Թուրքի ազգային հոգեբանության մեջ կա մի այսպիսի հատկություն` որքան դիմացինը զիջող է, այնքան ավելի են լկտիանում: Ուստի Թուրքիայի նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է ավելի կոշտ լինի, որպեսզի իրենց դիմաց ուժ զգան, այլ ոչ թե` անընդհատ զիջողականություն:

    Թուրքը երբեք չի փոխվի, թուրքը մնում է թուրք և առաջ տանում պանթուրքիզմի իր քաղաքականությունը: Մեզ դարձյալ խաբում են: Մենք գործ ունենք չափազանց խարդախ, բազմիցս մեզ խաբած ժողովրդի հետ:

    Վերջում կցանկանայի մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մի օր հայությունը պիտի ների թրքության, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց հետո»:

  7. Аrmenianon 12 Jul 2009 at 8:03 am

    12.07.2009 г.

    Ներկայիս բանակցային գործընթացում մեզ ասում են. «հայե՛ր, դուք այսօր ինչ-որ բան զիջեք, իսկ դիմացը գուցե տարիներ հետո ինչ-որ բան ստանաք»: Փորձը ցույց է տալիս, որ եթե այսօր տվեցիր և այսօր չստացար, տարիներ հետո հաստատ մոռանում են:

  8. Аrmenianon 12 Jul 2009 at 9:36 am

    Армения, Нагорный Карабах и Диаспора, только выступая как единый организм, могут превратиться в организованную силу и доказать сверхдержавам и соседним странам Армении, что армяне мира не допустят нарушения их прав.

  9. Vigen Nazaryanon 12 Jul 2009 at 4:01 pm

    I am sorry, this is in English.

    What an excellent interview, with if not the only, then one of a few resolute Armenian political actors, who decidedly is not in it to feather his nest, unlike our current herd of politicians who have the knowhow of a newborn child, Dr Ayvazyan is determined and knowledgeable to the core, to save Armenia from wounds inflicted by its not so considerable, current political leaders.

    I would go further than Dr Ayvazyan as far as pleading with the President to reconsider, the position of his foreign secretary, he at best has acted as a political lightweight, and unworthy of his role. Mr President please end this suicidal madness and pull back from the brink, unlike other world politicians that owe their power and position to a few individuals and not the peoples mandate, who have no choice but to co operate with those individuals. Sir today, you have a choice, to continue with this madness and your roadmap over one and a half million of our martyred compatriots remains, and for ever be damned along with the chief designer Mr Edward Nalbandian by every living Armenian, for ever, or be remembered as the hero who was not ashamed to admit mistakes and turned back. By doing so, you will have instant support of ten million Armenians. A mandate no other Armenian political figure has ever enjoyed. Sir you are one of us yet, please stay with us, and announce the changes that Dr Ayvazyan suggests today.

  10. Մինասon 01 Aug 2009 at 2:46 pm

    Մենք միշտ պատերազմի դաշտում հաղթել ենք կռվելով գերակշիռ ուժերով թշնամու դեմ:Բայց միշտ պարտվել ենք դիվանագիտական ճակատում:Անկախ Հայաստանը այդպես էլ չունեցավ դիվանագետներ:Մեր դիվանագետները մեր կռվող եվ հաղթող տղերքի ճիշտ հակապատկերն են:Մեր արտգործնախարարների հիմնական գործն է սեփական ժողովրդին բառախաղերով մոլորեցնելը եվ աշխատելու տպավորություն ստեղծելը:Համոզված եմ որ արտգործնախարարների մեջ չի եղել եվ չկա այն մարդը ,որը ավելի շուտ հրաժարական կտա,քան թե կստորագրի մեր շահերի դեմ որեվէ փաստաթուղթ:

  11. Ակսելon 11 Sep 2009 at 8:42 pm

    Որբ դիվանագիտություն

    Հայաստանը Կովկասի ցամաքային դարպասներն է ու թուրքերը մեզանից շատ են շահագրգրված այդ դարպասները բացելու համար, դրա համար նախ օգտագործում են իրենց սիրած խաղաքարտը «բաժանիր և տիրիր» ու այնպիսի շշկռեցնող պահանջներ են դնում, որ էդ դարպասները իր համար մենք իրենց խնդրելով ու համոզելով բացենք: Թուրքերին տվյալ պահին արդեն հաջողվել է մեր քաղաքական գործիչներին գցել ցեյտնոտի մեջ: Եվ այդպիսի տարորինակ առաջարկությունները թուրքիաի կողմից, ըստիս, ունեն հենց այն նպատակը, ինչպես նշում է Ս. Քիրեմիջյանը, որ վրացիներին ասենք առանց ձեզ էլ յոլա կգնանք, ադրբեջանցոնց վրա ծիծաղենք իսկ հայաստանում իրար հետ կռվենք: Նման ցինիկ պահանջները, ցինիկ ժամկետով, դրվում են, որպիսի մենք նույնիսկ ժամանակ էլ չունենանք մտածելու իրողության մասին: Այդ քաոսում մենք չենք կարող լիարժեք գնահատական տանք Հայ թուրքական սահմանի բացմանը, որը իրականում կովկասի ցամաքային սահմանն է բացում թուրքիաի հետ: Եթե Հայաստանի տնտեսական շահերը մի վարկյան մի կոմ դնենք, որը շատ հարցականներ ունի, ակնհայտ է, որ սահամնը բացելու մեջ թուրքերը մեզանից շատ են շահագրգրված: Ինչ վերաբերվում է տնտեսական անկմանը, որը նշում է իր «Լոպազության և զոռբայության արանքում » հոդվածում Անդրանիկ Թևանյանը, թուրքերը միայն նպաստելու են այդ տնտեսական անկմանը, ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու համար: Իսկ այն մեկնաբանները, որոնք օրինակ են բերում Իրանի հետ առևտրական հարաբերություններ հաստատելու առաջին շրջանը, երբ ունեինք դժվարություններ, մոռանում են, որ Իրանի հետ մենք պատերազմական վիճակում չենք գտնվում ինչպես ադրբեջանաթուրքական դաշինքի հետ: Խաղաղությու՞ն են ուզում, շատ բարի, մենք էլ էնք ուզում ու մենք կմտածենք թե երբ պատրաստ կլինենք սահմանները բացելու: Իսկ մեզ պայմաններ թելադրելով խաղաղություն հաստատելը խաղաղություն չէ այլ կապիտուլիացիա:
    Եթե լավ մտածենք, սահմանը բացողը պիտի մենք լինենք, մեր պայմաններով և ոչ թե թուրքերը, դա ապագայում մեր ձեռքին կարղ է լինել ուժեղ լծակ քաղաքականության մեջ: Միայն Նախիջևան գնացք հասնելը նրանց համար ունի մեծ ստրատեգիական նշանակություն, էլ չեմ ասում Բակու, կրկնում եմ Ս. Քիրեմիջյանի մտքերը: Եվրոպան է մտնում կովկաս ցամաքով, Ամերիկան: Վրացական կառուցվելիք երկաթուղին կապված է ռիսկերի հետ ինչպես ֆինանսական այնպես էլ քաղաքական տեսակետից: Այնպես, որ Վրացիները նույնպես շահում են իսկ որոշ վրաստանաբնակ «քաղաքագետների» լաց ու կոցը, թե վրաստանը կորցնում է, երեք մանեթանոց լաց է իսկ արդբեջանցիներինը մեկ ու հիսունանոց լաց: Մենք պետք է վրաստանի հետ խորացնենք մեր բարիադրացական հարաբերությունները և վրացիների հետ մեկտեղ դիմակայենք սադրանքներին, որ տարվում են Հայ Վրացական հարաբերությունների մեջ և ստեղծել սեփական տնտեսական զարգացման մոդելը վրացիների հետ մեկտեղ:Թուրքիան ու ադրբեջանը հասկացել են, որ եթե հայաստանը ստեղծի տնտեսական զարգացման մոդել նման պայմաններում, վաղը պայմաններ թելադրողը հայերն են լինելու իսկ ամենածանր փուլը մենք արդեն անցել ենք ու հարևան պետություններին էլ չենք զիջում, չնայած ներքին բազում անարդարություններին, որոնց հիմնական մասը ներքին թշնամու գործն է: Ստեղծելով սեփական տնտեսական զարգացման մոդել, հայերը սառը պատերազմում հաղթող դուրս կգան և՛ թուրքիաի և՛ ադրբեջանի հանդեպ: Դրա համար են թուրքերը շտապում, դրա համար է էս «հավկիթ տվեք չեմ ուզում դրեք ջեբս» քաղաքականությունը: Այնպես որ մենք մեր դիրքերը պետք է ճիշտ օգտագործենք և չենթարկվենք հերթական թուրքաքան պրովակացիաին, չնկրկեն ինչպես արտաքին այնպես էլ ներքին թշնամու հոխորտանքներին, թե վա՜յ, առանց սահմանը բացելու ի՞նչ պիտի անենք, շատ բան ունենք անելու, նախ պետք է կարգ ու կանոն հաստատենք, որ մեր գռփողների կողքին վաղը թուրք գռփողները չշարվեն, որ էդ սահմանը ծառայի առաջին հերթին սովորական մարդուն, որի ուսերի վրա է երկիրը, ու պետությանը, այլ ո՛չ թե մոնոպոլիստի գործը հեշտացնի, աչքներիս առաջին չե՞ն, ինչքան էլ տռզեն հագենալ չունեն, դրա համար ո՛չ մեկի ձայնը չի ելնում, երբ բոլորը համ բիզնեսով են զբաղվում համ քաղաքականությամբ : Դրանից շահելու են միայն նրանք, ովքեր սովետը քանդվելուց մինչև էսօր շահում են, մնացածի համար բան չի փոխվի, դրա համար էլ ժողովուրդը անտաբեր է այդ հարցում կամ մոլորված, ՄՈԼՈՐԵՑՐԱԾ:
    Ֆրանսիան ու Գերմանիան են միացել ու ստեղծել Ֆրանսագերմանական հանրապետություն ու ո՛չ մեկի սուվերինիտետն էլ չի տուժել, ինչու՞ վրացիների հետ չմիանանք այլ ընդունենք մեր արժանապարվությունը անարգող ու հետագայում շատ վտանգավոր թուրքական պայմանները: Ամերիկացինե՞րն էն վրաստանում, այո՞, իսկ ինչու՞ ամերիկացիները մեզ չեն խրախուսում վրաստանի միջոցով իրենց հետ համագործակցենք այլ թուրքիաի միջոցով: Գուցե ամերիկայում կան ուժեր, որոնց դա պետք չե՞…վնասում է գլոբալացման պլանների՞ն, ինչպե՞ս կլինի, առանց աշխարհի հիմնական տնտեսության հետ անմիջական կապի վրաստանն ու հայաստանը տնտեսական վերելք ապրեն, այդ դեպքում ամերիկան ու նրա մերձավոր ուժերը էլ ի՞նչ ունեն կովկասում:
    Այսօր, արդեն երեք երկրներ ճանաչել են Աբխազիաի ու հ.Ասետիաի պետականությունը, չեմ չարախնդում վրացիներին, իրողությունն է այդպիսին, այս հարթության վրա ղարաբաղի չճանաչումը ուղղակի միջազգային խայտառակություն է, անհեթեթություն և թուրքերը ու ադրբեջանցիները ջանում են խաղը տեղափոխել այլ հարթության վրա, միանում եմ այն կարծիքին, որ վաղը նույն կերպ կասեն, մի խանգառեք, թող Ղարաբաղի հարցը հայերն ու թուրքերը իրար հետ լուծեն, «արդեն լավ էլ բանակցում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, բարեկամանում են», «մի խանգառեք», մի մի մի մի և այսպես մի քանի տասնամյակ, մինչև թուրքերը հարմար պահը գտնեն մեզ նորից խաբելու համար:
    Կովկասի ցամաքային դարպասները Հայաստանն է և՛ թուրքերի և՛ եվրոպացիների համար, ինչքան էլ թանկ վճարենք այդ դարպասների համար, ԱՐԺԻ, որովհետև պահանջներ մենք պետք է դնենք և ո՛չ թե մեզ, ինչպես նշում է Սոս Սարգսյանը: Եվ այդ դեպքում ինչպես զգուշացնում է Արա Պապյանը, մենք չենք լինի կախվածության մեջ թուրքիաից այլ թուրքիան կովկաս մտնելու համար կախվածության մեջ կլինի Հայաստանից: Նույնիսկ առանց որևիցե նախապայմանի սահմանի բացումը հզորացնում է թուրքիաի դիրքերը կովկասում Իսկ եթե մեր տնտեսական զարգացումը կապենք թուրքիաի ճանապարհնների հետ, ապա արդեն պետք է կատարենք ո՛չ միայն թուրքիաի քմահաճույքները այլ ադրբեջանինը նույնպես: Հեչ չկասկածեք, հենց սահմանը բացելու երկրորդ օրը սկսվելու է Թուրք ադրբեջանական եղբայրության նոր փուլը, որին ծափահարելու են փորոլոգիայով առաջնորդվող շատ գործարարներ: Իսկ որպիսի միջազգային հանրության դեմ թուրքերը հիստերիկա չբարձրացնեն, թող Սերժ Սարգսյանը ինչպես իր երկրի քաղաքացիներն են գնում Թուրքիա, գնա Վրաստան ու այնտեղից անցնի Թուրքիա, թող մի խումբ էլ երկրպագու տանի հետը: Իսկ մյուս հանդիպումը առաջարկի անցկացնել ո՛չ թե ֆուտբոլ դիտելով այլ շախմատ:
    Ռուսաստանը վստահ չէ, որ մենք կկարողանանք դիմակայել ամերիկաթուրքական և երրորդ ուժերի ճնշմանը և կոշտ դիրք չի ընդունում այս հարցում, որպիսի խաղից դուրս չմնա, մենք արդեն կորցրել ենք մեր հիմնական դաշնակցի վստահությունը, բայց չե՞ որ «անցումին ձիերը չեն փոխում»,«на переправе коней не меняют»: Մեր դիվանագիտությունը որբ է, մեզ Նժդեհ է պետք:
    Այսօր Էստոնացիները հանուն իրենց արժանիքների հրաժարվում են պրագմատիզմից, ունենալով ռուսաստանի հետ երկու սահմանակետ, չեն զիջում իրենց դիրքերը, որոնք անձամբ ես ամբողջությամբ չեմ կիսում, բայց չեմ կարող բարձր չգնահատել այդ մի բուռ ժողովրդի իրեն հարգելու ընդունակությունը:
    Պարոն Սերժ Սարգսյան, որպես սփյուռքում ապրող Հայ, որի կարծիքը ձեզ նույնպես հետաքրքրում է, պահանջում եմ. Նախ արժանապատվություն հետո հաց: Նույնիսկ մաֆիոզները, որ ընդհամենը հանցագործներ են, այս սկզբունքով են լուծում իրենց հարցերը, «արյունը փողից առաջ»: Մի՞ թե մեր ազգը պետք է զիջի իր արժանապատվությունը հանուն տնտեսական աճի: Արդյոք արժի՞:
    Ակսել Վարդանյան
    Էստոնիա

  12. sevacheron 16 Sep 2009 at 3:42 am

    HH-i artaqin (hatkapes artaqin) yev nerqin qaghaqakanutiunn pokhelu miak yelqn gtnum em Spiurqahayutian lavaguin qaghaqakan gorcticheneri mech, voronq yerkar u zig tariner ashkhatelov Hay Dati irakan yev cheshmarit luctman hamar, unen hrashali yev harust porz yev heru en hakahay qaghaqakan azdectutiunnerin yentarkveluct, inchpisiq el vor nranq linen mect kam ujegh terutiuneri kerparanqov (AMN, Rusia yev ayln)

    Dran hasnelu miak cheshmarit chanaharhn e ! hamajoghoverdakan petahavani (référendum-i) kazmakerpeln u HH-nakhagahin anvestahutiun haytneln – ir amboghhc “sheqakhumb” graseniakov.

    Harkav, hishectnel e petq paron nakhagahin trqi masin yeghact haykakan hetevial asactvactqn : “enknem votqered ke lizem, kangnem-geluxed ke ktrem”.

    Yete inqn iroq, arctakhahay e yev ir voghch kianqum zgactel e azerineri cteghapashtutiunn ir mashki vra, uremn yev hark ch’e kar nran ays poqrik asactvactqn hishectnelu. Sakayn parzvum e, vor na ir “futbiolayin qaghaqakanutiunict” zat urish vochinch ch’i el patrastvum anel voch Hayastani yev entegh aprogh hayutian – orector nevazogh mardkanct, yev voch el Spiurqi hayutian masin, voronct nerkayutiunn otar aperum liirav apactuictn e, mer kract tarapanqneri…

    Isk lratvakan michoctneri lur hamazaynutiunn u karavaramet kectvactqn voch ayl inch e, yete voch khorherdayin tarineri jarangutiun, vorict mer lragroghnern voch mi kerp zerbazatvel ch’en karoghanum, qanzi irenct hoge-baroyakan mtactelakerpn e harkavor nakhapes pokhel, inchn el arachactel e tirogh ishkhanapetutian chenshogh lectakneri patcharov. Pakel joghoverdavarutian berann, aha sa e HH-nerka karavarutian u nra qaghaqakanutian iskakan patkern, hnaravorins sharunakel gerpanel HH-petakan, hanrayin yev hamashkharahayin dramatnict hasnogh heskayactaval gumarnern…

    Inch AMOT!!! U der inchqan petq sharunakenq handurjel nman hakahay qaghaqakan goctichneri nerkaytiunn hayoct nor petakanutian kertman chanaparhin… inchqan???

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.